• am
  • ru
  • en
Версия для печати
20.07.2015

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց կարևոր նշանակություն էր վերապահված ինչպես քաղաքական ուժերի հարաբերակցության, այնպես էլ այդ երկրի քաղաքական համակարգի ապագա բնութագրի առումով։ Ինչպես ցանկացած ընտրություն Թուրքիայում, այս խորհրդարանական ընտրությունները նույնպես կարևոր նշանակություն ունեն այդ երկրի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի համար։

Այս ընտրություններն իրենց արդյունքներով էապես տարբերվում են նախորդ ընտրություններից, ինչի արդյունքում համեմատաբար նոր իրավիճակ է ստեղծվում ինչպես ողջ թուրքական հասարակության, այնպես էլ այդ երկրի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար։

Առաջին էական տարբերությունն այն է, որ սույն ընտրություններում խորհրդարան անցած կուսակցություններից ոչ մեկը չկարողացավ ստանալ պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը, որը նրան հնարավորություն կտար միանձնյա ձևավորել կառավարություն։ Թեև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են մամուլում (այդ թվում նաև հայկական), այնուամենայնիվ, ավելորդ չենք համարում մեր վերլուծությունում ներկայացնել դրանք։ Այսպես, 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Թուրքիայի օրենսդիր մարմին անցավ չորս կուսակցություն.

1. Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)1

2. Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)

3. Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)

4. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)։

Ընտրությունների արդյունքները նշանակում են, որ իշխող ԱԶԿ-ն չի կարող միայնակ ձևավորել կառավարություն2, ինչը վերջինիս թույլ կտար միանձնյա կառավարել երկիրը՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահի պաշտոնը նույնպես ներկայումս զբաղեցնում է այդ կուսակցության՝ թեկուզ ոչ ֆորմալ3 առաջնորդը։ Այս հանգամանքներում կամ ԱԶԿ-ն ստիպված է կոալիցիոն կառավարություն կազմել մյուս կուսակցություններից որևէ մեկի հետ, կամ այդ սցենարի ձախողման դեպքում պետք է անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ։

Ինչպես ցույց է տալիս Թուրքիայի ներքաղաքական պատմության փորձը, կոալիցիոն կառավարություններն այդ երկիրը տանում են դեպի ճգնաժամ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարելի է ակնկալել, որ կոալիցիոն կառավարության ձևավորման պարագայում Թուրքիայի ներքաղաքական կյանքում առկա կլինի եթե ոչ ճգնաժամ կամ անկայունություն, ապա նվազագույնը լարվածություն։ Նման իրավիճակ կարելի է ակնկալել նաև կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում ձախողման և նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պարագայում, ինչի հեռանկարը ժամանակի հետ ավելի իրական է դառնում4։

Այս ամենն անմիջական ազդեցություն չի կարող ունենալ հայ համայնքի վրա, քանի որ այն ուղղակիորեն ներգրավված չէ Թուրքիայի ներքաղաքական գործընթացներում և իշխանության համար պայքարում։ Անուղղակի կերպով, սակայն, որոշակի ազդեցություն կարող է լինել։ Բանն այն է, որ Թուրքիայի իշխանությունները (առաջին հերթին՝ ԱԶԿ-ն), տևական ժամանակ զբաղված լինելով ներքաղաքական խնդիրներով և իշխանության համար պայքարով, ժամանակ և ռեսուրսներ չեն ունենա իրենց ուշադրության կենտրոնում պահելու երկրի էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝ նրանց հանդեպ Թուրքիայի ավանդական հալածական կամ սահմանափակումների քաղաքականությունը վարելու համար։ Հետևաբար, Թուրքիայի ներքաղաքական լարվածության պահպանման պարագայում կարելի է ակնկալել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումների որոշակի թուլացում։

Երկրորդ կարևոր գործոնը, որով այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, առաջին անգամ էթնիկ հիմքով կամ սկզբունքով կուսակցության հայտնվելն էր Թուրքիայի խորհրդարանում։ Խոսքը քրդական կամ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մասին է, որը, հաղթահարելով ընտրական շեմը (10%), կարողացավ մուտք գործել Թուրքիայի խորհրդարան և ստանալ 80 պատգամավորական մանդատ5։

Չնայած ԺԴԿ-ն համարվում է քրդական կամ քրդամետ կուսակցություն, սակայն, ինչպես նշում են փորձագետները (Ռուբեն Մելքոնյան, Վահրամ Տեր-Մաթևոսյան), այն իրականում Թուրքիայի բոլոր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերն արտահայտող և պաշտպանող քաղաքական ուժ է։

Հարկ է նշել, որ հիշյալ հանգամանքն օբյեկտիվ հիմքեր ունի։ Բանն այն է, որ Թուրքիայում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների խնդիրները բնույթով հաճախ համընկնում են։ Դրանց արդյունավետ լուծման հրամայականն էլ հրատապ է դարձնում համագործակցությունը նրանց միջև։ Այդ է պատճառը, որ հաճախ մեկ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մյուսների կողմից ընկալվում են որպես սեփական խնդիրներ, քանի որ միասնական ջանքերով դրանց հաղթահարումն ավելի իրատեսական է թվում։ Այս համատեքստում, օրինակ, բարձր գնահատելով Թուրքիայի այլ էթնիկ և կրոնական համայնքների ներկայացուցիչների՝ քրդերի, հրեաների, հույների, ասորիների, ալևիների, զրադաշտների, համշենցիների, զազաների և անգամ թուրքերի աջակցությունը հայերին «Քամփ Արմեն» ճամբարի վերադարձման համար պայքարում, Կարոտ Խաչիկօղլուն այդ կապակցությամբ Ստամբուլի «Ակոս» պարբերականում գրում է. «Տեսնելով այս զանազան ազգութիւններու եւ կրօններու պատկանող մարդոց Քամփ Արմէնի համար ցուցաբերած զօրակցութիւնը, հասկցայ որ այս մէկը միայն հայկական խնդիր մը չէ, այլ համամարդկային։ Կարծես հասարակութեան մէջ «միւսը» համարուողները կողք կողքի եկած, նոյն բանը կ՚ուզէին»6։

Հայ համայնքի համար ԺԴԿ մուտքը Թուրքիայի խորհրդարան նշանակում է, որ այդ երկրի օրենսդիր իշխանությունում հայտնվել է նաև իր շահերն արտահայտող քաղաքական ուժ։

Երրորդ կարևոր հանգամանքը հայ համայնքի համար այս ընտրություններում այն է, որ դրանց արդյունքում Թուրքիայի խորհրդարան անցավ ազգությամբ հայ երեք պատգամավոր, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է Թուրքիայի վերջին շրջանի պատմության մեջ։ Վերջին անգամ ազգությամբ հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում եղել էր 1960-ական թթ.։ Տևական դադարից հետո միանգամից երեք հայի ընտրությունը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր կարելի է դասել փոքրիկ սենսացիաների շարքին։ «Ակոսն» այս առնչությամբ գրում է. «Երկար տարիներու բացակայութենէ ետք երեք հայ պատգամաւորներու Թուրքիոյ խորհրդարանի անդամակցութիւնը որոշ հետաքրքրութիւն յառաջացուցած է զանազան շրջանակներէ ներս»7։

Թուրքիայի խորհրդարան անցած երեք հայ պատգամավորներն են.

1. Մարգար Եսայան՝ իշխող ԱԶԿ-ից

2. Սելինա Դողան՝ ԺՀԿ-ից

3. Կարո Փայլան՝ ԺԴԿ-ից։

Առաջին երկուսը, ինչպես նշում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, երբեք աչքի չեն ընկել հայ համայնքում և առավելապես ընկալվում են որպես կուսակցական գործիչներ՝ համապատասխանաբար ԱԶԿ-ում և ԺՀԿ-ում։ Այնուամենայնիվ, ըստ թուրքագետի, նրանց հայտնվելը Թուրքիայի խորհրդարանում ավելի շատ դրական երևույթ է, քան բացասական, քանի որ վերջիններս կարող են խողովակի դեր խաղալ հայկական խնդիրները թուրքական իշխանությունների առջև բարձրացնելու տեսանկյունից։ Ընդ որում, դա կարող է արվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն։ Օրինակ՝ ինչպես գրում է «Ակոսը» հուլիսի 3-ին, Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Թուրքիայի խորհրդարանում հանդես է եկել վարչապետին ուղղված տասը հարցով, որոնք վերաբերում են «Իսլամական պետության» գործողություններին Սիրիայում և Թուրքիայի առնչությանը վերջինիս հետ8։ Հաշվի առնելով, որ Սիրիայի հայ համայնքը տուժում է այդ երկրում վերջին տարիներին ծավալվող քաղաքացիական պատերազմից, իսկ «Իսլամական պետության» ահաբեկչական գործողություններն ունեն տարածաշրջանային ընդգրկում, կարելի է ասել, որ հայազգի պատգամավորի բարձրացրած հարցերն անուղղակիորեն վերաբերում էին հայկական խնդիրներին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքների անվտանգությանը։

Այլ է վիճակը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանի պարագայում։ Լինելով Թուրքիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերն արտահայտող կուսակցության անդամ և ազգությամբ հայ՝ ակնկալվում է, որ նա նախանձախնդիր պետք է լինի այդ երկրի օրենսդիր բարձրագույն իշխանությունում հայկական խնդիրները բարձրաձայնելու հարցում, ինչի ականատեսն ենք մենք արդեն այսօր։

Թուրքիայի հայ համայնքի համար խորհրդարանական վերջին ընտրություններից հետո նկատված նպաստավոր տեղաշարժը սոսկ ենթադրություն չէ։ Այն ամրագրվում է փաստերով, որոնք վերաբերում են հայ համայնքի կյանքին։ Մեր դատողություններն ավելի հիմնավոր դարձնելու նպատակով ներկայացնենք դրանցից մի քանիսը։

Թուրքիայի հայ համայնքի համար առավել հրատապ է երկու խնդիր, որոնց շուրջ էլ տեղի են ունենում խմորումներն ու զարգացումները համայնքային կյանքում։ Խնդիրներից մեկը վերաբերում է թուրքական իշխանությունների կողմից բռնագրավված հայկական բողոքական ճամբարի՝ «Քամփ Արմենի» ճակատագրին, որի քանդման դեմ և հայերին վերադարձնելու համար էլ ներկայումս պայքարում է հայ համայնքը9։ Մյուս խնդիրը կապված է ազգային դպրոցներում էթնիկ խտրականության վերացման և այդ դպրոցների ինքնուրույնության աստիճանի բարձրացման հետ։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից հայ համայնքի շահերը պաշտպանելու դրսևորում է նրա աջակցությունը հայերի ջանքերին՝ «Քամփ Արմենը» հայ համայնքին վերադարձնելու գործում։ Ինչպես գրում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթը հուլիսի 8-ին, «Քամփ Արմենը» վերադարձնելու պահանջով հայերի կազմակերպած երթին ու դրան հաջորդած ցույցին մասնակցել է նաև ԺԴԿ երկու պատգամավոր՝ Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըքյուզելը։ Իր ելույթում Բարըշ Յարքադաշը, ընդգծելով իր կուսակցության աջակցությունը հայ համայնքին, քննադատել է իշխող ԱԶԿ-ին նախընտրական շրջանում ճամբարը հայերին վերադարձնելու պատրանք ստեղծելու, իսկ այնուհետև խոստումը դրժելու համար10։

Ինչ վերաբերում ազգությամբ հայ պատգամավորներին, ապա այս առնչությամբ մեծ է Կարո Փայլանի դերակատարությունը, որը նախանձախնդրորեն պաշտպանում է հայ համայնքի շահերը։

Դա առավել ցայտուն դրսևորվեց ազգային դպրոցների խնդրի լուծման հարցում։ Բանն այն է, որ նախկինում քաղաքային իշխանություններից ազգային դպրոցների կախվածության, ինչպես նաև աշակերտների էթնիկ պատկանելության (ցեղային գաղտնագրի) կարևորման պայմաններում Թուրքիայի հայության շատ ներկայացուցիչներ, հատկապես նախկինում հանգամանքների բերումով կրոնափոխ եղած հայեր, իրենց երեխաներին չէին կարողանում ընդունել տալ հայկական դպրոցներ։ Իրենց այդ իրավունքն իրականացնելու համար հայերը հաճախ դատական գործընթացի մեջ էին մտնում թուրքական իշխանությունների հետ։

Ներկայումս, ինչպես գրում է «Ակոսը», ԺԴԿ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գործուն ջանքերի շնորհիվ այդ հարցը լուծվել է։ Հայազգի պատգամավորը, բանակցելով Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըի հետ, հասել է նրան, որ հարցը լուծվի շրջաբերականի միջոցով։ Այնուհետև, համագործակցելով նախարարության պաշտոնյաների հետ, մասնակցել է այդ շրջաբերականի պատրաստմանը, որն ընդունվել է նախարարի կողմից։

Համաձայն այդ շրջաբերականի՝ աշակերտներին դպրոցներ ընդունելու լիազորությունը քաղաքային իշխանություններից անցնում է ազգային դպրոցների տնօրինությանը։ Այդ կերպ վերանում է էթնիկ պատկանելության պատրվակով բազմաթիվ հայ երեխաների, հատկապես կրոնափոխ հայերի երեխաների՝ հայկական դպրոցներում կրթություն ստանալու արգելքը։ Բացի այդ, ազգային դպրոցների տնօրինությանը տրվում են նաև այլ լիազորություններ, մասնավորապես՝ թուրքերեն լեզվով դասավանդվող առարկաների ուսուցիչների պաշտոնավարման ժամկետների որոշման հարցում11։

Նկատի ունենալով ազգային դպրոցների կարևոր նշանակությունը Սփյուռքում, մասնավորապես՝ Թուրքիայի հայ համայնքում ազգային ինքնության պահպանման և վերակերտման (հայադարձության) գործում՝ կարելի է ասել, որ Կարո Փայլան քաղաքական գործիչն իր պաշտոնում անգնահատելի ծառայություն է մատուցել հայ համայնքին։

Եվ վերջապես, ի՞նչը կարող է լինել Թուրքիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորների ազգանպաստ գործունեության վկայություն, եթե ոչ այն, որ իրենց քաղաքական գործողությունների համար նրանք արժանանում են այդ երկրի հետադեմ շրջանակների սպառնալիքներին ու պարսավանքներին։ «Նոր Մարմարա» օրաթերթի հուլիսի 8-ի հաղորդմամբ՝ վերջերս հայազգի պատգամավորների հասցեին ծաղրական, վիրավորական, հայհոյախոսական արտահայտություններով է հանդես եկել Ադանայի քաղաքապետ Հյուսեին Սեոզլյուն «խորհրդարանում Ցեղասպանության մասին խոսելու և թուրքերի դեմ թշնամություն սերմանելու» համար12։

Ամփոփելով՝ նշենք, որ եթե նախկինում Թուրքիայի հայ համայնքը, չունենալով գործուն մեխանիզմներ այդ երկրի իշխանական համակարգում, տվյալ դեպքում՝ օրենսդիր մարմնում, ստիպված էր զուտ համայնքային խողովակների միջոցով հարաբերվել իշխանությունների հետ, ապա 2015թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այն, ի դեմս Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և երեք հայազգի պատգամավորների, ձեռք է բերել այդպիսի լծակ, ինչը թույլ է տալիս արդեն իշխանական կառույցների մակարդակով և, հետևաբար, ավելի արդյունավետ կերպով բարձրացնել իրեն հուզող հարցերը և փորձել գտնել դրանց լուծումները։

1 Չափավոր իսլամիստական ԱԶԿ-ն 2002 թվականից Թուրքիայի իշխող կուսակցությունն է։ Նրա «խարիզմատիկ» առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014թ. օգոստոսի նախագահական ընտրությունների արդյունքներով դարձավ Թուրքիայի նախագահ։

2 Թեև Թուրքիայի սահմանադրությունը թույլ տալիս է տվյալ դեպքում ԱԶԿ-ին միայնակ ձևավորել կառավարություն, սակայն այդ կառավարությունը չի վայելի խորհրդարանի աջակցությունը, քանի որ ԱԶԿ-ն այնտեղ չունի բացարձակ մեծամասնություն։

3 Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ երկրի նախագահը չի կարող լինել կուսակցական։ Հետևաբար, Ռ.Էրդողանը պաշտոնավարման ընթացքում դադարեցրել է անդամակցությունն ԱԶԿ-ին, իսկ կուսակցության առաջնորդը պաշտոնապես վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է։

4 Սէլահատտին Տէմիրթաշ յստակ կերպով մեղադրեց «Ա-ԳԷ-ՓԷ մէկ ամիսէ ի վեր ապօրէն կերպով կը կառավարէ երկիրը», http://www.normarmara.com/arsiv2015-2/080715lu.html

5 Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում ստացավ ձայների 13%-ը։

6 Եղբայրական դրախտ՝ Քամփ արմէն, http://www.agos.com.tr/am/hvotvadzi/12000/yeghpahragan-trakhd-kamp-armen

7 Սելինա Տողանի հարցումները, http://www.agos.com.tr/am/hvotvadzi/12053/syelina-dvoghani-hartsumnyeri

8 Նույն տեղում։

9 Յարատեւ դիմադրութիւն, http://www.agos.com.tr/am/hvotvadzi/11996/haradev-timatrutiwn

10 Պոլսոյ մէջ քայլարշաւ` «Արմէն» ճամբարը հայութեան վերադարձնելու պահանջով, http://www.aztagdaily.com/archives/248335

11 Վերջ գտաւ ցեղային գաղտնագիրի գործադրութիւնը, http://www.agos.com.tr/am/hvotvadzi/12058/vyerch-kdaw-tsyeghahin-kaghdnakiri-kvordzatrutiwni

12 «Հիմա ալ հայ երեսփոխանները իբր թիրախ ցոյց կը տրուին», http://www.normarmara.com/arsiv2015-2/080715lu.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր