• am
  • ru
  • en
Версия для печати
25.09.2015

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

English

   

- Խնդրում ենք ներկայացնել Չինաստանի հայկական համայնքը և նրա հիմնական նպատակները:

- Չինաստանի հայկական համայնքն ունի երեք հիմնական նպատակ՝ 1. միավորել Չինաստանում բնակվող հայկական ծագում ունեցող անհատներին, 2. աշխարհին ներկայացնել Չինաստանում հայկական ներկայության՝ հիշատակման արժանի պատմությունը, 3. ստանձնել Հայաստանը և Չինաստանը միավորող «բնական կամրջի» դերը։

Համայնքը երիտասարդ է, որն անկախ է և չունի քաղաքական կամ կրոնական պատկանելություն: Կառույցի գաղափարական հիմնաքարերն են անկախությունը, թափանցիկությունը, կառավարումը: Մեր նպատակն է՝ դառնալ գերազանց հայկական կազմակերպություն, որը լավ օրինակ կհանդիսանա ապագա սերունդների համար։

Հայաստանում և Սփյուռքում շատերը տեղյակ չեն, որ Չինաստանում ունենք ակտիվ հայկական համայնք: Համայնքը բաղկացած է աշխարհի տարբեր երկրներից Չինաստան եկած հայերից, ովքեր աշխատում կամ սովորում են Պեկինում, Շանհայում, Նանջինգում, Գուանջոում, Շենջենում, Հոնկոնգում և այլ քաղաքներում: Երկու տարի առաջ Հոնկոնգում հիմնեցինք առաջին Հայկական կենտրոնը։

Դեռևս 17-րդ դարից հայերն ակտիվ գործունեություն են տարածել Չինաստանում: 1950թ. նրանցից շատերը հեռացան Չինաստանից: Անցյալում հայկական համայնքներ գործել են Թիանջինում, Շանհայում, և որքան էլ անսպասելի էր մեզ համար՝ Տիբեթում և Ներքին Մոնղոլիայում: Հարբին քաղաքի հայերը կառուցել են նաև հայկական եկեղեցի: Շանհայում գործել է նաև Հայ օգնության միության մասնաճյուղը, որը համակարգում էր Շանհայի հակական ակումբը:

Պետք է նշել, որ հայերը հաջողակ են եղել Չինաստանում: Օրինակ՝ Հոնկոնգի պատմության կարևոր անհատներից է հայազգի սըր Պաուլ Խաչիկ Չաթերը՝ հայ որբ Հնդկաստանի Կալկաթա քաղաքից: Նա դարձել էր առաջատար գործարար և քաղաքական գործիչ, և մինչև հիմա Հոնկոնգի մի շարք փողոցներ ու շինություններ կրում են նրա անունը: Նրա հիմնած որոշ ընկերություններ մինչև հիմա էլ ակտիվ գործունեություն են ծավալում Հոնկոնգի ֆոնդային բորսայում:

Այսպիսով՝ մենք նոր չենք Չինաստանում և քայլում ենք մեր նախնիների հետքերով:

- Ձեր կարծիքով՝ Չինաստանի հայկական համայնքն ի՞նչ հատկանիշներով է տարբերվում աշխարհի մյուս հայկական համայնքներից:

- Չնայած հայկական համայնքն արդեն երկար տարիներ ակտիվ է Չինաստանում, բայց մեզ միայն 2013-ին հաջողվեց հիմնադրել համայնքի կառավարման համար անհրաժեշտ իրավաբանական կառույցը: Մեզ հնարավորություն է ընձեռվել նոր էջից սկսել և կառուցել համայնքն այն մոդելով, որը, կարծում ենք, լավագույնը կդառնա ապագայի հայկական համայնքի համար: Մենք ուսումնասիրել ենք աշխարհի տարբեր համայնքների ու կազմակերպությունների փորձը, որոշել ենք պահել այն մեխանիզմները, որոնք լավ են աշխատում, բայց փոփոխել ենք մյուսները, որոնք հնացել են և կիրառելի չեն: Մենք միշտ հիշում ու հաշվի ենք առնում ոչ միայն արդի համայնքի, այլև գալիք սերունդների շահերը:

Օրինակ՝ իմ նախագահական մանդատը նախատեսված է միայն երկու տարվա համար, և մեր կանոնադրության պահանջն է, որ երկու տարուց ես վայր դնեմ նախագահական լիազորությունները: Սա ևս մեկ անգամ կհավաստիացնի, որ մենք ունենք անհատներ, ովքեր օժտված են նոր էներգիայով ու նոր մտքերով, ովքեր կարող են ղեկավարել համայնքը: Չնայած մեր կազմակերպությունը խոշոր չէ, բայց մեր հաշվապահությունը կատարում է «Էրնստ և Յանգ» կազմակերպությունը, համայնքի յուրաքանչյուր անդամ մեր կայքում կարող է ծանոթանալ ծախսված յուրաքանչյուր դոլարի մասին:

Մենք նաև ջանում ենք համայնքի ներքին կյանքին մասնակից դարձնել մեր հայրենակիցների այլազգի կողակիցներին: Վերջին տարիներին շատ հայեր հեռացել էին համայնքից, քանի որ զգացել էին, որ իրենց այլազգի կողակիցներն իրենց օտար են զգում: Մեր նպատակն է փոխել այս վերաբերմունքը: Կարևոր է նշել, որ կանայք նույնպես ընդգրկված են համայնքի ղեկավարման գործում: Համայնքի Գործադիր մարմնի տնօրենների ուղիղ կեսը կանայք են:

Գանդին ասել է. «Դարձիր այն փոփոխությունը, որը դու ցանկանում ես տեսնել աշխարհում»: Մենք հենց դա էլ կատարում ենք, իհարկե՝ այն համատեքստում, որ կառուցում ենք Չինաստանի հայկական համայնքը:

- Ինչպիսի՞ն են Չինաստանի հայկական համայնքի կապերն Ասիայի այլ երկրների հայկական համայնքների հետ։

- Թե՛ Չինաստանում, թե՛ ասիական մի շարք երկրներում հայկական համայնքներն արագ են զարգանում: Օրինակ՝ հայկական տարբեր չափերի համայնքներ կան Թաիլանդում, Վիետնամում, Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Բանգլադեշում և Մյանմարում: Ասիական երկրներում գործող հայկական համայնքների ղեկավարներն ամեն եռամսյակ քննարկում են անցկացնում, որի ընթացքում միմյանց տեղեկացնում ենք մեր նախաձեռնությունների, կատարած աշխատանքի մասին՝ համոզվելով, որ մենք գործում ենք համահունչ և կարող ենք միասին աշխատել:

- Այս տարվա ապրիլին Չինաստանի հայկական համայնքը յուրահատուկ միջոցառումներ անցկացրեց, որոնք նվիրված էին Ցեղասպանության հիշատակմանը: Մանրամասն պատմեք, խնդրեմ, վերոնշյալ միջոցառումների մասին, ինչպիսի՞ն էր լրատվամիջոցների արձագանքը:

- Սփյուռքի մյուս հայկական համայնքների նման՝ Չինաստանի հայկական համայնքը նույնպես ցանկանում էր ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներ կազմակերպել, իհարկե՝ հաշվի առնելով մեզ հյուրընկալող Չինաստանի առանձնահատկությունները: Այս նպատակով մենք որոշեցինք մշակութային միջոցառումներ կազմակերպել Պեկինում, Շանհայում և Նանջինգում, մեր չինացի ընկերները հնարավորություն ստացան ծանոթանալու հայկական մշակույթին, արվեստին, երաժշտությանը և, իհարկե, պատմությանը:

Հայոց ցեղասպանության հիշատակմանը վերաբերող մեր հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգում, որտեղ 1937թ. տեղի է ունեցել Նանջինգի կոտորածը, և այս համատեքստում որոշակի ընդհանրություններ կան հայ և չին ազգերի ողբերգությունների միջև: Նանջինգում ելույթ ունեցան հայ արտիստները՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Շանհայում բեմադրվեց հայկական պար, Պեկինում ցուցադրվեց փաստագրական ֆիլմ, իսկ Հոնկոնգում՝ համայնքի անդամների հավաքույթ-քննարկում: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի ֆիլմ թարգմանվեց չինարեն և ներկայումս հասանելի է չինական սոցիալական ցանցերում:

Համայնքի կազմակերպած՝ Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումները լայնորեն ներկայացվեցին թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի լրատվամիջոցներում: Մեզ համար անսպասելի էր, որ թուրքական լրատվամիջոցները ևս անդրադարձան մեր գործունեությանը՝ ընդգծելով Չինաստանի հայկական համայնքի ակտիվությունը: Մենք դա ընկալեցինք որպես հաճոյախոսություն…

- Որո՞նք են Համայնքի ընթացիկ ծրագրերը:

- Մենք աշխատում ենք մի շարք ծրագրերի շուրջ:

Օրինակ՝ ամեն տարի Հայաստանից 70-90 ուսանող է գալիս Չինաստանի տրամադրած կրթաթոշակով սովորելու, բայց Հայաստանում սովորում են քիչ թվով չինացիներ: Այս տարի Չինաստանի հայկական համայնքը, համագործակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, կրթաթոշակ կտրամադրի այն չինացի ուսանողներին, ովքեր կցանկանան ուսումը շարունակել Հայաստանում: Կրթաթոշակը կներառի թռիչքի, առողջությունն ապահովագրելու և Հայաստանում ապրելու ծախսերը: Մենք հավատում ենք, որ այս ուսանողները կդառնան Հայաստանն ու Չինաստանը կապող «բնական կամուրջ»: Սա նաև շնորհակալական քայլ կլինի՝ ուղղված մեր չինացի ընկերներին, ովքեր դարեր շարունակ ընդունում են հայերին:

Մենք նպատակ ունենք աշխարհին ներկայացնել Չինաստանում և Ասիայում հայկական ներկայության պատմությունը: Օրինակ՝ համագործակցելով Գուլբենկյան հիմնադրամի հետ՝ կրթաթոշակ ենք հատկացրել, որն օժանդակում է հայ և չինացի հետազոտողներին, որոնք ներկայումս ուսումնասիրում են Չինաստանում հայկական ներկայության հին պատմությունը։ Աշխատում ենք, որպեսզի հայ-չինական կապերն ավելի ամրապնդվեն: Օրինակ՝ ներկայումս տասնյակ չինացի ուսանողներ Պեկինում հայերեն սովորելու հնարավորություն ունեն: Նաև օժանդակել ենք, որ չինարենով Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակներ պատրաստվեն, որոնք կնպաստեն տուրիզմի զարգացմանը: Ներկայումս դրանք տեղակայված են չինական սոցիալական ցանցերում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս համայնքի ներսում մասնագիտական կապերի ամրապնդմանը: Օրինակ՝ ամենամյա Հայկական գիտաժողովը, որին մասնակցում են Չինաստանում բնակվող հայազգի հետազոտողները: Հաջողություն վայելող գիտաժողովի ընթացքում հայ հետազոտողները միմյանց հետ կիսվում են գիտության բնագավառում առկա ձեռքբերումներով, փորձում են ուղիներ գտնել միմյանց հետ համագործակցելու համար: Ունենք տարբեր մասնագիտական խմբեր. մեկը համախմբում է Ասիայի հայ ֆինանսիստներին, իսկ մյուսը՝ Չինաստանում սովորող հայ ուսանողներին:

- Խնդրում ենք բոլոր հետաքրքրվողներին խորհուրդ տալ, թե ինչպես կարող են ավելի շատ տեղեկատվություն ստանալ Չինաստանի հայկական համայնքի վերաբերյալ։

- Կարող են հետևել հիմնական աղբյուրին՝ http://www.chinahay.com կայքին, ինչպես նաև ֆեյսբուքյան էջին: Այնտեղ կա թե՛ համայնքի մասին տեղեկատվություն, թե՛ Չինաստանում հայկական ներկայության մասին պատմություններ և լինքեր:

Հարցազրույցը վարեց Անահիտ Պարզյանը









դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր