• am
  • ru
  • en
Версия для печати
07.07.2017

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ

Руский

   

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Մայիսի 14-15-ը Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Արգենտինայի, Շրի Լանկայի, Բելառուսի, Չիլիի, Չեխիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Քենիայի, Լաոսի, Ֆիլիպինների, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Վիետնամի, Կամբոջայի, Եթովպիայի, Ֆիջիի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Մյանմարի, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի և Իսպանիայի ղեկավարները1։ Այս երկրների ղեկավարները Պեկին էին եկել կոնկրետ առաջարկներով։ Եվ այս երկրների միջև էլ կբաժանվեն չինական հերթական ներդրումները, որոնք 2013-2016թթ. կազմել էին մոտ $60 մլրդ, իսկ մոտ ապագայում նախատեսվում է կատարել ևս $14, 5 մլրդ։

Չինացիները վերոնշյալ ճանապարհի երկայնքով և շրջակայքում գտնվող երկրներում կառուցում են երկաթգիծ, ճանապարհներ, նավահանգիստներ, նավթամուղներ, գազամուղներ, գործարաններ և այլն (տե՛ս Նկ. 1)։ Նման ակտիվությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքերով.

1. Չինաստանը փորձում է նոր տնտեսական բևեռ դառնալ, որպեսզի կարողանա ստեղծել սեփական թիմ, ինչն էլ թույլ կտա Պեկինին չենթարկվել տնտեսական շրջափակման Արևմուտքի հետ հնարավոր առճակատման դեպքում։

2. Վերջին տարիներին զգացվում է, որ չինական տնտեսությունը դանդաղելու միտումներ է դրսևորում։ Միայն 2016թ. Չինաստանի արտաքին առևտուրը կրճատվել է 0,9%-ով։ Այսինքն՝ նվազել է չինական արտադրանքի պահանջարկը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում Չինաստանը վարկեր է տրամադրում կամ ներդրումներ կատարում երրորդ երկրներում, որպեսզի նրանք իրագործեն սեփական տնտեսական ծրագրերը։ Տվյալ երկրներն այդ վարկով գնում են չինական տեխնիկա և տեխնոլոգիաներ, կամ համատեղ ծրագրերի դեպքում Չինաստանն է սեփական ապրանքներով կառուցում նավահանգիստներ, երկաթգծեր և այլն։ Հետագայում հենց այս ճանապարհներով պետք է տեղափոխվի նաև չինական արտադրանքն՝ արդեն արտոնյալ կարգավիճակով։

3. Տրամադրելով վարկեր և լայնածավալ ներդրումներ կատարելով զարգացող կամ դժվարությունների հանդիպած երկրներում՝ Չինաստանն իր համար ապահովում է նաև որոշակի քաղաքական ազդեցություն՝ դառնալով նրանց վստահելի գործընկերն ու հիմնական ներդրողը։ Իսկ դա հետագայում կարող է ենթադրել նաև, որ հետագայում այդ երկրներում Չինաստանի կողմից կառուցված նավահանգիստներում հայտնվեն չինական ռազմանավերը։

Չինաստանի նախաձեռնության առանձնահատկությունները

1. Ներդրումներ հնարավոր է ստանալ միայն այն դեպքում, եթե տվյալ երկիրը լավ հաշվարկված բիզնես ծրագիր ներկայացնի Պեկինին։ Դիմող կողմը չինացիներին պետք է ապացուցի, որ գումարի կամ չինական տեխնիկայի ու տեխնոլոգիաների շնորհիվ ստացվող արդյունքի դեպքում Չինաստանը պետք է շահույթ ստանա դրա դիմաց։

2. Երկրները բաժանված են պայմանական խմբերի։ Յուրաքանչյուր երկիր պետք է նաև ուսումնասիրի, թե ըստ սեփական տնտեսական հզորությունների և կարողությունների որ խմբի համար նախատեսված ծրագրերից կարող է դրամաշնորհ ստանալ։

3. «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» և «Ծովային մետաքսի ճանապարհի» արդեն գծված քարտեզները դեռ ոչինչ չեն նշանակում։ Նախաձեռնությանը կարող են մասնակցել այն բոլոր երկրները, որոնք ի վիճակի են լավ բիզնես ծրագրեր ներկայացնել։

4. Հատուկ ֆոնդ է նախատեսված նաև ոչ հզոր երկրների համար։ Չինաստանը պատրաստ է «անհատույց» օգնություն տրամադրել այն երկրներին, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն լուրջ ծրագրեր ներկայացնել։ Չինաստանը կարող է այդ երկրներին տրամադրել արտադրությունից հանված, ներքին և արտաքին շուկայում պահանջարկ չունեցող տեխնիկա՝ տրակտորներ, ավտոբուսներ, լվացքի մեքենաներ և այլն։ Այս քայլով Չինաստանը նպատակ ունի «դուրս գրել» հնացած ապրանքը՝ հետագայում դրանց պահեստամասերի մատակարարման հույսով։ Սա կարող է դառնալ չինական փափուկ քաղաքականության լծակներից մեկը, որի միջոցով Պեկինը քաղաքական դիվիդենդներ կշահի տվյալ երկրներում։

Այսպիսով Չինաստանը փորձում է ստեղծել նոր տնտեսական ցանց, որտեղ կսպառի սեփական արտադրանքը, ներդրումների և վարկերի տրամադրման միջոցով ազդեցության գոտի կստեղծի սեփական քաղաքական և տնտեսական նկրտումներն իրագործելու համար։ Այս տարածքում հայտնված երկրները սեփական կամքով կամ Արևմուտքի թելադրանքով ի վիճակի չեն լինի հրաժարվել Չինաստանի հետ համագործակցությունից։

Իսկ ի՞նչ կշահեն փոքր, միջին և մեծ երկրները Չինաստանի նախաձեռնությանը միանալու դեպքում։ Շատ երկրներ, հատկապես Արևելյան Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում, դեռևս լիովին չեն վերականգնվել կամ գտնվում են տնտեսական ճգնաժամում։ Մասնակցելով ծրագրին և ներդրումներ ստանալով՝ այս երկրները կկարողանան վերականգնել սեփական տնտեսությունն ու ամրապնդել իրենց անվտանգությունն ու պետականությունը։ Նրանք տնտեսական բազմաթիվ օղակներով կկապվեն աշխարհի երկրորդ տնտեսության հետ, կստանան վերջինի ստեղծած ժամանակակից տեխնոլոգիաները։ Այն երկրները, որոնք հաջողությամբ կիրագործեն նախատեսված ծրագրերը, կստանան տնտեսական զգալի օգուտներ։ Ճիշտ է՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը որոշակիորեն կմեծացնի Չինաստանի ազդեցությունն այս երկրներում, բայց նրանք էլ հնարավորություն կստանան իրենց ձայնը լսելի դարձնել Պեկինում։ Սա՝ հաջողակների պարագայում։

Իսկ ի՞նչ կկորցնեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասնակիցները։ Անհաջողակները, որոնք կվատնեն վերցրած գումարը, ստիպված կլինեն որոշակի ծառայություններ մատուցել Չինաստանին, օրինակ՝ ստիպված կլինեն միջազգային կառույցներում քվեարկել վերջինիս հրահանգներով կամ ռազմաբազներ, ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքեր հանձնել նրան և այլն։

Միջազգային ասպարեզում մշտապես օգնություն խնդրողից կոնկրետ և գործնական առաջարկ անողի վերափոխվելու օրինակ ցուցադրեց Հունաստանը։ Չինաստանի ղեկավարության հրավերով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին մասնակցելու համար Պեկին էր ժամանել Հունաստանի վարչապետը։ Չինաստանը վերակառուցում է Միջերկրական ծովում գտնվող հունական նավահանգիստներից մեկը, որի շնորհիվ մոտ ապագայում Հունաստանը կդառնա Չինաստանը Եվրոպային կապող ծովային կամուրջներից մեկը։ Այսինքն՝ ոչ թե չինացիներն են հետաքրքրվել վնասով աշխատող հունական նավահանգստով, այլ հույներն են համոզիչ բիզնես ծրագիր ներկայացրել չինացիներին և գումար ստացել։ Վերակառուցվելուց հետո նավահանգիստը գումար կբերի թե՛ հույներին, թե՛ չինացիներին։

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը.

1. Լրջորեն ուսումնասիրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։

2. Ստեղծել արհեստավարժ թիմ, որը կմշտադիտարկի ոլորտը և արդյունքները կներկայացնի կառավարությանը։

3. Փորձել Չինաստանից ներդրումներ ստանալ գյուղատնտեսության համար՝ պայմանով, որ ստացված տեխնիկայի և նորարարական տեխնոլոգիաների փոխարեն Չինաստանին կմատակարարվեն միրգ և բանջարեղեն։ Պահանջվում է, որ դրանք պետք է զերծ լինեն քիմիական հավելանյութերից և աճեցվեն «մաքուր հողերում», որոնք հեռու են քիմիական գործարաններից և թափոններից։ Այսպիսի բնամթերքը կարող է հաջողություն ունենալ Չինաստանում, որտեղ հողի և օդի աղտոտվածության մակարդակը բարձր է։ Նույն տրամաբանությամբ կարելի է նաև ներդրումներ ստանալ մսամթերք արտադրելու համար (Չինաստանում հատկապես մեծ է տավարի մսի պահանջարկը)։ Այս դեպքում ևս պետք է նշել, որ մսամթերքը լինելու է առանց քիմիական հավելանյութերի։

4. Կազմակերպել հատուկ ծրագիր, որի ընթացքում ՀՀ կհրավիրվեն չինացի գործարարներ, նրանց ներկայացնել, որ ՀՀ-ում աշխատուժն ավելի էժան է, քան Չինաստանում և հարավասիական մի շարք երկրներում։ Հայաստանում արտադրելու դեպքում նրանք հնարավորություն կունենան արդյունքը վաճառել նաև Եվրասիական տնտեսական միությունում։

5. Չինաստանին առաջարկել վերականգնել և արդիականացնել Խորհրդային Միությունից մնացած հայկական քիմիական գործարաններն ու ինստիտուտները, քանի որ քիմիական ապրանքները դեռևս պահանջարկ ունեն հետխորհրդային շատ երկրներում և կարող են վաճառվել Եվրասիական տնտեսական միությունում։ Հայաստանը կստանա աշխատատեղեր, Չինաստանը՝ շահույթ։

6. Ուղիղ չվերթներ կազմակերպել՝ Երևան-Պեկին-Երևան, Երևան-Շանհայ-Երևան, Երևան-Գուանջոու-Երևան։ Այս քայլի միջոցով կհեշտանա հայ գործարարների մուտքը Չինաստան, կմեծանա չինացի զբոսաշրջիկների թիվը։ Ի դեպ, քանի որ Չինաստանում մեծ հետաքրքրություն կա քրիստոնեության նկատմամբ, ճիշտ գովազդի դեպքում, կարծում եմ, շատերը կհետաքրքրվեն ՀՀ ժամանելով, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն։ Հնարավոր տարբերակ է, որ հետաքրքրություն առաջացնեն նաև էկոտուրիզմն ու «մաքուր օդ» շնչելու գաղափարը։ Սա հնարավոր կլինի, եթե կրճատվեն չվերթների ժամանակն ու տոմսերի գինը, Հայաստանը հավուր պատշաճի գովազդվի Չինաստանում։

7. Ցայժմ նույնիսկ Չինաստանի վիզա ստանալու դեպքում ՀՀ քաղաքացին պարտավոր է գումար ծախսել, բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնել Հոնկոնգի առանձին վիզա ձեռք բերելու համար։ Մինչդեռ՝ աշխարհի մյուս երկրների քաղաքացիները, չինական վիզա ունենալով, հնարավորություն են ստանում ճանապարհորդել Չինաստանի ամբողջ տարածքում, այդ թվում նաև Հոնկոնգում։ Իսկ «հատուկ ցուցակում» գտնվող մի շարք երկրների՝ Աֆղանստանի, Հայաստանի, Սոմալիի քաղաքացիները Հոնկոնգ այցելելու համար ընկնում են քաշքշուկների մեջ։ Պետք է ՀՀ-ն հանել այդ ցուցակից և վերադարձնել «նորմալ երկրների» ցանկ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ևս Չինաստանի վիզա ստանալու դեպքում դյուրին մուտք գործեն նաև ֆինանսական ու նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն համարվող Հոնկոնգ։

1 http://www.xinhuanet.com/world/brf2017/

2 Քարտեզը ներբեռնվել է https://www.csis.org/ կայքից։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր