• am
  • ru
  • en
Версия для печати
23.11.2015

ԹՈՒՐՔԻԱ (Հոկտեմբեր ամսվա տեսություն)

   

Հայկ Գաբրիելյան

Արտաքին քաղաքական

Թուրքիա-Ռուսաստան – 2015թ. հոկտեմբերն աչքի ընկավ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության առաջացմամբ, ինչը կապված էր սեպտեմբերի 30-ին Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկի հետ։ Հոկտեմբերին երկու երկրները տարբեր, այդ թվում նաև նախագահների մակարդակով Սիրիայի հարցը քննարկեցին բազմիցս։ Բնականաբար, ռուսական ռազմական գործողությունը չէր կարող չհարուցել Թուրքիայի դժգոհությունը, որն ամեն գնով ձգտում է հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գահընկեցությանը։

Թուրքական մամուլի համաձայն՝ հոկտեմբերին Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը պարզաբանումներ տալու համար երեք անգամ կանչվեց Թուրքիայի ԱԳՆ։ Առաջին երկու դեպքերը գրանցվեցին այն բանից հետո, երբ Սիրիայում գործող ռուսական մարտական ինքնաթիռները հոկտեմբերի 3-ին և 4-ին խախտեցին Թուրքիայի օդային տիրույթը։ Կարելի է կարծել, որ նման խախտումները նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ բացասական կնիք թողեցին Թուրքիայի իշխանությունների վարկանիշի վրա՝ ի ցույց դնելով նրանց անզորությունը։ Հետագայում Թուրքիան փորձեց որոշակիորեն շտկել իրավիճակը և Սիրիայի հետ սահմանամերձ գոտում կործանեց անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ինչի կապակցությամբ թուրքական մամուլը գրեց, որ այն պատկանում է Ռուսաստանին, սակայն ՌԴ ՊՆ-ն հերքեց դա։ Դավութօղլուն թեև հայտարարեց, որ իրենց կործանած ԱԹՍ-ն արտադրվել է Ռուսաստանում, սակայն չբացառեց, որ այն կարող է պատկանել Ասադի բանակին, Սիրիայի քրդերին կամ այլ ուժերի։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու երրորդ դեպքին, ապա դրա համար պատճառ հանդիսացավ Ռուսաստանի կողմից Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնելու մեղադրանքը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է համարժեք արձագանքել Սիրիայի քրդերի այդ հայտարարությանը։ Թուրքիան հայտարարում է, որ իրենք տարբերություն չեն դնում երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) միջև և նրանց համարում են ահաբեկչական կազմակերպություններ։

Թուրքիան Ռուսաստանին մեղադրեց նաև սիրիական չափավոր ընդդիմությանը հարվածելու համար, որին (և ընդհանրապես Ասադի հակառակորդներին) աջակցում է Թուրքիան։ Դավութօղլուի խոսքերով՝ Սիրիայում Ռուսաստանի հասցրած առաջին 57 ավիահարվածից միայն 2-ն է ուղղվել ԻՊ-ի դեմ, իսկ մնացյալ 55-ն ուղղվել է սիրիական չափավոր ընդդիմության դեմ։ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իր հերթին, վրդովմունք է հայտնել, որ Ռուսաստանը պաշտպանում է Ասադին, որը, նրա խոսքերով՝ ողջ երկրում վերահսկում է միայն 14 հազ. կմ2 տարածք։ Բացի այդ, Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ը հայտարարեց, որ կասեցնում է սիրիացի չափավոր ընդդիմության մարտիկներին ռազմական ուսուցում տալու և սպառազինելու ծրագիրը, որն իրականացվում էր նաև Թուրքիայի տարածքում, ինչը նույնպես հարուցեց Թուրքիայի դժգոհությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն, իր հերթին, հայտարարեց, որ Սիրիայի հարցում խորապես խաբված է զգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Դեռևս հունիսին Բաքվում Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը կարծիք հայտնեց, որ Պուտինն այլևս նախկինի նման չի աջակցում Ասադին, և որ դրական տեղաշարժեր կան այդ հարցում։ Սակայն դրանից հետո Էրդողանը հայտարարեց, թե Սիրիայի շուրջ Ռուսաստանի արած հայտարարությունները շոկի մեջ են գցել իրեն։

Սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի կողմից մշտական հենքով Միջերկրածովյան նավատորմ ստեղծելը նույնպես չի կարող չմտահոգել Թուրքիային, որը, հաշվի առնելով նաև Ղրիմի դեպքերը, շրջապատվում է ռուսական նավատորմով։ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Էրդողանը հայտարարեց, որ Ռուսաստանը շատ բան կկորցնի, եթե կորցնի Թուրքիայի բարեկամությունը։ Էրդողանը սպառնաց, որ Թուրքիան «կարող է հրաժարվել» ռուսական գազ ներկրելուց և որ «կարող» է շատ այլ տեղերից գազ գնել։ Բացի այդ, Էրդողանը սպառնաց Ռուսաստանին զրկել Աքքույուի ատոմակայանը կառուցելու իրավունքից։

Հարկ է նշել, որ Թուրքիան մի քանի պատճառով չի կարող հրաժարվել ռուսական գազի գնումից։ Նախևառաջ Թուրքիայում սպառվող գազի ավելի քան 98%-ը ներկրվում է արտերկրից, և որ Ռուսաստանը Թուրքիայի թիվ 1 գազամատակարարն է, որն ապահովում է Թուրքիայի գազային կարիքների 55-60%-ը (Ռուսաստանը նախորդ տարի Թուրքիային մատակարարել է 27 մլրդ մ3 գազ)։ Թուրքիան չի կարող ռուսական գազի կորուստը փոխհատուցել իրանական կամ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը մեծացնելով, քանի որ ներկա փուլում այդ երկրներից եկող գազատարների թողունակությունը չի ընձեռում նման հնարավորություն։ Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Թավրիզ-Էրզրում գազատարները պարբերաբար գտնվում են PKK զինյալների թիրախում և այս տարի նույնպես պայթեցվեցին նրանց կողմից։ Իսկ հեղուկացված գազ գնելը թանկարժեք և ժամանակատար գործընթաց է։ Թուրքիան ունի հեղուկացված գազի ընդունման ընդամենը երկու տերմինալ։ Բացի այդ, ներկա փուլում Թուրքիան չի կարող ռուսական գազի բացը լրացնել որևէ այլ երկրից գազ ներկրելու հաշվին։ Անդրանատոլիական գազատարի (TANAP) կառուցման մեկնարկը Կարսում տրվել է միայն այս տարվա գարնանը։

Աքքույուի ատոմակայանի հարցում Թուրքիան, ի տարբերություն գազային ոլորտի, մանևրելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Մասնավորապես, ճապոնական «Տոշիբա» ընկերությունն արդեն Թուրքիայի համար ատոմակայան կառուցելու պատրաստակամություն է հայտնել։ Սակայն Ռուսաստանն արդեն $3 մլրդ է ներդրել Աքքույուի ատոմակայանի նախագծի իրագործման հարցում, և Ռուսաստանին այդ իրավունքից զրկելը Թուրքիայի համար կառաջացնի փոխհատուցման հարց։ Մյուս կողմից էլ պետք է ընդգծել, որ Ռուսաստանին Աքքույուի ատոմակայանի իրավունքից զրկելու հարցը դուրս է Էրդողանի իրավասությունից, և որ ատոմակայանի վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը հաստատել է Թուրքիայի խորհրդարանը, և որ հենց խորհրդարանը կարող է չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը։ Իսկ Էրդողանի Արդարություն ու զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) չունի անգամ այդ հարցը խորհրդարանում քվեարկության դնելու հնարավորություն։ Քվեարկության դնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 3/5-ի աջակցությունը՝ 330 քվե, իսկ հաստատման համար՝ 2/3-ի աջակցությունը՝ 367 քվե, մինչդեռ ԱԶԿ-ն խորհրդարանում ունի ընդամենը 258 պատգամավորական մանդատ։ «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված՝ որոշվել է բանակցությունները հետաձգել մի քանի ամսով, մինչև որ Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ և կձևավորվի նոր կառավարություն։ Ռուսաստանն արդեն որոշել է հրաժարվել դրա կես հզորությունից։ Թուրքիան շարունակում է պահանջել գազային խոշոր զեղչ (նախնական տվյալներով՝ 10.25%)։ Հոկտեմբերին հաղորդվեց, որ Ռուսաստանը Թուրքիային մերժել է հավելյալ 3 մլրդ մ3 գազ մատակարարելու հարցում, ինչն անսպասելի չէր՝ հաշվի առնելով «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործման ձգձգումը։ Ռուսաստանը հույս էր հայտնել, որ գազատարի առաջին (Թուրքիայի համար նախատեսված) ճյուղի կառուցումը կավարտվի 2016թ. վերջին, սակայն այժմ ստիպված է եղել հետաձգել դրա ժամկետը։ Ի դեպ, հավելյալ 3 մլրդ ծավալի գազի հարցով Ռուսաստանին Թուրքիայի դիմելը վկայում է, թե վերջինիս համար որքան կարևոր է անգամ այդ ծավալի գազը։

Թուրքիա-ԱՄՆ – Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները նույնպես հագեցած էին հոկտեմբերին։ Ուշագրավ է, որ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկեց Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հարցը։ Հոկտեմբերին դա Օբամայի ու Էրդողանի երկրորդ հեռախոսազրույցն էր, որոնցից առաջինի ժամանակ Օբաման իր ցավակցություններն էր հղել Անկարայի ահաբեկչության կապակցությամբ։ Մյուս կողմից էլ ուշագրավ էր, որ երբ թուրքական մամուլը հայտնեց, թե ԱՄՆ-ը օդապարիկներով 50 տոննա զենք ու զինամթերք է նետել Սիրիայի քրդերին, դա հարուցեց Թուրքիայի դժգոհությունը, և ԱՄՆ դեսպան Ջոն Բասը պարզաբանումներ տալու համար կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Արդեն նշվել է որ ԱՄՆ-ը հրաժարվել է սիրիական չափավոր ընդդիմությանը մարզելու և սպառազինելու ծրագրից, ինչը հարուցել է Էրդողանի դժգոհությունը, որը կողմ է սիրիական չափավոր ընդդիմությանն ուժեղացնելուն։ Հիշատակության արժանի է նաև այն, որ ԱՄՆ-ը հոկտեմբերին Թուրքիայից դուրս բերեց իր Patriot զենիթահրթիռային համալիրները, որոնք տեղակայված էին Գազիանթեփի նահանգում։ ԱՄՆ-ն այդ որոշումը կայացրել է այս տարվա օգոստոսին՝ պատճառաբանելով, որ քիչ հավանական է համարում, որ Սիրիայի տարածքից Թուրքիան կհայտնվի սպառնալիքների առջև, և բացի այդ, Patriot համալիրները կարիք ունեն արդիականացման։ Սակայն որոշակի կարծիքներով՝ դրա իրական պատճառը Թուրքիայի կողմից քրդերի հետ զինադադարը խախտելն էր և նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելը։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաև հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում ակնկալում են ազատ, արդար ու անվտանգ ընտրությունների անցկացում, ինչը խոսուն ուղերձ է։

Թուրքիա-ԵՄ – Հոկտեմբերին Թուրքիա-ԵՄ հարաբերությունները նշանավորվեցին Էրդողանի բրյուսելյան այցով և հատկապես փախստականների հոսքը կասեցնելու մասին քննարկումներով։ Էրդողանը շարունակ հեգնում է ԵՄ-ին՝ նշելով, որ Եվրոպայում բողոքի ալիք է բարձրացել ներգաղթյալների հոսքի կապակցությամբ, մինչդեռ Թուրքիան ընդունել է 2.2 մլն փախստականի, և անգամ կան շրջաններ, ուր փախստականներն իրենց թվակազմով գերազանցում են տեղաբնակներին, սակայն երկրում չկան նման բողոքներ։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը «մարդասիրության դասեր է տալիս» աշխարհին (Թուրքիան 2015թ. ծովից փրկել է մոտ 56 հազ. փախստականի)։ ԵՄ-ը ներկայումս պատրաստ է գնալ մի շարք քայլերի, միայն թե Թուրքիան կանգնեցնի փախստականների հոսքը դեպի Եվրոպա, և որ փախստականները մնան Թուրքիայի տարածքում։ Այդ միջոցների թվում նշվում են Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելը, Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրինացման կամ ազատականացման գործընթացի արագացումը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում բանակցային նոր գլուխներ բացելը։ Մասնավորապես, վերջինի մասին Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հայտնի է որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կատաղի հակառակորդ։ Մերկելի խոսքերով՝ ԵՄ-ում փախստականների ճգնաժամի կարգավորումն անհնար է առանց Թուրքիայի հետ համագործակցելու, և որ Թուրքիան այդ հարցում առանցքային երկիր է։ Ի դեպ, Մերկելի այցը խիստ քննադատության արժանացավ Թուրքիայում, նրա այցը որակվեց որպես աջակցություն ԱԶԿ-ին ընտրություններից առաջ։ Էրդողանն անմիջապես Մերկելին քննադատած թուրք մտավորականներին որակեց որպես «ստրկամիտ» և «հինգերորդ շարասյուն»։ Թուրքիան վերջին շրջանում շարունակ հայտարարում է, որ սիրիացի փախստականների վրա ծախսել է մի քանի մլրդ դոլար, իսկ միջազգային հանրությունից այդ հարցում ստացել է չնչին օգնություն և որպես հարցի լուծում առաջարկում էր Սիրիայի հյուսիսում անվտանգության ու թռիչքազերծ գոտու ձևավորումը, ուր կհանգրվանեին փախստականները։ Դեռևս սեպտեմբերի վերջերին Դավութօղլուն նամակ էր հղել ԵՄ երկրների ղեկավարներին, Եվրոպական խորհրդի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահներին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բին Էմին Մադանիին ու ՄԱԿ ԳԱ նախագահ Մոգենս Լիկետոֆին, որում, վկայակոչելով ՄԱԿ տվյալները, նշել է, որ աշխարհում ամենամեծ թվով սիրիացի փախստականներ հյուրընկալած երկիրը Թուրքիան է. «Թուրքիան արդեն ծախսել է $8 մլրդ, մինչդեռ այդ հարցում միջազգային հանրությունից ստացել է միայն $417 մլն։ Թուրքիան անում է իրենից կախված ամեն ինչ, սակայն այդ իրավիճակն այլևս չի կարող շարունակվել այդպես»։ Փաստորեն, վերջին շրջանում Թուրքիայից ԵՄ փախստականների հոսքի ուժգնացումը և Դավութօղլուի այս նամակը հիմք են տալիս ենթադրելու, որ Թուրքիայի իշխանությունները, տեսնելով, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Եվրոպան առանձնակի չեն հետաքրքրվում փախստականների բեռան տակ կքած Թուրքիայի վիճակով, որոշեցին փախստականներին «գործուղել» ԵՄ, ինչը միտված էր թե՛ սեփական բեռը որոշակիորեն թեթևացնելուն, թե՛ Եվրոպայի բեռը մեծացնելուն և դրա միջոցով սեփական պահանջարկը բարձրացնելուն՝ դրանից բխող հետևանքներով։ Ուշագրավ է, որ այս տարի Եվրոպա մուտք գործած փախստականների մեծ մասը ժամանել է Թուրքիայի հարևան Հունաստան։ Դեռևս հունիսի սկզբին թուրքական մամուլը, վկայակոչելով ՄԱԿ տվյալները, հայտնեց, որ վերջին մեկ տարում 6 անգամ մեծացել է Թուրքիայից Հունաստան փախստականների հոսքը։ Եթե 2014թ. առաջին 5 ամիսներին Թուրքիայից Հունաստան տեղափոխվել է 6500 փախստական, ապա 2015թ. առաջին հինգ ամիսներին դա կազմել է 42.500 մարդ։ Սակայն դա դեռ սկիզբն էր. 2015թ. հոկտեմբերի 23-ին Ներգաղթի հարցերով միջազգային գործակալությունը հայտնեց, որ այս տարի ԵՄ է մուտք գործել գրեթե 681 հազ. ներգաղթյալ։ Ընդ որում՝ հոկտեմբերի 17-ից սկսած, միայն 5 օրում Թուրքիայի կողմից հունական սահմանը հատել է 48 հազ. մարդ (այսինքն՝ ավելի շատ, քան այս տարվա առաջին 5 ամսում), օրական մոտ 9600 մարդ։ Ամենամեծ ցուցանիշը գրանցվել է հոկտեմբերի 20-ին՝ 10.994 մարդ։ Հարկ է նշել, որ հունական մի շարք կղզիներ շատ մոտ են գտնվում Թուրքիային, ինչն էլ բավական հեշտացնում է Թուրքիայից ԵՄ փախստականներ «գործուղելը»։ Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ-ն այժմ պատրաստ է ամեն քայլի, միայն թե Թուրքիան փախստականներին պահի իր մոտ։ Թուրքիան էլ, բնականաբար, ձգտելու է էլ ավելի ուժգնացնել փախստականների արտահոսքը, որպեսզի էլ ավելի ծանր դրության մեջ դնի ԵՄ-ին, և առավելագույն զիջումներ կորզի նրանից՝ կապված իր անդամակցության հետ։ Ուշագրավ է, որ Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Թուրքիայում ժողովրդավարության շուրջ տիրող իրավիճակի շուրջ իր տարեկան զեկույցի հրապարակումը։ Դրանում ընդգծվում է, որ Թուրքիան զգալի հետընթաց է ապրել այդ ոլորտում, ինչպես նաև կոչ է արվում վերսկսել քրդերի հետ խաղաղության գործընթացը և վճռական գործողություններ ձեռնարկել ԻՊ-ի դեմ։ Ըստ ամենայնի՝ այդ զեկույցը կհրապարակվի միայն նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո՝ ԱԶԿ նախընտրական կամպանիան չվնասելու համար։

Թուրքիա-Կիպրոս – Թուրքիա-ԵՄ հարաբերությունների աշխուժացման ֆոնին Կիպրոսի արտգործնախարար Յոանիս Կասուլիդիսը դեմ արտահայտվեց ԵՄ-ի ու Թուրքիայի բանակցությունների վերսկսմանը. «Պատճառները, որոնցով բանակցությունները սառեցվել են, չեն դադարել գոյություն ունենալուց։ Ընթացիկ իրավիճակում մենք չենք կարող համաձայնություն տալ բանակցությունների վերսկսմանը»։ Կիպրոսի հետ կապված՝ հետաքրքիր է նաև այն, որ Թուրքիան ավարտին հասցրեց ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը (ՀԿԹՀ) խողովակաշարով խմելու ջուր մատակարարելու նախագիծը, որով տարեկան մատակարարվելու է 75 մլն մ3 խմելու ջուր։ Դրա բացման արարողության ժամանակ Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք երբեք չեն հրաժարվի ՀԿԹՀ-ից, իսկ Էրդողանը հայտարարեց, որ եթե «հարավցիներն» էլ օգտվեն իրենց մատակարարած ջրից, ապա իրենք դա կանվանեն խաղաղության ջուր (Թուրքիայում 1974թ. Հյուսիսային Կիպրոսի զավթումը որակում են որպես «Խաղաղության շարժում» և չեն ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը՝ այն որակելով որպես «Հարավային Կիպրոս»)։ Ուշագրավ է, որ ՀԿԹՀ-ն որոշել է հրաժարվել թուրքական լիրա կիրառելուց ու անցում կատարել եվրոյին։ Այն բանից հետո, ինչ այս տարվա գարնանը ՀԿԹՀ նախագահ դարձավ Մուսթաֆա Աքընջըն, որը նախագահի թեկնածուների թվում կղզու վերամիավորման ամենամեծ ջատագովն էր և ՀԿԹՀ ներկայիս կարգավիճակը համարում էր անընդունելի, ինտենսիվացան Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիդիսի հետ շփումները, որոնք շարունակվեցին նաև հոկտեմբերին։ Հոկտեմբերյան հանդիպման արդյունքներով էլ որոշվեց շարունակել միասնական Դաշնային Կիպրոսի ստեղծման բանալին գտնելու աշխատանքները։ Հանդիպումից հետո Աքընջըն թուրքական NTV հեռուստաալիքին հայտարարեց, որ կղզու վերամիավորման դեպքում ՀԿԹՀ-ն պատրաստ է հրաժարվել թուրքական լիրայից և անցում կատարել եվրոյի։

Թուրքիա-Ադրբեջան, Վրաստան – Հոկտեմբերի սկզբին Ադրբեջան այցելեց Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Ջենափ Աշջըն, որը քննարկեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման և երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը։ Դրանից հետո Ադրբեջան այցելեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և քննարկեց երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս այցերը կարելի է որակել որպես ավանդական, քանի որ Աշջըն ու Աքարը, սովորույթի համաձայն, իրենց պաշտոններում նշանակվելուց հետո առաջին այցերը կատարեցին Ադրբեջան։ Հոկտեմբերին թուրք-վրացական սահմանին բացվեց Կարծախի-Չըլդըր-Աքթաշ սահմանային անցակետը, որը կողմերի մտահղացմամբ պետք է նպաստի երկկողմ առևտրի, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի միջով միջազգային հաղորդակցության զարգացմանը։

Ներքաղաքական

Ընտրություններ – Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք կրկնական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 16 քաղաքական կուսակցություն։ Այդ 16 կուսակցություններից 13-ը թեկնածուներ են ներկայացրել 85 ընտրատարածքներում (չնայած Թուրքիան ունի 81 նահանգ՝ Ստամբուլի նահանգը բաժանված է 3 ընտրատարածքի, իսկ Անկարայի ու Իզմիրի նահանգները՝ երկուական՝ կախված իրենց բնակչությունից): Մնացյալ երեք կուսակցությունները պայքարելու են 61-78 ընտրատարածքում։ Անկախ թեկնածուների թիվը կազմել է 21։ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հայտնել է, որ նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը երկրում կարող է մասնակցել 54.075.851, իսկ արտերկրում՝ 2.895.885 մարդ։ Հունիսի 7-ի ընտրություններում երկրում ընտրողների թիվը կազմել է 53.765.231, իսկ արտերկրում՝ 2.867.658 մարդ։ Ստացվում է, որ այս անգամ երկրի ներսում ընտրողների թիվն ավելացել է 310.620, իսկ արտերկրում՝ 28.227 մարդով։ Արտերկրում և մաքսային անցակետերում քվեարկությունը մեկնարկել է հոկտեմբերի 8-ին։ Թուրքական մամուլը հայտնել է, որ խորհրդարանում ներկայացված 4 ուժերը հունիսի 7-ի ընտրությունների համեմատ իրենց ընտրացուցակներում կատարել են 48 փոփոխություն։ Փոփոխություններից 5-ը կատարել է ԱԶԿ-ն, 13-ը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), 12-ը՝ Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), 18-ը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)։ Գրեթե բոլոր կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքները շատ չեն տարբերվելու հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից։ Ընտրությունների արդյունքների ավելի հետաքրքրական կողմը վերաբերում է երկու կուսակցության՝ ԱԶԿ-ին ու ԺԴԿ-ին։ Եթե ԱԶԿ-ն ձգտելու է նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով ստանալ առնվազն միակուսակցական կառավարություն (276 պատգամավոր՝ 550 պատգամավորից), ապա ԺԴԿ-ն հայտարարել է, որ ձգտելու է բարելավել իր ցուցանիշը և ստանալ առնվազն 110 պատգամավորական մանդատ։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԺԴԿ-ն ստացել էր 80 մանդատ, ինչպես և ԱՇԿ-ն։ Վերջինս ավելի շատ քվեներ հավաքելու շնորհիվ դարձել էր խորհրդարանում ներկայացված երրորդ ուժը, սակայն այն բանից հետո, ինչ ԱՇԿ հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդի Թուղրուլ Թյուրքեշն ընդունեց ԱԶԿ առաջարկը և դարձավ Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարության փոխվարչապետ, նրան հեռացրին ԱՇԿ շարքերից, որով և ԱՇԿ պատգամավորների թիվը նվազեց մինչև 79-ի, և ԺԴԿ-ն դարձավ խորհրդարանում ներկայացված երրորդ ուժը։ Թեև ԺԴԿ-ի նման նպատակադրվությանը և անգամ քվեների 20%-ը հավաքելու հայտարարությանը, դա չի նշանակում, թե ԺԴԿ-ն հանգիստ է մոտենում նոր ընտրություններին։ ԺԴԿ-ում քաջատեղյակ են, որ մի շարք նահանգներում մի քանի հարյուր կամ հազար քվեի տարբերությամբ են հաղթել իրենց թեկնածուները, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում։ Նույն հարցը գտնվում է նաև ԱԶԿ ուշադրության կենտրոնում, որին հունիսի 7-ին չբավականացրեց 18 մանդատ՝ միակուսակցական կառավարություն ունենալու համար։ ԱԶԿ-ի համար պատրաստված զեկույցի համաձայն՝ եթե ԱԶԿ-ն հունիսի 7-ի ընտրություններում 18 նահանգում հավաքեր 90.340 քվե ավելի, ապա նա կստանար միակուսակցական կառավարություն։ Այդ նահանգներում ԱԶԿ թեկնածուները չնչին տարբերությամբ են զիջել մրցակիցներին։ Եվ այնուամենայնիվ, հունիսի 7-ին հաջորդած ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումները դրական բան չեն խոստանում ԱԶԿ-ի համար, չկան տվյալ ոլորտներում լուրջ հաղթանակներ, փոխարենը Թուրքիայում խախտվել է հասարակության անդորրը։ Էրդողանը շարունակ փորձում է մարդկանց հասցնել, որ եթե Թուրքիան (ԱԶԿ) չունենա միակուսակցական կառավարություն, եթե երկիրն ունենա կոալիցիոն կառավարություն, ապա ինչպես երևում է Թուրքիայի պատմությունից, դա չի հանգեցնի որևէ լավ բանի։ Սակայն Թուրքիայում ավելի շատ են մարդիկ հասկանում, որ երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի և նոր ընտրությունների պատճառի թիվ 1 մեղավորը հենց Էրդողանն է ու նրա փառասիրությունը։

Ահաբեկչություն - Հոկտեմբերի 10-ին Անկարայում գրանցվեց երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 100 և տուժեց մի քանի հարյուր մարդ։ Դա համարվում է Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը։ Այդ ահաբեկչությունը բազմաթիվ հարցեր ծնեց, և չնայած Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե դրա հետքերը տանում են Սիրիա, և որ մահապարտ ահաբեկիչներից մեկը Սուրուչի ահաբեկչությունն իրականացրածի եղբայրն է, այնուամենայնիվ, շատերը, այդ թվում նաև ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, զարմանք հայտնեցին, թե ինչպես կարող է այդ ամենն իրականացվել իշխանությունների, անվտանգության մարմինների անտեղյակության պայմաններում։ Չնայած ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել՝ Էրդողանը հայտարարեց, թե Անկարայի ահաբեկչությունը «հավաքական ահաբեկչական ակտ» է, և որ դա կազմակերպել են «Իսլամական պետությունը», Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD) և Սիրիայի հատուկ ծառայությունները։ Սա Էրդողանի հերթական անհիմն հայտարարություններից է, որը միտված է մի կողմից ԻՊ-ի ու Թուրքիայի սերտ կապերը քողարկելուն (հոկտեմբերին Ստամբուլում վերացվեց ԻՊ զինյալների կողմից երեխաներին պատրաստելու կենտրոնը) և մյուս կողմից՝ Թուրքիայի հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեցող մնացյալ երեք ուժերին վարկաբեկելուն։ Թուրքիայի բնակչությունը քաջատեղյակ է, որ PKK-ն աչքի չի ընկնում քաղաքացիական բնակչության շրջանում նման պայթյունների կազմակերպմամբ։ Դժվար է հավատալ, որ պայթյունները կարող են ինչ-որ կերպ նպաստել նրան, որ ԱԶԿ-ն ավելի շատ քվեներ ստանա նոյեմբերի 1-ի ընտրություններում։ Ավելին, դրանք պետք է որ բնակչության շրջանում էլ ավելի հեղինակազրկեն Թուրքիայի իշխանություններին։ Ամեն դեպքում այդ ահաբեկչությունն իրականացվեց նոյեմբերի 1-ի ընտրություններից երեք շաբաթ առաջ։ Թուրք վերլուծաբանների խոսքերով՝ Թուրքիան վերածվել է տխուր մարդկանց երկրի, և եթե Թուրքիան նախկինում հայտարարում էր, որ «կայունության կղզի» է մերձավորարևելյան տարածաշրջանում, ապա այսօր նա ինքն է բոցերի մեջ։ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի խոսքերով՝ Թուրքիան ավելի շուտ հիշեցնում է Սիրիան, Իրաքը ու Լիբիան։

PKK – Հոկտեմբերը հարուստ չէր PKK ակտիվ ռազմական գործողություններով և մասնավորապես նշանակալից իրադարձություններով։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ PKK-ն հայտարարել է հրադադարի հաստատման մասին, որպեսզի դրանով Թուրքիայի իշխանություններին զրկի այն պատրվակից, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհնար է երկրի արևելյան ու հարավարևելյան քրդաբնակ նահանգներում քվեարկություն կազմակերպելը (Թուրքիայի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն, Թուրքիայի նախագահն իրավասու է պատերազմական գործողությունների պատճառով մեկ տարով երկարաձգել ընտրությունների անցկացումը)։ Չնայած այդ ամենին՝ թուրքական մամուլը երբեմն հայտնում էր PKK-ի և անվտանգության ուժերի միջև բախումների մասին։

Խոսքի ազատության ճնշումներ – Հոկտեմբերին շարունակվեցին ընդդիմադիր մամուլի վրա ճնշումները, որոնք լայն թափ են հավաքել Էրդողանի նախագահ դառնալուց հետո։ Դրանից հետո հարյուրավոր մարդիկ են մեղադրվել Էրդողանին վիրավորելու համար։ Հոկտեմբերին մի քանի օրով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց Today's Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, որը մեղադրվում է Էրդողանին ու Դավութօղլուին վիրավորելու համար, սակայն Քենեշը հերքում է դա։ Քենեշի դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք դրվագներով։ Քենեշը հունիսին համանման մեղադրանքով արդեն դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 2014թ. հուլիսին թվիթի միջոցով Էրդողանին վիրավորելու համար։ ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի խոսքերով՝ Թուրքիայում ավելի շատ են թվիթների համար կալանավորվածները, քան ԻՊ-ին անդամակցելու համար կալանավորվածները. «Այսօր Թուրքիայում մարդիկ վանդակաճաղերից այն կողմ ավելի շատ հայտնվում են սոցցանցերում իրենց գրառումների, քան ԻՊ-ի հետ իրենց կապերի համար»։ Թուրքական Hürriyet‎ թերթի լրագրող Ահմեթ Հաքանը հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով կոտրվել են նրա քիթն ու կողոսկրը։ Ոստիկանությունը ձերբակալել է յոթ կասկածյալի, որոնցից մեկը խոստովանել է, որ իրենց խոստացել են 100 հազ. լիրայի պարգևավճար՝ ընդդիմադիր լրագրողին ծեծի ենթարկելու համար։ Հոկտեմբերին Digiturk թվային արբանյակային հարթակը հայտարարեց, որ դադարեցնում է ընդդիմադիր Bugün ТV, Kanaltürk, Samanyolu և S-haber հեռուստաալիքների հեռարձակումը, ինչն առաջացրեց հասարակության վրդովմունքը և որակվեց որպես անկախ ԶԼՄ-ի վրա կառավարության ճնշում։ Օրեր առաջ նմանատիպ հարթակներ հանդիսացող Turkcell ТВ+-ն ու Tivibu-ն կասեցրել էին ընդդիմադիր հեռուստաալիքների հեռարձակումը՝ ի շահ կառավարության։ Նրանք հայտարարել էին, որ ընդդիմադիր հեռուստաալիքների հեռարձակումը կասեցնում են Անկարայի դատախազության հրամանով, քանի որ կասկածներ կան, որ այդ հեռուստաալիքներն աջակցում են ահաբեկչական կազմակերպությանը։ Digiturk-ը նույնպես հայտարարեց, որ հեռուստաալիքների ցուցադրությունը կասեցրել է՝ ելնելով Անկարայի դատախազության առջև «իրավական պարտավորություններից»։ Անգամ կասեցվել է մանկական Yumurcak հեռուստաալիքի ցուցադրությունը, ինչն առաջացրել է օգտատերերի վրդովմունքը, որոնց մոտ հարց է ծագել, թե ինչպես կարող է մանկական հեռուստաալիքն աջակցել ահաբեկիչներին։ Շատ փորձագետներ կարծում են, որ այդ ամենը վկայում է, որ ԱԶԿ-ն ձգտում է նոյեմբերի 1-ի վճռորոշ ընտրություններից առաջ լռեցնել անկախ ու ազատ ԶԼՄ-ն։

Ստամբուլի առաջին ատյանի դատարանը հոկտեմբերին կայացրեց Գեզի այգու բողոքի ակցիաների գործով իր վերջնական վճիռը։ Դատարանը 255 մեղադրյալներից մեղավոր ճանաչեց 244-ին, այդ թվում նաև 7 օտար քաղաքացու՝ նրանց դատապարտելով 2.5 ամսից մինչև 14.5 ամսվա ազատազրկման։ Հոկտեմբերին հետաքննություն է սկսվել թուրք իրավապաշտպան, լրագրող և հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի հանդեպ, ինչի համար առիթ է հանդիսացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-23-ին Երևանում կազմակերպված Գլոբալ ֆորումում նրա ելույթը։ Պահոցից հանվել է հին գործերից մեկը, մի փոքր խմբագրվել և հարուցվել է նոր գործ, որով անցնում է ևս 9 լրագրող։ Բացի այդ, նոր զարգացումներ ի հայտ եկան Հրանտ Դինքի սպանության գործում։ Նրա սպանության մեղադրականում պահանջվում է ցմահ ազատազրկման դատապարտել սպանության ժամանակ Ստամբուլի հետախուզական վարչության պետ Ռամազան Աքյուրեքին և հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերին՝ սպանության մասին նախապես տեղեկացված լինելու և կանխամտածված սպանությանն օժանդակելու հիմնավորումներով: Վերջին 3 ամսում ահաբեկչության կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է մոտ 1700 մարդ։

Գյուլենականներ - Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող 13-րդ դատարանը հոկտեմբերին ընդունեց «դեկտեմբերի 25-ի հեղաշրջման» գործող մեղադրականը, որը բաղկացած է 1453 էջից և առնչվում է 69 կասկածյալի։ Դատարանը Ֆեթհուլա Գյուլենի համար ընդունեց կալանավորելու մասին երկրորդ որոշումը։ Մեղադրականում Գյուլենը մեղադրվում է «հեղաշրջման փորձի», «զինված կազմակերպություն հիմնելու և ղեկավարելու», «քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով գաղտնի փաստաթղթեր հրապարակելու» համար և պահանջվում է ցմահ ազատազրկման դատապարտել Գյուլենին։ Ուշագրավ է Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի այն հայտարարությունը, որ իշխանամետ լրատվամիջոցներն իրեն, երկրի նախկին նախագահ Աբդուլա Գյուլին ու նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին պահում են «սև ցուցակի» մեջ և չեն հրավիրում հաղորդումների։ Արընչն անդրադարձել էր նաև «Հիզմեթ» (գյուլենական) շարժման շուրջ բարձրացված աղմուկին՝ հայտարարելով, որ չափազանցություն է այն, որ նա «պետություն է ստեղծել պետության» մեջ և որ ինչ-որ մեկը (նկատի ունի Էրդողանին) փորձում է հանրության մեջ ստեղծել «Հիզմեթ» շարժման կեղծ կերպար»։

Այս ամենին զուգահեռ՝ շարունակվում են Էրդողանի ընտանեկան բիզնեսի մասին հրապարակումները։ Հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը հաստատեց, որ տեղի TÜRGEV (Երիտասարդության ու կրթության աջակցման թուրքական հիմնադրամ) հիմնադրամը, որի գործադիր խորհրդի անդամներն են Թուրքիայի նախագահի որդի Բիլալն ու դուստր Էսրան, մեծ հողակտոր է ձեռք բերել Ստամբուլում, ընդ որում՝ դա արել է շուկայականից ավելի քան 200 անգամ իջեցված գնով։ Երբ տվյալ հարցը բարձրացրել է ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հաստատեց, որ TÜRGEV-ին վաճառվել է 780 հազ. մ2 տարածք։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր