• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ներքաղաքական. Ադրբեջանի ներքաղաքական կյանքում առանցքային նշանակություն ունի հուլիսի 18-ին ԱՀ նախագահ Ի.Ալիևի կողմից ստորագրված հրամանագիրը «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» հանրաքվեի ակտը ԱՀ Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Ինչպես և սպասվում էր, ԱՀ ՍԴ-ն հատուկ նիստում հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին հաջորդեց ԱՀ նախագահի հրամանագիրը հանրաքվեի օրը 2016թ. սեպտեմբերի 26-ին նշանակելու մասին1:

Այսպիսով, Ի.Ալիևի նախաձեռնած սույն գործընթացը ենթադրում է հետևյալ էական փոփոխությունները գործող Սահմանադրության մեջ. երկարացվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը (5-ից 7 տարի), իջեցվում է նախագահի թեկնածուի տարիքային շեմը (35-ից 30), մտցվում է փոխնախագահի ինստիտուտ, ընդ որում, թե՛ առաջին և թե՛ մյուս փոխնախագահներին նշանակում է նախագահը: Եթե գործող Սահմանադրության համաձայն, ԱՀ նախագահի պաշտոնավարման անհնարինության դեպքում նրա պարտականությունները փոխանցվում են վարչապետին, ապա առաջարկվող փոփոխություններով պետության երկրորդ պաշտոնյան դառնում է առաջին փոխնախագահը: Ռազմական ոլորտում առաջարկվում է ստեղծել տարբեր ռազմական միավորումների (Պետական սահմանի պահպանության պետական ծառայություն, ՆԳՆ և այլն) շտաբի պետերի միացյալ կոմիտե, որն անմիջականորեն կենթարկվի ԱՀ նախագահին: Առաջարկվող փոփոխությունները թույլ են տալիս օրենքով սահմանափակել հողի սեփականության իրավունքը, մասնավորապես՝ հողի ոչ արդյունավետ օգտագործման դեպքում պետությանն իրավունք է վերապահվում սեփականատիրոջից այն բռնագրավել:

Մերձիշխանական ուժերը սահմանադրական այս փոփոխությունների արդյունքում նախագահի ինստիտուտի ուժեղացումը հիմնավորում են Հայաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ:

Սակայն բոլորովին այլ կարծիքի են Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը: Ադրբեջանի «Ազգային ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունները, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (ԺՈւԱԽ) և «Ռեալ» ընդդիմադիր շարժումը համոզված են, որ փոփոխությունների նպատակը հասարակության նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացումն է և ալիևյան կլանի իշխանության հավերժացումը, ինչն օրինակարգ կդարձնի ներկա միապետական համակարգը: Ընդդիմադիր ուժերը կոչով դիմել են թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրությանը «ԱՀ իշխանությունների վերոհիշյալ անօրինական ձգտումներին» դիմագրավելու և ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար:

Հուլիսին Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձն իր արձագանքները գտավ նաև Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: Անկարայի պահանջով հեռարձակման իրավունքից զրկվեցին ANS հեռուստաընկերությունը և ANS ÇM ռադիոկայանը, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապի մեջ: Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման խորհուրդը դատարան ներկայացրած իր հայցում ANS հեռուստաընկերությանը մեղադրում է Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձն իբրև իշխանությունների կազմակերպած շոու ներկայացնելու մեջ, ինչը «վարկաբեկում է Թուրքիայի իշխանություներին և թուրք ժողովրդին և սեպ խրում թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններում»: Հեռուստաալիքը մեղադրվում է նաև Ֆ.Գլուլենից հարցազրույց վերցնելու և այն հրապարակելու մեջ: Սակայն ANS-ը հերքել է այդ փաստը՝ նշելով, որ իրենց լրագրողն ընդամենը մասնակցել է Ֆ.Գյուլենի մամլո ասուլիսին, ինչի մասին պատմող ռեպորտաժն անգամ եթեր չի գնացել:

Հիմնադիրների «սեփական նախաձեռնությամբ» և «ելնելով ադրբեջանական պետականության շահերից»՝ փակվել են Բաքվում լույս տեսնող «Zaman-Azərbaycan» պարբերականը և Բաքվի «Կովկաս» համալսարանը, որոնք նույնպես որոշակիորեն առնչվում են Ֆ.Գյուլենի անվան հետ:

Ինչպես հայտնել է Բաքվի Նավթի բարձրագույն դպրոցի (ԲՆԲԴ) ռեկտոր Է.Հասիմովը, «Կովկաս» համալսարանը կպահպանի իր անունը, սակայն այսուհետև իր գործառույթները կշարունակի իրականացնել ԲՆԲԴ ռեկտորատի ղեկավարությամբ:

Հուլիսին հրապարակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացման ինդեքս 2015թ.-Ադրբեջան» զեկույցը, որը կազմվել է փորձագիտական հարցումների հիման վրա: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ 2014թ. սկսված աննախադեպ բռնաճնշումները 2015թ. ավելի են ուժգնացել: ԱՀ կառավարությունը քննադատությունները լռեցրել է քրեական գործեր հարուցելու, հարցաքննությունների, տուգանքների, արտասահման մեկնելու արգելքների և բանկային հաշիվների արգելանքների միջոցով: Զեկույցի համաձայն, շատ ՀԿ-ներ ստիպված են եղել էականորեն սահմանափակել իրենց գործունեությունը և անցնել ինքնագրաքննության:

Վարկանիշների անկում է գրանցվել բացառապես բոլոր չափորոշիչների մասով: Մասնավորապես, ՀԿ-ների «իրավական միջավայրի» վարկանիշի անկումը (5.6-ից 6.4, վատագույնը 7-ն է) հիմնականում պայմանավորված է ՀԿ-ների գրանցման անհիմն մերժումների շարունակման և ԱՀ կառավարության կողմից նոր ընդունված որոշումներով, որոնք բարդացնում են արտերկրյա դոնորների և միջազգային ՀԿ-ների ներկայացուցչությունների աշխատանքը: ՀԿ-ների կազմակերպչական (5.7) և ֆինանսական (6.3) հնարավորությունների վարկանիշային անկումը կապվում է միջազգային մի շարք կառույցների կողմից երկիրը ստիպողաբար լքելու հետ: Այս ժամանակահատվածում փակվել է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը, ստիպված են եղել երկրից հեռանալ Oxfam, Counterpart İnternational, World Vision և Save the Children միջազգային կազմակերպությունները: Դրամաշնորհների փաստացի արգելման հետևանքով տեղական մի շարք ՀԿ-ներ միջոցների բացակայության պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունը: ՀԿ-ների հասարակական փաստաբանությունը գնահատվել է 5.9, հասարակական ծառայությունները` 5.9, ենթակառուցվածքները`5.5, հասարակական իմիջը`5.7 միավոր: ՀԿ-ների կայուն զարգացման ընդհանուր ինդեքսը 2015թ. կազմել է 5.8 (2014թ. եղել է 5.1)՝ արձանագրելով իրավիճակի 0.6 կետով վատթարացում 7 բալանոց գնահատման համակարգում:

Տնտեսական. Նավթի գների անկման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հիմնական միջոցառումների թվում դեռևս ամիսներ առաջ ԱՀ իշխանությունները հայտարարել են լայնածավալ սեփականաշնորհման անցկացումը և կառավարման արդյունավետության բարձրացումը։ Այս գործընթացները խթանելու նպատակով Ի.Ալիևը հուլիսին ստորագրել է «Կառավարման արդյունավետության բարձրացման և սեփականաշնորհման գործընթացի արագացման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագիրը, որով կառավարությանը հանձնարարվում է համապատասխան կառույցների առաջարկությունների հիման վրա միջնաժամկետ ժամանակաշրջանի համար կազմել պետական այն ընկերությունների ցանկը, որոնք մնալու են որպես պետական սեփականություն, իրականացնել դրանց վերակազմավորումը և միջոցներ ձեռք առնել այդ կառույցների տրամադրության տակ գտնվող ոչ պրոֆիլային հիմնարկությունների սեփականաշնորհման ուղղությամբ: Կառավարությանը նաև հանձնարարվում է ԱՀ նախագահին ներկայացնել սեփականաշնորհման ենթակա պետական ընկերությունների պարտքի առողջացման և կարգավորման առաջարկություններ: Զուգընթաց ստեղծվել է privatization.az պորտալը` սեփականաշնորհումն ավելի արդյունավետ, օպերատիվ և հարմարավետ անցկացնելու նպատակով:

Նավթի գների անկումն իր արտացոլումն է գտել Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) 2015թ. տարեկան հաշվետվության մեջ, որի համաձայն, SOCAR-ի մաքուր վնասը հաշվետու տարվա ընթացքում կազմել է 1,8 մլրդ մանաթ ($1,1 մլրդ), այն դեպքում, երբ 2014թ. ընկերությունն ունեցել է 1,3 մլրդ մանաթի ($0,78 մլրդ) մաքուր եկամուտ։ 2015թ. 2,3 անգամ կրճատվել են պետական բյուջե կատարված շահութահարկի մուծումները՝ կազմելով 201 մլն մանաթ ($123 մլն), 32,5%-ով աճել են ակտիվները (հասնելով $24,5 մլրդ-ի), 32,5%-ով` կապիտալը ($9 մլրդ), 1.9 անգամ` պարտավորությունները ($15,5 մլրդ)։

Առկա միտումները ստիպում են նաև սահմանափակել որոշ ծրագրեր։ Մասնավորապես, հզորության փոքրացման հաշվին կրճատվել են նոր գազաքիմիական համալիրի կառուցման համար նախատեսվող ծախսերը ($17,1մլրդ-ից $4 մլրդ-ի)։ Համալիրը նախատեսվում է կառուցել Բաքվից 60 կմ հեռավորության վրա, այն բաղկացած է լինելու 3 վերամշակող գործարանից և ջերմաէլեկտրակայանից։

Ընդհանրապես, առկա նախագծերի սահմանափակումները և նորերի բացակայությունն իրենց հերթին բերում են նավթի արդյունահանման կրճատման։ Այդպիսի եզրակացության են եկել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) փորձագետները, ինչն արտացոլված է նավթային շուկայի մասին նրանց հրապարակած զեկույցում։ OPEC փորձագետները կանխատեսում են Ադրբեջանում նավթի արդյունահանման կրճատում օրական 10 հազար և 40 հազար բարել՝ համապատասխանաբար 2016թ.2և 2017թ.։

Bloomberg միջազգային ֆինանսական տեղեկատվական գործակալությունը կրկին անդրադարձել է մանաթի հետագա ճակատագրին: Գործակալությունը նշում է, որ նախկին երկու փլուզումների արդյունքում ԱՄՆ դոլարի նկատմամբ 50%-ով արժեզրկվելուց հետո անգամ մանաթը շարունակում է անկումը: Հունվարից հետո ս.թ. հունիսը նավթի շուկայի ճգնաժամի խորացման պատճառով դարձավ մանաթի համար վատագույն ամիսը, երբ այն կրկին արժեզրկվեց (3,8%) վերջին ամիսների վերընթացից հետո: Մանաթը չի կարողանում կայունանալ, քանի որ ադրբեջանական նավթադոլարները բավարար չեն ֆիզիկական անձանց և բանկերի պահանջարկը սպասարկելու համար և բավական բարձր մակարդակի է մնում դեպոզիտների դոլարիզացիայի աստիճանը:

ԱՀ իշխանությունները մեծ ջանքեր են ներդնում «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆինանսավորման համար արտերկրյա միջոցներ ներգրավելու ուղղությամբ։ ԱՀ ֆինանսների նախարար Ս.Շարիֆովը հաստատել է «Հարավային գազային միջանցք» նախագծի ադրբեջանական բաժնեմասի ֆինանսավորման համար $5 մլրդ վարկ ստանալու նպատակով Համաշխարհային բանկի (ՀԲ), Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի և Ասիական բանկի հետ ընթացող բանակցությունների փաստը՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն ի վիճակի է իր բաժին ֆինանսավորումն իրականացնել նաև առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության։ Ս.Շարիֆովը մեկնաբանել է Ադրբեջանի՝ $4 մլրդ-ի չափով ֆինանսական օգնություն ստանալու դիմումը Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և ՀԲ-ին։ Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի ոչ մեծ արտաքին պարտք, $34 մլրդ ինքնուրույն պահուստներ և կարիք չունի նման օգնության, այստեղ խոսքն էժան ֆինանսավորում ստանալու մասին է։

Ադրբեջանի հիպոթեքային հիմնադրամի (ԱՀՀ) հրապարակած տվյալները վկայում են հիպոթեքային շուկայի փլուզման մասին: Այդ տեղեկությունների համաձայն, ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ամբողջ հանրապետության տարածքում տրվել է ընդամենը 4 հիպոթեքային վարկ, ընդհանուր 143 հազար մանաթի ($87 հազար) չափով: Հիպոթեքային վարկերը ԱՀՀ միջոցով սկսել են տրամադրվել 2006-ից, և 2007թ. կեսերից արդեն գործնականում բացակայել է սոցիալական սեգմենտը (մինչև 50 հազար մանաթ 4% տարեկան տոկոսադրույքով), իսկ հիմա արգելակվել են նաև կոմերցիոն հիպոթեքային վարկերը (մինչև 50 հազար մանաթ, 8% տարեկան տոկոսադրույքով): Ֆինանսական կառույցները շահագրգռված են սպառողական (20-40%) և բիզնես (12-18%) վարկերի տրամադրմամբ և ֆինանսական միջոցներն ուղղում են նշված ոլորտներին:

Շարունակվում է արտերկրյա ընկերությունների արտահոսքն Ադրբեջանից: Այս ամիս փակվել են ռուսական «АКТАВИС» և շվեյցարական Schering-Plough Central East AG (դեղագործական ոլորտ) և բրիտանական BJ Services Company Middle East Ltd (էներգետիկայի ոլորտ) ընկերությունների ներկայացուցչությունները:

1Հանրաքվեի արդյունքները կհրապարակվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 21-ը:

22016թ. ԱՀ-ում սպասվում է օրական 0.85 մլն բարել նավթի արդյունահանում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր