• am
  • ru
  • en
Версия для печати
04.11.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

Ադրբեջան-Իրան. Բաքվում անցկացված Iran Project-2016 ցուցահանդեսի շրջանակներում, գնահատելով Ադրբեջանում իրանական կապիտալի դերակատարումը, ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Ս.Բաբաևը նշել է իրանական ընկերությունների կողմից ադրբեջանական տնտեսությունում մինչ օրս կատարած $2,6 մլրդ ներդրումների մասին, որից $145 մլն-ը՝ ոչ նավթային ոլորտում։ Ըստ նրա, ներկայումս Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով մոտ 450 ընկերություն։ Ներդրումների ներկայացված համամասնությունը վկայում է նավթային ոլորտում սերտ համագործակցության մասին։ Ընդհանրապես, էներգետիկան և տրանսպորտի ոլորտը, հատկապես վերջին շրջանում, դարձել են երկու երկրների միջև փոխգործակցության հիմնական ուղղությունները։

Նշված համագործակցության զարգացման մասին է վկայում նաև Իրանի խորհրդարանի կողմից Ադրբեջանի հետ համատեղ երկու էլեկտրակայան կառուցելու մասին օրենքի հաստատումը: Սույն օրենքով նախատեսված հէկերը պետք է կառուցվեն սահմանային Արաքս գետի վրա, ադրբեջանական Օրդուբադ և իրանական Մարազադ քաղաքներում:

Էներգետիկ կապերի ընդլայնումը պայմանավորված է նաև համատեղ ծրագրերում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մասնակցությամբ։ SOCAR-ի նախագահ Ռ.Աբդուլաևը հայտարարել է իրենց գազապահեստարանների մի մասը (1-2 մլրդ մ3) Իրանին տրամադրելու պատրաստակամության մասին։ Հաշվի առնելով, որ Իրանը խնդիրներ ունի ձմռանը երկրի հյուսիսային շրջանների գազամատակարարումն ապահովելու առումով, պահեստարանների տրամադրումը հնարավորություն է տալիս իրանական գազն ամռանը պահեստավորել և օգտագործել ձմռանը։ Սակայն, հարկ է նշել, որ տրամադրվող ծավալները փոքր են խնդրին ամբողջությամբ լուծում տալու համար:

SOCAR-ը նաև բանակցություններ է վարում Իրանի հետ սեփական գազապահեստներն իրանական գազով համալրելու նպատակով: Նախկինում այդպիսի բանակցություններ ընթանում էին «Գազպրոմի» հետ, սակայն ռուսական կողմի պայմանները ձեռնտու չեն եղել Ադրբեջանի համար:

ԱՀ-ում ԻԻՀ արդեն նախկին դեսպան Մ.Պակայինը, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակահատվածում երկկողմանի կապերի զարգացումը, նշել է 4 տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև կնքված 50 փաստաթղթի մասին։ Ըստ նրա, զարգացել են տնտեսական կապերը, աճել է ավիաչվերթների քանակը, և որ մոտակա ժամանակում կգործարկվի Նախիջևան-Մեշխեդ երկաթուղին: Մ.Պակայինին դեսպանի պաշտոնում փոխարինել է Ջավադ Ջհանգիրզադեն, որն Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր է, և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ազգությամբ «ադրբեջանցի»:

Թեհրանի և Բաքվի միջև պարբերաբար խնդիրներ են առաջանում Ադրբեջանի կողմից իրանական մշակութային ժառանգության յուրացման փորձերի պատճառով: Բաքուն որպես ադրբեջանցի է ներկայացնում իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին, Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին, յուրացնում է իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են թառ երաժշտական գործիքը, ճոկան (polo) մարզախաղը, Յալդայի գիշերվա (Շաբ-է Յալդա) տոնը, Կասպիական ձին, իրանական մանրանկարչության արվեստի նմուշները, 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը և այլն: Եվ ահա նման նոր դրսևորումների դեմ է արտահայտվել ԻԻՀ մեջլիսի պատգամավոր Սալման Խոդադադին: Խոսելով Հիրքանի անտառները (անտառների 2 միլիոն հեկտարը գտնվում է Իրանում, իսկ 50 հեկտարը` Ադրբեջանի տարածքում) ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես ադրբեջանական գրանցելու Բաքվի ձգտումների մասին՝ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանն Իրանի ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն է կատարում

Ադրբեջան-Թուրքիա. Ադրբեջանը և Թուրքիան մեծ նշանակություն են տալիս միջազգային ծրագրերին համատեղ մասնակցությանը, հատկապես տրանսպորտային և էներգակիրների տարանցիկ ուղիներին առնչվող նախագծերի առումով, ինչի մասին է վկայում G20 գագաթաժողովի շրջանակներում Ռ.Էրդողանի հիշատակումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին՝ որպես «Մետաքսի ճանապարհի» անբաժան մաս: Նշված երկաթուղին կօգտագործվի նաև Պեկին-Լոնդոն տրանսպորտային միջանցքի ստեղծման դեպքում, ինչի մասին Աշգաբադում համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի տրանսպորտի նախարար Ա.Արսլանը, Թուրքմենստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մ.Այդոգդիևը և Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Ա.Ասկերովը:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բ.Ալբայրաքի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Նավթային պետական ընկերության (SOCAR) նախագահ Ռ.Աբդուլաևը վերահաստատել է Թուրքիայում երկարաժամկետ ծրագրերում ներդրումների շարունակման մտադրությունը: Քննարկվել են Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) և Star նավթավերամշակման գործարանի շինարարության, ինչպես նաև Petkim նավթաքիմիական հոլդինգի գործունեության հետ կապված հարցեր:

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակների ուղղությամբ ձեռնարկվող քայլերի արդյունավետության բարձրացման նպատակով Ադրբեջանում Թուրքիայի արդեն նախկին դեսպան Ալփեր Ջոշգունն առաջարկել է ադրբեջանա-թուրքական միասնական դեսպանություններ բացել մի շարք երկրներում:

Հայտնի մի շարք ուղղություններից (Հայոց ցեղասպանության մերժողական քաղաքականություն, «Խոջալուի ցեղասպանության» մասին ադրբեջանանպաստ սին տեղեկությունների տարածում, ԼՂ հակամարտություն և այլն) բացի, վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուրվագծվում է ևս մեկ ընդհանուր թիրախ։ Խոսքը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) հետագա շահագործման դեմ իրար հաջորդող ելույթների և միջոցառումների մասին է։ Միայն սեպտեմբեր ամսին այս թեմայով հայտարարություններ են արել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ս.Սեիդովը (Աստանայում անցկացված «Խաղաղության կառուցում առանց միջուկային զենքի» միջազգային գիտաժողով), Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բ.Ալբայրաքը (Վիեննայում տեղի ունեցած ԱԷՄԳ գլխավոր գիտաժողով) և ԱՀ կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Ա.Ղարիբովը։ Չնայած ՀԱԷԿ-ի վերաբերյալ ԱԷՄԳ փորձագետների գնահատականներին, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաները շարունակում են տարբեր ամբիոններից խոսել ատոմակայանի հետագա շահագործումից իբր բխող, չհիմնավորված սպառնալիքների մասին։

Ադրբեջան-Վրաստան. Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Քալաձեն կրկին անդրադարձել է 2016թ. ամբողջ ընթացքում արդիական մնացած՝ Ադրբեջանի և այլ երկրների հետ տարվող գազային բանակցությունների թեմային։ Ըստ նրա, վերջնական որոշումը կայացված է ադրբեջանական SOCAR-ի հետ աշխատելու օգտին։ Դրանից մի քանի օր անց նույն դիրքորոշումն է արտահայտել նաև Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին:

SOCAR-ն իր հերթին շարունակում է ընդլայնվել Վրաստանում. գազաբաշխիչ կայան է կառուցվել Մառնեուլի շրջանի Գիրիխլի գյուղում, նավթամթերքների պահեստավորման և բաշխման համար երկու պահուստային պարկ է գործարկվել Վրաստանի Կուլևի բնակավայրի մոտ գտնվող սևծովյան նավթային տերմինալում, մինչև 2016թ. վերջ նախատեսվում է Վրաստանում SOCAR բաժանորդների թվի աճ 40 հազարով:

Ադրբեջան-Իսրայել. Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուի Բաքու նախատեսվող այցի1 համապատկերին հաճախակիացել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական հարաբերությունների մասին հրապարակումներն իսրայելական և ադրբեջանական մամուլում: Իսրայելում Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի ներկայացուցչության տնօրեն, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Արյե Գուտը, բացի Իսրայելի կողմից Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական և հոգեբանական աջակցությունից, նշել է նաև ապրիլյան պատերազմի ընթացքում հատկացված ռազմատեխնիկական օգնության մասին: Վերջինս նաև ընդգծել է Ադրբեջան-Իսրայել տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է $3,5 մլրդ:

Ադրբեջանանպաստ հայտարարություններով է հանդես եկել նաև Իսրայելի Ակկո2 քաղաքի քաղաքապետ Շիմոն Լանկրին: Վերջինս վերահաստատել է «Խոջալուի ցեղասպանության զոհերին» նվիրված միջոցառումների հետագա անցկացման մասին իր մտադրությունները։

ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ Երևանում անցկացված զորահանդեսի ընթացքում ցուցադրված ՀՀ ԶՈւ նորագույն զինատեսակները հիմք են տվել իսրայելական որոշ քաղաքական գործիչների և փորձագետների խոսել Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։

Հատկապես ուշագրավ է ՌԴ-ում Իսրայելի նախկին դեսպան, «Եվրոպա-Ասիա» ինստիտուտի տնօրեն Ցվի Մագենի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանն ի վիճակի է իր տարածքը հուսալիորեն պաշտպանել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերով: Ըստ նրա, իսրայելական ՀՕՊ համակարգերը նախատեսված են օդից եկող լայն սպեկտրի սպառնալիքները, այդ թվում «Իսկանդեր» համալիրի հրթիռները չեզոքացնելու համար: Ց.Մագենի կարծիքով, Ադրբեջանը կարող է գնել իսրայելական «Կախարդական փայտիկ» ՀՕՊ համակարգը, որն «ընդունակ է որսալ և ոչնչացնել բալիստիկ հրթիռներ մեծ տարածությունների և մեծ բարձրությունների վրա»։

Նախկինում անդրադարձել էինք Ադրբեջանի իշխանությունների և ԱՄՆ հրեական կազմակերպությունների միջև ձևավորվող համագործակցության միտումներին։ Այս գործընթացի շարունակման շրջանակներում կարելի է դիտել Բաքվում Ի.Ալիևի հանդիպումը Հրեաների համաշխարհային կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերի գլխավորած պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում են եղել նշված կառույցի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Զինգերը, դիվանագիտության գծով նրա տեղակալ Մարամ Ստերնը, փոխնախագահ Գոդ Նիսանովը, Հրեաների եվրասիական կոնգրեսի նախագահ Յուլիուս Մայնլը, Հրեաների Ռուսաստանի կոնգրեսի նախագահ Յուրի Կանները, փոխնախագահ Գերման Զախարևը։ Ի.Ալիևի հավաստմամբ, հրեական պատվիրակությունն Ադրբեջանում ունի լայն ծրագրեր և ունենալու է բազմաթիվ հանդիպումներ։

Իսրայելի հետ կապերի ամրապնդմանը զուգահեռ, Ադրբեջանը տարբեր մակարդակներով մշտական խորհրդակցություններ է անցկացնում Պաղեստինի հետ, ինչի մասին հայտարարել է ԱՀ ԱԳ նախարար Է.Մամեդյարովը: Ըստ նրա, Ադրբեջանն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը տեսնում է «երկու պետություն» սկզբունքով:

Ադրբեջան-ԱՄՆ. Ադրբեջանում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ ԱՄՆ կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացվել են «Ադրբեջան. նշանակություն ունե՞ն արդյոք մարդու իրավունքները» թեմայով լսումներ, որոնք վարել է երկկուսակցական հանձնաժողովի համանախագահ Ջիմ Մակգովերնը3։ Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «2014-ից ԱՀ կառավարությունն ուժգնացրել է ճնշումներն այլախոհների, լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Փակվել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը, երկրից արտաքսվել են մի քանի արտերկրյա կազմակերպություններ, առկա տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում դեռևս կա 100 քաղբանտարկյալ»։ Նշվում է նաև, որ Ի.Ալիևի իշխանությունն ընկղմվել է կոռուպցիայի մեջ, թուլանում է երկրի տնտեսությունը, իսկ մանաթը՝ արժեզրկվում։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԿ-ների և ԶԼՄ գործունեությունը սահմանափակող ադրբեջանական օրենքները, քննադատության են ենթարկվել ինչպես նախկին, այնպես էլ նոր սահմանադրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեն անսահման և անժամկետ դարձնել Ի.Ալիևի իշխանությունը։ Ուշադրություն է հրավիրվել նաև հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ կիրառված բռնաճնշումների վրա։

Քննարկումներին մասնակցել են նաև Խադիջա Իսմայիլովան (Skype-ով), Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) նախագահի որդի Թուրքել Քերիմլին և ԱՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռ.Կոզլարիչը։

Ինչպես այս, այնպես էլ The Washington Post պարբերականում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներ Դ.Կրամերի և Ռ.Կոզլարիչի՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատություն պարունակող հոդվածներն Ադրբեջանում դիտվում են որպես դավադրության և ընդդիմադիր ԱԱՃԿ-ին սատարելու փորձ։ Մերձիշխանական լրատվամիջոցները հայտարարում են ԱՄՆ-ի կողմից իբր իրականացվող Ադրբեջանի իշխանությունների վարկաբեկման քարոզարշավի մասին և դա բացատրում «տարածաշրջանում ռուսական ազդեցության աճ թույլ չտալու ԱՄՆ ձգտումներով»։ Այդ հրապարակումների համաձայն՝ «Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը նպատակ ունի ստիպել Ադրբեջանին հրաժարվել բազմավեկտոր քաղաքականությունից»։

Ուշագրավ են նաև մերձիշխանական haqqin.az պորտալի գլխավոր խմբագիր Է.Ֆաթուլաևի կատարած «հետաքննության» արդյունքները, որոնք, իբր, վկայում են ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից Ադրբեջանում խժդժություններ առաջացնելու նպատակով ձեռնարկված քայլերի մասին։ Ըստ Է.Ֆաթուլաևի, քանի որ ազատական և ազգային-ժողովրդավարական ուժերը սպառված են և ի վիճակի չեն ապակայունացնել իրավիճակը երկրում, ԱՄՆ-ն արհեստականորեն ներդնում է Ադրբեջանի համար ոչ ավանդական իսլամական ուղղությունները՝ գյուլենիզմը և սալաֆիզմը։

1 Այցի կոնկրետ ժամկետները դեռևս հայտնի չեն։

2 Ակկո քաղաքում առկա է համեմատաբար մեծ ադրբեջանական համայնք։

3 Ջ.Մակգովերնը վերջերս որպես համահեղինակ միացել է «Ժողովրդավարություն Ադրբեջանի համար» օրինագծին, որը ենթադրում է պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարումների համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր