• am
  • ru
  • en
Версия для печати
10.10.2016

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ՝ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և
քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Լիանա Բալայան
Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տոնացույցում սեպտեմբերի 2-ն առանձնահատուկ տեղ ու դեր ունի: 1991թ. այդ օրը բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների ժողովրդական պատգամավորների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը և երկրում ստեղծված իրավական ու աշխարհաքաղաքական իրողությունները ճիշտ գնահատելով, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» Հռչակագիրը: 25 տարի առաջ ընդունված պատմական որոշումը հիմնասյունը դարձավ ազատության և անկախության ձգտող արցախահայության համար, որը, բազում խոչընդոտների հանդիպելով, չընկրկեց երբեք:

Շնորհավորելով ողջ հայությանը Հայոց նոր պետականության միջնաբերդը դարձած Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ՝ Ղարաբաղյան հակամարտության արդի զարգացումների և տարբեր միջազգային կառույցներում հիմնախնդրի կերպարը խեղաթյուրված ներկայացնելու ադրբեջանական քարոզչության համատեքստում կարևորում ենք 1991թ. սեպտեմբերի 2-ի ԼՂՀ հռչակման Հռչակագրի վերլուծությունը` փաստաթղթում առկա իրավաքաղաքական փաստարկները ներկայացնելու համար:

Փաստաթղթում առկա են հետևյալ փաստարկները.

1. Պրոֆեսոր Ա.Մանասյանի դիտարկմամբ. «Հռչակագիրը մատնանշում է ինչպես Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից Ադրբեջանի Հանրապետության հրաժարվելու փաստը, այնպես էլ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների ելքի հետ կապված հարցերի լուծման մասին» օրենքը: Այսպիսով, Հռչակագիրը ԼՂՀ-ն հռչակում էր ԽՍՀՄ պետականության իրավունքի համատեքստում՝ հղում կատարելով իրավաբանորեն բացառիկ կարևորություն ունեցող Բաքվի՝ Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու փաստին: Այս կարևորությունը բացատրվում է նրանով, որ 1918-1920թթ. ԱԴՀ կազմում չի եղել ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Նախիջևանը» [1, с. 49]:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար հիմք է հանդիսացել նաև, ինչպես նշված է Հռչակագրի տեքստի առաջին իսկ նախադասությունում. «...ժողովրդի կամքը, որն ամրագրվել է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂՀ ու Շահումյանի շրջանի իշխանության մարմինների 1988-1990թթ. որոշումներում...» [2]: Ինչպես հայտնի է, արցախահայությունը բազմիցս է դիմել ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին, հիմնախնդիրն արդարացիորեն՝ մարզի բնակչության իղձերին համապատասխան լուծելու համար: Այդ նպատակով ազգաբնակչության շրջանում բազմաթիվ հարցումներ են իրականացվել, որոնց ընթացքում ժողովուրդը տասնյակ հազարավոր ստորագրություններով հավաստել է Մայր հայրենիքի հետ վերամիավորվելու իր ձգտումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման փաստարկներից մեկը, ինչպես նշված է Հռչակագրում, հանդիսացել է Ադրբեջանում տարվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը, որն ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել հանրապետության հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հասցրել է զինված ընդհարումների, մարդկային զոհերի, հայկական խաղաղ գյուղերի բնակիչների բռնագաղթի: Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հիմնական փաստարկներից մեկը կապված էր Ադրբեջանական ԽՍՀ պետականակիր ազգերից մեկի իրավունքների խախտման և նրա հետագա գոյության սպառնալիքի հետ: Բանն այն է, որ Ադր. ԽՍՀ մյուս շրջաններում բնակվող շուրջ կես միլիոն հայությունը ենթարկվել է ցեղասպանության կամ դրա սպառնալիքի տակ լքել հայրենի օջախները: Այսինքն՝ անհրաժեշտ էր ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեին երկրամասի բնակչության գոյությունն ու անվտանգությունը, մանավանդ որ երկրում ստեղծված վիճակի բարդությունն ու հակասականությունը, Խորհրդային Միության ապագայի, իշխանության և կառավարման միութենական կառուցվածքների ճակատագրի անորոշությունը, ինչպես նշված է Հռչակագրում, այլ հնարավորություն չէին ընձեռում:

4. Միաժամանակ, Հռչակագրում ամրագրված է. «Հիմնվելով ԽՍՀՄ գործող սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումների ժողովուրդներին և հավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն լուծել իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցերը...» [2]: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագիրն ընդունվել է երկու օր անց այն բանից հետո, երբ Բաքուն 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել էր «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը: Վերջին հանգամանքն իրավական հիմք է տվել արցախահայությանը ձեռնարկել ԽՍՀՄ օրենսդրությամբ իրեն վերապահված քայլեր, որի մասին նշված է Հռչակագրում: Մասնավորապես, «Մինչև ԼՂՀ սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև այժմ գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և հանրապետության առանձնահատկություններին» [2]: Այս դրույթով, փաստորեն, ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս մնում է ԽՍՀՄ իրավատիրույթում, այն դեպքում, երբ նորաստեղծ ԱՀ-ն, առանց պահպանելու գործող իրավական նորմերը, մասնավորապես` առանց անկախության հանրաքվե անցկացնելու, իրեն հռչակեց անկախ, դուրս եկավ ԽՍՀՄ կազմից՝ հրաժարվելով Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից: Դրանով, ըստ էության, ադրբեջանական կողմը փաստաթղթային ձևակերպմամբ չեղյալ հայտարարեց նաև այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև:

5. Եթե 1991թ. օգոստոսի վերջերին անկախացման գործընթաց սկսելով (Բաքուն, բացի 1991թ. մարտի 17-ին ԽՍՀՄ պահպանման օգտին կազմակերպված քվեարկությունից, աջակցել է նաև օգոստոսին պետական հեղաշրջման փորձ կատարող ուժերին՝ ԱԴՊԿ-ին), Բաքուն «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով հրաժարվել է Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից [3], ապա Ստեփանակերտն, ընդհակառակը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» Հռչակագրի դրույթների համաձայն՝ մնացել է ԽՍՀՄ իրավատիրույթում՝ օգտվելով. «...ԽՍՀՄ սահմանադրությամբ ու օրենսդրությամբ հանրապետություններին տրվող լիազորություններից...» [2]: Այս և Ադր. ԽՍՀ պետականակիր ժողովուրդներից մեկի՝ ադրբեջանահայության անվտանգությունն ապահովելու և սեփական իրավատիրույթում նրանց, ինչպես նաև Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական ագրեսիայի արդյունքում իրենց օջախները լքած անձանց քաղաքացիություն և բնակության վայր տրամադրելու պատրաստակամության տեսանկյունից ԼՂՀ-ն հանդիսանում է Ադր. ԽՍՀ իրավահաջորդը [4, էջ 91-95]:

6. 1991թ. սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման» Հռչակագիրը, դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն, 1992թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագիրը և ժողովրդավարական սկզբունքներով անկախ պետականություն ձևավորելու արցախահայության իրականացրած քայլերն ու ստեղծված իրավիճակը համապատասխանում են նաև գիտականորեն` մի շարք միջազգայնագետների կողմից պետականությունը բնորոշող չափանիշներին: Մասնավորապես, Գեորգ Ելինեկի երեք բաղադրիչների տեսության համաձայն, պետականությունը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. որոշակի սահմաններ ունեցող տարածքի, մշտական և որոշակի բնակչության (ժողովրդի) և սուվերեն իշխանության առկայություն: Գերմանացի իրավագետը գրում էր. «Իրավաբանական ֆիկցիայից խուսափելու և պետության՝ բնական կեցությունը ճանաչելու համար բնական է թվում փնտրել պետության օբյեկտիվ էությունը նրա բաղկացուցիչներից, ըստ երևույթին, իրապես գոյություն ունեցող տարրերում: Այդ տարրերն են՝ տարածքը, ժողովուրդը, իշխողը» [5, с. 103]: Ըստ միջազգայնագետ Զ. Տոդուայի՝ «Բոլոր պետությունները ծնվել են արյամբ: Բայց հետո, որպեսզի չանհետանան, նրանք պետք է ստեղծարար կյանք սկսեն, ստեղծեն տնտեսություն, կառուցեն տներ, ձեռնարկություններ, կազմակերպեն առևտուր, ստեղծեն պայմաններ բնակչության բարեկեցության բարելավման համար: Այլապես, նոր պետության գոյության ժամկետը մեծ չէ...» [6, с. 52.]: Ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ իրականացրած ուսումնասիրությունները հայտնի իրավապաշտպան Գ.Ստարավոյտովային թույլ են տվել ձևակերպել հինգ չափանիշներից բաղկացած համախումբ՝ անտանելի գոյություն, պատմական իրավունք, բնակչության էթնիկական կազմ, ժողովրդական կամարտահայտություն, պատասխանատվություն հետևանքների համար [7, p. 38-41]: Վերջինս այս չափանիշները մշակել է նախկին ԽՍՀՄ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների (Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ, Լեռնային Ղարաբաղ) անմիջական դիտարկման, ինչպես նաև այդ և Էրիթրեայի դեպքերի՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում իրականացրած հետազոտության հիման և ինքնորոշման միջազգային իրավունքի նորմերի վրա: Համապատասխան չափանիշները ներկայացված են նաև մի շարք միջազգային փաստաթղթերում: Օրինակ, Մոնտեվիդեոյի 1933թ. կոնվենցիայում ամրագրված են պետության հետևյալ չորս չափանիշները. մշտական բնակչություն, որոշակի տարածք, սեփական կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն [8]: «Ագրեսիայի սահմանում» բանաձևի հեղինակները նույնպես Հոդված 1(a)-ում հեռատեսորեն գրել են, որ դրանում «պետություն» տերմինը «կիրառվում է՝ չկանխորոշելով ճանաչման մասին հարցը կամ հարցն այն մասին, թե արդյո՞ք պետությունը Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ է հանդիսանում» [9]:

Այս ամենը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա գոյությունը, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող պետականության կառուցումը և արտաքին մարտահրավերներին դիմակայելու նրա ունակությունը հստակորեն վկայում են, որ ԼՂՀ-ն համապատասխանում է պետականության՝ գիտության մեջ և քաղաքական պրակտիկայում առկա չափանիշներին [10, p. 23]:

Հատկանշական է, որ Բաքվի որդեգրած ցեղասպան քաղաքականությունը, անհիմն տարածքային հավակնությունները և ԼՂՀ-ի դեմ սանձազերծած պատերազմը «չթույլատրեցին» Բաքվի իշխանություններին ընդունելու անկախ պետականություն ստեղծելուն ուղղված այնպիսի իրավաքաղաքական ակտեր, որոնք ամուր և օրինական կդարձնեին Ադրբեջանի Հանրապետության ձևավորման իրավական հիմքերը: Ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության, ԼՂՀ հռչակումը լիովին համապատասխանել է ինչպես խորհրդային օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերին: Այս առումով, Ղարաբաղյան հակամարտությունը շահեկանորեն առանձնանում է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից: Ըստ երևույթին, դա է հիմք տվել ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վ.Ստուպիշինին համոզմունք հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի դեպքը ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման մեր օրերի դասական օրինակներից մեկն է [11, с. 165]:

Աղբյուրներ և գրականություն

1. Манасян А., Карабахский конфликт: международно признанные основания проблемы (папка основных и политических документов ), Степанакерт, 2007.

2. «Հայաստանի Հանրապետություն», N 186, 3.09.1991:

3. «Бакинский рабочий», 3 сентября 1991г.

4. Փաշայան Հ., ԼՂՀ-ն որպես Արևելյան Անդրկովկասի հայության (ադրբեջանահայության) իրավունքների երաշխավոր (Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր), Ստեփանակերտ, 2010, թիվ 1 (21):

5. Еллинек Г., Общее учение о государстве, СПб, 1908.

6. Тодуа З., Экспансия исламистов на Кавказе и в Центральной Азии, М., 2006.

7. Starovoitova G., Soveregnity after Impire. Self-Determination Movements in the Former Soviet Union. Institut of peace (USA), 1996.

8. Rights and Duties of States-Convention Signed at Montevideo, December 26, 1933, http://www.mtholyoke.edu/acad/intrel/interwar/rights.htm (Конвенция Монтевидео по правам и обязанностям государств, стат. 3097; Серия договоров 881; 165 Серия договоров ООН 19, декабрь 26, 1933).

9. Ագրեսիայի սահմանում. 1974թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ ԳԱ ընդունած բանաձևը. № 2214 (XXIX).

10. Հրապարակային միջազգային իրավունք և քաղաքականություն մշակող խումբ և Միջազգային իրավունքի ու քաղաքականության կենտրոն (Նոր Անգլիա): Ղարաբաղյան ճգնաժամ: Կարգավորման պլան, 2000, http://www.ejil.org/journal/Vol9/No3/090491.pdf

11. Ступишин В., Моя миссия в Армении, М., 2001.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր