• am
  • ru
  • en
Версия для печати
01.12.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին իրադարձությունների տեսություն)

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Ղարաբաղյան հակամարտություն. Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում էր ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ տարբեր ուժային կենտրոնների ու միջազգային կառույցների ընդգծված ուշադրության կենտրոնում: Դեռևս սեպտեմբերի վերջերին ԱՄՆ պետքարտուղարը, խոսելով այսպես կոչված սառեցված հակամարտությունների մասին, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Իհարկե, Ջոն Քերիի հայտարարության վերաբերյալ կարելի է տարբեր մեկնաբանություններ կատարել: Սակայն հատկանշականը պաշտոնական Բաքվի խիստ քննադատական արձագանքն էր, որտեղ այն ընկալվեց որպես իրենց ուղղված մեսիջ: Ըստ երևույթին, հաշվի առնելով հայտարարության քողարկված ենթատեքստը և հասկանալով, որ հիմնախնդրի լուծված չլինելու հիմնական պատասխանատվությունն ընկած է պայմանավորվածություններից տարբեր ձևերով խուսափող Ադրբեջանի վրա, կառավարության նիստում Ի.Ալիևը հայտարարել է, որ «առնվազն անամոթություն է Ադրբեջանին հակամարտությունը կարգավորելու ցանկության բացակայության մեջ մեղադրելը»: Նրա կարծիքով՝ ասել «երկու կողմերն էլ մեղավոր են, կողմերը պատրաստ չեն դրան, այս հարցը իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից էլ բարդ է»՝ նշանակում է պարզապես սատարել Հայաստանի զավթողական քաղաքականությանը:

Ալիևյան վարչակազմն անուղղակիորեն հայտնվել է նաև միջազգային կառույցների քննադատության թիրախում: Մասնավորապես, ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնին հայտարարել էր, թե նրա գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում՝ այս տարվա ապրիլյան իրադարձություններից հետո։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտության մասին է հայտարարել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղ մեկնելու հարցի քաղաքականացման անթույլատրելիությունը: Դիրքորոշում է արտահայտել նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համարում այցը տարածաշրջան, նա ասել է, որ, իր կարծիքով, խաղաղ գործընթացին մասնակցող մարդկանց համար կարևոր է տեսնել իրավիճակը տեղում: Ստեփանակերտի և Երևանի արձագանքը չուշացավ: Մասնավորապես, հավաստիացնելով, որ ԼՂՀ իշխանությունները բաց են Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ անկեղծ համագործակցությանը՝ ուղղված ժողովրդավարական նորմերի և սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հրավիրել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Լեռնային Ղարաբաղ կամ ուղարկել թիմ՝ անաչառ և օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին։ Արցախի Հանրապետությունը, հյուրընկալ ավանդույթի համաձայն, միշտ էլ պատրաստակամ է եղել ընդունելու ոչ միայն ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, այլև երկրամաս այցելելու բոլոր ցանկացողներին: Սակայն Արցախի Հանրապետություն այցելելու մտադրությունները սովորաբար չեն իրականանում Ադրբեջանի ապակառուցողական, քաղաքականության արդյունքում, որի մասին է վկայում տխրահռչակ «սև ցուցակի» գոյությունը:

Ի.Ալիևը նաև խոստովանեց, որ բանակցությունների ժամանակ իր վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Փաստորեն, ինչ-որ նկատառումներից ելնելով՝ նա ստիպված էր խոստովանել, որ, բացի իրենցից, ողջ միջազգային հանրությունը գիտակցում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հիմնախնդրի կարգավորումն անհնար է:

ԵԱՀԿ այցելությունը տարածաշրջան. Հոկտեմբերի 23-25-ը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի Բաքու, Ստեփանակերտ և Երևան այցելությունը, որի արդյունքների վերաբերյալ տարածվեց հայտարարություն: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը, նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը և քննարկել ներկայիս աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների հանուն տևական խաղաղության: Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետները, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը և վերահաստատել համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ: Համանախագահները ծրագրում են նաև հանդիպել արտաքին գործերի նախարարների հետ՝ 2016թ. դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ` քննարկելու հնարավոր ամենավաղ ժամկետներում նախագահների հնարավոր հանդիպումը: Արդյո՞ք կհաջողվի միջնորդներին իրագործել նշված դրույթները՝ դժվար է հստակ կանխատեսել: Սակայն Բաքվի՝ պայմանավորվածությունները խախտելու բազմամյա փորձը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ դրանք նույնպես կարժանանան նախորդների ճակատագրին:

ԼՂՀ ճանաչման գործընթացը շարունակվում է. Անկախ Ալիևի ցանկությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն ճանաչման գործընթացը տարբեր մակարդակներում շարունակվում է: ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016թ. սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է «Հայկական Անկախության օր»՝ հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար. «2016թ. հայկական երկու պետությունները` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) տոնում են անկախության հռչակման 25-ամյակը: Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը` հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու: Դենվերը շնորհավորում է հայկական համայնքին` սեփական ժառանգությանը հավատարիմ մնալու հանձնառության, հայրենիքին նվիրվածության, չնայած մարտահրավերներին` ժողովրդին ծառայելու մղումների համար»:

ՀԱՊԿ հայտարարությունը. Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում խորհրդի նիստի արդյունքներով անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել, որում ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Սակայն հատկանշական է, որ ՀԱՊԿ գագաթաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարևորեց Թուրքիայի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որը տարբեր մեկնաբանությունների արժանացավ հայկական և թուրքական մամուլում: Մանավորապես, Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունեց Լավրովի հայտարարությունը, իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հայտարարեց, որ Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից:

ԵՄ-Արցախ. Հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեն Միրզոյանն ընդգծել է ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ զարգացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և վերահաստատել հրավերը Հերբերտ Զալբերին՝ նրա մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների վերսկսման համար պայմանների ձևավորմանը, մասնավորապես, ընդգծել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:

Հայաստան-Արցախ. Հոկտեմբերի 21-22-ը, հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Պաշտպանության բանակ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել է հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաև առաջնագծում, ծանոթացել կատարված ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման և զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված ծավալուն գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից: Հյուրերն այցելել են նաև ՊԲ «Ասպարեզ» ուսումնական կենտրոն:

Հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ՀՀ գործընկերոջ հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Արցախ-Սփյուռք. Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցում հոկտեմբերի 15-ին ծառատունկ է կազմակերպվել աշխարհի բոլոր մայրցամաքներից Արցախ ժամանած շուրջ 70 երիտասարդի մասնակցությամբ։ Նախաձեռնությունը յուրահատուկ նշանակություն ունի, հատկապես ծառատունկի վայրի ընտրության և մասնակիցների առումով: Տիգրանակերտում կազմակերպված ծառատունկը սփյուռքահայ երիտասարդների համար յուրահատուկ հնարավորություն էր՝ ծանոթանալու Արցախի Տիգրանակերտի պատմությանը, հնագիտական նշանակությանը, ինչպես նաև նպաստելու արգելոցի հետագա զարգացմանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր