• am
  • ru
  • en
Версия для печати
06.02.2017

ՊԵՏԱԿԱՆԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ

Руский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար

Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի փոքր հատվածն է այսօր բնակվում իր հայրենիքում, իսկ մեծամասնությունը սփռված է աշխարհի տարբեր երկրներում` կազմելով հայկական սփյուռքը: Փաստորեն, հայ ժողովուրդը հատվածավորված է Հայաստանում բնակվող և սփյուռքի հայերի միջև: Սփյուռքն իր հերթին չի կազմում մեկ միասնական, կուռ ամբողջություն: Այն կոտորակված է աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում հաստատված հայերի միջև: Այլ չափանիշներով ևս (ըստ կուսակցական պատկանելության, դավանանքի և այլն) Սփյուռքը բաժանվում է տարբեր շերտերի։

Աշխարհի տարբեր վայրերում և տարբեր քաղաքակրթական միջավայրերում բնակվող հայերն աշխարհայացքով, մտածելակերպով, արժեհամակարգով և այլն որոշակիորեն տարբերվում են միմյանցից, և այդ տարբերությունները խորանալու միտում ունեն: Ինքնին վերցրած նման բազմազանությունը բացասական երևույթ չէ: Ընդհակառակը, այն վկայում է հայկական մշակույթի և քաղաքակրթության հարստության ու ինքնատիպության մասին: Սակայն տարբերությունների հետ մեկտեղ յուրաքանչյուր ազգային ընդհանրությանն անհրաժեշտ են նաև միավորող գործոններ (գաղափարներ, սկզբունքներ, արժեքներ, ծրագրեր և այլն): Հակառակ դեպքում վերոնշյալ բազմազանությունը կվերածվի ազգի տարրալուծման և օտար միջավայրերում ուծացման սպառնալիքի:

Ողջ հայությանը միավորող գաղափարների շուրջ

Համարվում է, որ մինչ օրս ողջ հայությանը միավորող միակ գաղափարը եղել է Հայ դատի արդարացի լուծումը: Միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, հայոց պատմական հայրենիքի վերականգնման գործի շուրջ է պատկերացվում ողջ հայության համախմբումը՝ որպես կուռ ամբողջություն: Այս հանգամանքի դրական կողմը թերևս այն է, որ հայությունն իր թիվ մեկ կարևորագույն խնդիրն է համարում Հայ դատի արդարացի լուծումը: Սակայն նման մոտեցումը պարունակում է նաև սպառնալիք այն իմաստով, որ էապես սահմանափակում է հայության միասնականության և անգամ ինքնության հիմնասյուները, ինչպես նաև գործունեության շրջանակները՝ մղելով նրան մարգինալացման1: Ուստի, Հայկական հարցի արդարացի լուծման գաղափարի հետ միասին հայ ժողովրդին անհրաժեշտ են նաև ազգը միավորող այլ գաղափարներ ու սկզբունքներ:

Ինչո՞ւ է Հայ դատի արդարացի լուծման ձգտումը ողջ հայությանը միավորող միակ գործոնը: Այս հարցին կարելի է տալ երկու պատասխան.

1. Ինչպես վերը նշվեց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, հայոց պահանջատիրության խնդիրները հայության կողմից դիտվում են թիվ մեկ գերակայության խնդիրներ, որոնց համեմատությամբ այլ խնդիրներն ունեն երկրորդական, ոչ էական նշանակություն:

2. Հայկական հարցի արդարացի լուծման գաղափարից բացի չկան (չեն առաջադրվում) ողջ հայությանը միավորող այլ գաղափարներ, ծրագրեր, մոտեցումներ: Այլ կերպ ասած՝ այսօր հոգևոր-տեղեկատվական ասպարեզում առկա է հայկական հանրությունը միավորող գաղափարների՝ վարքագծի սկզբունքների, ապագայի տեսլականների և այլնի պակաս։

Երկրորդ պատճառի առկայությունը եթե ինչ-որ կերպ հիմնավորված էր խորհրդային տարիներին, ապա անկախության պայմաններում այն միանշանակ անթույլատրելի է: Որպես համայն հայությանը միավորող սկզբունք առաջարկում ենք պետականակենտրոնության գաղափարը:

Պետականակենտրոնության էությունը

Պետականակենտրոնությունը գիտակցության, աշխարհայացքի այնպիսի ձև է, որի առկայության դեպքում պետությունն ընկալվում է որպես բարձրագույն արժեք, նրա շահերը բացարձակ գերակայություն են ստանում այլ (անձնական, խմբակային, կուսակցական և այլն) շահերի նկատմամբ: Պետականակենտրոն մտածողության հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ պետության բարօրությամբ պայմանավորված է ողջ հասարակության բարօրությունը: Պետությունը հասարակության բոլոր խավերի ու շերտերի, ինչպես նաև անհատ քաղաքացիների շահերի պաշտպանության գրավականն է հանդիսանում: Հետևաբար, պետական շահերի ոտնահարումը նշանակում է ողջ ազգաբնակչության, հասարակության շահերի ոտնահարում: Ժամանակակից աշխարհում պետությունն է համարվում ազգային անվտանգությունն ապահովող միակ իրական ուժը: Որքան էլ ժամանակակից աշխարհում փորձ արվի նվազեցնել պետության դերը հասարակությունների, ազգերի ու ժողովուրդների կենսագործունեության համար, 21-րդ դարում պետությունները շարունակում են մնալ որպես հասարակությունների ինքնակազմակերպման բարձրագույն ձև և իրականացնել այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են ռազմական անվտանգության ապահովումը, արտաքին քաղաքականության միջոցով ազգային շահերի պաշտպանությունը, գիտատեխնիկական առաջընթացին, հոգևոր-կրթական զարգացմանը նպաստելը, սոցիալական խնդիրների լուծումը և այլն։ Անգամ պետության ապագայի վերաբերյալ մռայլ կամ վատատեսական կարծիքներ ունեցողներն ընդունում են, որ գոնե առաջիկա հարյուրամյակում դրանք պահպանվելու են, իսկ անգամ ամենառոմանտիկ գլոբալիստներն ընդունում են, որ 21-րդ դարում ազգային պետությունները մնալու են որպես միջազգային հարաբերությունների գլխավոր սուբյեկտներ։

Պետականակենտրոնությունը (այլ կերպ՝ նաև հայաստանակենտրոնությունը) հայաստանյան հանրության և Սփյուռքի համար այս պարագայում ոչ թե բարեհունչ ռոմանտիկ արտահայտություն է՝ բարի ցանկությունների ժանրից, այլ խիստ գործնապաշտական սկզբունք նրա գոյության և անվտանգության ապահովման համար։

Պետականակենտրոնությունը ենթադրում է անհատ մարդկանց և ողջ հասարակության գիտակցության ու վարքագծի հետևյալ սկզբունքները.

- Պետության ընկալում որպես բարձրագույն, սրբազան արժեք: Պետությունը դիտվում է առաջին հերթին որպես հոգևոր արժեք: Այն նույնացվում է հայրենիքի հետ, համարվում ազգային ինքնության արտահայտություն: Պետության հետ միաժամանակ սրբազան արժեքներ են համարվում նաև նրա այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են անկախությունը, ինքնիշխանությունը, ամբողջականությունը և այլն:

- Պետական շահերի բարձր գիտակցում և գերակայություն: Պետական շահերը հանդիսանում են հասարակության բոլոր անդամների շահերի խտացված արտահայտությունը2։ Հետևաբար, այս սկզբունքի առկայության դեպքում հասարակության յուրաքանչյուր անդամ, ելնելով իր իսկ շահերից, խորապես գիտակցում է պետական շահերը և դրանց տալիս գերակա նշանակություն:

- Բարձր իրավագիտակցություն և օրինապաշտություն: Հասարակության բոլոր անդամները տեղյակ են երկրում գործող իրավական նորմերի մասին, գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները և բարեխղճորեն կատարում են դրանք:

- Հարգանք պետական հաստատությունների նկատմամբ: Հասարակության բոլոր անդամները հարգանք են տածում պետական կառավարման մարմինների, պաշտոնյաների, ուժային կառույցների, դատական մարմինների և այլ պետական հաստատությունների նկատմամբ:

Հայ իրականության մեջ պետականակենտրոնությունը ենթադրում է հայաստանյան հանրության և Սփյուռքի կողմից հայրենիքի (ՀՀ և ԼՂՀ) ընկալում որպես ազգային բարձրագույն արժեք՝ գերակա մյուս արժեքների նկատմամբ։ Իսկ վերջինիս խնդիրների լուծմանը նպաստելը դառնում է համազգային նպատակ։ Ներկայում, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրից, որպես Հայաստանի առաջ ծառացած հիմնական խնդիրներ, որոնք կարոտ են առաջնահերթ լուծման, կարելի է մատնանշել հետևյալները.

1. Արցախյան հակամարտության արդարացի կարգավորում

2. ՀՀ և ԼՂՀ գիտատեխնոլոգիական զարգացում

3. ՀՀ և ԼՂՀ տնտեսական զարգացում և բնակչության կենսամակարդակի բարձրացում

4. Ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարում (արտագաղթի կասեցում, հայրենադարձություն)

5. ՀՀ և ԼՂՀ շրջափակման վերացում։

Հայության շրջանում պետականակենտրոնության ձևավորման նախադրյալները

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունն այն սակավաթիվ պետություններից են, որոնք իրենց էությամբ առավելագույնս համապատասխանում են ազգային պետության իդեալին: Նրանք ունեն ընդգծված ազգային նկարագիր և իրավամբ կարող են դիտվել որպես հայ ժողովրդին պատկանող պետություններ՝ որպես հայ ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձև: Ավելին, ՀՀ-ն և ԼՂՀ-ն ձևավորվել են հայոց պատմական հայրենիքի մի մասի վրա և կարող են դիտվել որպես հայրենիք համայն հայության համար: Այս ամենը լուրջ նախադրյալներ են հանդիսանում, որպեսզի ողջ հայության մեջ ձևավորվի պետականակենտրոն մտածողություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ3:

Հայության պետականակենտրոն մտածողության ձևավորման համար կան այլ լուրջ նախադրյալներ ևս: Նախ՝ հայկական մշակույթի ինքնատիպությունն այնքան ակնհայտ է, որ մասնագետներին թույլ է տալիս խոսել հայկական ինքնուրույն (լոկալ) քաղաքակրթության առկայության մասին: Այդ ինքնատիպությունը դրսևորվում է հայոց ծագումնաբանության, լեզվի, գրերի, կրոնի, ճարտարապետության, պարարվեստի և այլնի յուրօրինակության մեջ: Ահա այսպիսի ինքնատիպ մշակույթ (լայն իմաստով՝ հստակ ազգային ինքնություն) ունեցող ժողովուրդների համար է առավել հավանական ազգային պետության նկատմամբ պետականակենտրոն մտածողության ձևավորումը:

Հաջորդ կարևոր նախադրյալը հայոց պետականության մշտական, շարունակական գոյությունն է: Անկախ պետության կորստի պայմաններում էլ մեր ժողովուրդը պահպանել է իր պետականությունը, որի հիմնասյուներն են եղել Հայ Առաքելական եկեղեցին, հայկական իշխանությունները, քաղաքային ինքնավարությունները, զինված ուժերը, հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական4 ու այլ նորմերը և այլն: Հայոց պետականության շարունակականության վկայությունն են նաև պետական մտածողությամբ օժտված ազգային գործիչները, որոնք, անգամ լինելով հակադիր գաղափարախոսական ճամբարներում, գործել են ի շահ ազգի և պետության: Որպես օրինակ կարելի է մատնանշել Գարեգին Նժդեհին և Ալեքսանդր Մյասնիկյանին, որոնք անգնահատելի ավանդ ունեն այժմյան Հայաստանի կայացման գործում, թեև գտնվել են տարբեր քաղաքական ճամբարներում: Գարեգին Նժդեհի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի անբաժանելի մասը5, իսկ Ալեքսանդր Մյասնիկյանը Հայաստանում համախմբեց հայության կարող ուժերին՝ հիմք դնելով մեր երկրի վերելքին:

Այսքանով հանդերձ այսօր ՀՀ-ի նկատմամբ պետականակենտրոնությունն ամուր արմատներ չունի հայության շրջանում: Խոսքը վերաբերում է ոչ միայն սփյուռքահայությանը, այլ նաև բուն Հայաստանի բնակչությանը: Դա արտահայտվում է զանգվածային անօրինականությունների, պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, անձնական, խմբակային, կուսակցական և այլ շահերը պետական շահերից վեր դասելու և այլնի մեջ:

Հայության մեջ պետականակենտրոն մտածողության արմատավորման համար անհրաժեշտ է երկու պայման.

1. Անհրաժեշտ է ծավալել լուրջ կրթադաստիարակչական աշխատանքներ այս ուղղությամբ: Դեռևս մանկապարտեզից, դպրոցից երեխաների մեջ պետք է սաղմնավորել պետականակենտրոն մտածողություն: Գիտական և կրթադաստիարակչական հիմնարկները, ԶԼՄ-ն, հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները Հայաստանում և Սփյուռքում մեծ ջանքեր պետք է գործադրեն հայության մեջ պետականակենտրոնության արմատավորման համար:

2. Պետությունն իսկապես պետք է հանդես գա որպես ողջ ժողովրդի շահերի արտահայտիչ և պաշտպան: Պետական կառավարումը, քաղաքականության մշակումը և իրականացումը պետք է բխեն ողջ հայության շահերից: Առանց այս երկրորդ պայմանի՝ միայն առաջին պայմանի առկայությամբ գրեթե անհնար կլինի հայության շրջանում պետականակենտրոն մտածողության ձևավորումը:

Այս պայմանների ապահովման դեպքում պետականակենտրոն մտածողությունն աստիճանաբար կարող է դառնալ հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը՝ նպաստելով ազգի համախմբմանն (կոնսոլիդացիա) ու ազգային ինքնագիտակցության վերելքին:

Ամփոփում

Պետականակենտրոնության սկզբունքը, դառնալով հայոց ազգային-քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մասը, կունենա առնվազն երկու դրական հետևանք.

1. կնպաստի հայության համախմբմանը,

2. կնպաստի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հզորացմանը, քանի որ վերջիններս կդառնան ողջ հայ ժողովրդի հոգածության առարկա:

1 Վկան հայ համայնքի լուսանցքային վիճակն էր ԱՄՆ վերջին երկու նախագահական ընտրություններում։

2 Այսօր հաճախ պետություն և ազգ տերմինները կիրառվում են որպես հոմանիշներ: Օրինակ՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն հասկացությունը նշանակում է միավորված պետությունների կազմակերպություն։ Նույն կերպ պետական շահերը հաճախ նույնացվում են ազգային շահերի հետ: Իսկ ազգային շահերն ընդգրկում են ազգի բոլոր ներկայացուցիչների շահերը:

3 «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ» արտահայտությունը շեշտվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ սփյուռքահայեր աչքի են ընկնում բարձր պետական մտածողությամբ իրենց բնակության վայր հանդիսացող երկրների (Իրան, Ֆրան¬սիա և այլն) նկատմամբ:

4 Ուշագրավ է հատկապես արևմտահայերի ներքին կյանքը կարգավորող Ազգային սահմանադրությունը (1963թ.) Օսմանյան կայսրությունում:

5 Ինչը չափազանց կարևոր նշանակություն ունի ՀՀ ազգային անվտանգության համար:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր