• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2017

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար

Սփյուռքի հայ համայնքների անվտանգությունն ընդհանուր առմամբ ունի երկու բաղադրիչ՝ ֆիզիկական և հոգևոր։ Ֆիզիկական բաղադրիչը հանգում է հայ համայնքների գոյությանը, իսկ հոգևորը՝ նրանց ազգային նկարագրի պահպանմանը։ Սփյուռքի հայ համայնքների առջև ֆիզիկական և հոգևոր անվտանգության առումով կանգնած են հիմնականում հինգ մարտահրավերներ՝ ինքնության բաղադրիչների կորուստ, խառնամուսնություններ, գոյապահպանության սպառնալիքներ, արտագաղթ համայնքներից (դրա հետևանքով վերջիններիս տարրալուծում) և մտավոր ներուժի կազմակերպման խնդիրներ։

1. Ինքնության բաղադրիչների կորուստը վերաբերում է հայոց լեզվի, մշակույթի, պատմական հիշողության և այլնի աստիճանական մարմանը սփյուռքահայության ներկայացուցիչների շրջանում։ Այս խնդիրը նկատելի է եղել դեռևս Սփյուռքի ձևավորման վաղ փուլում։ Ազգային խնդիրներով մտահոգ՝ Շահան Նաթալին դեռևս 1920-ական թթ. գրում է. «Չենք կարծեր, որ ոեւէ մէկը յաւակնի Ֆրանսիայի մէջ գտնուող Հային միայն մէկ տասնեակ տարի յետոյ ֆրանսերէն լեզուին փոխարէն հայերէնը խօսիլ տալ» [1, էջ 38]։ Բնակվելով օտար միջավայրերում՝ սփյուռքահայերն ինտեգրվում են այդ հասարակություններին և կամա թե ակամա իրենց վրա կրում դրանց սոցիալ-մշակութային ազդեցությունը։ Ըստ մասնագիտական գնահատականի՝ «...օտար քաղաքակրթությունների անընդհատ մեծացող ազդեցության ներքո Սփյուռքը, ենթարկվելով ինտենսիվ ազդեցության, աստիճանաբար կորցնում է իր ազգային դիմագիծը» [2, էջ 262]։ Այս երևույթը դրսևորվում է նաև արտերկրի հայության՝ ազգային կյանքից աստիճանաբար հեռացմամբ և ազգային կառույցների հետ կապի կորստով։ Համաձայն մեկ այլ մասնագիտական դիտարկման՝ «Հատկապես նոր սերնդի փոքր մասն է կապված ազգային կառույցների հետ, և նրանց ձուլման վտանգը շատ մեծ է» [3, էջ 111]։

Միևնույն ժամանակ, մայրենի լեզվի և ազգային ինքնությունը կազմող մյուս բաղադրիչների գործնական կիրառման փոքր հնարավորությունները զրկում են օտար երկրներում հաստատված հայերին դրանք սովորելու և պահպանելու խթանից։ Այդ պատճառով էլ «…վերջին տասնամյակներում հայախոսությունը աշխարհում նվազել է, գնալով խորանում է հայերի լեզվական ուծացումը հատկապես արտերկրում» [4, էջ 124]։

Արդյունքում՝ սերնդեսերունդ սփյուռքահայերի շրջանում նվազում է հայոց լեզվին, ազգային մշակույթին, պատմական հիշողությանը և ազգային ինքնությունը կազմող մյուս բաղադրիչներին տիրապետելու մակարդակը, ինչը լուրջ սպառնալիք է արտերկրի հայության համար, քանի որ «...էթնոսները հոգեբանորեն թուլանում են և աստիճանաբար գնում են դեպի վերացում, երբ թուլանում ու աստիճանաբար վերանում է այն ցուցիչների ամբողջությունը, որի կրողն է էթնոսը՝ որպես սոցիալ-հոգեբանական ուրույն համակարգ» [5, էջ 40-41]։

Ուծացման առաջին փուլը, թերևս, հայ համայնքների ներկայացուցիչների ինքնության փոխակերպումն է։ Մասնագետների գնահատմամբ՝ Սփյուռքի հայ համայնքներում տասնամյակների ընթացքում տեղի ունեցող ինքնության փոխակերպման արդյունքում հայ ինքնությունը փոխարինվում է օտար ինքնությամբ՝ պահպանելով որոշակի կապը հայկականի հետ։ Եթե հարցը դիտարկենք ամերիկահայ համայնքի օրինակով, ապա նախկինում ամերիկաբնակ հայը որպես ինքնություն փոխակերպվում է հայկական արմատներով կամ ծագմամբ ամերիկացու (ընդգծումները մերն են- Վ.Հ.)։ Այս երևույթը նույն ամերիկահայ համայնքի օրինակով ցույց է տվել ազգագրագետ Հարություն Մարությանը [6, էջ 47-54]։

Այսպիսով, քանի որ «Սովորաբար սփյուռքը ենթարկվում է... տվյալ վայրի թելադրած պայմաններին», ապա նշյալ միտումների շարունակման պարագայում «Բոլոր ժողովուրդների մշակույթների պես, հայկականը նույնպես գաղթօջախներում կենթարկվի արևմտյան մշակույթների ոչնչացնող ազդեցությանը և տարիների ընթացքում կդադարի հայկական լինելուց» [3, էջ 113]։ Հետևաբար, «Ընդունող երկրների գերիշխող մշակույթների մշտական և ուժգին ազդեցության ներքո արտերկրի հայության համար բոլոր ժամանակներում առավել բարդ և կարևոր խնդիրը եղել և մնում է ազգային ինքնության պահպանումը ...» [7, էջ 113]։

2. Խառնամուսնությունները, մի կողմից՝ լինելով իրենց բնակության երկրների հասարակություններում սփյուռքահայերի ինտեգրվածության ցուցիչ, մյուս կողմից՝ նպաստում են հայ ինքնության խեղաթյուրման էլ ավելի խորացմանը։ Դրանց արդյունքում ձևավորված ընտանիքներում նոր սերունդը, բացի ինքնության ճգնաժամի հետ կապված խնդիրներին բախվելուց, նաև ավելի մեծ չափով և ավելի անմիջականորեն է ենթարկվում օտար սոցիալ-մշակութային ազդեցությանը։ Եթե հայկական ընտանիքներում նոր սերունդը միայն արտաքինից, այն է՝ հասարակական միջավայրի կողմից է ենթարկվում այդպիսի ազդեցության, ապա խառնամուսնությունների արդյունքում ձևավորված ընտանիքներում այն արդեն ներսից՝ ընտանեկան միջավայրից է իր վրա կրում օտար մշակութային արժեքների ներգործությունը։

3. Գոյապահպանության սպառնալիքները հայկական սփյուռքի համար հրատապ են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որոնք հանդիսանում են թեժ հակամարտությունների գոտի և որտեղ ազգային կամ կրոնական հողի վրա առկա է հայատյացությունը։ Այդպիսի տարածաշրջաններում կամ երկրներում, որքան էլ հայ համայնքները փորձեն չեզոքություն պահպանել, փոթորկահույզ իրադարձություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում վերջիններիս վրա՝ սպանություններ, ավերածություններ և այլն։

Հայ համայնքների վրա տևական հակամարտությունները բացասական ազդեցություն են ունենում նաև անուղղակիորեն։ Բանն այն է, որ դրանք առաջացնում են համընդհանուր քաոս և անիշխանություն, խաթարում են տվյալ երկրի տնտեսական կյանքը՝ այդ կերպ պատճառ դառնալով աղքատության և սոցիալական ճգնաժամերի, ինչն էլ իր հերթին առաջացնում է հանցագործությունների և այլ բացասական երևույթների աճ։ Այս պարագայում հայ համայնքների ներկայացուցիչները տվյալ երկրի ընդհանուր բնակչության հետ մեկտեղ դառնում են այնպիսի հանցագործությունների թիրախ, ինչպիսիք են թալանը, սպանությունը, մարդկանց առևանգումը և նրանց ազատության համար փրկագին պահանջելը և այլն [տե՛ս, օրինակ, 8, էջ 102-103]։

Տևական հակամարտությունների և անկայունության արդյունքում հայ համայնքները կրում են թե՛ մարդկային և թե՛ գույքային կորուստներ։ Մարդկային կորուստը զոհված, վիրավորված և փախստական դարձած մեր հայրենակիցներն են, իսկ գույքայինը՝ նրանց թալանված ունեցվածքը, ինչպես նաև անհատական և համայնքային անշարժ գույքը (տներ, խանութներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն), որը ենթարկվում է ավերածությունների։

4. Համայնքներից արտագաղթի պատճառներ, բացի վերը հիշատակված փոթորկահույզ իրավիճակներից, հանդիսանում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են ոչ հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայրը, ժողովրդավարական ազատությունների ցածր մակարդակը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունների սահմանափակությունը և այլն։ Այն երկրների հայ համայնքներում, որտեղ առկա են թվարկված գործոնները, դեռևս 20-րդ դարի կեսից նկատվում է հայերի արտագաղթ դեպի այնպիսի երկրներ, որտեղ առկա են հայերին ավելի հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայր, ժողովրդավարական ազատություններ, սոցիալական բարենպաստ պայմաններ և տնտեսական գործունեությամբ զբաղվելու ավելի լայն հնարավորություններ [մանրամասն տե՛ս 9, էջ 43-47]։

Ինչպիսին էլ լինեն հայ համայնքներից արտագաղթի պատճառները, միևնույն է, այն ունենում է հյուծիչ ազդեցություն վերջիններիս վրա։ Արդյունքում՝ նոսրանում են նրանց ներկայացուցիչների շարքերը, ինչը բացասաբար է անդրադառնում նաև համայնքային կառույցների (օրինակ՝ դպրոցների) գործունեության վրա [տե՛ս, օրինակ, 10, էջ 6]։ Պատմաբան Տիգրան Ղանալանյանը, ուսումնասիրելով Սփյուռքի ներքին տեղաշարժերը Երկրորդ աշխարհամարտից հետո, անմիջական կապ է տեսնում համայնքներից արտագաղթի և ձուլման գործընթացների ահագնացման, ինչպես նաև խառնամուսնությունների աճի միջև՝ գրելով. «Որպես կանոն արտագաղթի հետևանքների թվում էին խառնամուսնությունների աճը, ձուլման արագացումը և համայնքների աստիճանական թուլացումն ու կազմալուծումը» [տե՛ս 11, էջ 15]։

Արտագաղթի ժամանակակից միտումների պահպանման և խորացման դեպքում Սփյուռքի մի շարք համայնքներին սպառնում է լիակատար սպառման հեռանկարը։ Լավագույն ապացույցը Հնդկաստանի երբեմնի ծաղկուն հայ համայնքի օրինակն է, որն այսօր գրեթե գոյություն չունի։ Սփոփիչ հանգամանք այս պարագայում կարող էր լինել այն, որ իրենց համայնքը լքող հայերը հայրենադարձվեին Հայաստան։ Սակայն նման միտումը ներկայում բավական թույլ է. վերջիններիս փոքր մասն է միայն բռնում Հայաստանի ճանապարհը։

5. Մտավոր ներուժի խնդիրները։ Քանի որ ընդհանրապես հայ հանրության և մասնավորապես Սփյուռքի անվտանգության համար կարևոր նշանակություն ունի նրա մտավոր ներուժը, ապա վերոհիշյալ չորս մարտահրավերներին ավելանում են վերջինիս հետ առնչվող խնդիրները՝ որպես ևս մեկ մարտահրավեր։

Եթե վերոնշյալ գործոններից երկուսը՝ գոյապահպանության սպառնալիքները և արտագաղթը համայնքներից, առնչվում են հոգևոր անվտանգությանը, ապա մնացած երեքը՝ ինքնության բաղադրիչների կորուստը, խառնամուսնությունները և մտավոր ներուժի խնդիրները, ֆիզիկականին։

Վտանգվածության չափման մեթոդաբանություն

Որպեսզի «մարտահրավեր», «անվտանգություն» և նման այլ արտահայտությունները վերացական չլինեն, անհրաժեշտ է դրանց դիտարկումն իրականացնել քանակական չափումների միջոցով։ Այդ նպատակով առաջ են քաշվել «վտանգվածության ինդեքս (ցուցիչ)» և «վտանգվածության աստիճան» հասկացությունները։

Վտանգվածության ինդեքսը չափվում է մաթեմատիկական բանաձևի միջոցով, որի հիմքում որպես փոփոխականներ ընկած են վտանգվածության չափորոշիչները։ Որպես այդպիսիք դիտվում են վերն առանձնացված հինգ մարտահրավերները, որոնք ներկայում ծառացած են Սփյուռքի առջև։

Ըստ այս չափորոշիչներից յուրաքանչյուրի՝ Սփյուռքի վտանգվածությունը կարող է ունենալ չորս աստիճան՝ զրոյական, ցածր, միջին և բարձր։ Վտանգվածության յուրաքանչյուր աստիճան արտահայտվում է թվային միավորի տեսքով. զրոյականը՝ 0, ցածրը՝ 1, միջինը՝ 2 և բարձրը՝ 3։ Հարկ է նշել, որ ըստ մտավոր ներուժի Սփյուռքի վտանգվածության աստիճանի որոշումը տարբերվում է մյուս չափորոշիչներով այդ հարցի որոշումից։ Ի տարբերություն մյուս չափորոշիչների, որոնց պարագայում որքան մեծ է մարտահրավերը, այնքան բարձր է վտանգվածության ցուցիչը, մտավոր ներուժի պարագայում գործում է հակառակ տրամաբանությունը՝ որքան մեծ է ներուժը, այնքան ցածր է վտանգվածության աստիճանը։

Քանի որ վտանգվածության չափորոշիչները հինգն են, իսկ դրանց առավելագույն աստիճանն արտահայտող ցուցիչը՝ 3-ը, ապա այդ չափորոշիչների համախումբ ամբողջությամբ վերցված՝ սփյուռքի վտանգվածության ինդեքսը գնահատվում է 15 միավորանոց սանդղակով (5x3 սկզբունքով), որտեղ 15 միավորը ցույց է տալիս վտանգվածության ամենաբարձր աստիճանը։

Սփյուռքի վտանգվածության աստիճանը որոշելու համար կիրառվում է հետևյալ բանաձևը. հինգ չափորոշիչների առավել բարձր ցուցիչների գումարը բաժանած երեքի, քանի որ, ինչպես արդեն նշվել է, վտանգվածության աստիճանները երեքն են։ Թվային արտահայտությամբ այն ունի հետևյալ տեսքը1.

ՎԱ=(գ+ա+ի+խ+մ)/3, որտեղ.

ՎԱ – վտանգվածության աստիճան

գ – գոյապահպանական մարտահրավերներ

ա – արտագաղթ համայնքներից

ի – ինքնության բաղադրիչների կորուստ

խ – խառնամուսնություններ

մ – մտավոր ներուժի խնդիրներ

Ըստ այդմ էլ՝ Սփյուռքի վտանգվածության աստիճանը, ըստ համախումբ ինդեքսի, բաժանվում է երեք մասի՝ ցածր, միջին և բարձր։ 15 միավորանոց սանդղակում ստորև ներկայացված միավորների յուրաքանչյուր կարգ ցույց է տալիս վտանգվածության աստիճանը՝ հետևյալ կերպ.

0-5 – ցածր աստիճան

5-10 – միջին աստիճան

11-15 – բարձր աստիճան

Հաշվի առնելով, մի կողմից՝ սույն հոդվածի ծավալների սահմանափակությունը, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ սա վերոհիշյալ մեթոդաբանությամբ Սփյուռքի վտանգվածությունը գնահատելու առաջին փորձն է, այստեղ այդ վտանգվածության ինդեքսն ու աստիճանը բացահայտելուն ուղղված հետազոտությունն իրականացվել է ըստ հայկական համայնքներ ունեցող չորս խոշոր տարածաշրջանների (Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Եվրոպա, հետխորհրդային երկրներ)՝ ավելի ցածր մակարդակով (ըստ երկրների) հայկական համայնքների վտանգվածության ցուցչի և աստիճանի գնահատումը, թերևս, թողնելով հետագա հետազոտություններին։

Բացի այդ, ակնհայտ է, որ վտանգվածության չափորոշիչներին տրված ցուցիչները մոտավոր են, քանի որ անհնար է ճշգրիտ քանակական տվյալներ ունենալ այն մասին, թե տվյալ համայնքում որքան են խառնամուսնությունները, կամ համայնքի անդամներից քանիսի մոտ ինչ չափով է պահպանված կամ կորսված ազգային ինքնության այս կամ այն բաղադրիչը, օրինակ՝ լեզուն (համայնքի անդամներից քանիսը և որքանով են տիրապետում հայերենին)։ Եթե վտանգվածության ֆիզիկական բաղադրիչների՝ արտագաղթի կամ գոյապահպանական սպառնալիքների հետևանքով համայնքների կրած կորուստները, ինչպես նաև Սփյուռքի մտավոր ներուժը, թեկուզ դժվարությամբ, այնուամենայնիվ, ենթարկվում են քանակական արտահայտության (չափումների), ապա հոգևոր բաղադրիչների՝ ինքնության կորստի և խառնամուսնությունների պարագայում դա անելը խիստ դժվար է, քանի որ խիստ դժվար է ճշգրիտ վիճակագրական տվյալների ձեռքբերումը։ Հետևաբար, Սփյուռքի վտանգվածության չափորոշիչներին տրված մեր քանակական գնահատականները հիմնված են ոչ թե ճշգրիտ վիճակագրության, այլ սփյուռքահայ մեր հայրենակիցների հետ ունեցած զրույցների, մամուլում, մասնագիտական գրականության մեջ առկա տվյալների, գնահատականների (հաճախ՝ ոչ քանակական) ու տեղեկատվության վրա։ Արդյունքում՝ մոտավոր է նաև մեր հաշվարկած Սփյուռքի համայնքների վտանգվածության համախումբ ցուցիչը։

Չնայած հիշյալ խնդիրներին, այնուամենայնիվ, սույն աշխատանքը որոշակի կարևորություն է ներկայացնում երկու առումով.

1. հնարավորություն է տալիս քանակական արտահայտություններով կամ չափումներով թեկուզ մոտավոր պատկերացում կազմել ժամանակակից հայկական սփյուռքի վտանգվածության, նրա առջև ծառացած մարտահրավերների մասին,

2. կարող է ծառայել որպես մեթոդաբանական հիմք կամ ուղեցույց՝ հետագա ավելի խորքային հետազոտությունների համար, երբ կդիտարկվեն առանձին տարածաշրջանների կամ երկրների հայ համայնքները՝ հաշվի առնելով նաև, որ այդ մակարդակով հետազոտությունները ժամանակային և ծավալային առումով ավելի տարողունակ են։ Այս համատեքստում մեթոդաբանության հետագա ճշգրտումներն ու բարելավումները բացառված չեն։

Սփյուռքի վտանգվածության աստիճանը

Անվտանգության մարտահրավերների առումով, հարկ է նշել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գտնվող հայ համայնքները, պայմանավորված այդ տարածաշրջաններին բնորոշ գործոններով, որոշակիորեն տարբերվում են միմյանցից։ Եթե արևմտյան երկրների հայ համայնքների համար, օրինակ, որպես մարտահրավերներ գերակայում են ազգային նկարագրի պահպանման և խառնամուսնությունների խնդիրները, ապա Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներում առաջնային են գոյապահպանության և արտագաղթի խնդիրները։ Իրավիճակն ավելի հստակ պատկերացնելու համար դիտարկենք այն ավելի մանրամասնորեն։

Այսպես, աշխարհագրորեն Սփյուռքի հայ համայնքները գտնվում են հիմնականում աշխարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջաններում.

1. Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ (ԱՄՆ, Կանադա, Լատինական Ամերիկայի երկրներ)

2. Եվրոպա (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Հունաստան և այլն)

3. Հետխորհրդային տարածք (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և այլն)

4. Մերձավոր և Միջին Արևելք (Լիբանան, Սիրիա, Իրան, Իսրայել, Թուրքիա և այլն)։

Վերոհիշյալ մեթոդաբանությունը կիրառելով ըստ տարածաշրջանների հայկական սփյուռքի համայնքների վրա՝ կարող ենք տալ վերջիններիս դասակարգումն ըստ վտանգվածության աստիճանի։

Սկզբից ևեթ նշենք, որ դիտարկվող չորս տարածաշրջաններում էլ թե՛ անհատական և թե՛ ինստիտուցիոնալ մակարդակներով հայկական սփյուռքն ունի պատկառելի մտավոր ներուժ [մանրամասն տե՛ս, օրինակ, 12 և 13]։ Անգամ Մերձավոր և Միջին Արևելքում, որը ամենաանբարենպաստ տարածաշրջանն է արտերկրի հայ համայնքների համար, գործում է Սփյուռքի միակ բուհը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը [մանրամասն տե՛ս 14, էջ 42-51]։ Այդ իսկ պատճառով էլ, չնայած մտավոր ներուժի հետ կապված լրջագույն խնդիրներին, ինչպիսիք են, օրինակ, թույլ համակարգվածությունը, ֆինանսական անբավարարությունը, թույլ կապերը տեղի հայ համայնքների ու հայաստանյան գիտական հանրության ու հաստատությունների հետ և այլն, բոլոր չորս տարածաշրջաններում էլ մտավոր ներուժի չափորոշիչով Սփյուռքի վտանգվածության ցուցիչը գնահատվել է միջին՝ 2 միավորով (տե՛ս Աղյուսակը

Ինչպես երևում է Աղյուսակից, Սփյուռքի ամենավտանգված համայնքները գտնվում են Մերձավոր և Միջին Արևելքում։ Դրանց վտանգվածության ցուցիչը, ըստ վերոհիշյալ մեթոդաբանության, կազմել է 12 միավոր, որով նրանք դասվում են վտանգվածության բարձր աստիճան ունեցող համայնքների շարքին։

Գոյապահպանության խնդիրների և համայնքներից արտագաղթի չափորոշիչներով Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է ամենաբարձր՝ 3-ական միավորով։ Այդ փոթորկահույզ տարածաշրջանում հայ համայնքները մշտապես տուժում են իրենց երկրների ներքին և արտաքին ցնցումներից։ Այստեղ առկա են հայ համայնքների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև արտագաղթի պատճառ հանդիսացող վերը հիշատակված գրեթե բոլոր գործոնները՝ հայատյացությունը (Թուրքիա), ներքին և արտաքին պատերազմները (Սիրիա, Լիբանան, Իրաք, Իսրայել և այլն), կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ (Թուրքիա, Իրաք, Սիրիա և այլն), սոցիալ-տնտեսական ոչ այնքան բարենպաստ պայմանները, հայերի համար սոցիալ-քաղաքակրթական ոչ հարազատ միջավայրը և այլն։

Այս բոլորի արդյունքը Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների նոսրացումն ու հյուծումն է։ Օրինակ՝ համեմատած նախորդ դարի 50-ական թթ. հետ 21-րդ դարի սկզբին Լիբանանի հայ համայնքի թվաքանակը 120 հազ.-ից հասել է 70-80 հազ.-ի, Սիրիայինը՝ 150 հազ.-ից՝ 65-70 հազ.-ի, Թուրքիայինը՝ 200 հազ.-ից՝ 80 հազ.-ի, Իրանինը՝ 140 հազ.-ից 80 հազ.-ի և այլն [տվյալները տե՛ս 15, էջ 246 և 16, էջ 290, 508, 175, 235]։ Ընդհանուր առմամբ, եթե 1970-ական թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում բնակվում էր մոտ 1 մլն հայ, ապա ներկայում այդ ցուցանիշը կազմում է մոտ 300 հազ. [17, էջ 133]։ Սիրիական վերջին ճգնաժամի հետևանքով հայ համայնքը տվել է հարյուրավոր զոհեր, ամենալավատեսական գնահատականներով կրճատվել ավելի քան կիսով չափ։ Իրաքյան պատերազմի (2003թ.) հետևանքով գրեթե սպառման եզրին է հասել այդ երկրի երբեմնի ծաղկուն հայ համայնքը։

Փոթորկահույզ իրադարձությունների կործանարար հետևանքները հայ համայնքների վրա առավել ցայտուն կերպով երևում են Քուվեյթի հայ համայնքի օրինակով։ Նախքան 1991թ. Ծոցի պատերազմը (առաջին պատերազմ) այդ երկրում հայերի թիվը հասնում էր մոտ 25 հազ.-ի։ Թեև պատերազմը տևեց շատ կարճ (մոտ 1.5 ամիս), և հայերը որևէ կապ չունեին վերջինիս հետ, այնուամենայնիվ, դրանից հետո հայ համայնքի թվաքանակը նվազեց 5 անգամ։ Ներկայում Քուվեյթում ապրում է ընդամենը 5 հազ. հայ։

Ինչ վերաբերում է ինքնության բաղադրիչների կորստին և խառնամուսնություններին, ապա այստեղ գերակշռող իսլամական միջավայրը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական գործունեության բնագավառներում սահմանափակումները որոշակիորեն առանձնացնում են հայ համայնքներին տեղի հասարակություններից2։ Այս հանգամանքը որոշակիորեն նպաստում է ինչպես լեզվի և ազգային ինքնության մյուս բաղադրիչների պահպանմանը, այնպես էլ սահմանափակում է խառնամուսնությունների քանակը, ինչի արդյունքում էլ Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքը, պահպանելով իր ավանդականությունը, երկար ժամանակ՝ մոտ 3-4 սերունդ, կարողացել է պահպանել նաև իր ազգային նկարագիրը և միևնույն ժամանակ մեծ մասամբ զերծ մնալ խառնամուսնություններից։

Վերջին տասնամյակներին, այնուամենայնիվ, այս չափորոշիչներով ևս նկատվում են անհանգստացնող միտումներ։ Մասնավորապես, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների ներկայացուցիչների շրջանում աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում արաբախոսությունը՝ ի հաշիվ մայրենի լեզվի։ Նույն միտումը կա խառնամուսնությունների պարագայում։ Ըստ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանի, եթե 1960-70-ական թթ. Լիբանանի հայ համայնքում խառնամուսնությունները հազվադեպ երևույթ էին և ընդհանուր առմամբ դիտվում էին որպես ամոթալի երևույթ, ապա ներկայում դրանք ընկալվում են որպես սովորական3։ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներում խառնամուսնությունների նկատելի աճը ժամանակին փաստել է նաև սիրիահայ ականավոր մտավորական, հայագետ, ներկայում՝ արդեն հայրենադարձ Հակոբ Չոլաքյանը։ «Ես եկեղեցու պաշտոնյա չեմ, որ վիճակագրական տվյալներ ունենամ սիրիահայ համայնքում խառնամուսնությունների վերաբերյալ, բայց ամեն տարի հսկայական թվով աշակերտներ ունեմ, և բնական է, որ հենց առաջին օրվանից զգում եմ, թե ովքեր են խառնամուսնական ընտանիքների զավակներ։ Որոշակի քանակությամբ երեխաներ կան, իհարկե, որոնց ծնողներից մեկն օտար է»,- նշում է Չոլաքյանը [17, էջ 98]։

Հաշվի առնելով հիշյալ միտումները՝ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վտանգվածության ցուցիչն ինքնության բաղադրիչների կորստի և խառնամուսնությունների չափորոշիչներով գնահատվել է միջին՝ 2-ական միավորով։ Մխիթարական կարող է լինել այն, որ 15 միավորանոց սանդղակում Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վտանգվածության համախումբ ցուցիչն առավելագույնը չէ, այլ երեք միավորով զիջում է դրան։

Մյուս տարածաշրջանների հայ համայնքները, ինչպես երևում է Աղյուսակում, դասվում են վտանգվածության միջին աստիճան ունեցող համայնքների շարքին։ Սակայն վտանգվածության համախումբ ինդեքսը որոշակիորեն տարբեր է։ Եթե հետխորհրդային երկրների հայ համայնքների պարագայում այն գնահատվել է 10 միավորով, ապա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ու Եվրոպայի հայ համայնքների պարագայում՝ 8-ական միավորով։

Հետխորհրդային երկրների պարագայում վտանգվածության չափորոշիչներից ամենաբարձր ցուցիչը տրվել է ինքնության բաղադրիչների կորստին՝ հաշվի առնելով այդ երկրներում ուծացման խիստ բարձր տեմպերը։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և այլ երկրներում, որտեղ հաստատված հայության համար այնքան էլ խորթ չեն տեղի սոցիալ-քաղաքակրթական միջավայրերը, որտեղ հայությունը խորապես ինտեգրված է տեղի հասարակությունների մեջ, որտեղ հայերն իրենց վրա մեծապես կրում են նրանց սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը, հայության ներկայացուցիչները լավագույն դեպքում արդեն երկրորդ սերնդի մակարդակում մեծ մասամբ կորցնում են մայրենի լեզուն՝ հայախոսությունը, ինչպես նաև ինքնության մյուս բաղադրիչները։ Մասնագիտական գնահատականի համաձայն՝ «...ռուսերենը շատ հայերի կողմից չի դիտվում որպես օտար լեզու, ինչն արագ հանգեցնում է համատարած ռուսախոսության և հայերենի արտամղման։ Այս հանգամանքին նպաստում է այն, որ ռուսական միջավայրը մի շարք քաղաքակրթական ընդհանրությունների և ընդհանուր անցյալի հաշվին հակադիր մշակույթ չի ընկալվում, և դրա հաշվին ձուլվելուն դիմադրելու հստակ մեխանիզմներ և սահմանագծեր չեն հաստատվում, էթնոտարբերակիչ հատկանիշներ չեն ընդգծվում» [19, էջ 19]։ Այս ամենի արդյունքում հետխորհրդային երկրների հայության շրջանում որպես ինքնության բաղադրիչներ թույլ կերպով մնում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը (ինչը հաճախ կրում է ձևական բնույթ) և թույլ ազգային հիշողությունը։

Գոյապահպանության խնդիրների և խառնամուսնությունների չափորոշիչներով վտանգվածության աստիճանը հետխորհրդային երկրների հայ համայնքներում գնահատվել է միջին՝ 2-ական միավորով։ Գոյապահպանական խնդիրների առումով, թեև հետխորհրդային երկրներում իրավիճակն այն աստիճան անկայուն չէ, որքան Մերձավոր և Միջին Արևելքում, այնուամենայնիվ, այստեղ էլ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում անկայունության դրսևորումներ՝ կապված պարբերաբար կրկնվող միջպետական և ազգամիջյան բախումների, սառեցված հակամարտությունների թեժացումների, ներքաղաքական ցնցումների, օտարերկրացիների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումների, ահաբեկությունների և այլնի հետ։ Աբխազական և օսական պատերազմները Վրաստանում, չեչենականը՝ Ռուսաստանում, Մերձդնեստրի ճգնաժամը Մոլդովայում, ռուս-վրացական հնգօրյա պատերազմը 2008թ. օգոստոսին, միջէթնիկ բախումները միջինասիական երկրներում և դրանց պատճառով միջպետական հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածությունը, գունավոր հեղափոխությունները, Դոնբասի պատերազմն ու ճգնաժամն Ուկրաինայում և այլն՝ դրա լավագույն վկայություններն են։

Ինչ վերաբերում է խառնամուսնություններին, ապա դրանք թեև բավական մեծ թիվ են կազմում հետխորհրդային երկրների հայ համայնքներում (ինչը տեղի հասարակությունների մեջ վերջիններիս խոր ինտեգրվածության վկայությունն է), այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ այդ համայնքները հիմնականում կազմված են հետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթածներից, կարող ենք ասել, որ վերջինների շրջանում դեռևս թարմ է ավանդական հայկական ընտանիքի գաղափարը։ Խոսքը վերաբերում է հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին։ Հետևաբար, կարող ենք ասել, որ խառնամուսնությունները հետխորհրդային երկրների հայ համայնքներում թեև տարածված են, սակայն այնքան մեծ չափերի չեն հասնում, որպեսզի գնահատվեն ամենաբարձր՝ 3 ցուցանիշով։

Ինչ վերաբերում է արտագաղթին համայնքներից, ապա, չնայած հետխորհրդային երկրներում սոցիալ-տնտեսական պայմաններն այնքան բարենպաստ չեն, որքան Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում, սակայն այստեղի հայ համայնքների թիվը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է Հայաստանից արտագաղթողների հաշվին։ Այսինքն՝ հետխորհրդային երկրների հայ համայնքներում առկա է հակառակ գործընթացը. դրանք համալրվում են Հայաստանից արտագաղթողների հաշվին։ Եվ չնայած Միջին Ասիայի երկրների իսլամական սոցիալ-քաղաքակրթական միջավայրերին, աշխարհիկ վարչակարգերի առկայությունն այդ երկրներում կանխում է կրոնական հողի վրա անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ և այդ կերպ չեզոքացնում հայերի հնարավոր արտագաղթը։ Այնուամենայնիվ, կա բացառություն։ Խոսքը Վրաստանի հայ համայնքի մասին է, որը, ավանդաբար լինելով աշխարհի հայաշատ երկրներից մեկը, ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիներին գրանցել է հայերի թվաքանակի նվազման կայուն միտում։ Համաձայն Վրաստանում վերջին մարդահամարի (2014թ.) տվյալների՝ հայերի թիվն այդ երկրում կազմում է մոտ 170 հազ.4։ Խնդիրը կապված է սոցիալ-տնտեսական դժվարությունների, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական կյանքում ազգայնականության դրսևորումների հետ։

Այսպիսով, չնայած հետխորհրդային երկրներում պարբերաբար դրսևորվող ցնցումներին և անկայունության միտումներին, հայ համայնքներն այդ երկրներում ներկայում մեծ հաշվով ֆիզիկական անվտանգության խնդիր չունեն, քանի որ կենսունակ են և շարունակաբար համալրվում են նոր ուժերով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ այս տարածաշրջանի հայ համայնքների վտանգվածության ցուցիչն արտագաղթի չափորոշիչով գնահատվել է ցածր՝ 1 միավորով։

Եվրոպան և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաները քաղաքակրթական և որոշ չափով նաև՝ քաղաքական առումներով գտնվում են միևնույն՝ արևմտյան ծիրում։ Հետևաբար, այս երկու տարածաշրջանների իրավիճակների միջև կա որոշակի նմանություն։ Այստեղի հայությունը հիմնականում չունի գոյապահպանության և արտագաղթի խնդիրներ։ ԱՄՆ-ը, Կանադան, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրները հիմնականում աչքի են ընկնում ներքաղաքական կայունությամբ։ Այնտեղ սուր չեն նաև էթնիկ և կրոնական հակասությունները, որոնք ներքին և արտաքին տևական ու հաճախակի ցնցումների աղբյուր կարող են հանդիսանալ։ Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ներքին կայունությունն ու համեմատաբար բարեկեցիկ սոցիալ-տնտեսական պայմանները ոչ միայն չեզոքացնում են նման մարտահրավերի հնարավորությունը, այլև խթանում են սփյուռքի մյուս հայ համայնքներից, ինչպես նաև Հայաստանից հայերի ներհոսքը դեպի այդ երկրներ։ Արդյունքում՝ այդ երկրների, հատկապես ԱՄՆ-ի, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի երկրների հայ համայնքները ոչ միայն չեն նոսրանում, այլև շարունակաբար համալրվում են նորեկ հայերով։

Փոխարենը այդ երկրներում սուր է դրված ուծացման կամ ազգային ինքնության կորստի խնդիրը։ Ընդհանուր քրիստոնեական սոցիալ-քաղաքակրթական միջավայրը, տնտեսական և քաղաքական ազատությունները լայն հնարավորություն են ընձեռում հայությանը արագորեն ինտեգրվել այդ երկրների հասարակությունների մեջ՝ յուրացնելու նրանց լեզուն, սոցիալ-մշակութային արժեքները, բարձր դիրքերի հասնելու քաղաքական, հասարակական, մշակութային, տնտեսական և այլ բնագավառներում։ Սա, մի կողմից, նպաստում է հայ համայնքների և ընդհանուր հայության ներուժի մեծացմանը, սակայն միևնույն ժամանակ որոշակի սպառնալիք է ստեղծում ազգային ինքնության պահպանման համար։ Տեղական հասարակությունների մեջ սերտ և արագ ինտեգրման արդյունքում հայ համայնքների ներկայացուցիչները սերնդեսերունդ կորցնում են ազգային ինքնության բաղադրիչները։

Ի տարբերություն Մերձավոր և Միջին Արևելքի՝ արևմտյան երկրներում հայերի ձուլմանը նպաստում է ևս մի հանգամանք։ Այստեղ ազգային ինքնությունը հաճախ ոչ թե ի ծնե տրված երևույթ է, այլ ձեռք է բերվում ընտրությամբ։ Քանի որ Մերձավոր և Միջին Արևելքի շատ երկրների պետական կառուցվածքները հիմնված են կրոնական հիմքով բնակչության շերտավորման վրա, ապա մարդիկ էլ պետության կողմից դիտվում են որպես այս կամ այն համայնքի ներկայացուցիչ, այսինքն՝ պետությունը պաշտոնապես ընդունում է վերջիններիս պատկանելությունը այս կամ այն համայնքին։ Հետևաբար, հայ համայնքում (հայկական ընտանիքում) ծնված անհատը պաշտոնապես համարվում է հայ։ Նույն երևույթն առկա չէ Արևմուտքի երկրներում, որտեղ յուրաքանչյուր անհատին է վերապահված ընտրել իր ազգային ինքնությունը։ «Եթե Մերձավորարևելյան երկրներից, օրինակ՝ Լիբանանում, հայ լինելը մեծ ընտրության հարց չէ, քանի որ ի ծնե բոլոր հայ ծնողների զավակները պետական օրենքով պետք է պարտադիր կապվեն մի որևէ հայկական եկեղեցու հետ, Ֆրանսիայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում հայ լինելն առավել հաճախ միայն ինքնանույնացման և ընտրության հարց է»,- ասում է Միչիգանի համալսարանի դոկտոր Վահե Սահակյանը5։

Տեղական հասարակությունների և հայ համայնքների փոխադարձ ներթափանցումը լայնորեն խթանում են նաև խառնամուսնությունները, որոնք նորություն չեն. խառնամուսնությունների խնդիրը սրությամբ առկա է եղել դեռևս 19-րդ դարի վերջից՝ իր վրա հրավիրելով հայ հոգևոր և աշխարհիկ գործիչների ուշադրությունը [տե՛ս, օրինակ, 20, էջ 11-13]։

Ինչպես երևում է Աղյուսակից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների և Եվրոպայի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է 8-ական միավորով։ Սակայն տարբեր չափորոշիչներով նրանց վտանգվածության ցուցիչները որոշակիորեն տարբեր են։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում գոյապահպանության մարտահրավերների (աննշան բացառություններով) և արտագաղթի հետևանքով համայնքների քայքայման խնդիրներ չկան։ Այդ պատճառով էլ հիշյալ չափորոշիչներով այդ տարածաշրջանի հայ համայնքների վտանգվածության ցուցիչները գնահատվել են 0-ական միավորով։

Փոխարենը, ամենաբարձր՝ 3-ական միավորով են գնահատվել մյուս երկու չափորոշիչներով (ինքնության բաղադրիչների կորստով և խառնամուսնություններով) այդ տարածաշրջանի հայ համայնքների վտանգվածության ցուցիչները, քանի որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում և՛ խիստ բարձր են ուծացման տեմպերը, և՛ խիստ շատ են խառնամուսնությունները։ ԱՄՆ-ում, օրինակ, «Հայկական վարժարաններու ուսանողները՝ դպրոցին մէջ անգամ հայերէն չեն խօսիր» [21]։

Մի փոքր այլ է իրավիճակը Եվրոպայում։ Թեև մինչև վերջին ժամանակներս Եվրոպան համարվում էր անվտանգ կեցության վայր, այնուամենայնիվ, վերջին տարիներին այնտեղ գրանցվող ահաբեկչությունները (2015թ. նոյեմբերին և 2016թ. հուլիսին` Փարիզում, 2016թ. մարտին` Բրյուսելում, դեկտեմբերին՝ Բեռլինում և այլն), ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի ու Աֆրիկայի երկրներից միգրանտների գրեթե անկառավարելի ներհոսքը որոշակի անկայունության միջավայր են ստեղծում եվրոպական երկրներում, որի հետևանքով վտանգի մեջ են հայտնվում նաև հայ համայնքները։ Օրինակ, 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչության ժամանակ զոհ գնաց նաև դեռատի մի հայ աղջիկ։ Չնայած դրան, անկայունության դրսևորումները Եվրոպայում դեռևս այն աստիճանի ու ծավալների չեն, ինչպես Մերձավոր և Միջին Արևելքում։ Դրանք համեմատաբար նոր երևույթ են հետպատերազմյան Եվրոպայում։ Հետևաբար, գոյապահպանական սպառնալիքների չափորոշիչով Եվրոպայի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է ցածր՝ 1 միավորով։

Համայնքներից արտագաղթի առումով իրավիճակը Եվրոպայում գրեթե նույնն է, ինչ հետխորհրդային երկրների և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների հայ համայնքներում։ Եվրոպայի հայ համայնքները նույնպես շարունակաբար համալրվում են Հայաստանից ու Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներից հայերի ներհոսքի հետևանքով։ Այնուամենայնիվ, հատկապես Արևելյան Եվրոպայի հայ համայնքներում (Հունաստան, Բուլղարիա և այլն), որտեղ տնտեսական պայմանները համեմատաբար անբարենպաստ են, նկատվում է հայերի գաղթ դեպի արևմտաեվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա։ Սույն հանգամանքը հաշվի առնելով էլ՝ Եվրոպայում հայ համայնքների վտանգվածության ցուցիչն արտագաղթի չափորոշիչով գնահատվել է ցածր՝ 1 միավորով։

Ինչ վերաբերում է վտանգվածության մյուս չափորոշիչներին՝ ինքնության բաղադրիչների կորստին և խառնամուսնություններին, ապա այդ երևույթները նույնպես բավական տարածված են Եվրոպայի հայ համայնքներում։ Բայց և այնպես, դրանք իրենց ծավալներով և աստիճանով որոշակիորեն զիջում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, ինչպես նաև հետխորհրդային երկրների (ինքնության բաղադրիչների կորստի առումով) հայ համայնքներում նկատվող նույն երևույթներին։ Հետևաբար, այդ երկու չափորոշիչներով էլ Եվրոպայի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է միջին՝ 2-ական միավորով։

Համեմատությունը ցույց է տալիս, որ չնայած Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների հայ համայնքների առջև ծառացած են նույն մարտահրավերները, այնուամենայնիվ, գոյապահպանության և արտագաղթի հետևանքով համայնքների քայքայման խնդիրները մի փոքր ավելի սուր են Եվրոպայի, իսկ ինքնության բաղադրիչների կորստինն ու խառնամուսնություններինը՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հայկական սփյուռքում։

Այսպիսով, աշխարհի վերոհիշյալ չորս տարածաշրջանների հայ համայնքներն ունեն վտանգվածության բարձր կամ միջին աստիճան։ Բարձր աստիճանի վտանգվածություն ունեն Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքները (համախումբ 12 միավոր)։ Հետխորհրդային երկրների, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների և Եվրոպայի հայ համայնքները՝ համապատասխանաբար 10, 8 և 8 համախումբ միավորներով, կազմում են Սփյուռքի՝ վտանգվածության միջին աստիճան ունեցող համայնքները։ Վտանգվածության ցածր աստիճան ունեցող համայնքներ, համաձայն մեր դիտարկումների, Սփյուռքում, ցավոք, չկան։

1 Բանաձևը մշակելիս լատինականի փոխարեն կիրառվել են հայկական տառեր՝ ընթերցողի համար առավել մատչելի դարձնելու նպատակով։

2 Չնայած առանձին հայ անհատներ իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կարողացել են մեծ հաջողությունների և բարձր դիրքերի հասնել Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հասարակություններում։ Օրինակ՝ 2017թ. նոյեմբերին հայազգի գեներալներ Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը հրամանատարական պաշտոնների նշանակվեցին Լիբանանի նախագահական պալատի անվտանգության ծառայությունում [տե՛ս 18, նույնը՝ http://www.aztagdaily.com/archives/325019]

3 Փոլ Հայդոստյանն այս դիտարկումն արել է 2014թ. սեպտեմբերի 18-ին «Նորավանք» ԳԿՀ սեմինարի ժամանակ, տե՛ս Մերձավոր Արևելքի հայ համայնքները. հեռանկարներ և ռազմավարություն, http://noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=12897

4 Грузия в цифрах – последняя перепись населения http://sputnik-georgia.ru/georgia/20160429/231405303.html

5 «Պատմագրությունը դեռևս չի արձանագրել հայրենիք վերադառնալու պատճառով այս կամ այն սփյուռքի ավարտը». Վահե Սահակյան, http://hayernaysor.am/պատմագրությունը-դեռևս-չի-արձանագրե-2/

Փետրվար, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Նաթալի Շ., Թուրքերը եւ մենք, Եր., 2015:

2. Մինասյան Էդ., Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնական ուղղությունները, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողով, զեկուցումների ժողովածու, Եր., «Լիմուշ», 2009։

3. Մինասյան Էդ., Հայրենիք-Սփյուռք մշակութային առնչությունները 1990-ական թթ., «Նոր-դար», թիվ 4, 2004։

4. Զաքարյան Հ., Լեզվաշինության արդի խնդիրները հայերենի մրցունակության բարձրացման տեսանկյունից, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», զեկուցումների դրույթներ, Եր., «Գիտություն», 2013։

5. Նալչաջյան Կ., Հայրենիք և հայրենասիրություն (հոգեբանական վերլուծություն), Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում, Եր., ԵՊՀ հրատ., 2013:

6. Մարության Հ., Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը և «ամերիկահայ ազգության» ձևավորման գործընթացը, Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում, գիտաժողովի զեկուցումներ, Եր., ԵՊՀ հրատ., 2013:

7. Մինասյան Էդ., Վարդանյան Ա., Հայրենիք-Սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009թթ.), հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ», 2010։

8. Հովյան Վ., Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, «21-րդ ԴԱՐ», թիվ 4, 2012։

9. Հովյան Վ., Հայկական սփյուռքի փոխակերպումը. մարտահրավերներ և հնարավորություններ, «Գլոբուս», թիվ 5, 2013։

10. Մելքոնյան Ռ., Թուրքիայի հայության որոշ խնդիրներ, «Հանրապետական», թիվ 6, 2009։

11. Ղանալանյան Տ., Սփյուռքի ներքին տեղաշարժերը 1945-1988 թվականներին, պատմական գիտությունների թեկնածուի ատենախոսության սեղմագիր, Եր., 2016:

12. Հարությունյան Գ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ, Եր., «Գասպրինտ», 2013։

13. Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Եր., «Գասպրինտ», 2014:

14. Ղանալանյան Տ., Բեյրութի Հայկազյան համալսարանը, «Գլոբուս», թիվ 2, 2013։

15. Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կյանքի ուրվագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1962։

16. «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբագիր՝ Այվազյան Հ., Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003:

17. Փաշայան Ա., Հարությունյան Լ., Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ, Եր., «Լուսակն», 2011:

18. Հայազգի Երկու Զօրավարներ Պաշտօնի Կոչուած` Նախագահական Պալատին Մէջ, Ազդակ, նոյեմբեր 17, 2016:

19. Ժամակոչյան Ա. և ուրիշներ, Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները, Եր., «Գասպրինտ», 2010:

20. Ավագյան Ք., Թուրքիայի հայոց պատրիարքարանի դիվանի փաստաթղթերը ԱՄՆ-ի հայ գաղութի վերաբերյալ (XIXդ. վերջ – XXդ. սկիզբ), Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ (XIX), Եր., «Զանգակ-97», 2000։

21. Քէօշկէրեան Գ., Ո՞ւր կերթաս, հայ ժողովուրդ..., Նոր օր, դեկտեմբերի 29, 2016:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր