• am
  • ru
  • en
Версия для печати
15.01.2018

ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ

   

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ


-Կառավարությունը կարո՞ղ էր հակազդել գնաճի ազդեցությանն ու գոնե մասամբ կանխել այդ ալիքը:

-Գնաճի հարցում չորս գործոն ունեցել է լուրջ ազդեցություն: Առաջինը վառելիքի աքցիզային հարկի աճն է: Երկրորդը համաշխարհային շուկայում նավթամթերքի գների աճն է: Երրորդը տնտեսության մենաշնորհային բնույթն է, որը հատկապես արտահայտվում է գների աճի ժամանակ: Չորրորդն օբյեկտիվ գործոնն է. խոսքս Ամանորի տոներին վերահսկողության թուլացման մասին է, ինչն առաջին հերթին դրսեւորվում է տաբեր հանձնաժողովների, մասնավորաբար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Կարծում եմ, որ այս ամենը վերլուծելով, կանխատեսելով այս չորս գործոնների գումարվող բացասական ազդեցությունը եւ համապատասխան հակազդող քայլերով կարելի էր որոշակիորեն զսպել գների աճը:

-Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցություն հրավիրեց ու կառավարության անդամների առաջ պահանջ դրեց՝ մտածել դեղատոմսեր, թե ինչպե՞ս կարելի է մեղմել գների բարձրացման հետեւանքները: Մինչ կառավարությունը կներկայացնի իրենը, դուք ի՞նչ դեղատոմս կառաջարկեք:

-Նախ նշենք, որ նախագահն ուշադրությունը սեւեռեց երեք հանգամանքի վրա. խոսեց մրցակցային միջավայր ձեւավորելու մասին, որպես գների կարգավորման գործում հիմնական գործոններից մեկը:

Երկրորդ՝ առաջարկեց ուսումնասիրել շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը, երրորդ՝ պարզել, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների՞ արդյունք են, թե՞ տնտեսավարողների ագահության պատճառ:

Նախագահի կողմից թվարկվածները, իհարկե, առաջնային խնդիրներ են, պատկան մարմինները մասնավորաբար երրորդ գործոնի վրա պետք է իրենց ուշադրությունը սեւեռեն: Ի դեպ, նախագահի նշած այդ հանգամանքները պայմանավորված են վերը թվարկված չորս բացասական գործոնով:

Այժմ ներկայացնեմ հետեւյալ դեղատոմսը. վերահսկողության ուժեղացում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Ասեմ, որ այստեղ նաեւ նպատակահարմար է կատարել օրենսդրության փոփոխություն:

Երկրորդ՝ խթանել տեղական շուկայի, տեղական արտադրության զարգացմանը: Սա փոքր-ինչ երկարատեւ գործընթաց է, ինչը պետք է հետեւյալ կերպ իրականացվի. հարկավոր է աջակցել բիզնես ծրագրերի կազմմանը եւ շուկայական տոկոսադրույքների նվազմանը, որտեղ իր վճռական դերն ունի Կենտրոնական բանկը:

Երրորդ՝ մշակել հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն հստակ ծրագրեր եւ պարտադիր իրականացնել դրանք: Պետք է հատուկ շեշտեմ, որ երկրում գոյություն ունեցող կոռուպցիոն գործոնը կարող է 10 տոկոսով բարձրացնել ապրանքի գինը: Սա նաեւ միջազգային փորձագետների գնահատականն է:

Չորրորդ՝ նպաստել բաց բաժնետիրական ընկերությունների անցմանը, հատկապես խոշոր գյուղատնտեսական միությունների պարագայում, որոնք տնտեսության աճը խթանող օղակներ են:

Նաեւ պետք է ուշադրություն դարձնել նախագահի հետեւյալ մտքի վրա, որ տարվա ընթացքում հարկավոր է միջոցներ գտնել ու գների բարձրացման դիմաց փոխհատուցել հատկապես սոցիալապես անապահով խավերին, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա այդ խավի վրա:

-Նախագահը նաեւ խոսեց տեղական արտադրության զարգացման անհրաժեշտության մասին:

-Իհարկե, սա շատ կարեւոր գործոն է, քանի որ սա նաեւ տնտեսական անվտանգության խնդիր է: Այդտեղ խոսքը հատկապես վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին: Եվ ճիշտ էր նախագահի պահանջը՝ ուղղված համապատաասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել տեղական արտադրության զարգացման եւ ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր:

Այստեղ նաեւ պետք է նշեմ, որ շուկայական բարձր տոկոսադրույքները խոչընդոտում են փոքր բիզնեսի զարգացմանը: Եվ ես ունեմ մտավախություն, որ գնաճին հակազդելու համար չորոշեն բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ դրանով հակառակ արդյունքը կստանանք այսինքն՝ այն չի նպաստի տնտեսության զարգացմանը։ Կարծում եմ՝ հակառակը, վարկավորման տոկոսադրույքները նվազեցնելու համար դեռ մեկ-երկու կետով նպատակահարմար է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Առավել եւս, որ մեզ մոտ գնաճը չունի մոնետար բնույթ:

Փոքր բիզնեսի զարգացման համար, իհարկե, կարեւոր են գրագետ կազմված բիզնես ծրագրերը, որոնք, կարծում եմ, պետք է կառավարության ուշադրության առարկան դառնան ֆինանսավորման աջակցության տեսանկյունից: Պետք է նաեւ հիշել հետեւյալը. տնտեսական զարգացմանը պետական միջոցներ ուղղելով՝ մյուս կողմից չպետք է անտեսել սոցիալական հարցերը, իրական աշխատավարձը եւ կենսաթոշակը չպետք է իջնեն, եւ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն անվանական, այլեւ ռեալ աշխատավարձի վրա:

> -Նախագահը նաեւ ասաց, թե յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու իր կանխատեսման համար: Սա ակնարկ չէ՞ր, որ կանխատեսումները մեզանում միշտ չէ, որ ճիշտ են արվում:

-Ճիշտ դիտարկում է: Իհարկե, կանխատեսումներն ունեն կողմնորոշիչ գործառույթ, բայց երբեմն հնարավոր չէ ասել ավելին, որովհետեւ տնտեսության զարգացումն ունի հաճախ դժվար կանխատեսելի բնույթ, դրա համար պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին ՝ լավագույնին եւ վատագույնին: Պետք է կանխավ ունենալ մշակված համապատասխան միջոցառումներ:

Միանգամայն իրավացի է նախագահը, որ կանխատեսման հարցում բացթողում ունենք, քանի որ դեռ մեկ ամիս առաջ արդեն իսկ առկա էին գների աճի միտումները: Տեսեք, խտացված գազի 1000 խմ համար աքցիզային հարկը բարձրացել է 8000-ից մինչեւ 25 000 դրամ, բենզինի 1 տոննայի համար 25 000 դրամից՝ մինչեւ 40 000 դրամ:

Միայն մեկ ամսում՝ դեկտեմբերին, բենզինի գինը բարձրացել է 10 տոկոսով՝ 390-430 դրամ: Յոթ տոկոսով դիզելային վառելիքի գնի աճ է գրանցվել՝ 410-ից հասնելով 440 դրամի, 10 տոկոսով աճել է խտացված գազի գինը:

Նավթի միջազգային շուկայում միայն մեկ ամսում նավթի մեկ բարելի գինը 55-ից բարձրացել է մինչեւ 68 դոլարի, այստեղ աճի միտումն առկա է եղել դեռեւս սեպտեմբեր ամսից: Այնպես որ իրոք կանխատեսման հարցում որոշակի բացթողում կա, եւ այս միտումները հաշվի չեն առնվել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5732&pageid=171992&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր