• am
  • ru
  • en
Версия для печати
23.06.2008

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ԼՂՀ-Ն

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Nagorno-Karabakh (original)Ակնհայտ է, որ ԼՂՀ տեղեկատվական անվտանգության (ՏԱ) հարցերն ունեն իրենց առանձնահատկությունը, եւ տեղեկատվական պատերազմի առումով` հայկական երկրորդ պետությունը գտնվում է ճակատի առաջին գծում։ Միեւնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ԼՂՀ ՏԱ հիմնախնդիրները անհրաժեշտ է դիտարկել ընդհանրապես Հայաստանի ու Հայության ՏԱ համակարգի համատեքստում։ ՏԱ թվարկված սուբյեկտների առանձին, տեղայնացված ընկալումը մեթոդաբանորեն սխալ է եւ անարդյունավետ։

Նշենք նաեւ, որ սույն հոդվածում չեն քննարկվում կիբերտարածության (հաքերների գործողություններ եւ այլն) անվտանգության հետ կապված հարցերը։ Սակայն հարկ է փաստել այն մեծ ակտիվությունը, որ ցուցաբերում են այսօր ադրբեջանական հատուկ կառույցներն այս ուղղությամբ։ Համակարգչային խափանարարների նպատակը հաճախ պետական կառույցների պաշտոնյաների էլեկտրոնային գրագրությանը հետեւելն է, որը Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, չի գաղտնագրվում եւ փոխանցվում է բաց տեքստով։

Առաջին սերնդի տեղեկատվական պատերազմները եւ ԼՂՀ-ն

Ընդունված է կարծել, թե տեղեկատվական հոսքերը լինում են երկու տեսակ.

1. Տեղեկատվական հոսքեր, որոնք ներկայացնում, լուսաբանում են մարդկության կենսագործունեության այս կամ այն ոլորտը եւ ձեւավորում են գլոբալ տեղեկատվական դաշտը։

2. Տեղեկատվական հոսքեր, որոնք նպատակ ունեն ազդել կոնկրետ հասցեատիրոջ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-հոգեբանական վիճակի վրա։

Առաջին տեսակի տեղեկատվական հոսքերը, որպես կանոն, առանձնապես չեն վերահսկվում հասարակության եւ պետության կողմից։ Այնինչ, դրանք կարող են հայտնի սպառնալիք ներկայացնել, օրինակ, հասարակության (հատկապես ավանդական հասարակության) հոգեբանական եւ բարոյական վիճակի համար։ Դրա հետ մեկտեղ, նման հոսքերը կարող են ստեղծել որոշակի տեղեկատվական-հոգեբանական ֆոն, որը կարող է օգտագործվել երկրորդ տեսակի` նպատակաուղղված տեղեկատվական հոսքերի հեղինակների կողմից։ Այս համատեքստում, ցանկացած հասարակության (մանավանդ այն հասարակության, որը գտնվում է ռազմաքաղաքական դիմակայության մեջ) տեղեկատվական դաշտը կարիք ունի փորձագիտական դիտարկման եւ անհրաժեշտության դեպքում` սրբագրման։

Երկրորդ տեսակի տեղեկատվական հոսքերը, որպես կանոն, համապատասխանում են դասական տեղեկատվական գործողությունների եւ տեղեկատվական պատերազմների սահմանմանը։ Հայության/Հայաստանի ներգրավվածությունը մասշտաբային, որոշակի իմաստով` գլոբալ քաղաքական գործընթացներին (հատկապես` Ցեղասպանության եւ ԼՂՀ ճանաչման համատեքստում), ինքնին վերածում է նրան տեղեկատվական պատերազմների սուբյեկտի։ ԼՂՀ պարագայում առավել ակնհայտ եւ հիմնական տեղեկատվական ագրեսոր պետք է համարել, իհարկե, Ադրբեջանին եւ նրա դաշնակիցներին։ Միեւնույն ժամանակ, տեղեկատվական հոսքերի վերլուծությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե տեղեկատվական պատերազմ ծավալած ադրբեջանական կառույցները որոշակի, մասնավորապես` մեթոդաբանական աջակցություն են ստանում թուրքական եւ դաշնակից այլ պետությունների մասնագետներից։ ԼՂՀ-ի դեմ տեղեկատվական գործողություններում չի բացառվում նաեւ այդ երկրում տեղակայված խոշոր էներգետիկական ընկերությունների փորձագետների մասնակցությունը։ Այս հանգամանքը խիստ կարեւոր է Ադրբեջանի տեղեկատվական ռեսուրսների ճիշտ գնահատման համար եւ առավել հանգամանալի ուսումնասիրության կարիք ունի։

ԼՂՀ-ի դեմ տեղեկատվական գործողությունների հանրագումարը կարելի է բնութագրել որպես առաջին սերնդի դասական տեղեկատվական պատերազմ, որը կոչված է լրացնելու այն գործողությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից ռազմական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։ Այս համատեքստում, ադրբեջանական կողմի տեղեկատվական հոսքերը պայմանականորեն կարելի է նշել երեք վեկտորներով, որոնցից մեկը ներքին է, մյուս երկուսը` արտաքին.

  • Ներքին վեկտորն ուղղված է ադրբեջանական լսարանին եւ նպատակ է հետապնդում` հասարակության մեջ պահպանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշողությունը` որպես Ադրբեջանի անքակտելի մաս եւ երիտասարդ սերնդին դաստիարակել ռազմատենչության, ռեւանշի եւ հայատյացության ոգով։
  • Առաջին արտաքին վեկտորն ուղղված է հայ հանրության դեմ եւ հիմնականում իրագործվում է հոգեբանական պատերազմների ժանրով։ Օրինակ, մատուցվում են էներգետիկ կամ ֆինանսական ոլորտների ձեռքբերումները, որոնք համակցվում են ադրբեջանական բանակի անընդհատ հզորացման եւ, համապատասխանաբար, ԼՂՀ-ի, Սեւանի, Երեւանի ու այլ տարածքների նկատմամբ հավակնությունների հետ։
  • Երկրորդ արտաքին տեղեկատվական վեկտորն ուղղված է համաշխարհային հանրության տարբեր հատվածներին եւ նպատակ ունի ձեւավորել հայկական ագրեսիայից «տուժած» Ադրբեջանի դրական իմիջը, եւ «սեւացնել» այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու Հայության հետ։

Բնականաբար, տեղեկատվական հոսքերի ներկայացված ուղղությունները հստակ սահմանազատում չունեն. դրանք հաճախ սինթեզվում եւ փոխլրացնում են միմյանց։ Հարկ է ընդունել, որ իրենց տեղեկատվական գործողություններում ադրբեջանցիները հասել են որոշ հաջողությունների. ներկայումս նրանք օգտագործում են մի շարք քրեստոմատիական մեթոդներ եւ տեխնոլոգիաներ։ Այնինչ, հայկական կողմը միշտ չէ, որ համարժեք է պատասխանում այդ մարտահրավերներին, իսկ «պոստֆակտում» ռեժիմով հերքումներն արդյունավետ չեն. այստեղ անհրաժեշտ է համակարգային մոտեցում։

Երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմները եւ ԼՂՀ-ն

Միեւնույն ժամանակ, մեր կարծիքով, ԼՂՀ-ի համար առավել վտանգավոր են այն տեղեկատվական գործողությունները, որոնք իրականացվում են «ՌԷՆԴ» կորպորացիայի մասնագետների մշակած «երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների» հայեցակարգի հիման վրա։ Երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմները հանդես են գալիս որպես ռազմավարական հակամարտության սկզբունքորեն նոր տեսակ, որոնք «կյանքի են կոչվում տեղեկատվական հեղափոխությամբ, հակամարտության ոլորտների շրջանակ մտցնում տեղեկատվական տարածությունը եւ ժամանակի մեջ ամիսներ ու տարիներ են տեւում...»։

Խնդիրների շարքում, որոնք լուծվում են երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների օգնությամբ, մասնավորապես առանձնացնենք հետեւյալները.

1. Հասարակական գիտակցության եւ երկրի բնակչության սոցիալական խմբերի քաղաքական կողմնորոշման մանիպուլյացիա` լարվածություն եւ քաոս ստեղծելու նպատակով։

2. Կուսակցությունների, միավորումների եւ շարժումների միջեւ քաղաքական պայքարի սրում` կոնֆլիկտներ հրահրելու, անվստահություն եւ կասկածամտություն բորբոքելու նպատակով. ընդդիմության հանդեպ ճնշումների սադրում, փոխոչնչացման դրդում։

3. Իշխանական մարմինների տեղեկատվական ապահովման մակարդակի նվազեցում, սխալ վարչական որոշումների մղում։

4. Պետական մարմինների աշխատանքի մասին բնակչությանը ապատեղեկատվության տրամադրում, կառավարման մարմինների վարկաբեկում։

5. Պետության միջազգային հեղինակազրկում, այլ երկրների հետ համագործակցության խափանում։

Վերը թվարկվածը հանգեցնում է այն մտքին, որ որոշակի իմաստով ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն արդեն ենթարկվում են «երկրորդ կարգի» տեղեկատվական հարձակման։ Նման պատերազմների առավել բնորոշ դրսեւորումներ են այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները»։ Այդ հեղափոխության օրինակ են, մասնավորապես, այն գործընթացները, որոնք տեղի ունեցան վերջերս, ՀՀ-ում նախագահական ընտրությունների ընթացքում, եւ որոնք անմիջական առնչություն ունեն ԼՂՀ անվտանգության հետ։ Որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես, լայնորեն օգտագործեցին հետեւյալ կարգախոսները.

  • «Կորչի՛ ղարաբաղյան կլանը». սրանով որոշակի կենցաղային պատկերացումներ բարձրացվեցին քաղաքական մակարդակի, եւ փորձ արվեց այդ պատկերացումները տարածել «ղարաբաղցի» հասկացության վրա ընդհանրապես։ Այսպիսով, փաստորեն, որոշակի հաջողությամբ իրականացվեց վերը նշված առաջին կետը` հասարակական գիտակցության մանիպուլյացիա` քաղաքական լարվածություն եւ քաոս ստեղծելու նպատակով։
  • «Չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը մեր բոլոր դժբախտությունների աղբյուրն է». սրանով, մասնավորապես, արմատավորվում էր առանց որեւէ նախապայմանի` ազատագրված տարածքների հանձնման գաղափարը։

ՀՀ եւ ԼՂՀ տեղեկատվական ինտեգրման խնդիրը

Հարկ է ընդգծել, որ վերը բերված «գունավոր կարգախոսները» հասարակության մեջ որոշակի ռեզոնանս ստացան, եւ այս փաստը, մասնավորապես, ՀՀ եւ ԼՂՀ տեղեկատվական քաղաքականության ոլորտում թույլ տրված կոպիտ սխալների հետեւանք էր։ Չնայած ռազմաքաղաքական եւ տնտեսական բնագավառներում երկու հանրապետությունների հաջող ինտեգրմանը, տեղեկատվական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է։ «Ղարաբաղյան շարժման» տարիներին հայ հանրությունն ամենեւին էլ վատ տեղեկացված չէր (նկատի ունենալով տեղեկատվության հաղորդման հանրահավաքային եւ մասնավոր աղբյուրները) Արցախում իրավիճակի մասին։ Մինչդեռ, այսօր տպավորություն է ստեղծվում, թե ԼՂՀ-ն գտնվում է «ռադիոլռության» գոտում. միայն միջազգային դիտորդների այցելությունների ժամանակ են հեռուստաալիքները, Ստեփանակերտի նախագահական նստավայրի ֆոնին, շաբլոն ռեպորտաժներ հաղորդում։ Այս կապակցությամբ նշենք, որ հիմնախնդիրն ընդհանուր է ամբողջ Հայաստանի համար. «սեփական թղթակիցների» խորհրդային համակարգը վերացավ, իսկ գլոբալացման դարաշրջանում գրեթե բոլոր տարածաշրջանները տեղեկատվական իմաստով հայտնվեցին միմյանցից մեկուսացված վիճակում։

Որոշ հետեւություններ

Ասվածից հետեւում է, որ խիստ հրատապացել է ԼՂՀ ՏԱ հիմնախնդիրներով զբաղվով մասնագիտացված փորձագիտական կառույցի ստեղծումը։ Այն պետք է ՀՀ մասնագետների հետ համատեղ աշխատանքներ իրականացնի հետեւյալ ուղղություններով.

1. Ինֆոգեն սպառնալիքների դասակարգում, ԼՂՀ-ի դեմ տեղեկատվական գործողություններ մշակող կենտրոնների բացահայտում եւ այդ գործողությունների չեզոքացմանն ուղղված արդյունավետ, ասիմետրիկ մեթոդների մշակում։

2. Կանխարգելիչ եւ հարձակողական տեղեկատվական գործողությունների վարման մեթոդների մշակում։

3. ՀՀ–ԼՂՀ միասնական տեղեկատվական տարածության ձեւավորմանն ուղղված ջանքերի գործադրում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր