• am
  • ru
  • en
Версия для печати
14.05.2010

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

   

Հայկ Գաբրիելյան

Թուրքիայի ներկայիս վարչակարգի` իսլամական աշխարհի հետ մերձեցման քաղաքական գիծը հանգեցրեց թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրմանը, որն էլ իր հերթին բերեց թուրք-իրանական հարաբերությունների աշխուժացմանը:

Ներկայումս Անկարայի ու Թեհրանի հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա: Միջին Արեւելքի խոշորագույն այս երկրները դեմ են հանդես գալիս ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծին, քանի որ դրանով նախատեսվում է մասնատել այդ երկրները: Ժամանակին Իրանը ողջունեց թուրքական խորհրդարանի որոշումը` մերժել տարածքի տրամադրումը ԱՄՆ-ին Իրաքի դեմ ռազմական գործողության համար: Իրանական կողմը քրդական հարցում համակարծիք է Թուրքիայի հետ եւ աջակցում է Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անջատողականների դեմ վերջինիս պայքարին, ինչն ընդգծվեց 2006 թվականին ձերբակալված քուրդ զինյալներին Թուրքիային հանձնելով եւ սեփական տարածքում ՔԲԿ ակտիվիստների բազավորմանն արգելք հանդիսանալով:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դեր է խաղում էներգետիկ գործոնը: 2009 թվականի հունվարին Էրդողանը Բրյուսելում հայտարարեց, որ առանց Իրանի մասնակցության անիմաստ է խոսել «Նաբուկո» գազատարի նախագծի մասին: Էրդողանի այդ հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ տարածաշրջանի խոշորագույն էներգետիկ-տրանսպորտային հանգույց դառնալու ցանկություն ունեցող Թուրքիայի համար Իրանը մեծ նշանակություն ունի, քանի որ տիրապետում է ածխաջրածինների մեծ պաշարների եւ առաջիկայում կարող է դառնալ ԵՄ կարեւոր գազամատակարար երկիր: Բացի այդ, Թուրքիան գտնում է, որ Կենտրոնական Ասիայի մուտքն Իրանով առավել անվտանգ է, քան Վրաստանով:

Թուրքիան այսօր շահագրգռված է Իրանում եւ նրա շուրջ կայունության պահպանմամբ: Անկարան իր միջնորդական ծառայությունն է առաջարկել Արեւմուտքին ու Իրանին, որոնց միջեւ վեճի առարկա է հանդիսանում վերջինիս միջուկային ծրագիրը: Իրանն էլ հույս ունի ստանալ Թուրքիայի աջակցությունն այն փակուղային իրավիճակում, որն առաջացել է իր միջուկային ծրագրի հետ կապված: Անկարան առավել հակված է այն տարբերակին, ըստ որի` յուրաքանչյուր պետություն իրավունք ունի խաղաղ նպատակներով մշակելու միջուկային տեխնոլոգիաներ: 2009 թվականի հոկտեմբերի վերջին Իրան կատարած այցելության ժամանակ այս մասին բարձրաձայնեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա Իրանն անվանեց «Թուրքիայի ընկեր» եւ հատուկ ընդգծեց Արեւմուտքի ոչ օբյեկտիվ վերաբերմունքն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ. «Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել ատոմային էներգիան, եւ նրանք, ովքեր կողմ են գլոբալ միջուկային զինաթափմանը, պետք է առաջին հերթին այդ գործընթացն սկսեն հենց իրենցից»: Էրդողանն Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական ինտերվենցիան որակեց որպես «անհեթեթություն»: Սա իսկապես աննախադեպ քննադատություն էր` ուղղված Արեւմուտքի հասցեին: Իր հերթին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն անցյալ տարվա Դավոսյան միջադեպից հետո Էրդողանին համարում է իր անձնական ընկերը:

Չնայած դրան` Թուրքիան դեմ է, որ Իրանն ունենա միջուկային ռումբ, քանի որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումն իր հերթին կնպաստի «շղթայական ռեակցիայի» էֆեկտի զարգացմանը, երբ Իրանից հետո միջուկային զենքի մշակմամբ կսկսեն զբաղվել տարածաշրջանի այլ երկրներ եւս:

2010 թվականի ապրիլի 13-ին Վաշինգտոնում 47 երկրների մասնակցությամբ բացվեց միջուկային անվտանգության գագաթաժողովը, որի մասնակիցները պայմանավորվեցին հետագա 4 տարիների ընթացքում միջուկային տեխնոլոգիաների ու դրանց արտահանման վերահսկողության մեծացման շուրջ: Այս գագաթաժողովին մասնակցելու հրավեր չէին ստացել Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան: Եվ դա` այն դեպքում, երբ գագաթաժողովին մասնակցել են նաեւ այն երկրները (Հնդկաստան, Պակիստան, Իսրայել), որոնք չեն միացել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին:

Գագաթաժողովում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան դեմ է Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը: Նշելով, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները չեն բացում պատժամիջոցների մանրամասները, Դավութօղլուն հայտարարեց. «Եթե մենք պատկերացում չունենք պատժամիջոցների բովանդակության մասին, ինչպես կարող ենք լուծել այդ հարցը»:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջեւ տեղի ունեցած 45 րոպեանոց հանդիպման ժամանակ, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը: Էրդողանը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով: Օբաման իր հերթին գնահատել է Թուրքիայի ջանքերն այդ ուղղությամբ եւ կարեւորել նրա դերը տվյալ հարցում:

Միաժամանակ, Ջորջ Մեյսոնի համալսարանում (GMU) Ալի Վուրալի անվան Գլոբալ իսլամական հետազոտությունների կենտրոնի բացման արարողության ժամանակ Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան դեմ է միջուկային զենքի տարածմանը, եւ մենք ցանկանում ենք, որ այն երկրները, որոնք տիրապետում են միջուկային զենքին, որոշակի ժամկետներում ձերբազատվեն դրանից»: Էրդողանի այս հայտարարությունը նման է Իրանում հնչեցրած 2009 թվականի հոկտեմբերյան հայտարարությանը:

Ի հակակշիռ Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովի` ապրիլի 17-18-ին Թեհրանում տեղի ունեցավ ատոմային ապառազմականացման գագաթաժողով, որի պաշտոնական կարգախոսն էր. «Ատոմային էներգիան` բոլորին, ատոմային զենքը` ոչ մեկին»: Գագաթաժողովին մասնակցել են 56 երկրների պաշտոնական եւ ոչ պաշտոնական պատվիրակություններ:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն չմասնակցեց իրանական միջուկային գագաթաժողովին, քանի որ տվյալ ժամանակ պլանավորել էր այցելել Բաքու: 2010-ի ապրիլի 20-ին Դավութօղլուն Բաքվից ժամանեց Թեհրան, ուր հանդիպումներ ունեցավ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, իր իրանական գործընկեր Մանուչեհր Մոթաքիի, խորհրդարանի խոսնակ Ալի Արդաշիր Լարիջանիի եւ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Թեհրանում իրանական ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման նախօրեին Դավութօղլուն հայտարարեց, որ ուրանի փոխանակման համաձայնագրի շուտափույթ ստորագրումը դրականորեն կանդրադառնա ներկայումս միջազգային ասպարեզում առաջացած մթնոլորտի վրա. «Տվյալ հարցում Անկարան պատրաստ է անել ամեն ինչ` իր ուժերի սահմանում: Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիան, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, ամենից շատ իր վրա կզգա դեպքերի նմանատիպ զարգացումը: Դրա համար էլ Թուրքիան ջանքեր է գործադրում գտնելու այնպիսի լուծում, որ ՄԱԿ ԱԽ-ը չդիտարկի պատժամիջոցների կիրառման հարցը»:

Թեհրանում Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան կարող է նպաստել Իրանի ու Արեւմուտքի միջեւ ատոմային վեճի դիվանագիտական լուծմանը, որով նախատեսվում է, որ Իրանն իր ուրանի մի մասը հարստացման նպատակով կուղարկի արտերկիր. «Եթե Իրանը հանդես գա ռեակտորին անհրաժեշտ վառելիքի փոխանակման գործընթացում Թուրքիային միանալու նախաձեռնությամբ, ապա մենք պատրաստ ենք սկսել նման համագործակցություն»: Սակայն Իրանը չարձագանքեց Անկարայի առաջարկին, ինչի պատճառն այն է, որ Թեհրանը պնդում է, որ այդ փոխանակումը տեղի ունենա միաժամանակ եւ իր տարածքում:

Հարկ է նշել, որ Դավութօղլուի այս հայտարարությունը նորույթ չէ. 2009 թվականի նոյեմբերին Թուրքիան պատրաստակամություն հայտնեց իր տարածքում պահելու իրանական քիչ հարստացված ուրանը, որպեսզի հետագայում այն փոխանակի մինչեւ 20 տոկոս հարստացված միջուկային վառելիքի հետ: Քանի որ Թուրքիան չուներ հարստացված ուրան, ուստիեւ այն պետք է Թուրքիա հասցվեր Ֆրանսիայից կամ Ռուսաստանից: Միջուկային հումքի հարստացման հզորություն չունենալու պատճառով` Թուրքիան առաջարկում էր իր տարածքն օգտագործել որպես ելակետ` դա Ռուսաստան կամ Ֆրանսիա հասցնելու եւ այնտեղ վերամշակելու համար: Դրանով Թուրքիան ձգտում է վերածվել էներգետիկ միջուկային կենտրոնի: Սակայն Իրանն այն ժամանակ նույն պատճառով չարձագանքեց դրան:

Այս կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարեց, որ Թուրքիան կարող է կարեւոր դեր խաղալ միջուկային վառելիքի փոխանակման շուրջ Իրանի հետ բանակցային գործընթացում, եւ որ ԱՄՆ-ը դրականորեն է նայում դրան. «Իհարկե մենք այստեղ տեսնում ենք Թուրքիայի դերը: Թուրքիան սահմանակից է Իրանին: Իրանում տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին ազդում են Թուրքիայի վրա»: Միեւնույն ժամանակ, Քրոուլիի խոսքերով` Թուրքիան կարող է միջուկային գործողությունների դադարեցման հարցում համոզել Իրանին. «Եթե կան երկրներ, որոնք լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ, եւ եթե այդ երկրները կարող են համոզել Իրանին` փոխել ուղղությունը, ապա մենք ուրախությամբ կընդունենք դա: Թուրքիայի ջանքերն այդ ուղղությամբ կարող են դրական լինել»:

Ի դեպ, այս տարվա մարտի վերջերին Թուրքիայի նախագահ Գյուլը հայտարարեց, թե կասկած չկա, որ Իրանը ցանկանում է ստեղծել միջուկային ռումբ: Հնարավոր է` նաեւ այս պատճառով է, որ ներկայումս Իրանի համար առավել ցանկալի է Բրազիլիայի միջնորդությունը, որն Իրանի միջուկային ծրագրի հարցում ունի նույնպիսի դիրքորոշում, ինչ Թուրքիան: Սակայն Իրանի տվյալ մոտեցման մեջ ծանրակշիռ դեր են խաղում Թուրքիայի հետ վաղեմի մրցակցությունն ու տարածաշրջանում վերջինիս դերը չմեծացնելու ձգտումը:

Ապրիլի 22-ին Դավութօղլուն Բրյուսելում հայտարարեց, որ Իրանի հետ ռազմական հակամարտության պարագայում կտուժի ոչ միայն նա, այլեւ տարածաշրջանի մնացած երկրները. «Մեր ջանքերն ուղղված են ոչ թե մեկ երկրի պաշտպանությանը մեկ այլ երկրից, այլ տարածաշրջանի եւ գլոբալ մասշտաբով աշխարհի խաղաղության պաշտպանությանը»: Հակառակ դեպքում, Դավութօղլուի խոսքերով, կառաջանա այնպիսի սցենար, որը կորուստներ կպատճառի բոլոր կողմերին, եւ կսկսվի այնպիսի ժամանակաշրջան, երբ կառաջանա ոչ անհրաժեշտ լարվածություն:

Ինչ վերաբերում է տվյալ հարցում թուրք հասարակության դիրքորոշմանը, ապա դրա մասին պատկերացում են տալիս 2010 թվականի հունվարի սկզբներին «Metro Poll» ռազմավարական ու սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքները: Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին այն հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է աջակցի Իրանի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցներին/ուժային գործողություններին` կապված նրա միջուկային ծրագրի հետ, թե ընդդիմանա դրան: Հարցվածների 60.2 տոկոսը նշել է, որ Թուրքիան պետք է հանդես գա Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու դեմ: Հարցվածների 26 տոկոսն էլ գտնում է, որ Թուրքիան պետք է աջակցի պատժամիջոցներ կիրառելուն կամ ռազմական միջամտությանը: 13.8 տոկոսն էլ նշել է, որ դժվարանում է պատասխանել: Այս ամենի հետ մեկտեղ, հարցվածների մեծամասնությունը` 57.6 տոկոսը, կարծում է, որ Իրանի միջուկային զենք ունենալու հանգամանքը Թուրքիայի համար կարող է սպառնալիք հանդիսանալ, 34.7 տոկոսի կարծիքով` տվյալ դեպքում ոչ մի սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող: 8.6 տոկոսը դժվարացել է կողմնորոշվել այդ հարցում: Հարցախույզի մասնակիցների 48.8 տոկոսը հավանության էր արժանացրել Իրանի վերաբերյալ Էրդողանի հակաարեւմտյան հայտարարությունները, իսկ 42.6 տոկոսը դեմ էր արտահայտվել դրան:

Թուրք փորձագետ, «TՖrksam» միջազգային հարաբերությունների ու ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Ջելալեթթին Յավուզն իր «Հարեւան Իրանը բարեկա՞մ է, թե՞ վտանգ է ներկայացնում» հոդվածում նախ մանրամասնում է, թե ինչու են ոչ միջուկային երկրները ձգտում հայտնվել միջուկային երկրների շարքում: Ըստ Յավուզի` դրա պատճառները երկուսն են` ա) թշնամուն վախ ներշնչելը, բ) այլ երկրների կողմից հարգանք վայելելը:

Հենց այս նկատառումներից ելնելով` Յավուզը կարծում է, որ եթե Իրանը տիրապետի միջուկային զենքին, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ նա դա անպայմանորեն պետք է ուղղի մեկ այլ պետության դեմ: Ավելին, եթե նույնիսկ Իրանը գնա այդ քայլին, ապա Թուրքիան ընդգրկված չի լինի իրանական առաջին միջուկային հարվածին ենթարկվող երկրների գոտում: Այստեղ հասկանալի է, որ Յավուզն ամենից առաջ նկատի ունի Իսրայելը: Յավուզը դա պատճառաբանում է հետեւյալ հանգամանքներով.

1. Իրանի բնակչության նվազագույնը կեսն ունի թյուրքական ծագում, ինչը հանդիսանում է Իրանի կողմից Թուրքիային միջուկային հարված հասցնելու կանխիչ գործոն: Այստեղ Յավուզը որոշակիորեն ուռճացնում է Իրանի թյուրքախոս բնակչության թվաքանակը, քանի որ այն կազմում է 30-40 տոկոս: Յավուզը նկատի ունի ադրբեջանցիներին (12-21 միլիոն մարդ), նրանցից հետո Իրանում բնակվող մեծությամբ երկրորդ մեծ թյուրքական խմբին` քաշքայներին (1.5-2 միլիոն մարդ) ու թուրքմեններին:

2. Թուրքիան ՆԱՏՕ անդամ է եւ գտնվում է ՆԱՏՕ «միջուկային անձրեւանոցի» հովանու ներքո: Այսինքն` դեպի Թուրքիա միջուկային հրթիռ արձակելը հակառակ ազդեցությունը կունենա նման կերպ վարվող երկրի համար եւ աննախադեպ վնասներ կպատճառի նրան: Հարկ է նշել, որ ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն, եթե նրա անդամներից մեկը ենթարկվում է զինված հարձակման, ապա ՆԱՏՕ մյուս անդամները պետք է օգնություն ցուցաբերեն (այդ թվում նաեւ զինված ուժերի ներգրավմամբ) հարձակման ենթարկված այդ երկրին:

3. Թուրքիայի տարածքում անգամ միջուկային մեկ ռումբի պայթյունն էական ազդեցություն կթողնի մթնոլորտի վրա, ինչն անխուսափելիորեն կազդի նաեւ հարեւան Իրանի (եւ ոչ միայն) վրա: Այս առումով կարելի է նշել, որ քամին կարող է ռադիոակտիվ ամպերը թուրքական տարածքից քշել դեպի իրանական տարածք, ինչպես որ տեղի ունեցավ Չեռնոբիլի աղետից հետո Թուրքիայի սեւծովյան հատվածում, ուր մինչեւ հիմա բնակչության գրեթե կեսը տառապում է ուռուցքային հիվանդություններով:

4. Իրանի այդ քայլը կհանգեցնի մահմեդական աշխարհում նրա մեկուսացմանը: Բնականաբար, դա կառաջացնի տվյալ հարցում մահմեդական հանրության անըմբռնողությունը եւ զայրույթը:

Այսպիսով, վերլուծության ենթարկելով Իրանի միջուկային ծրագրի հարցում Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը` այն կարելի է բաժանել երկու մասի.

ա) Քաղաքական – Պետք է կարծել, որ քաղաքական նկատառումներից ելնելով` Թուրքիայի համար անցանկալի է «միջուկային» Իրանը, ինչի համար էլ նպատակահարմար կհամարվի Արեւմուտքի կողմից իր վաղեմի մրցակից Իրանին ռազմական հարված հասցնելը: Դրա արդյունքում Թուրքիայի խոշորագույն եւ առավել ուժեղ հարեւան Իրանը տարածաշրջանում կկորցնի իր ազդեցիկ դերը, կվերածվի երկրորդական երկրի եւ տեւական ժամանակ չի կարողանա տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնելու շուրջ մրցակցել Թուրքիայի հետ: Իսկ այդ մրցակցությունն ունի կեսհազարամյա պատմություն:

բ) Տնտեսական – Թուրքիայի ներկայիս դիրքորոշման մեջ ամենածանրակշիռ դերը խաղում է տնտեսական գործոնը: Թուրքիան գտնում է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու արդյունքում, տարածաշրջանի մնացած երկրների համեմատ, ամենաշատը կտուժի ինքը: Թուրքիայի այդ դիրքորոշման պատճառը բխում է ոչ վաղ անցյալի նրա պատմական փորձից. 1991 թվականին տեղի ունեցած Պարսից ծոցի առաջին պատերազմում Թուրքիայի կրած վնասները կազմեցին 50 միլիարդ ամերիկյան դոլար, իսկ 2003 թվականի Պարսից ծոցի երկրորդ պատերազմում` 80 միլիարդ: ԱՄՆ-ը փոխհատուցեց այդ վնասների միայն մի մասը:

Ներկայումս Իրանը էներգետիկ ոլորտում Թուրքիայի երկրորդ խոշոր գործընկերն է (Ռուսաստանից հետո): Թուրքիան այժմ մտադիր է 3.5-4 միլիարդ դոլարի ներդրում անել Պարսից ծոցի ափին գտնվող «Հարավային Փարսում», ուր առկա են հարուստ գազահանքեր: Այսօր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 11 միլիարդ դոլարի: Պլանավորված է այդ թվաքանակը հասցնել 20-30 միլիարդի, ինչպես նաեւ միմյանց միջեւ առեւտուրն իրականացնել ազգային արժույթներով: Բացի այդ, նախատեսվում է թուրք-իրանական սահմանին ստեղծել ազատ առեւտրային գոտի: Եվ վերջապես, Թուրքիա տարեկան այցելում է մոտ 2 միլիոն իրանցի զբոսաշրջիկ:

Սակայն տնտեսական գործոնում վճռորոշ դերը պատկանում է նավթի ու բնական գազի համաշխարհային գների աճին, ինչից ամենաշատն է վախենում Թուրքիան: Կանխատեսվում է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու պարագայում նավթի ու գազի գները կարճ ժամանակահատվածում եռակի աճ կարձանագրեն, իսկ Հորմուզի նեղուցի փակվելու դեպքում ԱՄՆ-ը, Արեւմտյան Եվրոպան ու Չինաստանը կզրկվեն այդ նեղուցով արտահանվող մերձավորարեւելյան նավթի 40 տոկոսից:

Այս ամենից հետեւում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում չեն համընկնում Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահերը, եւ տնտեսությունը հանդես է գալիս քաղաքականության դեմ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր