• am
  • ru
  • en
Версия для печати
23.06.2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան

ԽՍՀՄ փլուզումը պանթյուրքիստական տրամադրությունների զգալի աճ արձանագրեց Թուրքիայում, որն անմիջապես սկսեց մի շարք ուղղություններով (քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական) ներթափանցել Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա: Այս առումով յուրահատուկ տեղ գրավեց Նախիջեւանը, որը պանթյուրքիզմի տեսակետից առանձնահատուկ նշանակություն ուներ: Այդ տարածքը, ըստ էության, կապող օղակ է Թուրքիայի ու Ադրբեջանի, Թուրքիայի եւ ողջ Թուրանի միջեւ: Ժամանակին Հեյդար Ալիեւը Նախիջեւանը որակել է որպես դեպի թուրք-իսլամական աշխարհ բացվող դուռ:

Թուրքիա–Նախիջեւան քաղաքական շփումները

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) սեփական ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ Թուրքիայի առաջին գործուն քայլը հանդիսացավ 1992 թվականի մայիսին Արաքս գետի վրա կառուցված Հասրեթ (թարգմանաբար` կարոտ) կամուրջը, որն ադրբեջանցիներն անվանում են նաեւ «Հույսի կամուրջ»: Կամրջի կառուցումը տեւել է մոտ մեկ տարի եւ արժեցել 9 միլիարդ 600 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 միլիոն դոլար): Կամրջի բացման արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Դեմիրելը հայտարարեց. «Այս կամրջի բացմամբ վերջ տրվեց 70-ամյա կարոտին: Թուրքիան եւ Նախիջեւանը «գրկախառնվեցին» միմյանց»:

1993 թվականի փետրվարի 5-ին ՆԻՀ-ում բացվեց Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը: 2004 թվականի ապրիլի 12-ին Կարսում բացվեց Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը, ինչը Թուրքիայում բացված Ադրբեջանի երկրորդ գլխավոր հյուպատոսությունն էր (առաջինը բացվել էր 1992 թվականին Ստամբուլում): Կարսի ադրբեջանական հյուպատոսության աշխատանքային շրջանակներում են ներառված Թուրքիայի արեւելյան 17 վիլայեթները: Կարսի ընտրությունը նույնպես պատահական չէր, քանի որ Կարսի վիլայեթում բնակվում են մեծ թվով ադրբեջանցիներ: Այս ամենը պետք է ամրապնդեր Թուրքիա–Նախիջեւան կապերը: Ներկայումս Ադրբեջանը պլանավորում է եւս մեկ հյուպատոսություն բացել Էրզրումում:

Ի դեպ, Կարսում ադրբեջանական հյուպատոսության բացման կապակցությամբ Իգդիրի վիլայեթի բնակչությունը դժգոհություն հայտնեց, թե ինչու այն չի բացվել Իգդիրում, որը համարվում է դեպի ՆԻՀ բացվող դարպաս: Դժգոհության պատճառն այն է, որ ՆԻՀ այցելել ցանկացող Իգդիրի բնակչությունը վիզա ստանալու համար ստիպված է մոտ 400 կիլոմետր ճանապարհ կտրել` Կարս հասնելու եւ հետ վերադառնալու համար: Իգդիրի բնակչությունը հուսով է, որ շուտով կվերացվի երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը:

2008 թվականի հունիսի սկզբին ՆԻՀ այցելեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ինչը հանդիսացավ թուրքական կառավարության ղեկավարի երկրորդ այցը (ինչպես արդեն նշվել է, դրանից 16 տարի առաջ ՆԻՀ էր այցելել վարչապետ Սուլեյման Դեմիրելը): Էրդողանի այցի ժամանակ քննարկվեցին դեպի ՆԻՀ կառուցվելիք երկաթուղու եւ գազամուղի խնդիրները: Նույն թվականին բարեկարգվեց Իգդիր եւ Նախիջեւան քաղաքները միմյանց կապող 129 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհը:

2009 թվականի հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում տեղի ունեցավ թյուրքալեզու երկրների ղեկավարների 9-րդ գագաթաժողովը, ուր ստորագրվեց «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծման» մասին համաձայնագիրը: Գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նշեց. «Նախիջեւանը հարազատ ու թանկարժեք է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի համար: Նախիջեւանը Թուրքիայի համար ունի վիթխարի նշանակություն: Ֆիզիկական առումով նախիջեւանյան տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանը փոքր է, սակայն քաղաքական առումով 10-12 կիլոմետր երկարությամբ սահմանն ունի ծայրահեղ կարեւորություն: Մեր այս սահմանը հանդիսանում է շատ խորհրդանշական անցում, որն աշխարհագրորեն Թուրքիան կապում է թյուրքական երկրների հետ»: Պետք է նշել, որ Գյուլը ՆԻՀ-ում իրեն պահում էր տանտիրոջ նման, ինչը բխում էր այնտեղ առկա թուրքական մեծ ազդեցությունից. պատահական չէ, որ ՆԻՀ-ը ճանաչել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:

2009 թվականի նոյեմբերին Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) արտաքին քաղաքականության վերլուծաբան Բուրջու Գյուլթեքին Փունսմանն իր «Արեւելյան դուռ հանդիսացող նախիջեւանյան փականի բացումը» հոդվածում նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է դրական առումով էապես փոխել Նախիջեւանում տիրող իրավիճակը: Այդ կապակցությամբ Փունսմանը Հայաստանին առաջարկում էր վերացնել Նախիջեւանի շրջափակումը` որպես բարի կամքի դրսեւորում: Դրա արդյունքում ՆԻՀ-ը հնարավորություն կստանար ուղղակի ցամաքային կապ հաստատել Բաքվի հետ եւ կվերածվեր հյուսիս–հարավ եւ արեւմուտք–արեւելք ուղղություններով տրանսպորտային ու տարանցիկ հանգույցի: Թուրք վերլուծաբանի նման լավատեսությունը պայմանավորված էր 2009 թվականի հոկտեմբերի 10-ին դիվանագիտական հարաբերություններ սկսել ենթադրող հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ:

2010 թվականի ապրիլին Թուրքիա այցելեց ՆԻՀ Գերագույն մեջլիսի նախագահ Վասըֆ Թալիբովը: Վերջինս Անկարայում հանդիպումներ ունեցավ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի եւ պետնախարար ու փոխվարչապետ Հայաթի Յազըջըի հետ: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն նշեց. «Թուրքիան Նախիջեւանի ապագան կառուցելու գործում եղել է առաջատար եւ կշարունակի այդ կերպ վարվել»: Դավութօղլուն նաեւ հավելեց. «Թուրքիան հարգում է իր կնքած միջազգային փաստաթղթերը եւ Կարսի «խաղաղության» պայմանագրով շարունակում է մնալ Նախիջեւանի անվտանգության երաշխավորը: Թուրքիան Նախիջեւանի կարգավիճակի երաշխավորն է, եւ դա ակնհայտ է: Դա միջազգային իրավունքի պահանջն է եւ Թուրքիայի պարտականությունը»: Դավութօղլուն խոսքը եզրափակել է հետեւյալ կերպ. «Նախիջեւանի անվտանգությունն ու բարօրությունը մեր անվտանգությունն ու բարօրությունն են»:

Ապրիլի 27-ին Թալիբովին ընդունեց վարչապետ Էրդողանը: Նրանց փակ զրույցը տեւել է մոտ մեկ ժամ: Ապրիլի 28-ին Չանքայա նախագահական նստավայրում Թալիբովին հյուրընկալեց նաեւ նախագահ Գյուլը: Այս զրույցի մանրամասները նույնպես չեն հաղորդվում: Ապրիլի 29-ին Թալիբովը եղավ նաեւ Կարսում ու Իգդիրում, որտեղ կողմերի քննարկման թեմաներն են հանդիսացել «Կարս–Իգդիր–Նախիջեւան» երկաթուղու, 1997 թվականից կառուցվող Իգդիրի օդանավակայանի, «Իգդիր–Նախիջեւան» գազատարի, Թուրքիայի, Իրանի եւ Նախիջեւանի միջեւ ազատ արդյունաբերական գոտի ստեղծելու խնդիրները:

Թալիբովի այցելության արդյունքում թուրքական արտգործնախարարությունն ապրիլի 28-ին հայտարարեց. «Ադրբեջանի հետ սահմաններ չունեցող ՆԻՀ-ը մնացել է միայնակ Հայաստանից բխող անվտանգության սպառնալիքների հանդեպ: Այդ սպառնալիքի չեզոքացման համար մեր երկրների միջեւ հարաբերություններում շատ կարեւոր է համարվում ռազմական համագործակցությունն Ադրբեջանի ու Նախիջեւանի հետ»:

Որոշակի տվյալներով` Թուրքիան ներկայումս մտադիր է, ադրբեջանական կողմի համաձայնությամբ, ՆԻՀ-ում ռազմակայան ստեղծել: Սակայն այս կապակցությամբ Անկարայի Տնտեսական եւ տեխնոլոգիական համալսարանի (TOBB ETՆ) դոցենտ Միթաթ Չելիքփալան մայիսի 24-ին հայտարարեց, որ Թուրքիան նման պլաններ չունի: Անշուշտ, ՆԻՀ-ում զորքեր տեղակայելը Թուրքիայի համար խիստ ցանկալի է, սակայն հաշվի առնելով այլ ուժի կենտրոնների հնարավոր հակազդեցությունը տվյալ դեպքում` այդ քայլը ներկայումս գրեթե բացառվում է:

Թուրքիա–Նախիջեւան տնտեսական շփումները

2007 թվականի փետրվարի 8-ին Թբիլիսիում Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան կնքեցին Բաքու–Թբիլիսի–Կարս (ԲԹԿ) երկաթուղու կառուցման պայմանագիրը, որի ավարտը նախատեսված է 2011–2012 թվականներին: ԲԹԿ-ի կառուցման հետ մեկտեղ, Հարավային Կովկասում օրակարգ մտավ «Կարս–Իգդիր–Նախիջեւան» (ԿԻՆ) երկաթուղու կառուցման հարցը:

2010 թվականի մայիսին Ադրբեջանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ս.Մեմեդովը հայտարարեց. «Կարս–Իգդիր–Նախիջեւան երկաթուղին, որը կհանդիսանա Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու շարունակությունը, կապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար մարզի միջեւ հաղորդակցությունը: Նախիջեւանի տարածքում կկառուցվի 7 կիլոմետրանոց երկաթուղի, որը Թուրքիան կմիացնի ՆԻՀ-ին»: Մեմեդովը հուսով է, որ այն կկառուցվի ու շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս. «Հետագայում, երբ «կազատագրվեն օկուպացված տարածքները», կվերականգնվի Բաքու–Նախիջեւան երկաթուղու աշխատանքը եւ դրանով Նախիջեւանը կվերածվի տարածաշրջանի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկի»:

Հարկ է նշել, որ այժմ ՆԻՀ-ում գործում է միայն «Նախիջեւան– Թավրիզ» երկաթուղին: Եվ եթե ԿԻՆ երկաթուղին միացվի դրան, ապա 2009 թվականի օգոստոսի վերջից գործող «Իսլամաբադ–Թեհրան– Ստամբուլ» (ԻԹՍ) երկաթուղային ճանապարհը կկրճատվի 4 օրով (ներկայումս գնացքն այդ ճանապարհը հաղթահարում է 15 օրում):

ԲԹԿ-ի եւ ԿԻՆ-ի շահագործման հանձնելու պարագայում, երբ Թուրքիայի ու Նախիջեւանի միջեւ կապահովվի երկաթուղային հաղորդակցությունը, Հայաստանը կհայտնվի երկաթուղային օղակի մեջ: Նման պարագայում Հայաստանի համար առաջնահերթ է դառնում Իրան– Հայաստան երկաթուղու կառուցումը, որը նախնական հաշվարկներով կարող է տեւել 5 տարի եւ կարժենա 1.5-2 մլրդ դոլար:

2010 թվականի մայիսին Էրդողանը հայտարարեց, որ հունիսի 17-ից սկսվելու են կանոնավոր ավիաթռիչքները Թուրքիայի ու ՆԻՀ-ի միջեւ: «Հունիսի 17-ից մենք ձեռնամուխ կլինենք օդային փոխադրումներին, եւ մեծ է հավանականությունը, որ այդ արարողակարգին կմասնակցեն մեր արտգործնախարարները: TՖrk Hava Yollari (Թուրքական ավիաուղիներ) ընկերությունը շաբաթական երեք թռիչք կիրականացնի Ստամբուլից Նախիջեւան»:

2009 թվականի օգոստոսին Թուրքիան եւ ՆԻՀ-ը (Ադրբեջանը) ստորագրեցին «Իգդիր–Նախիջեւան» գազատարի կառուցման մասին պայմանագիրը: Այդ աշխատանքները թուրքական կողմից իրականացնելու է «BOTA՝» ընկերությունը, իսկ ադրբեջանական կողմից` Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը («SOCAR»): Թուրքական կողմից պայմանագիրը ստորագրել են Էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը եւ «BOTA՝»-ի գլխավոր տնօրեն Սալթուք Դյուզյոլը, ՆԻՀ-ի կողմից` վարչապետ Էլյովսեթ Բահշիեւը եւ «SOCAR»-ի տնօրեն Ռովնագ Աբդուլաեւը: Նախատեսվում է այս գազատարով տարեկան կես միլիարդ խորանարդ մետր բնական գազ ուղղել ՆԻՀ: Ադրբեջանական բնական գազն Իգդիրի վրայով կհասնի Նախիջեւան, ինչի արդյունքում «Իգդիր–Նախիջեւան» գազատարը կմիանա Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարին:

Այստեղ չպետք է մոռանալ, որ 2005 թվականի դեկտեմբերից ադրբեջանական գազը ՆԻՀ է հասնում Իրանի տարածքով: Փոխարենը, Ադրբեջանը սահմանամերձ Աստարա քաղաքի միջոցով գազ է հատկացնում Իրանի հյուսիսարեւելյան շրջաններին, որոնք հեռու են գտնվում իրանական հիմնական գազացանցերից:

Պետք է նշել, որ «Իգդիր–Նախիջեւան» գազամուղի կառուցումը տարօրինակ է այն առումով, որ կարծես թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ՆԻՀ-ը ներկայումս գազի խնդիր չունի: Դրա համար էլ «Իգդիր–Նախիջեւան» գազատարի կառուցումը պետք է դիտարկել տվյալ տարածաշրջանում թուրք-իրանական հակասությունների տեսանկյունից:

Թուրք-իրանական հակասությունները Նախիջեւանում

Թուրքիան ձգտում է ամեն գնով ընդդիմանալ ՆԻՀ-ում Իրանի ազդեցության մեծացմանը եւ նվազեցնել ՆԻՀ-ի տարանցիկ կախվածությունն Իրանից: Թուրքիան ակնհայտ զայրույթով է նայում Նախիջեւանում Իրանի ակտիվությանը` հենվելով 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի պայմանների վրա, ուր նա ճանաչվել է որպես Նախիջեւանի կարգավիճակի երաշխավոր: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ՆԻՀ-ը, ի տարբերություն Թուրքիայի հետ ունեցած փոքր սահմանին, Իրանի հետ ունի 200 կիլոմետրանոց սահման, ինչը քիչ ավելին է, քան Հայաստանի հետ սահմանը: ՆԻՀ-ի տարածքը վերածվել է թուրքական եւ իրանական հատուկ ծառայությունների պայքարի գոտու:

Իր հերթին, Իրանը լուրջ աշխատանքներ է տանում Նախիջեւանում` նպատակ հետապնդելով այն առավելագույնս կտրել Ադրբեջանից եւ Թուրքիայից: Իրանն իրականացնում է մշակութա-կրոնական ենթակառուցվածքների լայն զարգացում, կրթական ծրագրեր, պատրաստում է տեղական կադրեր, որոնք նվիրված են ոչ միայն շիական արժեքներին եւ գաղափարներին, այլեւ իրանական պետությանը: 2001 թվականին Իրանի եւ Նախիջեւանի ղեկավարությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Նախիջեւանի հեռուստատեսությունում պետք է պատրաստվեր պարսկերենով ծրագրերի փաթեթ, ինչը նշանակում է, որ Իրանը զարկ է տալիս Նախիջեւանում շիականության ու պարսկերենի տարածմանը: Բացի այդ, Իրանում տպագրվող շատ թերթեր մեծ տպաքանակով ցրվում են հիմնականում Շարուր եւ Սադարակ քաղաքներում:

«Իրան-Նախիջեւան» գազամուղի կառուցումը, Ջուլֆայում ազատ առեւտրային գոտու ստեղծումը, Նախիջեւանի բնակչության` Իրան ներթափանցման հեշտացումը, Իրանի տարածքում հազարավոր նախիջեւանցիների կրթություն եւ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը հանգեցնում են մարզի ինտեգրմանն Իրանին: 2005 թվականին Թուրքիան Իրանին առաջարկեց փակ համաձայնագիր կնքել Նախիջեւանում աշխատանքներ տանելու կանոնների մշակման ուղղությամբ, սակայն Իրանը կտրուկ մերժեց դա` ելնելով նրանից, որ Նախիջեւանը պատկանում է Ադրբեջանին:

Թուրքական կողմին հատկապես մտահոգում է Նախիջեւանում բնակվող քրդերին իրանական աջակցության հարցը: Այդ կապակցությամբ նա նշում է, որ Իրանն իր տարածքում բնակվող քրդական ցեղերին պլանաչափորեն բնակեցնում է Նախիջեւանին սահմանակից հյուսիսարեւմտյան շրջաններում: Թուրքիային (նաեւ Ադրբեջանին) անհանգստացնում է նաեւ վերջին տարիներին Նախիջեւանում աստիճանաբար մեծացող քրդերի թվաքանակը, քանի որ դրանք Իրանից Նախիջեւան, ապա նաեւ Թուրքիա են փոխադրում թմրանյութեր, ինչպես նաեւ զբաղվում են Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններով: Թուրքական կողմը դժգոհ է նաեւ նրանից, որ Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) համակրող անձանց կողմից Նախիջեւանի պետական համալսարանում անցկացվում են քրդերի պատմության դասընթացներ:

Փաստորեն, Թուրքիան եւ Իրանը Նախիջեւանը դիտարկում են ոչ թե որպես Ադրբեջանի մի մաս, այլ` որպես չեզոք կամ նրանից անջատ փակ գոտի, որը հավասարապես մոտ է ընկած այդ երկու երկրներին: Դրա պատճառն այն է, որ ներկայումս ձեւականորեն Նախիջեւանի երաշխավոր հանդիսացող Ադրբեջանի Հանրապետությունն իրական հնարավորություններ չունի վերահսկելու այդ տարածքը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր