• am
  • ru
  • en
Версия для печати
21.10.2010

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԶՍՊՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

EnglishРуский

   

Սերգեյ Մինասյան

Ս.Մինասյան` Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ, քաղաքագետ, պ.գ.թ.

Ներածություն

Հոդվածի նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման հնարավորության ուսումնասիրումն է այն պայմաններում, երբ հակամարտող կողմերից մեկը (Ադրբեջանը) հույս ունի վերազինել իր բանակը և ռազմական հարմար պահի ռևանշ վերցնել՝ հաշվի առնելով էներգառեսուրսների վաճառքից ստացված իր ֆինանսական միջոցները, իսկ նրան դիմակայող կողմերը (Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը) պատրաստ են շարունակել սպառազինությունների պերմանենտ ասիմետրիկ մրցավազքը1 չկարգավորված հակամարտության իրավիճակում։ Հիմնախնդիրը դիտարկվում է «զսպման տեսության» կիրառելիության (և հակամարտող կողմերի կիրառած «զսպման քաղաքականության» տեսքով դրա գործնական իրականացման) և ռազմաստրատեգիական հետազոտությունների ոլորտում առկա համաշխարհային փորձի հաշվառմամբ։

Մեր խնդիրը չէ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների լիածավալ վերականգնման պարագայում հնարավոր զարգացումների ռազմատեխնիկական և ռազմաստրատեգիական համալիր վերլուծությունը։ Հոդվածն ընդամենը փորձ է վերլուծելու հակամարտողների մոտ առկա զսպման պոտենցիալի և հակառակորդին «սարսափեցնելու» հնարավորությունների կիրառման իրատեսությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները չվերսկսելու համար։

Զսպման տեսության էությունը

Ռազմաստրատեգիական հետազոտությունների շրջանակներում դեռ Սառը պատերազմի տարիներին մշակված և վերջին տասնամյակներին միջազգային ու տարածաշրջանային անվտանգության պահպանման փորձով ապացուցված քաղաքագիտական տեսությունների համաձայն՝ «զպում» ասելով հասկանում են մի կողմի հանդեպ (որը, սովորաբար, իր ուժային պոտենցիալի առումով թվաքանակով զիջում է մյուս կողմին) մյուսի անցանկալի ռազմաքաղաքական գործողությունների կանխումը նրան անուղղելի վնաս հասցնելու սպառնալիքի օգնությամբ։ Զսպումը ենթադրում է ռազմական, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, հոգեբանական և այլ միջոցների ամբողջություն՝ ուղղված այն բանին, որ պոտենցիալ հակառակորդին համոզեն ռազմական մեթոդներով իր նպատակներին հասնելու անհնարինության մեջ։

Հարկ է հաշվի առնել, որ անգլիալեզու քաղաքագիտական գրականության մեջ զսպումը երկու տերմին ունի՝ containment և deterrence, որոնք տարբերվում են իրենց քաղաքագիտական և ռազմաստրատեգիական իմաստով։ Containment եզրը (որը վերագրվում է Սառը պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան քաղաքագիտության և դիվանագիտության դասական Ջ.Քենանին) կիրառվել է որպես հակառակորդին դիմակայելուն ուղղված քաղաքական-տնտեսական քայլեր՝ իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս, ինչպես, օրինակ, Խորհրդային Միության զսպումը և կոմունիստական գաղափարախոսության տարածմանը դիմակայելն ԱՄՆ-ի կողմից։ Այն դեպքում, երբ deterrence-ը (որը լեզվաբանորեն ավելի ճիշտ է թարգմանել որպես «սարսափեցում»), որն ամերիկյան քաղաքագիտության մեջ տարածում է ստացել 1960-ականների սկզբից և ԱՄՆ ռազմավարական պլանավորման պրակտիկա մտել պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարայի օրոք, ենթադրում է «հակառակորդի զսպում սարսափեցման» և նրան անպայման հատուցելու և անուղղելի վնաս պատճառելու նախազգուշացման ճանապարհով և հետագայում կիրառվում է հիմնականում ռազմաստրատեգիական ոլորտի նկատմամբ2։

Սառը պատերազմի և գերտերությունների երկբևեռ դիմակայության շրջանում խոսքը վերաբերում էր միջուկային զենքի պոտենցիալի զսպմանը։ Իսկ այս պարագայում խոսքը սովորական (կոնվենցիոնալ) սպառազինությունների զսպման մասին է։ Վերջին տարիների ռազմատեսական աշխատություններում զսպման նման ձևն ընդունված է անվանել «ոչմիջուկային» կամ «կոնվենցիոնալ» զսպում։ Ոչմիջուկային զսպումը ենթադրում է պատրաստ լինել իրականացնելու ոչմիջուկային միջոցներով «պոտենցիալ ագրեսոր պետությունների կենսականորեն կարևոր շահերին ու օբյեկտներին վնաս հասցնելու» սպառնալիքը3։ Ոչմիջուկային զսպումը հնարավոր և արդյունավետ դարձավ միայն վերջին ժամանակներս, երբ սովորական սպառազինությունների ճշգրտության և հարվածող հզորության մեծացմանը զուգընթաց՝ շատ պետությունների տեխնոլոգիական զարգացումը «հասավ այնպիսի մեծությունների, երբ ենթակառուցվածքի, հաղորդակցությունների, կառավարման համակարգերի առանձին տարրերի խափանումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչն ի վիճակի է պետության զարգացումը հետ շպրտել շատ տարիներ»4։

Մեր հոդվածում դիտարկում ենք միայն այն հնարավորությունը, թե որքանով կարող են կողմերից մեկի՝ մյուսին անընդունելի վնաս հասցնելու պոտենցիալ կարողությունները զսպել դիմակայողի՝ մարտական գործողություններ սկսելու գայթակղությունը։ Զսպումն «աշխատում» է միայն այն ժամանակ, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության պատկերացումներում կա այն գիտակցությունը, որ հակառակորդի ուժային պոտենցիալը կարող է անդառնալի կորուստներ պատճառել մարտական գործողությունների վերականգնման պարագայում։ Ուստի, առաջին հերթին անհրաժեշտ է վերլուծել կողմերի՝ խոցելի և նշանակալի օբյեկտներին հեռահար՝ «դիստանցիոն» հարված հասցնելու ռազմատեխնիկական հնարավորությունները;

Հարկավոր է նկատի ունենալ, որ ինչպես և Սառը պատերազմի ժամանակ ամերիկյան ու խորհրդային փորձագետների կողմից միջուկային զսպման պլանավորման դեպքում, կոնվենցիոնալ զսպման հիմնական նպատակները նույնպես ոչ այնքան հակառակորդի զինված ուժերն ու ռազմական օբյեկտներն են, որքան խոշոր բնակավայրերը, արդյունաբերական ձեռնարկությունները և ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Զսպումը կամ հակառակորդի «սարսափեցումը» առաջին հերթին քաղաքական հասկացություն է, այլ ոչ թե ռազմատեխնիկական։ «Զսպման» միջոցով «սարսափեցման» իմաստն այն է, որ հակառակորդին թույլ չտրվի իրականացնել քաղաքական ակտ (Կլաուզևիցի քրեստոմատիական սահմանմանը լրիվ համապատասխան), այն է՝ ռազմական գործողություններ սկսել։ Հետևաբար, զսպման նպատակը պետք է լինեն հակառակորդի առավել զգայուն օբյեկտները՝ նրա ռազմաքաղաքական ղեկավարությունը, խոշոր բնակավայրերը, մայրաքաղաքը և կարևոր արդյունաբերական ձեռնարկություններն ու ենթակառուցվածքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի դեպքում գերակա քաղաքական նշանակություն կարող է ունենալ առաջին հերթին պոտենցիալ նպատակների երկու կարգ՝ խոշոր քաղաքները և մայրաքաղաքը, ինչպես նաև արդյունահանման և էներգառեսուրսների մշակման օբյեկտներն ու դրանց տեղափոխման ուղիներն ուղեկից ենթակառուցվածքով։

Ադրբեջանական քաղաքական վերնախավի և հանրության պատկերացումներում Ադրբեջանի ողջ քաղաքական, տնտեսական, ֆինանսական և նույնիսկ հոգեբանական ուժը և երկրի տեղը տարածաշրջանային քաղաքականության մեջ գտնվում են առաջին հերթին նավթային արդյունաբերության գործառնության մեջ։ Ուստի, եթե նույնիսկ հարյուր տոկոսով էլ չոչնչացվեն նավթարդյունաբերության օբյեկտներն ու ենթակառուցվածքը, Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների նախաձեռնման պարագայում դա կունենա ոչ միայն էական ֆինանսատնտեսական և հոգեբանական նշանակություն այդ երկրի համար, այլև երկար ժամանակով կնվազեցնի այդ երկրի առաջնային լինելն աշխարհաքաղաքական արտաքին դերակատարների գերակայություններում։ Ակնհայտ է նաև, որ մարտական գործողությունների վերսկսման և ադրբեջանական նավթարդյունաբերական ենթակառուցվածքի շատ օբյեկտների վերացման դեպքում հետագայում շատ տարիներ արտասահմանյան ընկերությունները հազիվ թե համարձակվեն վերականգնել դրանք և հետագա ներդրումներ անել Ադրբեջանի էներգետիկ նախագծերում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ սեփական քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր կորուստների նկատմամբ զգայունությանը, ապա այս գործոնը դժվար է գնահատել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ռացիոնալության աստիճանի անորոշության և այն պատճառով, որ հստակ չէ, թե որքանով է այդ գործոնն արժեքավոր Ադրբեջանի ներկա քաղաքական վերնախավի գերակայությունների թվում։

Զսպման ռազմատեխնիկական պոտենցիալը ղարաբաղյան հակամարտությունում

Սպառազինությունների շարունակվող տարածաշրջանային մրցավազքի արդյունքում ղարաբաղյան հակամարտության կողմերի ռազմական զինանոցները համեմատելի չեն 1990-ական թթ. կեսերի ռազմական գործողությունների շրջանի հետ։ Սակայն ելնելով հոդվածի թեմատիկայից՝ մենք դիտարկում ենք միայն սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) այն տեսակները, որոնք կարող են գործնական նշանակություն ունենալ որպես զսպման քաղաքականության իրականացման ուժային «գործիքներ», այսինքն՝ կարող են հասցնել արդյունավետ «հակարժեքային» հարվածներ խոցելի օբյեկտներին հակառակորդի տարածքի խորքում, որոնց ոչնչացումը կամ կամ դրանց լուրջ վնաս հասցնելը (ինչպես նաև դրան ուղեկից զգալի մարդկային և նյութական կորուստները) հակառակորդի համար կարող է կտրական նշանակություն ունենալ և զսպել նրան մարտական գործողություններ սանձազերծելուց։

Այլ խոսքերով՝ զսպման պոտենցիալ (որն ի վիճակի է «հակարժեքային» հարված հասցնել՝ ուղղված քաղաքական-հոգեբանական խնդիրների լուծմանը, այսինքն՝ սպառնալիք է ներկայացնում կարևոր արժեք ունեցող օբյեկտների՝ խոշոր բնակավայրերի, մայրաքաղաքի և կարևոր արդյունաբերական օբյեկտների համար) են համարվում ՍՌՏ տեսակները, որոնց կիրառումը կարող է էական քաղաքական և ռազմավարական նշանակություն ունենալ և ազդել հակառակորդի քաղաքական ղեկավարության վճռականության վրա, ներգործել նրա բնակչության կամքի վրա ռազմական գործողությունները շարունակելու գործում և ստեղծել լուրջ խոչընդոտներ երկրի հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ խոսքը կողմերի՝ «հակարժեքային» հարվածներ հասցնելու տեխնիկական կարողության և ոչ թե դրանց հենց կիրառման մասին է, քանի որ լիածավալ մարտական գործողություններ սկսելը նշանակում է զսպման քաղաքականության ձախողում, և իրավիճակի հետագա ռազմաստրատեգիական վերլուծությունը գործնական նշանակություն կունենա միայն կողմերի՝ մարտական գործողություններում հաղթելու հնարավորությունների տեսանկյունից, ինչը նույնպես այս հոդվածի նպատակների մեջ չի մտնում։

Ղարաբաղյան հակամարտության առումով ՍՌՏ նշված տեսակներ կարող են համարվել տակտիկական և օպերատիվ-տակտիկական հրթիռները (ՕՏՀ), խոշոր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), հարվածային ավիացիան, իսկ առանձին դեպքերում (եթե դաշտային հրետանու գործողության գոտում են հայտնվում նաև խոշոր բնակավայրեր և կարևոր արդյունաբերական կամ էներգետիկ օբյեկտներ)՝ նաև 152 մմ և ավելի տրամաչափի փողով հրետանին և միջին տրամաչափի ՀԿՌՀ-ն։ Ընդգծենք նաև, որ ադրբեջանական բանակի զսպման հնարավոր պոտենցիալի ստորև արվող վերլուծությունը ներկայացնում ենք այն պատճառով, որ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքը բխում է բացառապես այն կողմից, որը պատրաստվում է ռևանշի։ Հետևաբար, մենք առաջին հերթին դիտարկում ենք Ադրբեջանի զսպման հնարավորությունը Հայաստանի ուժային միջոցների օգնությամբ, այլ ոչ թե հակառակը։

Այս դասակարգման տակ ընկնող սպառազինությունների համակարգերը, օրինակ՝ ՀԿՌՀ 9А52-ը, «Սմերչը»5 և «Lynx»6-ը՝ ադրբեջանցիների և WM-807-ը հայերի մոտ, խոցող զգալի պոտենցիալ ունեն, այդ թվում և հրապարակային նպատակներին, խոշոր բնակավայրերին, ենթակառուցվածքի և հաղորդակցային օբյեկտներին խփելիս։ Համանման քաղաքական-հոգեբանական և ռազմական նշանակություն կարող է ունենալ նաև կողմերի՝ օպերատիվ-տակտիկական և տակտիկական հրթիռների համալիրներ օգտագործելը. 9К72 «Էլբրուսը» (որն ավելի հայտնի է որպես “Scud-B”) հայերի և 9К79-1 «Точка-У»-ն ադրբեջանցիների կողմից։ Մեծ է հավանականությունը, որ մարտական գործողությունների վերսկսման դեպքում մարտերի առաջին իսկ օրերին հակամարտող կողմերի զինված ուժերի և խաղաղ բնակչության կորուստները կկազմեն ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ։ Քանի որ դա ավելի շուտ ոչ թե բլիցկրիգ կլինի, այլ երկարատև կամպանիա, կորուստների թիվը կարող է հսկայական թվերի հասնել։

Ընդ որում, բավական լուրջ ասիմետրիա կա կողմերի «հակարժեքային» կարողությունների և հակառակորդի պատասխան հարվածներից նրանց սեփական խոցելիության միջև։ Ռազմատեխնիկական տեսակետից դա դրսևորվում է նրանում, որ թեև ադրբեջանական բանակի սպառազինությունների մեջ ավելի շատ խոշոր տրամաչափի ՀԿՌՀ կա (ինչպես նաև հարվածային ինքնաթիռներ), Ադրբեջանն ավելի խոցելի է հայկական զորքերի պատասխան հրթիռահրետանային հարվածների առջև առաջին հերթին այնտեղի նավթագազային համալիրի օբյեկտների պատճառով, որը կազմում է ադրբեջանական արդյունաբերության մոտավորապես 70%-ը։ Բացի այդ, հայկական ուժերի սպառազինության մեջ գտնվող ՕՏՀ և խոշոր տրամաչափի ՀԿՌՀ գործողության շառավիղը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքը հնարավորություն են տալիս հարվածել Ադրբեջանի առավել խոշոր քաղաքներին ու արդյունաբերական կենտրոններին, այդ թվում և մայրաքաղաքին։

Դրանով իսկ հայկական ուժերի զսպման պոտենցիալը կարող է էական վնաս հասցնել Ադրբեջանի տարածքի խորքում գտնվող արդյունաբերական, ենթակառուցվածքային և հաղորդակցային օբյեկտներին, ինչը երկարատև հեռանկարում բացասաբար կանդրադառնա նրա տնտեսական ու քաղաքական զարգացման վրա։ Ինչպես արդեն նշել ենք, հայկական բանակն ունի չինական արտադրության ՀԿՌՀ WM-80, ինչպես նաև 9К72 «Էլբրուս» (ՆԱՏՕ-ական որակմամբ՝ “Scud-B”) օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, որի կազմում 8 հատ 9П117М կայանք և նվազագույնը Р-178 32 հրթիռ, որոնք Հայաստանին են հանձնվել 7-րդ գվարդիական բանակի 176-րդ հրթիռային բրիգադի կազմից՝ 1990-ական թթ. կեսերին խորհրդային ռազմական գույքի բաժանման շրջանակներում։ Հոդվածը գրելու պահին (2010թ. օգոստոս) ադրբեջանական բանակը ՀՕՊ (առավել ևս՝ տակտիկական ՀՕՊ) միջոցներ չուներ, որոնք կկարողանային չեզոքացնել տվյալ հրթիռները, եթե հայկական կողմը հարվածեր Ադրբեջանի տարածքի խորքի թիրախներին։

Ավելին, ղարաբաղյան բանակի նույնիսկ փողային հրետանու և միջին տրամաչափի ՀԿՌՀ-ի հրետակոծության գոտում են հայտնվում հոծ բնակչությամբ ադրբեջանական բազմաթիվ շրջաններ ու հարյուր հազարավոր բնակչություն ունեցող խոշոր քաղաքներ։ Ավելի կոնկրետ, խոսքը կարող է վերաբերել Գյանջային, Խանլարին, Մինգեչաուրին, Եվլախին, Բարդային, Աղջաբեդին և մի շարք այլ քաղաքների ու դրանց հարակից գյուղերի ու ավանների։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայկական ՌՕՈւ մարտական հնարավորությունները թույլ չեն տալիս իրականացնել արդյունավետ հրթիռառումբային հարվածներ ադրբեջանական տարածքի խորքում։

Իր հերթին, թեև Ադրբեջանը հեռահար խոցման միջոցների ավելի բազմազան «զինանոց» ունի, այնուամենայնիվ, «հակարժեքային» հարվածներ հասցնելու նրա հնարավորություններն ավելի պակաս են, քան հայկական կողմինը։ Բնականաբար, դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, քանի որ ադրբեջանական բանակի նույնիսկ դաշտային հրետանին կարող է հրթիռահրետանային հարվածներ հասցնել նրա գրեթե ողջ տարածքով։ Սակայն Լեռնային Ղարաբաղում չկան ռազմավարական առումով կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ պատերազմի հնարավորությամբ Ղարաբաղին «սարսափեցնելու» ադրբեջանական պոտենցիալը գրեթե լրիվ սպառված է։ Եթե ղարաբաղյան կողմը նույնիսկ պատերազմի վերսկսման ուղղակի սպառնալիքի տակ չի գնում միակողմանի զիջումների արդեն գրեթե երկու տասնամյակ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» և ադրբեջանական ղեկավարության պերմանենտ ռևանշիստական հայտարարությունների շարունակվող իրավիճակի ֆոնին, դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի «հակարժեքային» պոտենցիալի քաղաքական ռեսուրսն արդյունավետ չէ Լեռնային Ղարաբաղի դեմ։

Այսպիսով, «հակարժեքային» նշանակություն կարող են ունենալ միայն ադրբեջանական բանակի հարվածները կարևոր արդյունաբերական կենտրոնների, խոշոր քաղաքների և Հայաստանի մայրաքաղաքի դեմ։ Իրենց բնութագրերով ադրբեջանական 9К79-1 «Точка-У»9 տակտիկական հրթիռային համալիրները տեսականորեն կարող են հասնել Երևանին և Արարատյան դաշտավայրի խոշոր արդյունաբերական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև խոշոր քաղաքներին։ Սակայն կան դրանց հաջող կիրառման հետ կապված ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ քաղաքական բնույթի լուրջ խնդիրներ։ Տակտիկական հրթիռային համալիրները կարող են խփվել տարբեր մոդիֆիկացիաների С-300 համակարգերով, որոնք հայկական բանակն ունի, ինչպես նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների կողմից (2010թ. օգոստոսի դրությամբ՝ Հայաստանի ՀՕՊ С-300ПC ՀՌՀ երկու դիվիզիոն և ռուսական С-300В ՀՌՀ երկու դիվիզիոն)։ Նույն կերպ կարող է չեզոքացվել նաև ադրբեջանական ՌՕՈւ հարվածային ավիացիան Հայաստանի խորքում թիրախների դեմ կիրառելու փորձը՝ հաշվի առնելով հայկական ՀՕՊ ընդհանուր մարտական պոտենցիալը զենիթային միջոցների և Миг-29 կործանիչ-հակագրոհայինների էսկադրիլիայի ու 102-րդ ռուսական ռազմակայանի հետ միասին։

ՀԿՌՀ 9А52 «Սմերչը» կարող է հասնել Հայաստանի առավել խոշոր քաղաքներին Գեդաբեկի սահմանամերձ և մասամբ Ադրբեջանի Ղազախի շրջաններից։ Ընդ որում, հաշվի առնելով 9К55 հրթիռներով խոցելու առավելագույն հեռավորությունը՝ կարևոր թիրախներին հարվածելու համար «Սմերչ» համակարգերը պետք է տեղակայված լինեն անմիջապես Հայաստանի սահմանին մոտ, ինչը կարող է դրանք խոցելի դարձնել հայկական հրետանու հակամարտկոցային կրակի առջև։ Սակայն տեխնիկապես նշված ՀԿՌՀ հարվածներին կարելի է դիմակայել միայն մինչև գործարկային կայանքի գործադրումը։ Իսրայելական “Lynx” համակարգերն («Extra» հրթիռներով) ընդհանուր առմամբ նույն ցուցանիշներն ունեն, ինչ և «Սմերչը», սակայն դրանց կրակելու հեռահարությունը և ճշգրտությունն ավելի մեծ են։ Բարձր կրակային հզորությունը և շարժական լինելը, ինչպես նաև կարճ ժամանակում հրթիռների գործարկման հնարավորությունը ՀԿՌՀ այս տեսակը լուրջ գործոն են դարձնում ադրբեջանական բանակի ուժային պոտենցիալը վերլուծելիս։

Ադրբեջանն ավելի արդյունավետ կարող է կիրառել խոշոր տրամաչափի ՀԿՌՀ-ն (ինչպես և «Точка-У» հրթիռային համալիրները) Հայաստանի մայրաքաղաքի արվարձանների և Արարատյան դաշտավայրի խոշոր քաղաքների դեմ Նախիջևանի կողմից, սակայն այստեղ արդեն ուժի մեջ են մտնում քաղաքական սահմանափակումները կամ, այլ խոսքերով՝ աճում է այդ գործողությունների քաղաքական գինը, քանի որ դա լեգիտիմացնում է հայկական բանակի պատասխան հարվածը Նախիջևանին։ Բայց գլխավորն այն է, որ Հայաստանի տարածքի դեմ ցանկացած հարված, լինի Նախիջևանի կամ «մայրցամաքային» Ադրբեջանի կողմից, կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի ուժի մեջ մտնեն Հայաստանին անմիջական ռազմական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի և ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները։ Քանի որ, ելնելով քաղաքական հանգամանքներից, Ադրբեջանը շահագրգռված չէ մարտական գործողություններին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, Բաքվի համար կենսականորեն կարևոր է, որ մարտական գործողությունները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով։ Եվ հակառակը, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը որոշ աստիճանով նույնիսկ կարող է շահագրգռված լինել ադրբեջանական տարածքից հրթիռահրետանային հարվածների փոխանակմամբ, որպեսզի ձևական պատրվակ ստեղծվի ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից անվտանգության և ռազմական օգնության երաշխիքներն ուժի մեջ մտնելու համար։

Այսպիսով, և՛ կողմերի ռազմատեխնիկական պոտենցիալի վերլուծության, և՛ ավելի բարձր ռազմաքաղաքական մակարդակում կրկին ի հայտ են գալիս ղարաբաղյան հակամարտությունում զսպման քաղաքականության գործունությունը և ասիմետրիկությունը։ Չնայած Ադրբեջանը հեռահար խոցման հրթիռային միջոցների ավելի մեծ զինանոց ունի, այն փաստորեն մեր դիտարկած իրավիճակում ավելի խոցելի է ինչպես ռազմատեխնիկական (իր կարևոր օբյեկտների դեմ հրթիռային «հակարժեքային» հարվածների համար), այնպես էլ քաղաքական (ելնելով պատասխան հարվածի սահմանափակումներից, որն Ադրբեջանի համար կունենա ռազմաստրատեգիական բնույթի ավելի մեծ ծախքեր՝ կապված Հայաստանի և Ղարաբաղի կողմում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ներգրավման հետ) տեսակետից։

Վերջաբանի փոխարեն. որքանով է գործուն զսպման քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտությունում

Այսպիսով, սպառազինությունների ասիմետրիկ մրցավազքը ղարաբաղյան հակամարտությունում ընդամենը բարձրացնում է մարտական գործողությունների վերսկսման շեմն ու նվազեցնում դրա հավանականությունը։ Դա, իհարկե, լրիվ չի երաշխավորում, որ մարտական գործողությունները չեն վերսկսվի, բայց լուրջ սահմանափակիչներ է ստեղծում։ Քանի դեռ ռազմական հակամարտության կողմերից մեկը բավարարված չէ դրա արդյունքներով, պատերազմի վերսկսման և ռևանշի փորձերի պերմանենտ վտանգը դեռ երկար կպահպանվի։ Բայց կայունությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կպահպանի արդեն ստեղծվող նոր հավասարակշռությունը. այն կարելի է անվանել «սպառնալիքների հավասարակշռություն» (Ս.Ուոլթի եզրաբանությամբ), որը կստիպի կողմերին դեռ երկար պահել փուխր և անկայուն խաղաղությունը։

Ինչպես նշել է անգլիացի ռազմական տեսաբան և պատմաբան Բեզիլ Լիդլ-Հարթը, «ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է, ավելի լավը, քան մինչ պատերազմն էր (գոնե ձեր տեսակետից)»10։ Այն պայմաններում, երբ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը հաստատ կիմանա, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ցանկացած ելքի պարագայում կկորցնի տասնյակ հազարավոր մարդիկ և հսկայական նյութական ծախսեր կկրի, նրա համար շատ ավելի բարդ կլինի վերսկսել պատերազմը։ Պատերազմի արդյունքներով ավելի լավ խաղաղություն, քան պատերազմից առաջ էր, ստանալու Ադրբեջանի շանսերը մեծ չեն։ Ինչպես գրում է Լիդլ-Հարթը, «Հաղթանակն իր իսկական նշանակությամբ ենթադրում է, որ խաղաղության հետպատերազմյան կառուցվածքը և ժողովրդի նյութական վիճակը պետք է ավելի լավ լինեն, քան մինչև պատերազմը։ Նման հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ձեռք կբերվի արագ արդյունք կամ եթե երկարատև ջանքերը խնայողաբար կծախսվեն երկրի ռեսուրսներին համապատասխան։ Նպատակը պետք է համապատասխանի միջոցներին»11։

Ղարաբաղյան հակամարտությունում կոնվենցիոնալ զսպման համալիր առանձնահատկությունն այն է, որ այն բաղկացած է ինչպես զուտ ռազմատեխնիկական (հայկական կողմերի՝ «հակարժեքային» հարվածներ հասցնելու կարողությունները), այնպես էլ քաղաքական (ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից երաշխիքները) տարրերից։ Զսպման այս համակարգին լրացուցիչ կառուցիկություն է տալիս նաև միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, որը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման դեմ և որը Բաքվին մի ինչ-որ «աշխարհաքաղաքական ճոճանակի» և արևմտյան երկրների կողմից աջակցության հույս չի տալիս Հայաստանին ռուսական ռազմական օգնության ցուցաբերման պարագայում։ Հատկանշական է, որ Հայաստանի և Ղարաբաղի կոնվենցիոնալ զսպման քաղաքական բաղադրիչն իր դերը կխաղա, եթե նույնիսկ ձեռք չբերվի զսպման հայկական քաղաքականության հռչակած նպատակը, այն է՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծի։ Զսպման տեսության ռազմավարական հնարավորությունները վճռական նշանակություն կունենան, անգամ եթե այն չկատարի իր հիմնական խնդիրը. չէ՞ որ Ռուսաստանի ներգրավումը մարտական գործողություններին Ադրբեջանին կզրկի Ղարաբաղում հաղթական բլիցկրիգի հույսից։

Բնականաբար, զսպումը, ինչպես և ցանկացած ռազմաստրատեգիական տեսություն, և գործնականում իրականացվող քաղաքականությունը, ունի իր բացերն ու խոցելի կողմերը։ Զսպման քաղաքականությունը չի կարող ստատիկ լինել և պետք է մշտապես զարգանա՝ այժմեական մնալու, հավանական հակառակորդին իսկապես «զսպելու», նրան հնարավոր կորուստներով սարսափեցնելու և մարտական գործողությունների վերսկսման գաղափարից հրաժարվել տալու համար։ Զսպման արդյունավետության վրա կարող են ազդել ռազմական հավասարակշռության (հակառակորդը ձեռք կբերի ՍՌՏ նոր տեսակներ, որոնք կկարողանան չեզոքացնել հայկական կողմի ունեցած «հատուցման զենքը»), քաղաքական որոշումներ կայացնող առաջնորդի ռացիոնալության աստիճանի (երբ ցանկացած գնով մարտական գործողությունների վերսկսումը կարող է իշխանությունը պահելու նրա վերջին հույսը լինել), աշխարհաքաղաքական համատեքստի (տարածաշրջանային քաղաքականությունում արտաքին դերակատարների ներգրավման) և այլ փոփոխությունները։

Օրինակ, ադրբեջանական բանակի զինանոցում զենիթահրթիռային С-30012 համակարգերի հնարավոր հայտնվելը կարող է զգալիորեն դժվարացնել հայկական զորքերի կողմից օպերատիվ-տակտիկական հրթիռային 9К72 համալիրների կիրառությունը Ադրբեջանի մայրաքաղաքին և նրա տարածքի խորքում կարևոր թիրախներին հարվածելու գործը։ Դա կարող է ադրբեջանական ղեկավարության մեջ այն տպավորությունը ստեղծել, թե հայկական զսպման «հակարժեքային» պոտենցիալի նվազումը կթուլացնի Բաքվի՝ մարտական գործողությունների վերսկսման ծախքերը, կմեղմացնի հանրային դժգոհությունը նյութական և մարդկային կարուստներից, կհանդարտեցնի արևմտյան ընկերությունների մտահոգությունն իրականացվող էներգետիկ նախագծերի ճակատագրի հետ կապված։

Սակայն, ինչպես հայտնի է, ցանկացած քաղաքական գործողություն հակազդեցություն է ծնում. հայկական կողմի զսպման պոտենցիալի վերականգնման պատասխան քայլ կարող է ծառայել իր զինանոցում տարբեր մոդելների տակտիկական և օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ (որոնց զանգվածային կիրառման հաշվին կարելի կլինի հաղթահարել Բաքվի և նավթարդյունաբերության ու ենթակառուցվածքի օբյեկտների վրա հնարավոր «զենիթային հովանոցը») և «Սմերչի» տիպի խոշոր տրամաչափի նոր ՀԿՌՀ-ներ կամ դրանց արևմտյան տարբերակներն ունենալը (որոնց հակազդելը հակառակորդի զենիթային միջոցներով տեխնիկապես շատ դժվար է)։ Կողմերի գործողությունների և հակագործողությունների տարբերակները կարող են փոփոխվել, և սպառազինությունների ասիմետրիկ մրցավազքը կարող է շարունակվել տասնամյակներ, ինչը տեսնում ենք ղարաբաղյան հակամարտության պարագայում արդեն 1990-ական թթ. կեսից։

Սկզբունքորեն, զսպման տեսությունն արդեն իսկ արդյունավետորեն իրականացվում է ղարաբաղյան հակամարտությունում գրեթե երկու տասնամյակ։ 1994թ. մայիսից պահպանվող շփման գծում տեղի են ունենում միայն դիպուկահարների էպիզոդիկ կրակոցներ և հետախուզական-դիվերսիոն խմբերի գործողություններ՝ առավելագույնը խոշոր տրամաչափի հրազենի և ականանետերի կիրառմամբ, որոնք, այնուամենայնիվ, չեն հանգեցնում հրետանային հարվածների փոխանակման կամ ղարաբաղյան կամ ադրբեջանական զորքերի խոշոր ստորաբաժանումների գործողությունների։ Զսպման տեսության երկարատև գործունությունը ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես ցույց է տալիս մեր վերլուծությունը, հետագայում արդեն կախված կլինի ոչ միայն ռազմատեխնիկական բաղադրիչից, այլև ռազմաստրատեգիական, քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական բազմամակարդակ տարրերից։

Հետևաբար, արդյունավետ իրականացման պարագայում զսպման քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտությունում կարող է պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար։ Ինչպես նշել է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը, գնահատելով իսրայելական քաղաքականության հնարավորությունները երկարատև կոնվենցիոնալ զսպման համանման օրինակը վերլուծելիս, Իսրայել պետության գրեթե կեսդարյա գոյությունից հետո, «որքան ավելի երկար Իսրայելը հաջող զսպի արաբական լիդերին կամ կոալիցիան՝ պատերազմ սանձազերծելուց, այնքան ավելի լավ կլինեն խաղաղության պահպանման երկարատև հեռանկարները»13։

1Սպառազինությունների ասիմետրիկ մրցավազք ասելով սույն պարագայում հասկանում են ռազմատեխնիկական միջոցների համակարգ՝ ուղղված կողմերից մեկի ռազմական հավասարակշռության պահպանմանը՝ «հակազդեցության զենքի» ձեռքբերման միջոցով (օրինակ, ի պատասխան Ադրբեջանի կողմից մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ կամ զրահատեխնիկա գնելուն՝ հայկական կողմը սպառազինության է վերցնում ավելի խնայողական ՀՕՊ կամ ՀՏԿՀ (հակատանկային կառավարվող հրթիռ) համակարգերը)։ Սպառազինությունների ասիմետրիկ մրցավազքի ռազմաքաղաքական չափումը մի կողմի կարողությունն է՝ պահել և կոմպենսացնել ռազմական հավասարակշռությունն ի հաշիվ դաշնակից երկրի կողմից սպառազինությունների արտոնյալ մատակարարման կամ համագործակցության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։

2Մանրամասն տե՛ս «Военная сила в международных отношениях», Дипломатическая Академия МИД России, М., 2009.

3В.М. Буренок, О.Б. Ачасов, «Неядерное сдерживание», Военная мысль, №12, 2007, с. 12.

4Նույն տեղում։

52004-2005թթ. Ադրբեջանն Ուկրաինայից գնել է ՀԿՌՀ 9А52 «Սմերչի» 12 գործարկային կայանք (ԳԿ) և նվազագույնը դրանց 9М55К 144 հրթիռ։ «Սմերչ» համակարգերը գործողության 70-90 կմ շառավիղ ունեն (կախված հրթիռի տեսակից), սակայն Ուկրաինայում միայն կասետա-բեկորա-ֆուգասային 9М55К հրթիռներ կային՝ գործողության 70 կմ շառավղով, որոնք մնացել էին նախկին խորհրդային բանակի ՍՌՏ-ն բաժանելուց հետո։

62006-2009թթ. Ադրբեջանն Իսրայելից գնել է “Lynx” ՀԿՌՀ 6 ԳԿ։ Այս համակարգերը երեք տիպի հրթիռներից (122 մմ-անոց «Գրադ», 160 մմ-անոց LAR և 300 մմ-անոց “Extra”) կրակելու և բավական ճշգրիտ խոցելու հնարավորություն ունեն։ 300 մմ-անոց “Extra”-ի հայտարարված հեռահարությունը 150 կմ է։ Գնվել է նաև 50 հատ 300 մմ-անոց “Extra” հրթիռ, սակայն դրանց հաջող ուսումնավարժանքային կիրառման մասին տվյալներ չկան։ Հատկանշական է, որ 2009թ. գարնանը Ղազախստանի կողմից 300 մմ-անոց հրթիռներով ՀԿՌՀ (անունը՝ «Նայզա») և այլ ՍՌՏ գնելու հետ կապված՝ սկանդալ բռնկվեց և ձերբակալվեցին այդ երկրի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պարզվեց, որ իսրայելական Israel Military Industries և Soltam Systems LTD ընկերությունների արտադրած ՀԿՌՀ-ները և հրետանային համակարգերը ուսումնավարժանքների ժամանակ կոնստրուկտիվ և տեխնոլոգիական էական թերություններ դրսևորեցին։ Մանրամասն տե՛ս А.Коновалов, Т.Кучуков, «Вызвал огонь на себя», Время, 14.04.2009 (http://www.time.kz/index.php?newsid=9969); Сделка с казахами заморожена – израильский производитель военной техники увольняет работников, http://izrus.co.il/dvuhstoronka/article/2009-03-30/4159.html, 03.30.2009.

7Չինական արտադրության 273 մմ-անոց ՀԿՌՀ WM-80-ի 8 ԳԿ-ները (գործողության առավելագույն շառավղով, կախված հրթիռի տեսակից, 80-120 կմ) Հայաստանը գնեց 1990-ական թթ. վերջին և 2000-ի սկզբին։ Հետագայում ԶԼՄ-ում տեղեկատվություն հայտնվեց հայկական կողմից արդիականացված հրթիռների լրացուցիչ քանակության գնման մասին։

8Р-17 հրթիռներն ունեն 300 կմ հեռավորությամբ խոցելու հնարավորություն՝ հնարավոր շրջանային շեղմամբ, մինչև 0,6 կմ մեծ հեռավորության վրա կրակելու պարագայում։

92008թ. Ադրբեջանն Ուկրաինայից գնել է տակտիկական հրթիռային 9К79-1 «Точка-У» համալիրի 3 ԳԿ (կրակելու առավելագույն հեռավորությունը՝ մինչև 120 կմ)։ Հնարավոր է, որ հետագա տարիներին Ադրբեջանին մատակարարվել են նաև այդ հրթիռային համակարգերի լրացուցիչ գործարկային կայանքներ։

10Б. Лиддел-Гарт, «Стратегия непрямых действий» (Энциклопедия военного искусства). М. – СПб., 1999, с. 403.

11Նույն տեղում, с. 408.

122010թ. ամռանը ռուսական ԶԼՄ-ում ի հայտ եկան տեղեկություններ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից երկու դիվիզիոն ՀՌՀ С-300ПМУ-2 «Ֆավորիտ» վաճառելու հնարավորության մասին։

13Մեջբերումն ըստ՝ Mark A.Heller, “Continuity and Change in Israeli Security Policy”, Adelphi Paper #335, IISS, Oxford University Press, London – New York, 2000, p. 12.

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 5

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր