• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2012

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Руский

   

Սերգեյ Մինասյան
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, պ.գ.թ.

2012թ. հունիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եռօրյա այցով գտնվում էր Հարավային Կովկասում։ Այցը սկսվեց Հայաստանով, ուր Քլինթոնը ժամանեց հունիսի 4-ի առավոտյան՝ ավարտելով Սկանդինավիա կատարած իր տարածաշրջանային այցելությունը։ Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցելության շրջանակում Քլինթոնը եղավ տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված բոլոր երեք պետություններում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, որից հետո եղավ նաև Թուրքիայում։ Այցելությունը բավական մեծ արձագանք ստացավ տարածաշրջանային մամուլում և Հարավային Կովկասի (ու նրա սահմաններից դուրս) քաղաքական գնահատականներում։ Փորձենք վերլուծել Հ.Քլինթոնի հարավկովկասյան այցելության հետևանքները։

Ներքաղաքական թեմատիկայի հրատապությունը. ամենուրեք ընտրություններ են

Սկսենք նրանից, որ այցի աշխարհագրությունն ու ժամանակը (ամենայն հավանականությամբ, սա պետքարտուղարի վերջին այցելությունն է տարածաշրջան այդ կարգավիճակում) մատնանշում են նրա այցելության ներքաղաքական նշանակալիությունն ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար։ ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին Քլինթոնի Հայաստան և Վրաստան կատարած այցելությունների ընթացքում խոսքը կարող էր վերաբերել, մասնավորապես, եթե ոչ ողջ հայկական սփյուռքի, ապա գոնե ԱՄՆ հայկական համայնքի առաջատար քաղաքական կառույցների համակրանքը շահելուն։ Այդ նպատակով Քլինթոնը Հայաստանում հաստատեց իր հայտնի ձևակերպումները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ՝ դրանց սառեցման ողջ մեղքը բարդելով Թուրքիայի վրա։ Իր հայ գործընկերոջ հետ երևանյան բանակցությունների արդյունքների շուրջ հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Հ.Քլինթոնը կրկին հնչեցրեց իր հայտնի «գնդակը դեռ թուրքական կողմում է» արտահայտությունը, որն Էդվարդ Նալբանդյանը քանիցս հաճույքով կրկնեց։ Պետքարտուղարը կրկնեց նաև իր հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, բայց ավելի կոշտ ձևակերպումներով՝ հաշվի առնելով Երևան նրա այցելության նախօրեին Հայաստանի սահմանին կատարված ադրբեջանական դիվերսիան։

Հետաքրքրական էին նրա գնահատականները 2012թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և դրանց համեմատաբար բարձր մակարդակով անցկացման գործում անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի դրական ավանդի մասին։ Ավելին, Քլինթոնն իր և նախագահ Բարաք Օբամայի անունից Սերժ Սարգսյանին անվանեց Վաշինգտոնի համար կանխատեսելի և ցանկալի գործընկեր տարածաշրջանային քաղաքականությունում, որը վստահություն է ներշնչում նման ձևաչափի երկարատև շարունակման համար։ Անուղղակի, բայց բավական բազմանշանակ պնդում՝ նկատի ունենալով գալիք տարվա սկզբում սպասվող նախագահական ընտրությունները Հայաստանում։ ԱՄՆ պետքարտուղարի նման գնահատականը և արտահայտությունները կարելի է աննախադեպ համարել հայ-ամերիկյան կապերի պատմության մեջ առնվազն 1990-ական թթ. կեսերից սկսած։

Ակնհայտ է, որ Վաշինգտոնի դրական գնահատականները խորհրդարանական ընտրություններին թույլ կտան ապագայում ավելի արդյունավետորեն կազմակերպել Հայաստանին ֆինանսատնտեսական օգնության տրամադրումը։ Այս համատեքստում «ոչ պատահական համընկնում» (դեռ մինչև Քլինթոնի տարածաշրջան կատարած այցելությունը) կարող են հանդիսանալ 2012թ. մայիսի երկրորդ կեսին ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամերիկյան օգնության ավելացման և ֆինանսավորումը նախկին մակարդակին պահելու հնարավորության մասին քննարկումները։

Հարավային Կովկաս Քլինթոնի այցելության ներքաղաքական նշանակալիության մեկ այլ ասպեկտ էր վրացական ուղղությունը, հատկապես նկատի ունենալով վրացական թեմատիկայի նշանակալիությունը, այդ թվում` ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում, ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից Բարաք Օբամայի մրցակիցների գերակայություններում։ Քլինթոնը հորդորեց Միխայիլ Սահակաշվիլուն ս.թ. աշնանն անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ՝ հաշվի առնելով վրացական իշխանությունների և ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժման (միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ) թեժացող դիմակայությունը։ Միևնույն ժամանակ, Քլինթոնն արեց նաև սպասելի ու հիմնականում ձևական հայտարարություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների վերաբերյալ՝ կոչ անելով դուրս բերել ռուսական զորքերն այդ տարածաշրջաններից։

Հիմնականում ձևական էին նաև Քլինթոնի հայտարարությունները վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության ակտիվացման մասին։ Բացի թեթև և հրաձգային զենքի մատակարարումները շարունակելուց, ինչպես նաև վրացական ՌԼԿ համակարգերի և ԱՄՆ կողմից մատակարարվող տրանսպորտա-դեսանտային «Իրոկեզ» ուղղաթիռների (այդ թվում` Աֆղանստանում վրացական համակազմի կողմից հիմնականում խաղաղարար գործողություններ անցկացնելու համար) լրակազմի արդիականացումից, Վրաստանի զինված ուժերի ուսուցման և մարզման ծրագրերի ավելացումից, Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև այլ ռազմատեխնիկական համագործակցությունը կմնա սահմանափակ։ Վաշինգտոնի որոշումը՝ 2008թ, վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանին չմատակարարել արդիական հարձակողական սպառազինություններ և ռազմական տեխնիկա, ըստ երևույթին, մնում է ուժի մեջ՝ ամերիկա-ռուսական հարաբերություններում հետագա բարդություններ չստեղծելու համար։

Իրանական թեմատիկայի ակնկալվող քննարկումը

Քլինթոնի տարածաշրջան կատարած այցելության ևս մեկ կարևոր և միանգամայն կանխատեսելի նպատակն իրանական թեմատիկայի քննարկումն էր։ Այս հարցն առավել ակտիվ քննարկվեց, բնականաբար, Հայաստանում և Ադրբեջանում։ Հատկանշական է, որ Երևանում Քլինթոնը գրեթե ոչ մի կերպ չանդրադարձավ իրանական պրոբլեմատիկային լրագրողների հետ հրապարակային մամլո ասուլիսի ժամանակ (թեև ակնհայտ էր, որ այդ հարցը քննարկվել է հայկական ղեկավարության հետ)։ Դա վկայում է, առնվազն, այն մասին, որ Վաշինգտոնը հասկանում է, թե որքան նշանակալի է Հայաստանի համար իրանական պրոբլեմատիկան՝ հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի անվտանգության և հաղորդակցությունների ապահովման համատեքստում։ Միևնույն ժամանակ, պետք է կարծել, որ Երևանի և Թեհրանի փոխհարաբերությունների «կարմիր գծերը» նույնպես ի ցույց են դրվել ԱՄՆ պետքարտուղարի կողմից հայկական ղեկավարության հետ նրա բանակցությունների ժամանակ։

Ինչ վերաբերում է Բաքվում Իրանի վերաբերյալ քննարկմանը, ապա տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանական ղեկավարությունը բավական զգուշավոր է վերաբերվել Իրանի շուրջ ճգնաժամի խորացման հնարավորությանը։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը, մեղմ ասած, այնքան էլ չի ցանկանում ներգրավված լինել հնարավոր ռազմական գործողությանը (իր երկրի տարածքի օգտագործմանը որպես ռազմական հենակետ)։ Եվ առհասարակ, Բաքվի և Թեհրանի հարաբերությունների շարունակվող վատթարացումը ստիպում է ադրբեջանական իշխանություններին էլ ավելի զգուշավոր վերաբերվել ԱՄՆ (և/կամ Իսրայելի)՝ Իրանի հետ հնարավոր ռազմաքաղաքական դիմակայության մեջ Ադրբեջանի ատիվ դերի մասին առաջարկություններին։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ եթե Երևանում Քլինթոնը միտումնավոր հրապարակավ չանդրադարձավ իրանական խնդրին, ապա Բաքվում «հիմնականում մի կողմ մնացած» թեմա էին դեմոկրատիայի և մարդու իրավունքների խնդիրներն Ադրբեջանում։ Հենց այդ խնդիրները, որոնց հրատապությունը և լրջությունն Ադրբեջանում ոչ ոք կասկածի տակ չի դնում, պաշտոնական Վաշինգտոնի կողմից գիտակցաբար «զոհաբերվեցին» Քլինթոնի Բաքու կատարած այցելության ժամանակ՝ հանուն իրանական հարցում որոշ զիջումների հասնելու և Ադրբեջանի կողմից ռուսամետ տեղաշարժ թույլ չտալու նպատակով։

Այնուամենայնիվ, կրկնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարած այցելության արդյունքներով տպավորություն ստեղծվեց, թե Քլինթոնին չի հաջողվել «համոզել Ադրբեջանին էլ ավելի լրջորեն ներգրավվել հակաիրանական ակցիայում։ Ի դեպ, դա նույնպես միանգամայն կանխատեսելի էր ինչպես իրանա-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի վատթարացման, այնպես էլ արևմտյան իրավապաշտպան կառույցների կողմից Ադրբեջանի քննադատության ալիքի նոր ռաունդի հաշվառմամբ, ինչն ավելի սաստկացավ Բաքվում երգի «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի անցկացումից հետո։ Պաշտոնական Բաքուն, իր համար էլ անսպասելիորեն, փաստորեն երաժշտական այդ միջոցառման ցուցադրական շքեղությամբ ֆինանսավորեց քննադատության նոր ռաունդը ներքաղաքական իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Դեռ ամբողջովին ուշքի չեկած այդ ամենից՝ միանգամայն ակնհայտ պատճառներով պաշտոնական Բաքուն այնքան էլ պատրաստ չէ լիարժեքորեն «լծվել» Իրանի դեմ Արևմուտքի նոր «խաչակրաց արշավանքին»՝ չնայած ԻԻՀ-ի հետ վատթարացած փոխհարաբերություններին։

Հայ-ադրբեջանական նոր սրացում շփման գծում

Եվ վերջապես, և՛ Երևանում, և՛ Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի քննարկած առավել կարևոր թեմաներից մեկը նվիրված էր ղարաբաղյան կարգավորմանը, ինչը համընկավ ինչպես անմիջականորեն հակամարտության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացմանը տարածաշրջան Հիլարի Քլինթոնի կատարած այցելության նախօրեի գիշերը։ Այն, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը դառնալու է բանակցությունների ակտուալ թեմաներից մեկը Քլինթոնի այցի ընթացքում, ակնհայտ էր դեռ դրանց սկսվելուց առաջ։ Ընդ որում՝ ենթադրվում էր նաև, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների գլխավոր թեման և՛ Երևանում, և՛ հատկապես Բաքվում լինելու է ոչ թե 2011թ. հունիսին Կազանի հանդիպումից հետո բուն բանակցային գործընթացի անիրական արագացումը (այսինքն՝ կարգավորման այսպես կոչված Հիմնական սկզբունքների ընդունումը), այլ կողմերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված միջոցների խթանումը։ Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի դիվերսիոն գործողությունը հունիսի 4-ի գիշերը և հայկական ու ղարաբաղյան զորքերի՝ դրան հաջորդած «հատուցման գործողությունը» Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններին ու ղարաբաղյան ուղղությամբ, որոնք հանգեցրին տասնյակ զինվորների մահվան, ընդամենը հրատապ դարձրին այդ թեման։

Հունիսի 4-ին Երևանում անցկացված մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարը խոստացավ Բաքվում «լուրջ խոսել» Իլհամ Ալիևի հետ ճակատի գծում լարվածության վերաբերյալ և ներկայացրեց նաև ընդունելի որոշ նոր առաջարկություններ ղարաբաղյան կարգավորման առնչությամբ, որոնք ավելի ուշ արդեն քննարկվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 18-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։

Ինչ վերաբերում է 2012թ. հունիսի 4-ի (տարածաշրջան Քլինթոնի այցելությունից անմիջապես առաջ) գիշերվա ադրբեջանական դիվերսիային, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հավանաբար, մի քանի նպատակ էր հետապնդում։ Մասնավորապես՝ ցուցադրել, որ Բաքուն չի հաշտվել ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող քաղաքական իրականության և արդեն երկրորդ տասնամյակը գոյություն ունեցող ստատուս-քվոյի հետ, ինչպես նաև հաստատել իր ռազմական սպառնալիքների «լրջությունը»՝ որպես հայկական կողմերի ու միջազգային հանրության վրա քաղաքական ճնշման ռեսուրս։

Ընդ որում՝ դիվերսիայի օբյեկտը ոչ թե Լեռնային Ղարաբաղում (ինչպես արվում էր մինչ այդ), այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծին ընտրելը պետք է շաղկապել Ադրբեջանի այն փորձերի հետ, թե հակամարտությունն ունի ոչ թե եռակողմ (Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ), այլ երկկողմ ձևաչափ՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ։ Չի բացառվում, որ որոշումն ընդունվել է նաև այն բանի հաշվառմամբ, որ ճակատի գիծը Ղարաբաղում շատ ավելի ուժեղ է ամրացված, քան հայ-ադրբեջանական սահմանը, և ղարաբաղյան զորամասերն այնտեղ շատ ավելի պատրաստված են նմանատիպ դիվերսիաներին հակադարձելու, քան հայկական բանակի առաջապահ զորամասերն Ադրբեջանի հետ սահմանին։

Հենց այս նկատառումներն էլ, հավանաբար, ընկած են եղել ադրբեջանական ղեկավարության դրդապատճառների հիմքում, որը դիվերսիա իրականացնելու հրաման էր տվել Հ.Քլինթոնի այցելությանը նախորդող գիշերը։ Սակայն նրանց սպասածի և ակնկալածի հակառակ արդյունքը ստացվեց։ Ամերիկացիների արձագանքը, հակառակ ադրբեջանական ղեկավարության սպասելիքներին, խիստ բացասական էր և ավելի ակտուալացրեց հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչն օժանդակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու մյուս համանախագահների (Ռուսաստանի և Ֆրանսիայի), ինչպես նաև ՆԱՏՕ և ԵՄ համանման հորդորներով։ Միջազգային հանրության այս դիրքորոշումն ամրացավ նաև ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների նախագահների՝ Պուտինի, Օլանդի և Օբամայի հայտարարությամբ, որն արվեց մեքսիկական Լոս Կամբոսում 2012թ. հունիսի 18-ին անցկացված «Մեծ քսանյակի» գագաթաժողովում։

Իսկ եթե ադրբեջանցիների նպատակն իրենց ռազմական սպառնալիքների լրջությունը ցուցադրելն էր, ապա հայկական և ղարաբաղյան զորքերի «հատուցման գործողության» արդյունքներով՝ այդ նպատակը չիրականացավ։ Ադրբեջանական բանակի կորուստների բացասական թվաբանությունը (այդ օրերին ունեցել է մոտ երկու տասնյակ սպանված զինծառայող՝ հայկական կողմի չորս զոհվածի դիմաց) հազիվ թե լուրջ փաստարկ լինի այն բանի, թե Ադրբեջանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոստովանությամբ, որն արել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հայկական զորքերի հակազդեցությունը, որը Հայաստանի հետ սահմանին հանգեցրեց ադրբեջանական բանակի ամենամեծ միաժամանակյա կորուստներին հրադադարի հաստատումից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում, բավական «անհամամասնական» էր։

Միևնույն ժամանակ, Իրանի շուրջ ակնկալվող իրավիճակի վատթարացումը և Բաքվի վրա միջազգային քաղաքական ճնշման ռեսուրսների սղությունն ամբողջովին հուսալու տեղ չեն թողնում, որ Ադրբեջանին կհարկադրեն ճակատի գծում լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, հեռացնել դիպուկահարներին, վստահության միջոցներ հաստատել։ Սակայն, բնականաբար, չպետք է սպասել, թե իրավիճակը շփման գծում կվատթարանա կամ որ լարվածությունը կվերաճի բացահայտ մարտական գործողության։ Ավելի շուտ՝ հակառակը. այդ միջադեպերից, միջազգային հանրության արձագանքից, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հունիսի 18-ի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանը թուլացրել է լարվածությունը կողմերի շփման գծում։ Բայց թե որքան կտևի այդ միտումը՝ ցույց կտա ժամանակը...

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր