• am
  • ru
  • en
Версия для печати
17.11.2010

ԹՈՒՐՔԻԱ–ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

Հայկ Գաբրիելյան

1999 թվականի դեկտեմբերի 10-ին Եվրախորհրդի (ԵԽ)` Հելսինկիում տեղի ունեցած գագաթաժողովում Թուրքիային շնորհվեց Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։ Դրան նպաստեցին Հունաստանի հետ հարաբերությունների բարելավումը եւ 1998 թվականին Գերմանիայում Թուրքիայի հանդեպ բարյացակամ տրամադրված սոցիալ-դեմոկրատների իշխանության գալը:

Արդեն 2000 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովը (ԵՀ) Թուրքիայի համար պատրաստեց եւ 2001 թվականի մարտին հաստատեց «Անդամակցության գործընթացի ժամկետի մասին» փաստաթուղթը, ինչը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ինքնատիպ «ճանապարհային քարտեզ» էր: Դրա արդյունքում Թուրքիան արդեն 2001 թվականի մարտին հրապարակեց «Ազգային ծրագրի ընդհանուր ռազմավարությունը»: Բյուլենթ Էջեւիթի կոալիցիոն կառավարությունը պատրաստեց սահմանադրական բարեփոխումների 3 փաթեթ (դրանցից առաջինն ընդունվեց 2001 թվականի հոկտեմբերին, երկրորդը` 2002 թվականի մարտին, իսկ երրորդը` 2002 թվականի օգոստոսին) եւ փոփոխություններ իրականացրեց Քաղաքացիական օրենսգրքում:

2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) իրականացրեց ԵՄ-ի կողմից պահանջվող 35 «գլուխներում» նշված մի շարք բարեփոխումներ: Դա պայմանավորված էր նաեւ նրանով, որ բարեփոխումների իրականացման հարցում համընկնում էին ԱԶԿ-ի ու ԵՄ-ի շահերը: Տվյալ ժամանակ (եւ հետագայում) ԵՄ-ի պահանջած բարեփոխումների իրագործումն ԱԶԿ-ին հնարավորություններ էր ընձեռում աստիճանաբար երկրի ներսում ամրապնդել սեփական դիրքերը եւ փոխարենը սահմանափակել իր հանդեպ ընդդիմադիր կեցվածք որդեգրած զինվորական ու դատական իշխանությունների ազդեցությունը: ԱԶԿ-ն քաջ գիտակցում էր, որ ԵՄ-ին անդամակցելու պարագայում Թուրքիայում գրեթե կբացառվի ռազմական հեղաշրջման տարբերակը, ինչը մշտապես արդիական է եղել:

Այդ բարեփոխումների շնորհիվ էլ 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները, Լյուքսեմբուրգում երկարատեւ քննարկումներից հետո, ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։

2010 թվականի սեպտեմբերին ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Նյու Յորքում հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին ընկած ամենամեծ արգելքներից մեկը մշակութային տարբերությունն է: Դա մեծ դժգոհություն առաջացրեց Թուրքիայում, եւ թուրքական բազմաթիվ չինովնիկներ սկսեցին հանդես գալ ԵՄ-ին քննադատող հայտարարություններով:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն անմիջապես հայտարարեց. «Եվրոպացի քաղաքական գործիչները հեռատես չեն: Չնայած ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած վիթխարի ջանքերին` ԵՄ-ը, դժբախտաբար, ժամանակ առ ժամանակ դանդաղեցնում է գործընթացը: Մենք չենք ասում մեխանիկորեն անդամակցենք ԵՄ-ին: Մենք ցանկանում ենք դա անել ԵՄ-ի ներկայացրած պայմաններն իրականացնելուց հետո: Սակայն անհրաժեշտ է, որ մեզ չխանգարեն այդ պայմաններն իրականացնելիս: Եվրոպան ուղղակիորեն խանգարում է մեր ինտեգրմանը»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարեց. «Գոյություն չունի մեկ այլ երկիր, որը 50 տարիների ընթացքում կանգնած լինի ԵՄ-ի դռների մոտ: Ցայժմ ես իմ եվրոպական գործընկերներից պարզաբանում չեմ ստացել տվյալ խնդրի շուրջ: Թուրքիան ո՞ր պարտավորությունները չի կատարել, եւ արդյո՞ք բոլոր պարտավորությունները կատարել են ԵՄ-ին անդամակցած երկրները: Առանց Թուրքիայի ԵՄ-ը քրիստոնեական խմբակ է»:

ԵՄ-ին քննադատելուց զերծ չմնաց նաեւ պետնախարար եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանը. «Գերմանիան եւ Ֆրանսիան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը դիտարկում են որպես սպառնալիք: Դրա պատճառն այն է, որ Գերմանիան ու Ֆրանսիան քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության պարագայում Թուրքիան այլեւս հանդես չի գա երկրորդական դիրքերից: Այդ ժամանակ բոլորն ականատես կլինեն ոչ թե Գերմանիա–Ֆրանսիա, այլ` Գերմանիա–Ֆրանսիա– Թուրքիա առանցքին: Մենք վստահ չենք` արդյո՞ք նրանք պատրաստ են մեզ հետ կիսել այդ հզորությունը»:

Այստեղ կարելի է համաձայնել Բաբաջանի հետ, քանի որ ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հակառակորդներն ընդգծում են, որ անդամակցության պարագայում Թուրքիան բնակչության թվաքանակով կդառնա Գերմանիայից հետո ԵՄ-ի անդամ երկրորդ խոշոր երկիրը: Իսկ դա նշանակում է, որ այն կարող է լրջորեն ներազդել եվրոպական քաղաքականության մշակման ու որոշումների ընդունման վրա:

2010 թվականի հոկտեմբերի 3-ին լրացավ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցություններ սկսելու հնգամյակը: Այս կապակցությամբ պետնախարար եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարեց. «Մեր ժողովուրդն ականատես է լինում երկակի ստանդարտների կիրառման: Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ գործող վիզային ռեժիմը Թուրքիան մեկուսացնում է ԵՄ-ից: Չնայած դրան` Թուրքիան այսօր էլ նույն խանդավառությամբ ու նպատակամղվածությամբ շարունակում է ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը, սակայն կան այնպիսիները, որոնք ստուգում են Թուրքիայի համբերությունը: Մեր եվրոպական գործընկերներն ստիպված են որեւէ որոշում կայացնել: Ինչպես նշում է մեր վարչապետը, Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է կանգնեցնել շեմին: Թուրքիան աղքատ մուսուլմանական երկիր չէ. Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի մակարդակը ԵՄ-ի անդամ որոշ երկրներից էլ բարձր է»:

Հոկտեմբերի 7-ին ԵՄ-ը Թուրքիային հիշեցրեց, որ պետք է պահպանել տված խոստումները եւ կիպրոսցիների առջեւ բացել 2006 թվականից փակված սեփական նավահանգիստները: Դա բավական զայրացրեց Էրդողանին. «Եթե մեզանից պատասխան եք ակնկալում, ապա զուր: Եթե մեզ չեք ցանկանում տեսնել ձեր շարքերում, ապա հենց այդպես էլ արտահայտվեք: Մեզ մի մոլորեցրեք: Մեզ մոլորեցնելու նպատակով անընդհատ ինչ-որ բանաձեւեր եք հորինում»:

Ներկայումս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում եվրոպական երկրներին պետք է բաժանել 3 խմբի. այդ գործընթացի կողմնակիցներ, հակառակորդներ եւ չկողմնորոշվածներ: Վերջիններիս մեջ է մտնում, օրինակ, Դանիան: Իսկ ահա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ ամենաակտիվ հանդես եկող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Կիպրոսը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային, լիիրավ անդամակցության փոխարեն, առաջարկում են «արտոնյալ գործընկերություն», որի հեղինակն Անգելա Մերկելն է (2005): Սակայն Անկարան դա վիրավորական է համարում` նշելով, որ Թուրքիան արդեն իսկ արտոնյալ հարաբերությունների մեջ է գտնվում ԵՄ-ի հետ եւ որ իր համար, ԵՄ-ին լիիրավ անդամակցելուց բացի, գոյություն չունի որեւէ այլընտրանք: Ցայժմ անհայտ է մնում, թե Գերմանիան ու Ֆրանսիան ինչ նկատի ունեն «արտոնյալ գործընկերություն» ասելով:

Ակնհայտ է, որ Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են ԵՄ-ը վերածել քաղաքական լուրջ միության, որն ունակ կլինի մրցակցել ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Չինաստանի հետ: Բնականաբար, դա դուր չի գալիս ԱՄՆ-ին, որն էլ համառորեն ձգտում է մոտ 73 միլիոն մահմեդական բնակչություն ունեցող Թուրքիան ներառել քրիստոնեական Եվրոպայում` դրանով իսկ խաթարելով նրա միասնականությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ը դրանում է տեսնում Թուրքիայի իսլամականացման կանխման միակ ուղին` գտնելով, որ հակառակ դեպքում Թուրքիան կարող է դառնալ անկանխատեսելի եւ սպառնալիք ներկայացնել իր շահերին: Փաստորեն, ԱՄՆ-ը Թուրքիային արգելում է ծավալվել դեպի արեւելք եւ նրան ուղղում է դեպի արեւմուտք, ինչին էլ դեմ է հանդես գալիս ԵՄ-ը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի կողմնակիցներին, այստեղ առաջատարը Մեծ Բրիտանիան է, ապա գալիս են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան:

2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելն` Արեւմուտքի ու իսլամական աշխարհի միջեւ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից կարող է ունենալ նույնպիսի խորհրդանշական կարեւորություն, ինչպիսին ժամանակին Գերմանիայի ու Ֆրանսիայի հաշտեցումն էր կամ Բեռլինյան պատի անկումը:

Այս հարցում Ֆրատինիի հետ համակարծիք է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը 2010 թվականի հուլիսի 27-ին Անկարայում հայտարարեց, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը կնպաստի մահմեդական աշխարհի հետ ԵՄ-ի հարաբերությունների բարելավմանը: Բացի այդ, Քեմերոնը սուր քննադատության ենթարկեց այն երկրներին, որոնք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում գիտակցաբար իսլամատյացություն են առաջացնում: Ըստ Քեմերոնի` Թուրքիան չափավոր իսլամական երկիր է, եւ անհրաժեշտ է իսկական իսլամը տարբերել նրա ծայրահեղական տարբերակներից:

Քեմերոնը նաեւ ընդգծել է Թուրքիայի դերը` որպես ՆԱՏՕ անդամ. «Երբ ես պատկերացնում եմ, թե Թուրքիան` որպես ՆԱՏՕ անդամ, որքան շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար, եւ այն, ինչ հիմա է անում Աֆղանստանում` մեր եվրոպական դաշնակիցների հետ, ապա զայրույթ եմ ապրում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցվում է: Բավական չէ, որ ասում են Թուրքիան միայն պահպանում է ճամբարը, նա պետք է գտնվի վրանում»: Անկարայում Քեմերոնը հանձն առավ ստանձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացում «լավագույն փաստաբանի» դերը:

Այս ամենը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ներկայումս փորձում է ԵՄ-ում Գերմանիայից ու Ֆրանսիայից խլել նախաձեռնությունն ու ազդեցությունը եւ, ի դեմս Թուրքիայի, հեռանկարում ստանալ հուսալի եւ բարյացակամ դաշնակցի: Դրա համար էլ պատահական չէ, որ հոկտեմբերի 24-ին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան Ստամբուլում հուշագիր ստորագրեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում փոխըմբռնման ու համագործակցության շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որը հայտնի է «Chatham House» անունով, նոյեմբերի 9-ին տարվա քաղաքական գործչի մրցանակը հանձնեց Աբդուլա Գյուլին:

Հոկտեմբերի 22-ին անգլիական «The Economist» պարբերականում տպագրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին հոդվածում Թուրքիան անվանված էր Եվրոպայի Չինաստան. «Սխալ են այն մեկնաբանությունները, թե ԵՄ-ը Թուրքիային չի ցանկանում տեսնել իր շարքերում, որովհետեւ այն իսլամական երկիր է: Նախկինում Թուրքիան Եվրոպայի հիվանդ մարդն էր, մինչդեռ այսօր նրա տնտեսությունը զարգանում է շատ արագ տեմպերով, ինֆլյացիան ցածր տոկոս է կազմում, թուրքական բանկերը մրցունակ են: Դրա համար էլ այն հնարավորություն ունի դառնալու ԵՄ-ի Չինաստանը»:

Ներկայումս թուրք քաղաքական գործիչներն ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով շարունակում են բարձրաձայնել ԵՄ-ին անդամակցելու խնդիրը: Սրա վառ օրինակն է նոյեմբերի 9-ին` Բեռլինյան պատի անկման 21-ամյա տարելիցի առիթով Էգեմեն Բաղըշի ելույթը. «Բեռլինյան պատի անկումը պատմության ընթացքում ամենակարեւոր խաղաղ նախագիծն է: Այն սկիզբ դրեց Եվրոպայի միավորման գործընթացին, ինչն էլ կավարտվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պարագայում: Եվրոպան այսօր նոր պատերի կարիք չունի, ընդհակառակը` կամուրջների կարիք ունի: Մենք չենք ցանկանում Եվրոպային հարող մեր սահմանին ստանալ մի նոր Բեռլինյան պատ»: Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Աբդուլա Գյուլը ԵՄ-ին մեղադրել էր իր արեւելյան սահմանին մի նոր Բեռլինյան պատի ստեղծման մեջ:

Նույն օրը Բրյուսելում հրապարակվեց ԵՄ ընդլայնման գործընթացի վերաբերյալ տարեկան զեկույցը: ԵՄ ընդլայնման գծով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց. «ԵՄ-ը դժգոհ է նրանից, թե ինչպես է Թուրքիան կատարում իր պահանջները»:

Թուրքիայի մասին 13-րդ զեկույցում ԵՄ-ը նշել է, որ Թուրքիան կատարել է 35 «գլուխներից» միայն մեկը, քայլեր է ձեռնարկել 13-ի ուղղությամբ եւ անուշադրության է մատնել մնացած 21-ը:

Արտաքին քաղաքականության ոլորտում ԵՄ-ը մատնացույց է արել Թուրքիայում աճող հակաիսրայելական տրամադրություններն ու կիպրական խնդիրը: ԵՄ-ը ընդգծել է, որ Թուրքիան չի կատարում իր խոստումները եւ իր նավահանգիստներն ու օդանավակայանները չի բացում Կիպրոսի առջեւ:

Բացի այդ, ԵՄ-ը 2011 թվականի համար մի շարք «տնային առաջադրանքներ» է հանձնարարել Թուրքիային. շարունակել սահմանադրական բարեփոխումները, երաշխավորել խոսքի ու խղճի ազատությունը, ազատ եւ բաց քննարկումներ կազմակերպել այնպիսի զգայուն թեմաների առնչությամբ, ինչպիսիք են հայկական եւ քրդական հարցերը, ստեղծել իրավական մեխանիզմներ ալեւիների եւ ոչ մուսուլմանների խնդիրների լուծման համար, վերացնել քաղաքական կյանքի, կրթության եւ հասարակական ծառայությունների ոլորտներում միայն թուրքերենի գործածումը եւ այլն:

ԵՄ-ի հրապարակած զեկույցին անմիջապես արձագանքեց թուրքական կողմը: Բաղըշը հայտարարեց. «Սա ամենալավ զեկույցն է` նախորդ զեկույցների համեմատ: Հսկայական տարբերություն կա 13 տարի առաջվա առաջին եւ ներկայիս զեկույցներում ԵՄ-ի նշած Թուրքիայի պատկերների միջեւ: Արդեն մեր քթերով սկսում ենք զգալ ԵՄ-ին անդամակցելու հոտը: Իսկ դա նշանակում է, որ մենք ստիպված չենք լինի սպասել եւս 13 տարի»:

Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հերթին նշեց. «Զեկույցում կան կետեր, որոնց հետ մենք համաձայն ենք, սակայն կետեր էլ կան, որոնց հետ համաձայն չենք: Մեծապես կարեւորում եմ, որ ԵՄ-ը դրականորեն է գնահատել սահմանադրական բարեփոխումները եւ նոր քաղաքացիական սահմանադրություն ունենալու Թուրքիայի պահանջը: Համաձայն եմ, որ Թուրքիան պետք է արագացնի բարեփոխումների գործընթացը: Շատ կարեւոր է նաեւ այն, որ ԵՄ-ը ողջունում է մեր ակտիվ արտաքին քաղաքականությունը: Սակայն զեկույցում մեզ ամենաշատը հիասթափեցրել է կիպրական խնդրի շուրջ ԵՄ-ի մոտեցումը, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը «շատ ճկուն» քաղաքականություն են վարում այս հարցում»:

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա հայտարարեց, որ թուրքերն իսկապես հոգնել են շուրջ 50 տարի շարունակ ԵՄ-ի դարպասների առջեւ կանգնելուց եւ ԵՄ-ի կողմից Թուրքիայի հանդեպ խաղի կանոնների փոխվելուց, իսկ Աբդուլա Գյուլն էլ ավելի առաջ գնաց` նշելով. «Այսօր ուժերի միջազգային տեղաբաշխումն իրականացվում է հօգուտ Արեւելքի, եւ Թուրքիան իր տնտեսական բարեփոխումների շնորհիվ հնարավորություն կստանա միանալու «BRIC»-ի երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)»:

Նոյեմբերի 10-ին անգլիական «Financial Times» թերթն անդրադարձավ զեկույցին. «Վաղ, թե ուշ ԵՄ-ն ու Թուրքիան բանակցությունների համար այլեւս քննարկման թեմա չեն ունենա: ԵՄ-ը անընդհատ տարբեր պատճառաբանություններով ձգձգում է գործընթացը եւ խոչընդոտներ հարուցում Թուրքիայի անդամակցությանը: ԵՄ-ը հույսը դրել է նրա վրա, որ թուրքական հասարակությունում աստիճանաբար կմարի ԵՄ-ին անդամակցելու շուրջ խանդավառությունը, եւ աստիճանաբար կնվազի ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների թվաքանակը: Այն աստիճանաբար տալիս է իր պտուղները: Ցայժմ ԵՄ-ը, երբ իր անդամակցության շուրջ բանակցություններ է սկսել եվրոպական որեւէ երկրի հետ, ապա ընդհանրապես չի մերժել ոչ մի երկրի: Իսկ դա նշանակում է, որ եթե Թուրքիայի անդամակցությունը մերժվի, ապա Թուրքիան կհանդիսանա ԵՄ-ի կողմից առաջին մերժված երկիրը»:

Այսպիսով, ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիան շատ դժվարին ու երկարատեւ ճանապարհ ունի անցնելու: Որոշ կանխատեսումներով, հազիվ թե Թուրքիային հաջողվի դա անել մինչեւ 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը), երբ Էրդողանի կանխատեսմամբ` Թուրքիան արդեն տեղ զբաղեցրած կլինի տնտեսական առումով աշխարհի առաջատար 10 երկրների շարքում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր