• am
  • ru
  • en
Версия для печати
28.06.2011

ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ

Руский

   

Սուրեն Սարյան

Վերջին տասնամյակում շատ է խոսվել գլոբալ քաղաքականության միասնականացման գործընթացի մասին, եւ այս տարվա գարնանը նման զարգացումները կարծես թե ձեռք բերեցին արագացված բնույթ: Սակայն սխալ է խոսել մեկ գլոբալ կամ գլոբալացման գործընթացի մասին, այսօր աշխարհում գոյություն ունեն մի քանի գլոբալ նախագծեր, որոնց իրականացումն իսկապես մտել է ակտիվ փուլ` հատկապես 2011 թվականից սկսած:

Պատմության մեջ եղել են, մեծ հաշվով, երեք գլոբալ նախագծեր` Քրիստոնեություն, Իսլամ եւ Կոմունիզմ: Կոմունիզմն անկում ապրեց` ինչպես դա եղավ Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում, կամ էլ արմատապես վերափոխվեց` Չինաստանի պարագայում: Իսլամական նախագիծը, սկզբում «ահաբեկչության դեմ պատերազմի», իսկ այսօր՝ Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հեղափոխությունների հետեւանքով մտել է բարդ փուլ: Իսկ Քրիստոնեությունը հիմնականում վերածվեց երկու ճյուղավորումների, որոնք ի հայտ եկան որպես Արեւմտյան նախագիծ. բողոքական-ազատական` ի դեմս ԱՄՆ-ի, եւ բողոքական-կաթոլիկ` ի դեմս ԵՄ-ի:

Գլոբալ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է նաեւ հենակետային երկրի առկայություն: Այդպիսի դեր էին, օրինակ, կատարում Հռոմն ու Բյուզանդիան` Քրիստոնեության, ապա` Արաբական խալիֆայությունը եւ Օսմանյան կայսրությունը` Իսլամի, Ռուսաստանը (ԽՍՀՄ)` Կոմունիզմի, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը` Արեւմտյան նախագծերի համար: Այդ տերությունները ստեղծում էին անվտանգության շրջանակային կառուցվածքներ, որոնք անհրաժեշտ էին շուկաների, առեւտրի եւ կապիտալների տեղաշարժի պաշտպանության համար:

Նման հենարանի պարագայում ցանկացած գլոբալ նախագիծ դառնում է մեկ կենտրոնից կառավարելի եւ ունի ծավալման միտում: Այսպես, Չինաստանը եւ Հնդկաստանը չեն կարող դիտվել որպես հենակետային երկրներ, քանի որ չունեն գլոբալ գաղափարախոսություն` աշխարհով մեկ տարածելու համար. նրանց քաղաքակրթությունները միշտ եղել են ինքնամփոփ, իսկ օտար գաղափարներ նրանք չեն ընկալում` ունենալով հզոր մշակութային կոդեր:

Պատմական փորձը հուշում է, որ ժամանակի ընթացքում գլոբալ նախագծերի կրողները սկսում են կորցնել իրենց դիրքերը կամ անկում ապրել, ինչը, սակայն, իրենք ցանկություն չունեն ճանաչելու, քանի որ դա կզրկի նրանց իրենց հիմքից, իսկ գնալ վճռական փոփոխությունների նրանք եւս չեն ձգտում, որովհետեւ դա կհանգեցնի իրենց կողմից տարվող խաղի կանոնների փոփոխությանը: Նման օրինաչափությամբ տեղի ունեցան Հռոմի եւ Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության եւ Խորհրդային կայսրության անկումները, երբ այդ տերությունների վերնախավերի անկարողությունների պատճառով վերոնշյալ գլոբալ նախագծերի փլուզումը դարձավ անխուսափելի:

Այս առումով ԱՄՆ-ը, իրոք, համաշխարհային պատմության վերջին գերտերությունն է, քանի որ դասական կայսերական մոդելը, այսինքն՝ պետությունների քաղաքական, տնտեսական եւ գաղափարախոսական ընդարձակումը փոխարինվում է միջազգային կապերի, այդ թվում` տարբեր քաղաքակրթությունների մակարդակով ցանցային համակարգերի մոդելով, որի լավագույն վկայությունն է ԵՄ-ը: Դա կարող է նշանակել, որ եթե նախկինում Արեւմտյան նախագիծն ուղղորդվում էր մեկ կենտրոնից` Վատիկանից, Մեծ Բրիտանիայից, հետո՝ ԱՄՆ-ից, ապա այսօր այդպիսի կենտրոնները դառնում են բազմազան. այսօր նույն հաջողությամբ գլոբալ նախագիծը հնարավոր կլինի համակարգել Բրյուսելից, Ստամբուլից, Շանհայից կամ Մումբայից:

Միեւնույն ժամանակ, խոսվում է ոչ թե երկբեւեռ կամ բազմաբեւեռ, այլ անբեւեռ աշխարհի առաջացման հնարավորության մասին: Այդ աշխարհում ուժը եւ հզորությունը փոշիանալու են բազմաթիվ պետական եւ ոչ պետական խաղացողների միջեւ: Նման աշխարհակարգը մեծացնելու է այնպիսի խաղացողների ազդեցությունը, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան: Սակայն նրանց կողմից եւս չի դրսեւորվում ցանկություն` ձեւավորել կամ ուղղորդել համաշխարհային քաղաքականությունը եւ իրականացնել գլոբալ նախագիծ:

Մնում է Իսլամական աշխարհը, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այն համախմբված եւ ինքնուրույն ուժ չէ:

Կարելի է կանխատեսել, որ մոտակա տասնամյակներում, եթե որեւէ արտառոց բան տեղի չունենա, աշխարհի առաջատար նախագծողը մնալու է Միացյալ Նահանգները, իսկ նոր գլոբալ խաղացողներն ի վիճակի չեն կամ չեն ցանկանում նման դեր ստանձնել:

Գլոբալ նախագծողները, բացի ռազմական եւ տնտեսական հզորությունից, կարիք ունեն առաջարկել նաեւ մրցունակ գաղափարական կամ քաղաքակրթական նախագծեր: Այս առումով այսպիսի նախագիծը պետք է լինի ունիվերսալ, գրավիչ ամբողջ մարդկության համար: Նման պարագայում անգլոսաքսոնական նախագիծը, կարծես թե, այլընտրանք չունի: Նման նախագիծ, գուցե, կարող էր առաջ քաշել Եվրոպական միությունը՝ որպես նոր տեսակի միջպետական միավորում, սակայն գաղափարախոսական կամ քաղաքակրթական տեսանկյունից այն առանձնապես չի տարբերվում ամերիկյանից: Ինքնին ԵՄ-ը հանդիսանում է կաթոլիցիզմի քաղաքական դեմքը, քանի որ հիմնադրվել է Կաթոլիկ եկեղեցուն մոտ կանգնած եւ սոցիալական շուկայական համակարգի արժեքներ դավանող լիդերների կողմից` Շուման, դը Գոլ, Ադենաուեր:

Պետք է նշել, որ որպես քաղաքակրթական մոդել Արեւմտյան նախագիծը ներառեց աշխարհայացքային արժեքներ, վարքագծի չափանիշներ, կառավարման եւ իրավական կանոններ, նորմեր ու ընթացակարգեր: Թեեւ դրանց մեծ մասն այսօր գտնվում է էրոզիոն վիճակում, սակայն դա չի նշանակում, որ Արեւմտյան նախագիծը մահամերձ է:

Իսկապես, ներկայումս բազմաթիվ փորձագետներ շտապում են «թաղել» Ամերիկան: Ակնհայտ է, որ Ամերիկայի թուլացումը հետեւանք է ավելի շուտ գլոբալ տնտեսական մոդելի սպառման, քան թե քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական կոդերի փոփոխության: Մինչդեռ հենց այդ կոդերն են կազմում այսպես կոչված Արեւմտյան նախագիծը եւ արդի աշխարհում ԱՄՆ առաջնորդության հենքը: Դրա ստեղծման համար Արեւմուտքը, հատկապես` անգլոսաքսոնական քաղաքականությունը, ծախսել են վերջին 200 տարին` արդյունքում ստանալով աշխատող ժողովրդավարական քաղաքական կարգեր, մինչեւ վերջերս արդյունավետ տնտեսական մոդել եւ գրավիչ կենսակերպ, որին ձգտում էին հասնել նաեւ ոչ արեւմտյան երկրները:

Փաստ է, որ ամերիկյան քաղաքական ու տնտեսական հզորությունը նվազում է, իսկ ֆինանսական ու տեխնոլոգիական գերազանցությունը նահանջ է ապրում: Ինքը` Միացյալ Նահանգները, ճանաչեց իր ազդեցության նվազման իրողությունը` գլոբալ ճգնաժամի դեմ պայքարի նպատակով քսան առավել զարգացած պետությունների խումբ (G-20) ձեւավորելու նախաձեռնությամբ հանդես գալով: Սակայն հենց այդ նախաձեռնությունը ցույց է տալիս, որ ամերիկյան գլոբալ նախագիծը ոչ թե հեռանում է ասպարեզից կամ զիջում իր տեղը, այլ վերափոխվում է:

Հենց վերջերս տեղի ունեցած իրադարձությունները` Ուսամա բին-Լադենի վերացումը, Դոմինիկ Սթրոս-Կանի հետ կապված սկանդալը, Ռադկո Մլադիչի հանձնումը Հաագայի տրիբունալին, «Մեծ ութնյակի» գագաթաժողովը, վկայեցին, որ տեղեկատվական ասպարեզում առաջնորդող են մնում ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցները: Բացի այդ, ԱՄՆ-ը վերահսկում է համաշխարհային ինտերնետը, քանի որ այնտեղ են գտնվում նրա սկզբնական սերվերները: Բոլոր կարեւորագույն համակարգչային ընկերությունները` Microsoft, IBM, Hewlett-Packard, Compaq, Cisco, Apple, Google, Yahoo, եւս ԱՄՆ-ից են ղեկավարվում: Պատկերն ամփոփում են Հոլիվուդը, որն ամերիկյան շոու-բիզնեսը դարձրել է գլոբալ, եւ նավիգացման GPS գլոբալ համակարգը: Այսպիսով, տեղեկատվական եւ մշակութային ասպարեզում ԱՄՆ գերիշխանությունը դեռեւս անվիճարկելի է:

Ամերիկյան անվերապահ գերիշխանության մյուս ոլորտն է ռազմատեխնիկականը: ԱՄՆ (եւ Մեծ Բրիտանիայի) ռազմակայաններն ու զորքերը սփռված են ավելի քան հարյուր երկրներում` ապահովելով Արեւմուտքի ռազմավարական գերակայությունը մոլորակի բոլոր տարածաշրջաններում, մուտքը դեպի հումքային ռեսուրսներ, համաշխարհային օվկիանոսում ռազմավարական հաղորդակցությունների եւ տիեզերքում հեռահաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը: ԱՄՆ-ը պաշտպանության համար ավելի է ծախսում, քան աշխարհի բոլոր առաջատար տերությունները՝ միասին վերցրած: ԱՄՆ-ը նաեւ առաջնորդում է ռազմատեխնիկական ոլորտի «հեղափոխությունը»: Մյուս կողմից, արդի աշխարհակարգի վերաձեւման փուլում ռազմական հզորության նշանակությունը նվազում է եւ նույնիսկ իմաստազրկվում` Աֆղանստանում, Իրաքում, տարաբնույթ տարածաշրջանային հակամարտություններում կայունություն հաստատելու անկարողության պայմաններում: Բավական է հիշել, թե ինչ պատահեց խորհրդային ռազմական հզոր մեքենայի հետ, որը մի քանի գիշերում պարզապես առանց կռվի անհետացավ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ տարածքներից` զուտ քաղաքակրթական պարտության պատճառով:

Այն, որ գլոբալ ճգնաժամը սկսվեց ամերիկյան բանկերի սնանկացումից, վկայում է, որ Ամերիկան շարունակում է կատարել կենտրոնական դեր համաշխարհային տնտեսության մեջ: Չնայած ամերիկյան դոլարի թուլությանը, այն շարունակում է մնալ համաշխարհային հիմնական արժույթը: Նրանով են կատարվում հաշվարկները համաշխարհային առեւտրում եւ գնահատվում նավթն ու ոսկին: ԱՄՆ-ը մնում է առավել զարգացած շուկան, որն ունի ամենաանկախ սպառումը: Վերջապես, ամերիկյան Դաշնային պահուստային համակարգն ի վիճակի է ապակայունացնել համաշխարհային տնտեսությունն իր ցանկացած քայլով:

Չինաստանը, որին սկսել են վերագրել այս տասնամյակում կամ դարում նոր գլոբալ առաջնորդի դերը, իրականում չունի գլոբալ քաղաքակրթական նախագիծ: Ունենալ աշխարհի ամենամեծ տնտեսությունը՝ դեռ չի նշանակում լինել համաշխարհային առաջնորդ: Դժվար թե բոլոր նրանք, ովքեր մարգարեանում են չինական նախագծի հաղթանակի մասին, կցանկանան ապրել, ինչպես չինացիք, երգել չինական երգեր եւ նայել չինական կինոնկարներ: Դա նույնիսկ չինացիներին մշակութապես մոտ կանգնած կորեացիներն ու վիետնամցիները չեն ցանկանում, էլ չխոսելով մնացած աշխարհի մասին: Եվ ամենակարեւորը` դա չեն ցանկանում իրենք` չինացիները, որոնք ամեն կերպ խուսափում են գլոբալ դերակատարումից: Չինաստանը մեծ, բացառիկ, սակայն ինքնամփոփ, ինքնակենտրոնացած քաղաքակրթություն է:

Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ չինական անընդհատ տնտեսական վերելքն ինքնին լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավեր է ԱՄՆ-ին եւ ամբողջ Արեւմտյան նախագծին, քանի որ չինական տնտեսական մոդելը կոմունիստական եւ արեւելաասիական արդիականացվող ավտորիտարիզմի մոդել է: Ի տարբերություն ռուսական-խորհրդային նախագծի, չինական նախագիծը չունի գլոբալ կամ մեսիական բաղադրիչ, սակայն այդ նախագիծն աշխատում է եւ դրանով վտանգ է ներկայացնում ոչ այնքան Արեւմուտքի նախագծին, որքան կապիտալիզմի՝ իրեն սպառած այն մոդելին, որն այսօր դարձել է գլոբալ ճգնաժամի սկզբնաղբյուր:

Այսինքն՝ չինական պետական կապիտալիզմի հաջողությունները կասկածի տակ են դնում ժողովրդավարական քաղաքական համակարգերով շուկայական տնտեսությունների գերակայությունը: Թույլ տալով միլիարդատերերի գոյությունը` Չինական Կոմկուսը թույլ չի տալիս նրանց քաղաքական իշխանություն ունենալ. բացի այդ, ՉԿԿ-ն ստեղծել է քաղաքական ղեկավարության պարբերական փոփոխման աշխատող մի ձեւ` առանց ընտրությունների անցկացման: Այսպիսով, կամա թե ակամա Չինաստանը դառնում է Արեւմտյան նախագծի մրցակից:

Բացի այդ, հարկ է հիշել, որ գլոբալ նախագծմանը մասնակցող ուժերը կամ տերությունները պետք է գերազանցություն ունենան բոլոր բնագավառներում: Նրանք պատասխանատու են աշխարհի զարգացման, անվտանգության եւ հավասարակշռության պահպանման համար` ունենալով միաժամանակ բազում շահաբաժիններ: Սակայն նաեւ նրանցից են պահանջում հաշիվները: Չինաստանն այս առումով ուզում է ստանալ շահույթներ, սակայն չի ցանկանում վճարել` ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի:

Ինչ վերաբերում է Արեւմտյան նախագծի մյուս հավանական այլընտրանքին, ապա Իսլամական աշխարհը որպես գլոբալ նախագիծ ներկայացված է ոչ թե պետության, այլ պետությունների եւ տարաբնույթ կրոնաքաղաքական իսլամական շարժումների կողմից: Սակայն այդ նախագծի կրողները բավական ցրված են. այսպես, Իրանում կա քաղաքացիների զգալի հատված, որը չի տեսնում իրեն որպես գլոբալ իսլամական նախագծի մի մաս: Իսկ, ասենք, անգլիական Բիրմինհեմում կամ ֆրանսիական Մարսելում կարող է լինել համայնք, որը համարում է իրեն Իսլամական աշխարհի մաս:

Ունենալով քաղաքակրթական կամ գաղափարախոսական առանցք՝ իսլամական նախագիծը, սակայն, չունի տնտեսական եւ ռազմական հզորություն` այն աշխարհում տարածելու համար: Ավելին, ներկայումս Իսլամական աշխարհը հայտնվել է ներքին հակամարտությունների հորձանուտում: Մահմեդական երկրներում վարչակարգերի անկումը կամ թուլացումը կատարվում է հենց գլոբալ նախագծման շրջանակներում:

* * *

Միջազգային արժութային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանի քաղաքականության միջոցով ապահովվող Եվրոպայի ֆինանսական կայունությունը նրա հեռացմամբ փաստացի դրվեց կասկածի տակ: Մինչդեռ Սթրոս-Կանն այսպես կոչված «ձախ» գլոբալ նախագծի ջատագովն էր, որը շեշտը դնում էր ոչ թե Արեւմուտքի շահերի ուժային պաշտպանության, այլ տարբեր համաշխարհային խաղացողների միջեւ համաձայնությունների միջոցով գլոբալ գործընթացների կառավարման վրա: Սակայն աշխարհում շարունակվող գլոբալ ֆինանսական-տնտեսական ճգնաժամը, որին ավելացավ պարենային հիմնախնդիրը, լուծում չի ստանում, եւ իրավիճակն ավելի է վատթարանում: Սա ստիպում է գլոբալ նախագծողների «աջ» թեւին արագացնել գլոբալ զարգացումները` առաջ բերելով ուժային տարբերակներ, ինչպես, օրինակ, Մեծ Մերձավոր Արեւելքում: Արաբական երկրներում ընթացող հեղափոխությունները եւ պատերազմը Լիբիայում աշխարհի վերաձեւման ընդամենը մեկ փուլ են ներկայացնում:

Այս համատեքստում փորձագետները հավանական են համարում, որ բին-Լադենի վերացումը, ավարտելով հին ժամանակաշրջանը, բացում է նորը, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի, Իրանի եւ Պակիստանի ուղղությամբ վճռական քայլերի կիրառման, իսկ վերջին հաշվով նաեւ` Չինաստանի հարաճուն պահանջների զսպմանն ուղղված քաղաքականության ժամանակաշրջանը:

Այս պահը բավական լավ գիտակցվեց Պեկինում: Չինաստանը փորձեց ցույց տալ Արեւմուտքին նրա նախագծի ծավալման սահմանները: Եվ այդ սահմանները, ըստ Պեկինի, անցնում են Կենտրոնական եւ Հարավային Ասիայում, երբ մայիսին ՉԺՀ-ն պաշտոնապես զգուշացրեց ԱՄՆ-ին, որ Պակիստանի դեմ հարձակումը, որի մասին վերջերս սկսել են խոսել Վաշինգտոնում, կընկալվի որպես Պեկինի դեմ հարձակում: Դրանով համաշխարհային օրակարգ մտավ լուրջ հարց. Պակիստանը, որը տասնամյակներով հանդիսանում էր ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դաշնակիցը, զուգահեռաբար վերածվելով իսլամական արմատականության հիմնական կենտրոնի, դառնում է ՉԺՀ ռազմավարական դաշնակիցը: Սա վկայում է, որ Պակիստանը եւ Չինաստանը կարող են մարտահրավեր նետել գլոբալ նախագծողներին` սեփական տարածաշրջաններում: Մինչդեռ Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Մեծ Կենտրոնական Ասիայում հենց Պակիստանն է դառնալու խոշորագույն տեղաշարժերի ցուցիչը եւ ԱՄՆ քաղաքականության թիրախը: Տարածվեց տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգները ծրագրում է ուժային գործողություններ` Պակիստանի միջուկային ներուժը վերահսկողության տակ վերցնելու կամ վերացնելու համար: Դրան էլ անմիջապես հետեւեց Պեկինի նախազգուշացումը:

Այս պայմաններում, «շնորհիվ» Արեւմտյան նախագծի, կարելի է ականատես լինել չինական տարածաշրջանային սահմանափակ եւ իսլամական գլոբալ նախագծերի միջեւ դաշինքի կնքմանը:

Դա էլ, իր հերթին, հստակեցնում է Արեւմտյան նախագծի ներկայիս ռազմավարությունը. դիմակայել արմատական իսլամիզմի տարածմանը` թուլացնելով իսլամական աշխարհը եւ կլանելով այն իր նախագծի մեջ, նպաստել Իրանի վերափոխմանը` որպես տարածաշրջանի առանցքային պետության, դառնալ տիրապետող Մեծ Մերձավոր Արեւելքում, զսպել Չինաստանի` որպես տնտեսական մրցակցի վերելքը, կանխել Ռուսաստանի կայսերական հավակնությունների վերածնունդն Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուղղությամբ` նպաստելով Ռուսաստանի հետզհետե արեւմտականացմանը:

Այսպիսով, պետք է նշել, որ արդի աշխարհում գլոբալ նախագծի իրականացման համար անհրաժեշտ բոլոր տարրերն ու միջոցներն ունի, թերեւս, միայն Արեւմուտքը, հատկապես` նրա անգլոսաքսոնական հատվածը: Ակնհայտ է, որ ինչքան էլ թուլանա վերջինիս տնտեսական ու ռազմական հզորությունը, այնուամենայնիվ, քաղաքակրթական առավելությունները դեռեւս մնում են Արեւմտյան նախագծի կողմը: Ներկայիս աշխարհակարգի վերաձեւումն` առանց Արեւմուտքի առաջնորդության, պարզապես անհնար է թվում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր