• am
  • ru
  • en
Версия для печати
21.10.2011

ՀՀ-Ն՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՐԿԻՐԸ

   

Կարեն Վերանյան

Ռազմական պոտենցիալի վարկանիշային վերլուծություն

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշը ըստ 2011թ. Globalfirepower.com-ի

Ընթացիկ տարվա հուլիսի կեսերին հեղինակավոր Globalfirepower.com կայքում հրապարակվեց աշխարհի երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված է 55 երկիր։ Լավագույն ցուցանիշը պատկանում է Միացյալ Նահանգներին, որին անմիջապես հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է հայտնվել նաև Թուրքիան, որն արձանագրել է բավական բարձր ցուցանիշ և գտնվում է 6-րդ հորիզոնականում։ Լավագույն տասնյակը եզրափակում է Իսրայելը։

Երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշը ըստ 2011թ. Globalfirepower.com-ի,
առանձնացված երկրներ (www.globalfirepower.com)

ԱՊՀ տարածքի երկրներից վարկանիշային աղյուսակում ներառվել է միայն Ուկրաինան, որը զբաղեցրել է 20-րդ դիրքը, ինչպես նաև ԱՊՀ-ին այլևս չանդամակցող Վրաստանը՝ 50-րդ հորիզոնական։

Կայքում տեղ գտած երկրների ռազմական պոտենցիալին վերաբերող վարկանիշային վիճակագրությունը բավական արժեքավոր է նախ իր տեղեկատվական բազայի և մեթոդաբանորեն ընտրված չափորոշիչների կիրառության տեսանկյունից։ Եվ երկրորդ, աշխարհի տարբեր երկրների պաշտպանական, ռազմական անվտանգության ոլորտում վարկանիշային հետազոտություններ հրապարակելը բավական հազվագյուտ երևույթ է (իսկ դրանց մի մասն էլ, եթե այդպիսիք կան, ուղղակի չի հրապարակվում), ուստի այս տեսանկյունից Globalfirepower.com կայքում ներկայացված ռազմական պոտենցիալի վարկանիշային ուսումնասիրությունն ու դրա արդյունքներն անգնահատելի են նաև իրենց բացառիկությամբ։

Ուշագրավ է այն, որ որքան քիչ են հրապարակվում կամ պատրաստվում երկրների ռազմական պոտենցիալին վերաբերող նման վարկանիշային հետազոտությունները, այնքան սահմանափակ են լինում համապատասխան տեղեկատվությունն ու դրա հիման վրա իրականացված վերլուծականը, մեծանում է անճշտությունների տոկոսային հարաբերակցությունը՝ մեզ հետաքրքրող երկրների միջև ռազմական պոտենցիալի վարկանիշների համեմատական վերլուծության իրականացման ընթացքում։

Եվ իսկապես, ինչպես նշվում է Globalfirepower.com կայքում, աղյուսակում ներառված երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշավորման մեթոդաբանությունը, որը հիմնվել է շուրջ 45 տարբեր չափորոշիչների հաշվարկի վրա, կիրառվում են վարկանիշավորման զուտ քանակական տեղեկատվական տվյալներ՝ առանց որևէ որակական բնութագրիչից կամ ցուցիչից։ Կայքում տեղակայված ռազմական պոտենցիալի վարկանիշային քանակական այս վիճակագրությունը խիստ արժեքավոր է, սակայն այն վարկանիշավորման տեսանկյունից առավել լայնընդգրկուն կլիներ, եթե հաշվի առնվեին նաև վարկանիշավորման որակական հատկանիշները։

Ընդգրկված պետությունների ռազմական պոտենցիալի վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառվել են այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են՝ ԶՈւ թվաքանակը, ռազմատեխնիկական հագեցվածությունը՝ քանակական հաշվարկի տեսանկյունից, ռազմական կարողությունները (ռազմական տեխնիկան՝ քանակապես) ցամաքում, օդում և ծովում, ֆինանսավորման խնդիրները և այլն։

Այս վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունում կիրառվում են նաև ռազմական պոտենցիալի վարկանիշավորման հետ ասոցիացված, նույնիսկ գրեթե երկրորդական ու երրորդական նշանակություն ունեցող այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են՝ նավթարտադրության, նավթի սպառման և պաշարների վիճակագրությունը, ընդհանուր աշխատուժը, երկրի ճանապարհային, երկաթուղային ու ջրային տարածքների քարտեզը և այլն։ Այս տեսանկյունից անհասկանալի ու անտրամաբանական է դառնում զեկույցում այնպիսի երկրի տեղ չգտնելը, ինչպիսին է Ադրբեջանը, որը նավթարտադրության, նավթի սպառման և պաշարների հարցում պակաս ռեսուրսներ չունի, բացի այդ, հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում երկրի ռազմականացմանը։ Նույնպիսի անտրամաբանություն է գործում նաև ՀՀ-ի պարագայում, որը թեպետ նավթարտադրություն չունի ու չի տիրապետում նավթի պաշարների ռեսուրսների, սակայն հանձին սփյուռքի (որպես ասոցիացված չափորոշիչ)՝ տիրապետում է հսկայական մարդկային, գիտական և ֆինանսական ռեսուրսների։ ՀՀ-ի պարագայում վերը նշված չափորոշիչներին հարկ է հավելել ՀՀ և ԼՂՀ ԶՈւ բարձր մարտունակության իրողությունը։

Strategy Page. Ռազմական պոտենցիալի վարկանիշավորում՝ որակական ու քանակական հաշվարկով, 2008թ.

Հոդվածում ներկայացված երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշավորման վերլուծականն ամբողջականացնելու համար նպատակահարմար ենք համարում չսահմանափակվել սույն վարկանիշային հետազոտության արդյունքներով։

Ոլորտում մինչ օրս հրապարակված հազվագյուտ հետազոտություններից է նաև Strategy Page կայքում ներկայացված Աշխարհի երկրների ԶՈւ-ի պոտենցիալի վարկանիշային ուսումնասիրությունը (2008թ.)։ Հետազոտությունն արժեքավոր է առաջին հերթին վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառված քանակական ու որակական չափորոշիչների համադրության առումով, ինչը հնարավորություն է տալիս թվաքանակով առավել շատ չափորոշիչների կիրառմամբ ստանալ վարկանիշային առավել լայն ցուցանիշներ ու վերլուծական։

Strategy Page կայքում տրամադրված երկրների ԶՈւ-ի պոտենցիալի վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառվել են այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պետության ընդհանուր մարտական կարողությունները, բնակչության թվաքանակն ու ՀՆԱ-ն, ԶՈւ-ի թվաքանակը, ռազմական բյուջեն, ռազմատեխնիկական հագեցվածությունը։ Իսկ զուտ որակական հատկանիշներ ունեցող չափորոշիչներից առանձնացնենք՝ սպաների ծառայության որակն ու լիդերության մակարդակը, մարտական գործողությունների ժամանակ մարդկային ռեսուրսների մոբիլիզացման կարողությունները, ռազմական ավանդույթները և այլն։

Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացնում ենք Հարավային Կովկասի երեք երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշային արդյունքների համեմատականը՝ գերազանցապես կենտրոնանալով վարկանիշավորման որակական հատկանիշների վերլուծության վրա։ Որակական ցուցիչներից առանձնացրել ենք աղյուսակի վերջին 5 սանդղակները, որոնք չափորոշվում են 0-9 միավորներով (9 միավորը ցույց է տալիս բարձրագույն դրական արժեքը)։

Դժվար չէ նկատել, որ ՀՆԱ-ի, ազգային բանակի թվաքանակի, ռազմական բյուջեի տվյալներով, որոնք ամբողջությամբ վերաբերում են վարկանիշավորման քանակական բնութագրիչներին, ՀՀ-ն միջինացված հաշվարկով զիջում է իր հարևան երկու երկրներին։ Հարևան երկրների համեմատությամբ ցածր է ՀՀ-ի վարկանիշային ցուցանիշը նաև մեկ այլ քանակական ցուցչով (աղյուսակում չի ներկայացված)՝ ԶՈւ յուրաքանչյուր զինվորին հատկացվող տարեկան ծախսերը. Ադրբեջանը յուրաքանչյուր զինվորին հատկացնում է տարեկան $15 հազար, Վրաստանը՝ $29 հազ., իսկ ՀՀ-ն՝ համապատասխանաբար $7 հազար։

Չնայած ռազմական պոտենցիալի քանակական վարկանիշավորման համեմատականում ՀՀ-ն զիջում է դիրքերը հարևան երկու պետություններին, այնուհանդերձ, վարկանիշային ամփոփ արդյունքների համատեքստում գերազանցում է թե՛ Վրաստանին, թե՛ Ադրբեջանին։ Կարելի է ասել, որ իր երկու հարևանների նկատմամբ ռազմական պոտենցիալի վարկանիշներում ՀՀ առավելությունը գերազանցապես պայմանավորված է վարկանիշավորման որակական բնութագրիչներում ՀՀ բարձր ցուցանիշներով։ Ինչպես պատկերված է աղյուսակում, լիդերության ցուցչով բարձրագույն դրական միավորը գրանցվել է ՀՀ-ի պարագայում՝ 6 միավոր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 4 և 5 միավոր։ ՀՀ-ի առավելությունն ակնհայտ է նաև սպառազինությունների ցուցչում՝ 4 միավոր՝ 3-ականի դիմաց։ ՀՀ-ն գերազանցում է իր երկու հարևաններին նաև մարտական գործողություններում և զորավարժությունների անցկացման փորձառության ցուցչով՝ 6 միավորով (Ադրբեջանն ու Վրաստանը՝ 5-ական միավորներ)։ Իսկ մարդկային ռեսուրսների մոբիլիզացման ցուցչով առաջատար են Ադրբեջանն ու Վրաստանը։ Վերջին՝ ռազմական ավանդույթների ցուցչով ՀՀ-ն առաջատարի դիրքը կիսում է Վրաստանի հետ՝ 3-ական միավորներ, իսկ Ադրբեջանի ցուցանիշը 2 միավոր է։

Վարկանիշավորման աղյուսակում երկրները դասակարգված են ըստ աշխարհագրական դասակարգման։ Դրա համաձայն, ՀՀ-ն և Վրաստանն ընկել են Եվրոպական երկրներ կարգի մեջ, իսկ Ադրբեջանը՝ Մերձավոր Արևելքի երկրներ խմբում։ Եվրոպական երկրներ դասակարգման մեջ ներառված 38 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 23-րդ, իսկ Վրաստանը՝ 29-րդ դիրքը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը Մերձավոր Արևելքի երկրներ դասակարգման աղյուսակում ներառված 26 երկրների շարքում գտնվում է 18-րդ հորիզոնականում։ Ելնելով նրանից, որ Հարավային Կովկասի երեք երկրները ներկայացված չեն միևնույն դասակարգման մեջ, ուստի այդ դասակարգումը կիրականացնենք՝ հիմնվելով դրանց ցուցիչների համեմատական վելուծության արդյունքների վրա։ Այսպես, որակական բնութագրիչներով Վրաստանի ցուցանիշներն ընդհանուր առմամբ գերազանցում են Ադրբեջանին, իսկ քանակական միջինացված հաշվարկով հակառակ պատկերն է ստացվում։ Մյուս կողմից, Ադրբեջանն իր որակական ցուցիչներով միջինացված հաշվարկով մոտ է գտնվում Եվրոպական երկրներ դասակարգման մեջ գտնվող Մոլդովային կամ Սլովենիային, որոնք զբաղեցնում են դասակարգման մեջ ներառված 38 երկրների շարքում 37, 36-րդ դիրքերը։ Իսկ իր քանակական բնութագրիչներով Ադրբեջանը կարող է համեմատվել Եվրոպական երկրներ դասակարգման 26-րդ դիրքում հայտնված Սերբիայի հետ։ Ելնելով այդ հաշվարկից՝ փաստենք, որ իր ամփոփ ցուցանիշով Ադրբեջանը զիջում է դիրքերը ՀՀ-ին, նույնիսկ զգալի տարբերությամբ՝ եթե ՀՀ-ին գումարենք ԼՂՀ ռազմական պոտենցիալը։ Ի դեպ, նկատենք, որ ԼՂՀ պաշտպանական համակարգն աչքի է ընկնում առաջին հերթին որակական բարձր հատկանիշներով և ամենևին էլ չի զիջում ՀՀ ԶՈւ մարտունակության մակարդակին։

Ադրբեջանի վարկանիշը գրեթե համեմատելի է Վրաստանի հետ, սակայն թերևս ոչ մեծ տարբերությամբ զիջում է վերջինիս՝ հաշվի առնելով Վրաստանի որակական ցուցիչների առավելությունները և երկու երկրների վարկանիշավորման քանակական ցուցիչների ոչ բացարձակ տարբերությունները։

Ի դեպ, ՀՀ-ն իր ռազմական պոտենցիալի վարկանիշով գերազանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Չեխիան, Նորվեգիան, Սերբիան, և ընդհուպ մոտ է գտնվում Բելառուսին, Բելգիային։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 5, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր