• am
  • ru
  • en
Версия для печати
03.04.2013

PKK-Ի ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

   

Հայկ Գաբրիելյան

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Թուրքիայի պայքարի հետևանքները կարելի է պայմանականորեն արտացոլել չորս ոլորտում` ռազմական, տնտեսական, ներքաղաքական-հասարակական և դիվանագիտական-արտաքին քաղաքական: Հոդվածում կանդրադառնանք առաջին երկուսին` հիմնական շեշտը դնելով 2002թ. նոյեմբերին իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանի վրա:

Ռազմական.– Ընդունված է համարել, որ PKK-ի դեմ Թուրքիայի պայքարում երկու կողմից զոհվել է 40-45.000 մարդ, թեև Թուրքիայի և PKK-ի կորուստների մասին տվյալները տարբեր են: Ավելին, կարծիքներ կան, որ վերջին հարյուրամյակում Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամենաշատ կորուստները կրել է հենց PKK-ի դեմ պայքարում1:

2012թ. հուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ ներկայացրեց PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) կրած կորուստների մասին: Դրանց համաձայն` 2012թ. հունիսի 8-ի դրությամբ PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169: Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող: Վերջին 10 տարիներին (ԱԶԿ կառավարման ժամանակահատվածում) գրանցվել է 10.080 բախում, որից 2152-ը` թեժ, ինչի հետևանքով զոհվել է 818 զինծառայող2: Ամենայն հավանականությամբ, այս թվերը բավական նվազեցված են, և իրականում էականորեն տարբերվում են PKK ներկայացրած տվյալներից, ինչը միտված է թուրք հասարակությունից խնդրի ողջ ծավալը քողարկելուն, ինչն էլ, իր հերթին, թուրքական իշխանություններին հեռու է պահում այդ հակամարտության կարգավորման ռազմավարություն ունենալու հասարակական պահանջից:

2011թ. հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին (2008-2010) պետերից Իլքեր Բաշբուղի հովանավորությամբ անցկացվել է 461 PKK-ականների տվյալների հետազոտություն: Ըստ դրա՝ լեռներում բազավորված PKK-ին միացողները դրանից հետո ապրում են միջինը 7.2 տարի, ընդ որում՝ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 6.9 տարի, իսկ կանանց դեպքում՝ 9.5 տարի։ PKK-ականները մահանում են միջինը 26.3 տարեկանում։ Ապագա PKK-ականները լեռներն են բարձրանում 15-17 տարեկանում. 15 տարեկանում միանում են հիմնականում նրանք, ում ավագ եղբորը կամ քրոջը սպանել են։ Իսկ 17 տարեկանում PKK-ին միանում են հիմնականում քարոզչական աշխատանքների արդյունքում նրա ազդեցության տակ ընկածները։

Բացի մարդկային կորուստներից, PKK-ն լուրջ կորուստներ է պատճառում նաև ԹԶՈւ տրամադրության տակ եղած սպառազինությանը: Սակայն այս հարցում անհնար է գտնել վիճակագրական կոնկրետ տվյալներ, քանի որ շատ դեպքերում թուրքական կողմը միտումնավոր քողարկում է իր ռազմատեխնիկական կորուստները` դրանք վերագրելով տեխնիկական խնդիրների կամ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքներին:

Ինչպես դիպուկ նկատել է «Թյուրքսամ» վերլուծական կենտրոնի փորձագետ Իբրահիմ Չևիքը, ներկայիս PKK-ն նախկին PKK-ն չէ, և նրա ներկայիս պայքարի ձևերն էականորեն տարբերվում են նախկին ձևերից. «Օրինակ, եթե նախկինում PKK-ն վախենում էր իր ներկայությունը զգացնել ժամը 20.00-ից հետո, ապա այսօր կազմակերպում է գիշերային հարձակումներ և չի խորշում ցերեկային բախումներից: Եվ ընդհանրապես, ներկայումս PKK-ն այնպես չի թաքնվում, ինչպես նախկինում: Այսօր PKK-ն լայնորեն օգտվում է մերօրյա բարձր տեխնոլոգիական նվաճումներից. ինտերնետ, բջջային հեռախոսակապ, արբանյակային կապ, հետախուզական սարքավորում, ինչը բավական հեշտացրել է նրա զինյալների միջև հաղորդակցությունը և թուրքական զորքերի տեղաշարժերի մասին իրազեկվելը: Եթե նախկինում PKK թիրախում էին գտնվում գլխավորապես զինծառայողները և ոստիկանները, ապա այսօր այն չի խորշում նաև գյուղական պահապանների վրա հարձակումներ գործելուց, ինչին որ ականատես չենք եղել նախկինում3»: Այս ամենին պետք է հավելել այն, որ ներկայումս PKK-ն կարողանում է գրավել ռազմավարական կարևորության շրջաններ և հակառակորդի ցամաքային ու օդային հարձակումներից հետո պահել դրանք: PKK նախկին «չհարձակվել և թաքնվել» մարտավարությունը վերափոխվել է «հարձակվել և պաշտպանել դիրքերը» մարտավարության: Օրինակ, նախորդ տարվա ամռանը PKK-ն Հաքքարի նահանգի Շեմդինլի ու Չուքուրջա շրջաններում (Իրաքի սահմանի մոտ) ստեղծել էր «ազատագրված գոտի», որն ընդգրկում էր 400 կմ2 տարածություն4: Պետք է նշել, որ այս մասին մամլո հրապարակումները շոկային ազդեցություն են ունեցել թուրք հասարակության վրա:

2011թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել PKK-ի դեմ, որի հեղինակը տվյալ ժամանակվա ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն է: Նոր ռազմավարությամբ նախատեսվում էր ֆիզիկապես ոչնչացնել PKK մոտ 300 առավել հեղինակավոր գործիչների։ Այդ նպատակով կազմվել է հատուկ «մահվան ցուցակ»։ Որպես նման ռազմավարություն առաջ քաշելու պատճառ է նշվում այն, որ ԹԶՈւ-ի հետ բախումներում հիմնականում զոհվում են շարքային PKK-ականները, ինչը PKK վերնախավն օգտագործում է իր հակաքարոզչական նպատակների համար։

2012թ. մարտին հայտնի դարձավ, որ PKK 50 առաջնորդների (որոնցից 20-ը գտնվում են Եվրոպայում) համար սահմանվել են խոշոր գլխագներ` 100.000 լիրայից ($56.500) մինչև 4 մլն լիրա ($2.265.000): Թուրքական կողմն այս հարցում ոգեշնչվել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունից, որը Սադամ Հուսեյնի ու Բեն Լադենի համար սահմանել էր $25-ական մլն գլխագին5: Ուշագրավ է, որ 2013թ. հունվարի 10-ին Փարիզում սպանվեցին PKK ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը, Լեյլա Սոյլեմեզը և Սաքինե Ջանսըզը: Վերջինս PKK հիմնադիրներից էր, ինչպես նաև` Գերմանիայում PKK պատասխանատուն6:

Թուրքական կողմը PKK-ի դեմ պայքարում սեփական կորուստները նվազեցնելու շարունակ փնտրտուքների մեջ է: Այն բանից հետո, երբ PKK զինյալները Բինգյոլում (Բյուրակն) նախ 2012թ. սեպտեմբերի 16-ին սպանեցին 8 ոստիկանի, ապա նաև սեպտեմբերի 18-ին սպանեցին 10 զինծառայողի, ԳՇ-ը որոշեց նոր մարտավարություն կիրառել իր կողմից ռիսկային որակված գոտիներում գտնվող զորքերի տեղաշարժերի վերաբերյալ: Խոսքը երկրի արևելյան ու հարավարևելյան շրջանների մասին է, ուր գտնվում է գրեթե 150.000 զինծառայող և ուր PKK զինյալները սովորաբար ակտիվ գործունեություն են ծավալում: Այսուհետ դրանցում պետք է զինծառայողների տեղաշարժն իրականացվի միայն օդային ճանապարհով:

Այդ նպատակով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 2012թ. դեկտեմբերի 20-ին պայմանագիր ստորագրեց «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության հետ, ըստ որի` 2013-ից սկսած` տվյալ գոտիների զինծառայողները կարող են անվճար օգտվել THY ինքնաթիռներից: Նախագծի շրջանակներում պետք է տարեկան փոխադրվի 350.000-400.000 զինծառայող: Պայմանագիրը գնահատվել է $11 մլն: Այսպես պետք է շարունակվի մինչև 2014-2015թթ., երբ ԱՄՆ-ից կստացվեն 6-10 հատ Chinook (CH-47S) ուղղաթիռները, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է տեղափոխել 60 զինծառայող: Այս գործարքը գնահատվում է $1 մլրդ7: Այս թանկարժեք նախագիծը կարող է տալ իր պտուղները և որոշակիորեն նվազեցնել PKK-ի դեմ պայքարում թուրք զինծառայողների կորուստները, քանի որ PKK-ն քանիցս հարվածել է լեռնային նեղ ճանապարհներով անցնող զինվորական ավտոշարասյուներին կամ էլ ականապատել այդ ճանապարհները:

Թուրքիան պայքար է մղում նաև PKK ցանցահենների դեմ, որոնք, հազարավոր հասարակական ու պետական կայքերի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների էլեկտրոնային փոստերի, ֆեյսբուքյան էջերի վրա հարձակումներ գործելուց բացի, 2010թ. փորձել են Բաթմանի տեղական հեռուստատեսության արբանյակային հաղորդիչի միջոցով միանալ իսրայելական Heron անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաճախականությանը և վայր գցել դրանք, սակայն դա (թուրքական կողմի պնդմամբ) նրանց չի հաջողվել: PKK ցանցահենները գտնում են, որ այդպիսի 1 ԱԹՍ ցած գցելն ավելի կարևոր է, քան 100 թուրք զինվոր սպանելը8: Ի դեպ, 2012թ. դեկտեմբերի 24-ին ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հայտարարեց, որ PKK-ն իր շարքերը համալրելու նպատակով լայնորեն օգտագործում է սոցցանցերը, որոնցից օգտվում են 15-25 տարեկան բազմաթիվ անձինք, և որ ԱԶԿ-ն պետք է պայքարի դրա դեմ9:

PKK-ի դեմ պայքարն իր կնիքն է թողնում նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական գործունեության, ինչպես նաև այլ երկրների հետ Թուրքիայի ռազմական համագործակցության վրա: Մասնավորապես, PKK-ի դեմ պայքարում գործածելու նպատակով Թուրքիան վերջին շրջանում սկսել է արտադրել մի շարք զինատեսակներ (ANKA, Simsek ԱԹՍ-եր, T-129 ATAK հարվածային ուղղաթիռ և այլն, որոնք նաև արտահանվելու են), ինչպես նաև տարբեր երկրների (առաջին հերթին ԱՄՆ-ի, իսկ մինչև վերջերս` նաև Իսրայելի) հետ իր ռազմական համագործակցության ժամանակ առաջ է քաշել PKK-ի դեմ պայքարում գործածելու նպատակով զինատեսակներ գնելու կամ ստանալու հարցը:

Խոսքն առաջին հերթին ամերիկյան Predator ԱԹՍ-երի և AH-1W Super Cobra ուղղաթիռների մասին է, որոնց ստացմանը, սակայն, նպաստել է այն, որ Թուրքիան համաձայնեց Մալաթիայի նահանգում ՆԱՏՕ (ամերիկյան) ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայմանը (Թուրքիան 1990-ականներից փորձում էր ԱՄՆ-ից գնել Super Cobra տիպի ուղղաթիռներ): Այժմ էլ Թուրքիան մտադիր է Lockheed Martin ընկերությունից գնել Zeppelin տիպի դիրիժաբլներ, որոնք որպես ԱԹՍ գործածելու է Իրաքի ու Իրանի սահմաններում` ընդդեմ PKK-ի: Ի դեպ, Թուրքիան ցայժմ PKK-ի դեմ պայքարում լայնորեն օգտագործում էր Heron ԱԹՍ-եր, սակայն Իսրայելի հետ ռազմական համագործակցությանը վերջ է տրվել, իսկ թուրքական արտադրության առաջին (ANKA) ԱԹՍ զանգվածային արտադրությունը մեկնարկելու է այս տարի: Թուրքիան պատրաստվում է PKK-ի դեմ պայքարել նաև իր Gokturk-2 առաջին հետախուզական արբանյակի օգնությամբ, որը չինական Jiuquan տիեզերակայանից ուղեծիր արձակվեց 2012թ. դեկտեմբերի 18-ին: Արբանյակը 686 կմ բարձրությունից հսկելու է Ղանդիլում PKK-ականների տեղաշարժերը:

ԳՇ պետ, գեներալ Նեջդեթ Օզելը, որը մեղադրվել է 1999թ. PKK-ի դեմ քիմիական զենք կիրառելու մեջ և դրա համար հայտնի է «Քիմիական Նեջդեթ» մականունով, գտնում է, որ PKK խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է 3 պայմանի ապահովում. ա) Թուրքիայի կառավարության կողմից Հյուսիսային Իրաք ներխուժելու թույլտվություն, բ) ներխուժմանն ամերիկյան հետախուզության ու միջազգային հանրության աջակցման ապահովում, գ) թուրք ժողովուրդը պետք է պատրաստ լինի թուրք զինծառայողների շրջանում հնարավոր մեծ կորուստներին10: Սակայն Օզելը քաջ գիտի, որ անհնար է այդ պայմանների ապահովումը, քանի որ ԱՄՆ-ը դեմ է Հյուսիսային Իրաքում թուրքական լայնամասշտաբ ռազմական գործողությանը (PKK-ն ԱՄՆ-ի համար Թուրքիային զսպելու և անհրաժեշտության դեպքում Թուրքիայում ապակայունություն առաջացնելու գործիք է), ինչը նշանակում է, որ թուրքական իշխանությունները չեն կարող Օզելին ընդառաջել տվյալ հարցում: Թուրք հասարակությունը նույնպես պատրաստ չէ մեծ կորուստներ կրելուն:

Այսպիսով, PKK-ի դեմ պայքարը Թուրքիային պատճառում է ռազմական մեծ կորուստներ և խլում ռազմական խոշոր ռեսուրսներ: Վերոնշյալը ցույց է տալիս, որ «Քրդական հարցը» չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ավելին, հաշվի առնելով PKK նոր մարտավարությունը և նրա զինյալների կողմից ժամանակակից զենքերի գործածումը` կարելի է կարծել, որ գնալով էլ ավելի էական կլինեն ԹԶՈւ կորուստները, ինչն էլ ավելի կմեծացնի թուրք հասարակության վրդովմունքը գործող իշխանությունների հանդեպ, կսրի ներքաղաքական գզվռտոցը և թուրքական իշխանություններին կհարկադրի նստել բանակցային սեղանի շուրջ, ինչին ականատես ենք լինում այս օրերին: Բանակցային սեղանին վերադառնալը պատահական չէ. շատերի կարծիքով` PKK-ն երբեք այնքան հզոր չի եղել, որքան 2012թ.: 2012թ. սեպտեմբերի սկզբին ֆրանսիական Le Monde թերթը գրեց, որ 2012թ. ամառը Թուրքիայի համար ամենաարյունոտներից էր 1990-ական թթ. հետո: PKK-ն նույնպես բավական հաջող է համարում 2012-ը` ընդգծելով, որ ԹԶՈւ-ն այդպիսի կորուստներ չի կրել սկսած 1998-ից:

Տնտեսական.– 2011թ. օգոստոսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յլդըրըմը հայտարարեց, որ 1984-2011թթ. PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են $300 մլրդ, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` $700 մլրդ։ Ընդհանուր առմամբ` PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է $1 տրլն11։

2007թ. Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց. «Եթե 1984-ից PKK-ի դեմ պայքարում ծախսված մոտ $300 մլրդ-ը ներդրվեր երկրի տնտեսության մեջ, ապա Թուրքիան աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների (G-8) թվում այսօր կլիներ 7-րդը: Ահա թե ինչպիսին է PKK պատճառած տնտեսական վնասը: Բացի այդ, տվյալ գումարի մի մասը կարող էր հատկացվել կրթական ոլորտին, որը զգում է դրա կարիքը: 1984-2001թթ. Թուրքիայում առաջացել է 8 տնտեսական ճգնաժամ, որոնցից խոշորագույնները` 1996 և 2001թթ.»12:

2013թ. հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան վերջին 30 տարում «ահաբեկչության» (PKK-ի) դեմ պայքարում ծախսել է $400 մլրդ, և եթե չլիներ «ահաբեկչությունը», ապա այսօրվա Թուրքիայի փոխարեն գոյություն կունենար շատ ավելի այլ Թուրքիա13: Սրանք թուրք պաշտոնյաների ներկայացրած խոսուն փաստեր են, որոնք արտացոլում են PKK-ի դեմ պայքարի տնտեսական կողմը:

PKK-ի դեմ պայքարը Թուրքիային ստիպում է ավելացնել սեփական ռազմական ծախսերը: Sikorsky տիպի մեկ ուղղաթիռն արժե $18-20 մլն, իսկ Super Cobra ուղղաթիռը` $20-22 մլն: Զրահամեքենաները և ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված զինատեսակները նույնպես թանկ արժեն, և Թուրքիան ստիպված է լինում օտար երկրներից գնել դրանք` PKK-ի դեմ պայքարում կրած կորուստները փոխհատուցելու համար: Մեկ մարտական ինքնաթիռի կամ ուղղաթիռի մեկժամյա թռիչքն արժենում է մոտ $10 հազար:

PKK-ի դեմ պայքարում ծախսվում է մեծ քանակությամբ զինամթերք, սահմանամերձ շրջաններում կառուցվում են բազմաթիվ պահակակետեր, ամրոցներ, այդ թվում նաև շարժական ամրոցներ ու հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ: Տուժած շրջաններին վճարվում են հավելյալ գումարներ, վերականգնվում են ավերված շինությունները, կամուրջները, ճանապարհները, տարիներով աշխատավարձեր են վճարվում մոտ 80.000 գյուղական պահապանների (վարձկաններ): Մի շարք տվյալներով` 1984-1999թթ. նրանց վճարվել է $450 մլն աշխատավարձ: Փոխհատուցումներ են վճարվում նաև PKK-ի դեմ պայքարում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին: PKK զինյալները պայթեցնում են նաև բեռնատար գնացքներ ու մեծածավալ բեռնատարներ14:

PKK զինյալները ժամանակ առ ժամանակ պայթեցումներ են կազմակերպում Թուրքիայի զբոսաշրջային գոտիներում կամ օտարազգի զբոսաշրջիկներ են առևանգում, որով և վնասում են զբոսաշրջության ոլորտին: 2012թ. սեպտեմբերին Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության (արդեն նախկին) նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց. «Հարավարևելյան Անատոլիան կարող է դառնալ աշխարհի ամենաճանաչված աշխարհագրական վայրերից մեկը: Եթե մեր երկրում տիրի խաղաղություն, ապա այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Լեռներում զոհվող երեխաները կարող են գալ զբոսաշրջային ոլորտ և աշխատել մշակութային տիրույթում»15:

PKK զինյալները քանիցս պայթեցրել են Թուրքիայի տարածքում գտնվող խողովակաշարերը, ինչը նյութական մեծ վնաս է պատճառում Թուրքիային և հանգեցնում է որոշակի ժամկետով տվյալ խողովակաշարերով ածխաջրածինների մատակարարման դադարեցմանը: Խողովակաշարերի բազմաթիվ պայթեցումների պատճառով Թուրքիան չի կարողանում հարևան երկրներից գնել պայմանավորված նավթի կամ գազի ծավալը և ստիպված է լինում գումարներ վատնել վնասված խողովակաշարերի վերականգնման համար, ինչպես նաև խոշոր փոխհատուցումներ վճարել մատակարար երկրներին:

Ինչ վերաբերում է ԲԹՋ-ին, ապա այն PKK-ի կողմից պայթեցվեց 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից ընդամենը 2 օր առաջ, ինչը «21-րդ դար Թուրքիա ինստիտուտի» փորձագետ Թուղչե Վարոլ Սևիմը բնորոշեց որպես Թուրքիային հասցեագրած ռուսական ազդանշան, որպեսզի ռուս-վրացական հակամարտության ժամանակ սևծովյան նեղուցները փակ պահի ՆԱՏՕ ռազմանավերի առջև: Սևիմը գտնում է, որ PKK-ն հատուկ մարտավարություն է կիրառում խողովակաշարերի պայթեցման հարցում և իր համար թիրախ է ընտրել գազատարները, քանի որ Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրման 55%-ի աղբյուրը գազն է, իսկ Թուրքիան իր գազի 98%-ը ներկրում է այլ երկրներից»16: Այս ամենին պետք է հավելել այն, որ Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները, որոնք մշտապես PKK թիրախն են, նախատեսված են միայն Թուրքիային գազով ապահովելու համար, և դրանց պայթեցումը չի հարուցում միջազգային հանրության զայրույթը:

Լինում են դեպքեր, երբ PKK-ն գրեթե միաժամանակ պայթեցնում է միանգամից երկու գազատար, ինչպես տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերին (հոկտեմբերի 3-ին պայթեցվեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, հոկտեմբերի 19-ին` Իրանից եկող գազատարը): Գազամատակարարման ծավալի ավելացման հարցի լուծումն էլ ավելի է դժվարանում ձմռանը, քանի որ մատակարար երկրներում նույնպես մեծանում է գազի սպառումը: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Թուրքիան գազը նույն գնով չի գնում իր երեք հիմնական մատակարարներից: Օրինակ, 2011թ. Թուրքիան 1000մ3 գազի դիմաց Ադրբեջանին վճարել է $282, Ռուսաստանին` $418, Իրանին` $423 (2012թ.` արդեն $524): Այս պայթեցումները բացասական կնիք են թողնում Թուրքիայի՝ որպես հուսալի տարանցիկ երկրի, դերի վրա և որոշակիորեն կասկածի տակ են դնում նրա քրդաբնակ տարածքներով միջազգային նշանակության նոր խողովակաշարերի (օրինակ, իրանական գազն ու քրդական (Հյուսիսային Իրաք) նավթն ու գազը նրա տարածքով դեպի Եվրոպա հասցնելը) կառուցման նպատակահարմարությունը:

Թուրքական պետության համար ծախսատար է համարվում նաև Աբդուլա Օջալանին բանտում պահելը: 2012թ. մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008թ. տվյալներով` Աբդուլա Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետությանը տարեկան արժենում է 45 մլն լիրա ($25 մլն)` ընդգծելով, որ կղզում գտնվում է մոտ 1000 զինծառայող (որից 250-ը` սպա), ինչպես նաև տեղակայված է 165 հեռուստախցիկ17:

Այսպիսով, Թուրքիան PKK-ի դեմ պայքարում, տարբեր տվյալներով, վատնել է $300 մլրդ-ից մինչև $1 տրլն, և չնայած այդ վիթխարի գումարներին` Թուրքիայում PKK գործունեությանը դեռ վերջ չի տրվել: Դա նշանակում է, որ ավելի լավ կլիներ, եթե այդ գումարի գոնե մի մասով ներդրումներ կատարվեին քրդաբնակ շրջաններում: Չպետք է մոռանալ, որ «Քրդական հարցի» առաջացման մեջ քիչ դեր չի խաղացել նաև տնտեսական գործոնը: Դա նշանակում է, որ թուրքական իշխանությունները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն քրդաբնակ շրջաններում գործազրկության ու անգրագիտության նվազեցման ուղղությամբ: Քրդաբնակ շրջաններում պետք է լուրջ ներդրումներ արվեն գյուղատնտեսության մեջ, կառուցվեն ենթակառույցներ ու հաղորդակցության ուղիներ, գործարաններ, դպրոցներ և այլն, որով և կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Մինչդեռ Թուրքիան ընդունում է այնպիսի օրենքներ, որոնցով բանտերում են հայտնվում բազմաթիվ անմեղ անձինք, որոնց մեղադրում են ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու կամ նրա օգտին քարոզչություն անելու մեջ: Այդպիսի մի օրենք էլ ընդունվեց 2013թ. փետրվարի 7-ին, երբ Թուրքիայի խորհրդարանը հավանության արժանացրեց ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորող անձանց քրեորեն պատժելու մասին օրինագիծը, ըստ որի՝ ահաբեկչական կազմակերպություններին կամ ահաբեկիչներին ֆինանսավորող անձինք կարող են պատժվել 5-10 տարի ազատազրկմամբ: Եթե ահաբեկչությանը ֆինանսավորում է օտար երկրի քաղաքացին կամ միջազգային կառույցը, ապա նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելն ու դատական գործընթաց սկսելը պետք է իրականացվի արդարադատության նախարարության թույլտվությամբ18:

1 Mustafa Semih Arıcı, PKK ile mücadelenin 30. yılına doğru- 1, Milliyet, 12.08.2012.

2 6 bin 169 şehit, Sabah, 11.07.2012.

3 İbrahim Çevik, PKK Eski PKK Değil, TURKSAM, 20.10.2011.

4 400 Kilometrekare PKK Kontrolünde, Bianet, 30.08.2012.

5 Devlet, PKK liderlerinin başına ödül koydu, Dünya Bülteni, 09.03.2012.

6 Paris'te 3 PKK'lı kadın öldürüldü, CNN Türk, 10.01.2013.

7 TSK’dan ‘Asker sevkıyatı havadan yapılsın’ emir, Haber Türk, 23.10.2012.

8 PKK'nın hacker timi insansız hava araçlarını düşürecekti, Sabah, 14.06.2010.

9 AK Parti'den sosyal medya ve PKK uyarısı, Haber7, 24.12.2012.

10 Ömer Şahin, Kandil'e girmek 3 şarta bağlı, Radikal, 21.06.2012.

11 Servet Mutlu, Ayrılıkçı PKK Terörünün Ekonomik Maliyeti, 21. Yüzyıl Türkiye Enstitüsü, 27.10.2011.

12 Abbas Güçlü, Çiçek: PKK'ya 300 milyar dolar harcandı, 23.11.2007.

13 Erdoğan: Teröre 400 milyar dolar harcadık, Sanal Gazeteci, 31.01.2013.

14 Terörle Mücadelenin Ekonomik Maliyeti veya 300 milyar Dolar Safsatası, 21. Yüzyıl Türkiye Enstitüsü, 21.04.2010.

15 ''Ülkemizde barış olsa bereket ve bolluk çok artacak'', Objektif Haber, 20.09.2012.

16 Tuğçe Varol Sevim, Doğal Gaz Boru Hatları Neden Patlatılıyor?, 21. Yüzyıl Türkiye Enstitüsü, 30.10.2012.

17Öcalan'ın devlete 'bir günlük' maliyeti!, Haber7, 16.09.2009.

18 Terörizmin Finansmanının Önlenmesi Hakkında Yasa Tasarısı kabul edildi, Radikal, 07.02.2013.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր