• am
  • ru
  • en
Версия для печати
02.10.2018

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018


Արմեն Ղալեչյան
Գնդապետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ռազմարվեստի ամբիոնի (տեղեկատվական պայքար առարկայի) ավագ դասախոս

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալ իրականությունն է «թելադրում» օբյեկտիվ իրականության ընթացքը: Կյանքն, իհարկե, իրական է, սակայն նրա մի զգալի մասը մենք ապրում ենք վիրտուալ (տեղեկատվական արհեստածին) աշխարհում1: Առավել ուժգին դեպի իրեն է ձգում վիրտուալը, քան իրականը, քանի որ այն ստեղծված է մեր ուղեղի չափորոշիչներով, որպեսզի բավարարի նրա բոլոր ցանկությունները2: Մարդն իր բնույթով սոցիալական էակ է, և նրա կարևոր պահանջմունքներից են ընդունված լինելու, ինքնարտահայտման, ինքնադրսևորման և ինքնահաստատման պահանջմունքները: Բացի այդ, մարդու գերնպատակը երջանկության ձգտումն է, և նա մշտապես պահանջ ունի պոզիտիվ հույզերի, դրայվի, ապագայի նկատմամբ դրական տեսլականի: Ուստի, համացանցային իրողությունը կառուցվում է՝ հաշվի առնելով մարդու նմանատիպ առանձնահատկությունները, օրինակ՝ ֆեյսբուքյան լայքերը բավարարում են գնահատված, ընդունված լինելու պահանջը, սեփական անձի կարևորության զգացումը՝ տալով գերառատ դրական հույզեր, ինչն իրական կյանքում նման քանակությամբ և ուժգնությամբ մարդը չի կարող ստանալ: Օգտատերերի կարծիքները, նկարները և ուղիղ եթերները նպաստում են ինքնարտահայտման պահանջմունքի, իսկ համընդհանուր քննարկումները, սեփական կարծիքը տարածելը, համախոհներ ձեռք բերելը՝ ինքնահաստատման պահանջմունքի բավարարմանը: Կարևոր է նշել նաև, որ համացանցային տեղեկատվության հուզական սրությունը, օպերատիվությունն ու ակտուալությունն ապահովում են դրայվային զգացումներ, իսկ համացանցային հավելվածները՝ սիրած գույնի, կենդանու նմանության կամ արտաքին տեսքի փոփոխման և այլնի վերաբերյալ՝ տալիս են երջանկության կեղծ պատրանքներ3: Ակնհայտ է, որ վիրտուալը միշտ ավելի ուժեղ է լինելու, քան իրականը, քանի որ վիրտուալի ստեղծումը և սփռումը բավական էժան են: Այն միշտ կարող է հաջողությամբ լուծել նույն խնդիրները, ինչ իրականը: Այդ վիրտուալ աշխարհը կառուցված է այնպես, որպեսզի ստիպի մեզ մոռանալ առկա հոգսերը, խնդիրներն ու մտորումները: Այսօր իրական աշխարհում առկա է այն ամենը, ինչը կա մեր գլուխներում, հետևաբար՝ վիրտուալ աշխարհում մարդկանց ցանկալի ծրագրավորումը թաքնված է ժամանցի շրջանակներում: Ժամանցի շրջանակներում կառուցվում է խայտաբղետ (գունագեղ) վիրտուալ աշխարհ, որը, բնականաբար, մեզ «հավաքագրելով», կանխագծում է ապագան4: Այսինքն՝ վիրտուալ իրողության մեջ ձևավորված մտապատկերները, համացանցային հիշողությունները, դիրքորոշումները, ֆեյք արժեքները մարդը տեղափոխում է իրական կյանք և ձգտում, որ դրանք դառնան իրողություն: Փաստացի, սեփական երկրի և ժողովրդի համար կազմակերպվում են նման գրավիչ, դրայվային վիրտուալ «ճշմարտություններ», և այդ ամենը փաթեթավորվում է շատ գեղեցիկ բառով՝ քաղաքականությամբ: Անշուշտ, այդտեղ երիտասարդությունն առանձնահատուկ (կարևոր) թիրախային լսարան է, որն ի վիճակի է հասարակություն ներմուծել անհրաժեշտ գաղափարներ՝ հաշվի առնելով, որ երիտասարդներն ավելի հուզական են, հեշտ են համոզվում և չունեն անցյալի գաղափարներից կոշտ կախվածություն, նորը հնի հետ համեմատելու հնարավորություն: Ամենակարևորն այն է, որ երիտասարդները չունեն այն վախի մթնոլորտը, բացասական փորձը, որը հավաքված է ավագ սերնդի մեջ, և նրանք պատրաստ են մաքառումների և հաղթանակների: Հնարավոր է, որ հենց այստեղ էլ թաքնված է ժամանակակից աշխարհի ղեկավարման հիմնաքարը:

Այսօրյա ժամանակակից քաղաքականությունն աշխատում է մարդկային երկու հիմնական զգացմունքների վրա՝ սիրո5 և ատելության6, դրանց հենվելով հավասարաչափ մակարդակով: Այդ քաղաքականությունն իր ստեղծած վիրտուալ աշխարհով պետք է լուծի ոչ միայն պատերազմի կամ խաղաղության խնդիրները, ոչ միայն սովորեցնի ճիշտ պահվածք7, այլ նաև փոխհատուցի կյանքում հանդիպող ամեն մի բացասականն այն դրականով, որը կառուցվում է պետության և ամբողջ մարդկության համար: Արդյունքում՝ ամբողջ աշխարհում մեդիան փոխարինել է իրականությանը: Օրինակ՝ կինոն ստեղծում է սոցիալական հիշողություն, որը հետագայում մեր գլուխներում տպավորվում է որպես իրականություն: Չնայած ողջ աշխարհում կինոարտադրության ոլորտի չափազանց պրիմիտիվությանը8՝ ԱՄՆ-ը այսօր իր «արտադրանքի» գրավչությամբ, հատկապես ողջ աշխարհի երիտասարդության շրջանում որպես իրեն հավասարը (նմանը) չունեցող, տարածում է «իրական» երազանքներ և օգտվում դրա սիներգետիկ արդյունքից: Իզուր չէ, որ Հոլիվուդն անվանում են ողջ աշխարհի երազանքների նախարարություն: Զ.Բժեզինսկու կարծիքով, ԱՄՆ կինոարտադրությունը (ռազմական, տնտեսական, գիտական և այլ հզորությունների հետ մեկտեղ), ի տարբերություն երկրագնդի մյուս երկրների, Միացյալ Նահանգների համար ապահովում է հստակ տեղեկատվական և քաղաքական ներազդեցություն, որի հետ աշխարհի ոչ մի պետություն չի կարող համեմատվել9։ Հենց երազանքը (պատրանքը), այլ ոչ թե իրականությունն է մարդկանց դարձնում երջանիկ:

Վիրտուալը ակտիվ աշխատում է մեր պատրանքների հետ: Մի կողմից՝ ստեղծարարությունը և ինովացիաները, մյուս կողմից՝ անշուշտ, «անարյուն» հեղափոխություններն են հանդիսանում հենց պատրանքների աշխատանքի հետևանք: Ամեն մարդ, իհարկե, սեփական իրականության իրավունք ունի, դա պետք է հանդիսանա անհատի կարևորագույն իրավունքը, որն այս կամ այն կերպ խախտվում է բոլոր պետությունների կողմից: Մասնավորապես՝ միգուցե մարդկանց կարելի է աշխատավարձ քիչ վճարել, բայց պետություններն իրավունք չունեն հաճախակի հաճոյախոսել (խաբել), թե նրանք ամենաապահովված մարդկանցից են այդ երկրներում (և աշխատավարձերը շուտով կրկնակի բարձրացվելու են): Մարդիկ ուղղակի մի կողմ են դնում (նետում) և անտեսում այն տեղեկատվությունը, որը հակասում է իրենց պատկերացումներին և, ընդհակառակը՝ առավել ինտենսիվ կենտրոնանում և յուրացնում են այն տեղեկույթը, որը հաստատում է սեփական սպասումները: Մարդիկ սպասում են իրենց գործողությունների և պատկերացումների ճշմարտացիության հաստատումներին: Դա է պատճառը, որ լայն զանգվածների կարծիքը մեզ համար դարձել է ավելի դոմինանտ, քան գիտելիքի և սեփական վերլուծության վրա հիմնված փաստը: Կարծիքը միշտ ավելի մոտ է անձնական և զանգվածային գիտակցությանը, քան փաստը: Փաստը կարող է գրգռել իր անհամապատասխանությամբ, սակայն կարծիքն արտահայտում է այն ամենը, ինչը տվյալ պահին գիտակցությունը համարում է ճիշտ և հաճելի: Կարծիքի դերի բարձրացման մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ մենք այսօր ունենք բավական բևեռացված հասարակություն, որտեղ ամեն մի անհատ իր կարծիքը համարում է ճիշտ և չի ընդունում, որ մեկ ուրիշի կարծիքը կարող է ճիշտ լինել10։ Այսօր տարօրինակ ձևով չենք ուզում համաձայնել ուրիշների կարծիքների հետ՝ պնդելով միայն մեր ճշմարտացիությունը: Մենք ունակ չենք բանավիճելու, միայն կարող ենք միմյանց մեղադրել կամ գովաբանել: Դա հանգել է նրան, որ մեր շրջապատից փաստացի անհետացել են հասարակության համար շատ կարևոր ինտելեկտուալ հեղինակությունները (որոնց տեղը, մեր կարծիքով, լրացրել են «փորձագիտական մեկնաբանություններով» հաճախ փայլող լրագրողները կամ այդ ոլորտին չվերաբերող մարդիկ): Որպես հետևանք, այսօր հասարակությունն ընկել է սոցմեդիայի այնպիսի ազդեցության տակ, ինչպիսին ֆեյսբուքն է, որը մեր հույզերը հափշտակել և փոխարինել է սեփական լայքերի հավաքածուով: Ներկայիս աշխարհը դարձել է ավելի բարդ, քան անցյալի աշխարհը: Այստեղից էլ հայտնվել են լայքերը, ֆեյքերը և իրական աշխարհից այլ բազմազան շեղումներ:

Ոչ վաղ անցյալում պետությունն ու «նրա հավատարիմ» պետական ծառայողները և լրագրողներն ունեցել են համապատասխան իրավասություն, որ սպառողներին տրամադրեն իրենց շահավետ և սահմանված տեղեկատվություն: Ներկայում այդ իրավասությունն այլևս չկա: Հիմա ցանկացած անհատ, լրագրող, մարդկանց խումբ կարող են և՛ ստել, և՛ տրամադրել ճշմարտություն: Փոփոխվել է տեղեկատվության տրման և սպառման կարգը, փոփոխվել է ամեն ինչ: Սոցիալական մեդիայի տեղեկատվական հոսքերը դարձել են առավել հակիրճ ու համառոտ և ավելի շատ համապատասխանում են յուրաքանչյուրի անհատական պահանջմունքին: Անցյալի «ինդուստրիալ» հոսքերն11 իրենց օգտակարությունը պահպանում են մեծ դժվարությամբ, վերջինիս պատճառներից է, օրինակ, շատերի կողմից ակտիվ կիրառվող «փնթի copy, paste»-ը: Մենք ցանկանում ենք ապրել մեր սեփական ենթադրություններում, ինչն առավել հաճելի է մեզ: Մեզ սկսել են քիչ հետաքրքրել այլոց մտքերը, մասնավորապես, եթե դրանք տարբերվում են մերինից:

Ժամանակակից հասարակարգը բնութագրվում է մի քանի հիմնարար հատկություններով, որոնք չեն եղել անցյալում: Դրանցից է, օրինակ, համացանցային սոցմեդիայի մեծաքանակ մասնակիցների առկայությունը, որում առկա են տարբեր ոլորտների և մասնագիտությունների տեր մարդիկ, մասնավորապես՝ ուսանողներ, բլոգերներ, գործարարներ, գիտնականներ, պետական ծառայողներ, այդ թվում՝ բանակը՝ համալրող ամենատարբեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներով, սպայակազմով՝ նրանց ընտանիքների անդամներով: Բանակի հիմքը կազմող մարդկային ռեսուրսները գտնվում են այդ հստակ քաղաքական ներազդեցության տակ (տեղեկատվական հոսքերի հորձանուտում) և անհամեմատ ավելի խոցելի են: Քանի որ երկրի անվտանգության ապահովման հարցերի համար առաջին պատասխանատուն բանակն է՝ իր մարդկային ռեսուրսներով, հետևաբար՝ սոցմեդիայի մեծաքանակ մասնակիցների շփումների բարձր հաճախականությունը, միջանձնային կոնտակտները, մտքերի բազմաքանակ փոխանակումները և դրանց օպերատիվությունը, համացանցի և մեդիայի օգնությամբ այդ ոլորտին վերաբերող ցանկացած տեղեկույթի և տեղեկատվության բազմաթիվ շահարկումները, ոչ միշտ, բայց ժամանակ առ ժամանակ բերում են ոչ ցանկալի, հուսախաբ, քաոսային, ոչ ադեկվատ վիճակների:

Վաղվա աշխարհն իր ղեկավարման թաքնված մոդելներով արդեն կանգնած է բոլորիս դռան շեմին, իսկ որոշ երկրներում այն արդեն իրականություն է: Զարգացող երկրներում վիրտուալ (տեղեկատվական) հնարքները նման փոփոխությունները (գիտատեխնիկական, սոցիալ-հասարակական և այլն) կարող են արագացնել, իսկ անտեսման դեպքում՝ հետաձգել: Այդ ոլորտում առաջատար երկիրն անլուրջ կվերաբերվի հետամնաց երկրին, քանի որ այն արդեն այլ մակարդակի աշխարհում է և նրան այդքան էլ չեն հետաքրքրում հին աշխարհի առանձին կտորտանքները: Որպես հետևանք, մենք բոլորս դառնում ենք առաջատար երկրների կողմից իրականացվող տեղեկատվական մանիպուլյացիաների և փորձարկումների օբյեկտ՝ կառավարվելով նրանց իսկ կողմից կիրառվող ժամանակակից (տեղեկատվական) աշխարհի ղեկավարման թաքնված հնարքներով:

1 Սամվել Մանուկյան, Ինտերնետը և սոցիալական ցանցերը Հայաստանում 2012-2016թթ., «Գլոբուս», թիվ 2 (91), 2018թ:

2 Օրինակ՝ մարդկանց 43%-ը սմարթֆոններին է նայում արթնանալուց անմիջապես հինգ րոպե հետո: Օգտատերերի 10%-ն օրական 5427 անգամ դիմում է սմարթֆոնների «օգնությանը»: Միջին օգտատերն օրական 2617 անգամ փորձում է համացանցի օգնությամբ տեսնել ինչ-որ նոր բան:

3 Ս.Անտոնյան, Ֆեյսբուք. կախվածությունն ու հետևանքները, «Առավոտ» օրաթերթ, 28.03.2018:

4 Օրինակ՝ սիթքոմները (Ֆուլ հաուս, Չենջ և այլն: Առանձնահատուկ ձեր ուշադրությունն եմ հրավիրում դրանց անվանումներին), «ինտելեկտուալ» հեռուստա- և համացանցային խաղերը՝ «աջարաբեթ», «բլոտ» կամ «օդից փող» և այլն:

5 Օրինակ՝ թավշյա հեղափոխության հանրահավաքներից հետո տարածքի մաքրությամբ զբաղվելը, միմյանց մասին հոգ տանելը և այլն:

6 Օրինակ՝ հայաստանյան ձայնեղ ձերբակալությունների (ԱԱԾ կամ ոստիկանության) տեղեկատվության վերաբերյալ համացանցում մարդկանց (մեծ մասի) հրճվանքն ու ոչ ադեկվատ մեկնաբանությունները:

7 Օրինակ՝ բրիտանացիներն իրենց կողմից գաղութացված երկրներին արհեստականորեն «պարտադրում» էին իրենց պահելաձևը (հագուստի կրման և սնվելու կուլտուրան և այլն), որը մինչ այդ տեղացի բնակչությանը հարիր չէր: Ընդհանրապես, Միացյալ Թագավորությունը բավական երկար ժամանակ այլ երկրների համար «օրինակելի» պետություն էր հանդիսանում:

8 Օրինակ՝ հնդկական, թուրքական, բրազիլական, ռուսական հեռուստասերիալները:

9 Օրինակ՝ ԱՄՆ ռազմական հզորությանը և գերակայությանը վերաբերող այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ռեմբոն», «Տերմինատորը», «Կարմիր տապը» և այլն:

10 Օրինակ՝ վերջերս համացանցում, մասնավորապես` Facebook ում ծավալված անհանդուրժողականության (ձայնեղ ձերբակալությունների, նորանշանակ պաշտոնյաների վերաբերյալ քննարկումները) մթնոլորտը, որտեղ մի խումբ «ակտիվիստներ» պնդում էին տեսակետներ՝ դեպքերի վերաբերյալ իրենց մեկնաբանություններով:

11 Օրինակ՝ մեզ բոլորիս հայտնի, իրականությունից կտրված և իրենց ժամանակից հետ մնացած լրատվությունով հայրենական ԶԼՄ-ն, այլ երկրներից «պատճենված» հեռուստահաղորդումները և այլն:



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր