• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

   

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետեւողականորեն նորանոր հարվածներ հասցնել Հայաստանի պաշտպանունակությանը` այդ ամենը քողարկելով «խաղաղության ենք գնում» ոչ մի ռեալ հիմնավորում չստացող քարոզչությամբ: Այսինքն, եթե «խաղաղության» ենք գնում, էլ բանակն ինչների՞ս է պետք. հանգիստ կարելի է կրճատել, որի համար շատերը դեռ մի բան էլ քվեներով շնորհակալ կլինեն Նիկոլին: Հասկանալի է, մինչեւ այն պահը, երբ ռեալ, միանգամայն տեսանելի ու շոշափելի վտանգը կչոքի երկրի դիմաց: Բայց այդ ժամանակ էլ, «կամ էշը սատկած կլինի, կամ՝ էշատերը»:

ԳԱԶԱ

Չնայած, դատելով այն իրողությունենրից, որոնք այս պահին տեղի են ունենում աշխարհում եւ մեր մեծ տարածաշրջանում, այդ վտանգը կարող է եւ Հայաստանի դեմ չոքել շատ ավելի շուտ, քան կարելի է պատկերացնել: Իրողությունը սա է՝ տարածաշրջանում ռազմական կրքերը շիկանում են աչքի առաջ, գործնականում ամենօրյա ռեժիմով: Բուն մեր տարածաշրջանում էլ «խաղաղության գնացող» Ալիեւը շարունակում է ավելացնել իր ռազմական բյուջեն եւ կապերը, անշուշտ հասկանալով, որ դա ցանկացած պահի կարող է կիրառման մեջ դրվող գործոն դառնալ: Իսկ ազդակները, որոնք շարունակաբար գալիս են, հիմնականում խոսում են այն մասին, որ ներկա իրողությունները դեռ միայն թեժացման դինամիկայի մեջ են, ընդ որում, արդեն այս պահին միջազգային օրենք, իրավունք ասվածների վրա անգամ «թքող չկա»: Ու դա` դեռ մեղմ ասած: Իրականում ունենք այս վիճակը. ՄԱԿ-ը պաշտոնապես խոսում է Գազայում ընթացող ցեղասպանության մասին: Ընդգծենք՝ ցեղասպանության, որն արդեն երկու-երեք տարի շարունակվում է: Խոսքը մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկի մասին է, եւ համաշխարհային ամենաբարձր ամբիոնից եկած ուղիղ հայտարարությունենրից հետո անգամ ընդհանրական ռեակցիան զրոյին մոտ է, կարծես խոսվում է մանր-մունր բաների մասին, ասենք գրպանահատության, որ, ինչ մեծ բան է, ամեն օր էլ կպատահի: Ու այդ ֆոնին էլ Իսրայելը շարունակում է հանգիստ օդից եւ ցամաքից հողին հավասարեցնել միլիոնավոր մարդկանց բնակության հատվածը:

Թե իրականում ինչ գործընթաց է զարգանում Գազայում, պարզ հասկանում են բոլորը. «Մեծ Իսրայել» նախագծի մասին արդեն խոսվում է բացահայտ: Այն դեպքում, երբ բառացիորեն օրերս նույն ՄԱԿ-ում, բացառությամբ 10 երկրի, որոնց կեսի մասին երեւի միայն լավ աշխարհագրություն իմացողներն են տեղյակ, մնացած բոլորը քվեարկեցին Պաղեստին պետություն ստեղծելու օգտին: Ու դա ակնհայտորեն դարձավ ընդամենը մի անպետք թուղթ, քանի որ Իսրայելն ունենալով 9 կողմ ձայն, առանց որեւէ թղթի էլ հանգիստ «Մեծ Իսրայել» է սարքում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո: Ու Հայաստանի համար կոպիտ սխալ կլինի մտածելը, թե Գազան է, մեզանից հեռու, ինչ ուզում են, թող ստեղծեն: Հաշվի առնելով, որ իրականությունն այլ է՝ «Մեծ Իսրայել» հասկացությունը միայն Գազայով չէ, որ սահմանափակվում է, այլ հասնում է մեր երկրի անմիջական մատույցներին: Միաժամանակ, հիմքից փոխում է տարածաշրջանային ստատուս քվոն, իսկ դա արդեն ակնարկում է խոշորագույն հակամարտությունների սպասելիքների մասին:

ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ

Ընդ որում, տարածաշրջանային մեծ պատերազմի մասին փորձագետներն արդեն խոսում են ոչ թե պարզապես բացահայտ, այլ որպես մի բանի, որն անխուսափելիորեն լինելու է: Ով ում դեմ. վեճը հիմնականում սրա շուրջ է:

Մեր հարեւան Իրանում հատկապես ազգային ուղղվածության փորձագետները վստահ են, որ հերթական անգամ բախվելու են Իրանն ու Իսրայելը, որը կարող է նաեւ այլ ուղղություններ իր մեջ ներքաշել: «Իսրայելի հարձակումը Իրանի վրա անխուսափելի է. Եվրոպան խաղում է հետախուզական աջակցության դերը». իրանցի այլ վերլուծաբանների եւս մեջբերելով, պնդում է հեղինակավոր փորձագետ Մուազզին:

Սա, իհարկե, հայտնի ացենարներից մեկն է, որի մասին շատ է խոսվել: Բայց որքանո՞վ է իրատեսական իրանա-իսրայելյան նոր պատերազմը, այստեղ հարցեր կան: Իրանը, ինչպես գործնականում տեսան Թել Ավիվում, այն թիրախներից չէ, որին կարող են օդից անպատիժ հարվածներով հողին հավասարեցնել: Իրանի դեմ պատերազմելը նշանակում է, որ պետք է Իսրայելը պատրաստ լինի, որ ինքն էլ է ստանալու ոչ պակաս, եթե ոչ՝ ավելի ծանր պատասխան հարվածներ, անգամ, եթե ԱՄՆ-ն է ուղղալիորեն խառնվում այդ խաղին: Ու միգուցե նոր պատերազմի դեպքում ավելի վատթար իրողությունների բախվեն: Որպես բազում դրվագներից մեկը, բերենք տեղեկությունը, որը երեկ ներկայացրեց իրանական հեղինակավոր աղբյուրը: Այն է. «Այսօր Թեհրանում վայրէջք կատարեց Բելառուսի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Միաժամանակ, Մոսկվայում է գտնվում իրանական ինքնաթիռը: Իրանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ զենքի փոխանակումը հասել է իր գագաթնակետին։ 12-օրյա պատերազմից հետո իրականացվել են մի շարք կարեւոր գնումներ, որոնք այժմ շտապ կերպով մատակարարվում են երկրին»: Սրանից զատ, թեեւ շատ չի բարձրաձայնվում, սակայն փորձագետները քանիցս ակնարկել են նաեւ Չինաստանից դեպի Իրան նման թռիչքների մասին: Թե կոնկրետ ինչ են բերում, հասկանալի է, խստագույն ռազմական գաղտնիք է: Բայց հասկանալի է, որ խոսքը լուրջ բաների մասին է, այդ թվում՝ ՀՕՊ-ի, ռադիոէլեկտրոնային համակարգերի, նաեւ հարձակողական տեսականում: Այսինքն` Իրանն ակտիվորեն փակում է այն բացերը, որոնք արձանագրվեցին 12-օրյա պատերազմի ժամանակ, թերեւս` դեռ մի բան էլ ավելին: Այս իրավիճակում, իհարկե, Իրանի հետ նոր պատերազմն Իսրայելի համար դառնում է էլ ավելի ռիսկային, հնարավոր արդյունքը՝ միանգամայն անորոշ: Կգնա՞ Իսրայելը նման ռիսկային գործողության, դա էլ Նեթանյահուն կիմանա, բայց հավանականությունը դժվար է արտակարգ բարձր համարել:

ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ

Ահա այս ֆոնին գնալով միայն ակտիվանում է թուրք-իսրայելյան բախման վարկածը: Հռետորաբանությունը, որն այսօր կա երկու երկրների միջեւ, արդեն նախապատերազմական է: Թարմ օրինակներից մեկն է Էրդողանին մոտ կանգնած լրատվամիջոցի հրապարակումը, թե Թուրքիան ունի Իսրայելում ռազմական եւ ռազմավարական թիրախների ցանկ՝ բացատրությամբ. «Հնարավոր հակամարտության դեպքում թուրքական բանակը կհարվածի այդ օբյեկտներին»: Ցուցակում ներառված էին ավիաբազաները, Թել Ավիվի «Քիրիա» շտաբը, Իսրայելի նավահանգիստներն ու գազային հարթակները, ինչպես նաեւ Դիմոնայի միջուկային օբյեկտը: Նույն հետեւողականությամբ էլ իսրայելյան աղբյուրներն են հայտարարում Թուրքիայում «ահաբեկչական օբյեկտներ» խոցելու պատրաստակամության մասին, ընդ որում, ոչ մի երաշխիք չկա, որ Իսրայելը նաեւ Էրդողանի նստավայրն «ահաբեկչական օբյեկտ» չի գնահատի:

Իրանում, ճիշտ է, կա այն ողջամիտ կասկածը, որ թուրք-իսրայելյան այս սրացումներն ընդամենը մշակված խաղ են՝ Թեհրանի ուշադրությունը շեղելու համար: Միգուցե: Բայց ամեն դեպքում այն, որ Իսրայելում եւ Թուրքիայում արդեն հրապարակային, ավելի կոնկրետ` իշխանական վերահսկողության լրատվամիջոցների մակարդակով են խոսում իրար հարվածներ հասցնելու հնարավորության մասին, դա, մեկ է, արդեն շատ բանի մասին է ակնարկում:

Սակայն ամբողջ հարցն այն է, որ թուրք-իսրայելյան հակասությունները միայն «լեզվակռվով» չեն սահմանափակվում: Հենց իրանական աղբյուրն է ներկայացնում վերջին դեպքը, որն արդեն իսկ հուշում է, որ բացի իրար սպառնալուց, Անկարան եւ Թել Ավիվը նաեւ գրեթե ուղիղ բախումների դաշտում են: Աղբյուրը երեկ հաղորդեց. «Վաղ առավոտյան իսրայելական ուժերը ռմբակոծել են Հալեպի շրջաններում գտնվող ռազմական պահեստները՝ առաջացնելով հզոր պայթյուններ: Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ նրանք հարվածել են Թուրքիայից ուղարկված զենքին: Այսօր սիրիացիներն ասում են՝ Թուրքիան չի կարող նույնիսկ մեկ զենքի պահեստ պահել իր սեփական խորհրդականների համար: Ակնհայտ է, որ Իսրայելը ներքաշել է թուրքական զինված ուժերին դաժան միջնորդական պատերազմի մեջ»:

Իրանական աղբյուրը նաեւ հավաստիացնում է, թե իսրայելա-թուրքական հակամարտությունը նոր է սկսվում, եւ այն մեծ մասշտաբների դեռ կհասնի. «Բախումը անխուսափելի է, եւ այն լավ չի ավարտվի»: Բայց էլի վերադառնում է մտքին, թե՝ «Հիմնական թիրախը Իրանն է»:

Թե ինչու են թուրք-իսրայելյան հարաբերություններն այս աստիճանի սրվել, շատ ենք խոսել, չկրկնենք: Այս պահին ընդամենը արձանագրում ենք բուն փաստը՝ տիրում է նախապատերազմյան վիճակ, որը շատ արագ կարող է հասնել պատերազմականի` հաշվի առնելով մեկ այլ հանգամանք:

Այն է, նույն հետեւողականությամբ մռայլվում է նաեւ Իրաքի շուրջ մթնոլորտը: Հիշեցնենք, ավելի վաղ ամերիկյան բանակը դուրս բերեց իր զորքերն Իրաքի հիմնական հատվածներից՝ տեղափոխելով քրդական գոտի: Սա արդեն իսկ ազդակ էր՝ ընթանում է Իրաքից իրաքյան Քուրդիստանի տարանջատման ակտիվ փուլ: Այս աշնանն էլ Իրաքում ընտրություններ են, եւ դա լավ առիթ է, որ այդ գործընթացն ամբողջականացվի: Ընդ որում, կան բազում հարակից ազդակներ, որոնք հենց այդ մասին են վկայում:

Նույն ակտիվ ընթացքն է նաեւ սիրիական Քուրդիստանում: Ու Սիրիայի ողջ տարածքով մեկ, ընդհուպ՝ ամենաուղիղ ձեւով Անկարայի կողմից վերահսկվող Հալեպի տիրույթում ամեն մի ռազմական օբյեկտի հասցվող իսրայելյան հարվածները, բնականաբար, հենց այդ համատեքստում են: Այսինքն, ինչպես ներկայացնելու առիթներ ունեցել ենք, «Մեծ Իսրայելի» շրջանակներում ընթացող Քուրդիստան կոչված նախագիծը, շատ նման է, որ արդեն այս աշնանը մտնում է եզրափակիչ փուլ: Իսկ դա այն նախագիծն է, որ եթե Անկարան չկարողանա կանխել ցանկացած, այդ թվում՝ ռազմական միջոցներով, առաջ է գալիս արդեն Թուրքիայի միասնական մնալու հարցը, ինչքան էլ, որ բուն այդ միտքը դեռ անհավանական տեսք ունի:

ԱՐԱԲԱԿԱՆ ՆԱՏՕ

Տարածաշրջանի ծայրահեղ լարվածության մասին է ակնարկում, ավելին՝ աղաղակում նաեւ փաստը, որ նախօրեին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ստորագրեցին «ռազմավարական պաշտպանության համաձայնագիր»։ Այս համաձայնագրի գլխավոր դրույթն է՝ երկրներից մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում մյուսը անպայման կհասնի նրան օգնության։ Ընդ որում, հատուկ ընդգծված է, որ դա ոչ մի կերպ ուղղված չէ Հնդկաստանի դեմ, այն է՝ խնդիրը Մերձավոր Արեւելքն է:

Իհարկե, նման քայլի վրա մեծ ազդեցություն ունեցավ նաեւ Կատարին հասցված իսրայելյան հարվածը: Ծիծաղելի են պնդումները, որ իսրայելցիները Միացյալ Նահանգներին տեղեկացրել են միայն վերջին րոպեին. իսրայելյան հրթիռներն անարգել անցել էին ամերիկյան ՀՕՊ-ով ողողված հատվածներով, որն առանց ԱՄՆ-ի «դաբրո»-ի չէր կարող լինել: Իսկ սա նշանակում է հետեւյալը. տարածաշրջանի արաբական «փողի տոպրակները» սովոր են ապրել Վաշինգտոնի ռազմական տանիքի ներքո, բայց հանկարծ գործնականում տեսան, որ պետք եղած պահին այդ տանիքը կարող է բացվել: Այն է՝ պետք է լրջորեն մտածեն իրենց սեփական անվտանգության ապահովման մասին, հատկապես, երբ տարածաշրջանում ազդեցության ոլորտների վերաբաշխումն արդեն ակտիվ ընթացքի մեջ է: Իրանի հետ արաբական դաշինքը հնարավոր է, բայց քիչ իրատեսական: Նույնը Թուրքիայի պարագայում է. Կատարը սերտ գործակցում է թուրքերի մեջ, բայց դա հրթիռային հարվածների երաշխիք չէր: Սաուդյան Արաբիան, որը Թեհրանի, Թել Ավիվի եւ Անկարայի համակարգային հակառակորդն է, շտապ պետք է գտներ դաշնակիցներ, որոնք պատրաստ են պայքարել սաուդյան շահերի համար։ Հատկապես նրանց, ովքեր կարող են հակադրվել Իսրայելին, որը տիրապետում է միջուկային մահակին։ Միջուկային ակումբի անդամ Պակիստանը (որը հուսահատորեն փողի կարիք ունի), իհարկե, բարձր տեղ էր զբաղեցնում «հնարավոր դաշնակիցների» ցանկում։

Էլ ավելի վատ վիճակում են արաբական մյուս միապետությունները, եւ, որ նրանք կհետեւեն սաուդների օրինակին, մեծ հավանականություն ունի: Ի վերջո, նրանք բոլորը փող ունեն, եւ բոլորն էլ... այսօր պաշտպանության կարիք ունեն։ Եվ այն, որ այս պահին նորից օրակարգ է վերադարձել, այսպես ասած, արաբական կամ Մերձավոր Արեւելքի ՆԱՏՕ ստեղծելու գաղափարը, իհարկե, տարածաշրջանային ներկա գերլարվածության արտացոլումն է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով, ամենահավանական սցենար է մնում, որ մեր Մեծ տարածաշրջանը ոչ պակաս մեծ պայթյունի շեմին է: Այսինքն` այդ պայթյունը կլինի անխուսափելի, եթե գլոբալ շահերը չհաջողվի հավասարակշռել: Եվ ահա Հայաստանն այս իրավիճակում, ոչ միայն շարունակում է հետեւողականորեն իրենց զրկել առանցքային դաշնակիցներից, այլ նաեւ առաջ է տանում «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է» հին եւ իր վնասակարությունն ապացուցած թեզի մեջ: Ընդ որում, միայն Գազայի օրինակը ցույց է տալիս, որ անպաշտպանին առաջին հերթին են ոչնչացնում:

Տարածաշրջանային իրողություննե՞րն այստեղ չեն գիտակցում, թե՞ մասշտաբային դավաճանություն է: Հաշվի առնելով վերջին տարիների պատմությունը` ավելի հակված ենք երկրորդ տարբերակին:

www.iravunk.com


դեպի ետ