• am
  • ru
  • en
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հետազոտական ծրագիր) 23.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հետազոտական ծրագիր)

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ժողովրդագրություն, զարգացման ռազմավարություն և տեխնոլոգիաներ)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արտագաղթի տեմպերը խիստ բարձր են, ուստի ժողովրդագրական ներկա իրավիճակը (ԺԻ) անհրաժեշտ է դասել ՀՀ քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունությանն ու անվտանգությանն սպառնացող առաջնային մարտահրավերների շարքում։ Պետք է նաև արձանագրել, որ այդ ոլորտում առ այսօր ձեռնարկված միջոցներն իրավիճակը նկատելի չափով չեն բարելավել, այսինքն՝ ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված որոշումների և դրանց իրագործման ավանդական մեթոդների արդյունավետությունը բարձր չէ։ Դա, մասնավորապես, հետևանք է այն հանգամանքի, որ կիրառված միջոցները չեն ենթադրում վերացնել արտագաղթի հիմնական պատճառները։


Սույն հետազոտությունում փորձ է արվել մշակել ՀՀ ԺԻ բարելավման վրա ազդելու հայեցակարգ, որը հենված է ազգային անվտանգության ոլորտում ընդունված

«կրիտիկական ոլորտների և ենթակառուցվածքների» սահմանման մեթոդաբանության վրա (տե՛ս Գլուխ 1)։ Մեր մոտեցման համաձայն, «կրիտիկականի» կարգավիճակ պետք է տրվի ժողովրդագրական ոլորտին ընդհանրապես։ Միևնույն ժամանակ, ժողովրդագրական խնդիրներում կարևորագույն գործոն է «մարդկային կապիտալը», որի զարգացման աստիճանն արտացոլող քանակական և որակական ցուցանիշներն ուղղակիորեն կախված են զարգացման ռազմավարության դրույթներից։ Ակնհայտ է նաև, որ վերջինիս բացակայության պարագայում մարդկային կապիտալի վիճակը բնորոշող ցուցանիշներն էապես նվազում են, ինչն այսօր առկա է ՀՀ պարագայում։ Շեշտենք նաև, որ «մարդկային կապիտալը» ձևավորվում է հանրությունում գործող «տեխնոլոգիական» (այս եզրի լայն առումով մեկնաբանության իմաստով) կառույցներում։ Այդ պատճառով, ըստ մեր մոտեցման, «կրիտիկական ենթակառուցվածքների» կարգավիճակ պետք է տրվի «տեխնոլոգիական» և դրանք «սնող» գիտական ոլորտների կառույցներին ևս։ Այս պարագայում է, որ կարող է ձևավորվել այնպիսի սոցիալ-տնտեսական միջավայր, որը կթելադրի բնակչությանն իր ապագան կապել Հայաստանի հետ։

Առաջարկված հայեցակարգը «զարգացման ռազմավարության» և ժողովրդագրության վրա ազդեցության տեսանկյունից գնահատելու նպատակով ուսումնասիրվել է ինչպես հայրենի, այնպես էլ միջազգային փորձը։ Զուգահեռաբար իրականացվել են «ուղեղային գրոհների» բնույթ կրող քննարկումներ, ինչպես նաև, այսպես կոչված, «քողարկված սոցիոլոգիական մեթոդիկաների» տարրեր պարունակող «խորացված հարցազրույցներ», որոնք հրատարակվել են մամուլում։ Վերոնշյալ հետազոտությունների արդյունքների հիման վրա ներկայացվել են որոշ առաջարկություններ, որոնք, մեր կարծիքով, կարող են գործնականում նպաստել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը` որպես հետևանք դրականապես ազդելով նաև ԺԻ վրա` արդեն իսկ կարճաժամկետ հեռանկարում։ Չի բացառվում նաև, որ հետազոտությունից բխող հետևությունները միջնաժամկետ հեռանկարում կարողանան ինչ-որ չափով օգտակար լինել զարգացման ռազմավարության մշակման հնարավոր գործընթացին։

Աշխատանքային խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և ՄԱԿ ժողովրդագրական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին՝ նախագծի աշխատանքները հովանավորելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր համախոհ, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Վլադիմիրովնա Նախշքարյանին՝ տեղեկատվական և բարոյական աջակցության համար։

Գագիկ Հարությունյան, Սամվել Մանուկյան

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ժողովրդագրություն, զարգացման ռազմավարություն և տեխնոլոգիաներ) (1.82 Mb)

   

EnglishРуский