• am
  • ru
  • en
Версия для печати
15.02.2011

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

   

Արաքս Փաշայան

Ս.թ. հունվարի 25-ից Եգիպտոսի տարբեր քաղաքներում սկսվեցին հակակառավարական հուժկու ցույցեր ու հանրահավաքներ, ինչն ի վերջո ավարտվեց փետրվարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականով: Թվում էր, թե նմանօրինակ զանգվածային միջոցառում Եգիպտոսում կարող էր կազմակերպել հասարակության որոշակի շրջանակներում ժողովրդականություն վայելող ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որի գործունեությունն արգելվեց 1954թ.` վարչապետ Գամալ Աբդել Նասերի (1956–1970թթ.` նախագահ) դեմ իրականացրած մահափորձից հետո: Մուբարաքի իշխանության շրջանում կառույցը գործել է կիսաօրինական դաշտում, հրաժարվել բռնության մեթոդներից, իսկ 1984-ից մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` տարբեր դաշինքների կազմում եւ «անկախ» թեկնածուների միջոցով:

Սակայն, որքան էլ զարմանալի է, Եգիպտոսում հուզումների կազմակերպիչները հիմնականում սոցիալական միջին շերտը ներկայացնող երիտասարդներն էին: Մասնավորապես` երիտասարդության այն կրթված հատվածները, որոնք հնարավորություն ունեին օգտվել ինտերնետից, հետեւաբար եւ` սոցիալական ցանցերից (մասնավորապես` Facebook եւ Twitter), ինչն էլ մոբիլիզացման վճռորոշ ազդակ դարձավ: Այն, որ շարժման սոցիալական բազան երիտասարդներն էին, պատահական չէր, քանի որ հենց հասարակության մեծամասնությունը կազմող երիտասարդության շրջանում են կուտակված հիմնական խնդիրները (գործազրկություն, ցածր աշխատավարձ, անորոշ հեռանկար): Եվ ահա, ոգեշնչվելով թունիսյան հեղափոխությամբ, երիտասարդները, որոնք իրենց անվանում են Ապրիլի 6-ի շարժում1, առաջ քաշեցին երկրում վարչակարգի, մասնավորապես նախագահ Հոսնի Մուբարաքի անհապաղ հրաժարականի եւ քաղաքական ու սոցիալական բարեփոխումներ իրականացնելու պահանջներ: Աստիճանաբար, հակակառավարական շարժումը սկսեց համալրվել սոցիալական ու գաղափարական տարբեր շերտերով:

Բողոքի ակցիաներին միացան նաեւ «Մուսուլման եղբայրները», որոնք, բնականաբար, չէին կարող այլեւս լայն օրակարգ բերել իսլամիստական հռետորականությունը, քանի որ շարժումն առաջ էր քաշում ունիվերսալ գաղափարներ, որին կողմ էին Եգիպտոսի շարքային քաղաքացիները. պայքար աղքատության, գործազրկության, կոռուպցիայի, կեղծված ընտրությունների դեմ` հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների: Այնպես որ, շարժման օրերին «Մուսուլման եղբայրներին» այլ բան չէր մնում, քան խոսել իսլամական դեմոկրատիայից:

Հայտնի է, որ Արեւմուտքը եւ, մասնավորապես ԱՄՆ-ը, էապես զգուշանում են արաբական աշխարհում իսլամիստների իշխանության գալու հեռանկարից, քանի որ վերջիններս աչքի են ընկնում հակաարեւմտյան եւ հակաիսրայելյան տրամադրություններով: Կա այն համոզումը, որ «Մուսուլման եղբայրները» դեմ են Իսրայելի հետ խաղաղության պայմանագրին, պաշտպանում են «Համաս» շարժմանը եւ իշխանության գալու դեպքում` կարող են գործել ԱՄՆ-ի դեմ: Դա է, թերեւս, պատճառը, որ վերջին տարիներին ամերիկյան առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ, խոսելով արաբական աշխարհում սոցիալ-քաղաքական բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական արժեքների ներդրման անհրաժեշտության մասին, մեկ անգամ չէ, որ հասկանալ են տվել, թե Եգիպտոսի պարագայում գերադասում են աչք փակել առկա խնդիրների առջեւ` տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բարձր դասելով այլ իրողություններից: Արեւմուտքը, ըստ ամենայնի, մտավախություն ուներ, որ ազատ ընտրությունների դեպքում Եգիպտոսում կարող են իշխանության գալ իսլամիստները, ինչպես դա եղավ Ղազայում, 2006-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» իշխանության գալու հեռանկարը մեծ մտավախություն առաջ բերեց նաեւ Իսրայելում, որի համար Մուբարաքի իշխանությունն առաջին հերթին կայունության երաշխիք է: Իսրայելի իշխանությունները երեսուն տարի է, ինչ համագործակցում են Մուբարաքի հետ: Բացի այդ, Եգիպտոսն առաջին արաբական պետությունն է, որն Իսրայելի հետ կնքեց խաղաղության պայմանագիր: Նմանօրինակ պայմանագիր Իսրայելի հետ արաբական երկրներից կնքել է նաեւ Հորդանանը 1994-ին:

Եգիպտոսին վերաբերող ներկա զարգացումներում հետաքրքրություն են ներկայացնում նաեւ միջազգային մամուլում շրջանառված այն լուրերը, թե վերջին տարիներին ԱՄՆ իշխանությունները, պաշտոնապես աջակցելով Եգիպտոսի վարչակարգին, միեւնույն ժամանակ, օգնել են Ապրիլի 6-ի երիտասարդական շարժմանը` Եգիպտոսում հնարավոր հեղափոխութուն իրականացնելու համար: Չի բացառվում, որ արտաքին դերակատարները փորձել են հակակշիռներ ստեղծել իսլամիստներին: Հունվարի 25-ի հուզումներից առաջ հենց Ապրիլի 6-ի շարժումն էր, որ Facebook-ի իր խմբի միջոցով (որի անդամները 80 հազարից անց էին) եգիպտացիներին կոչ արեց դուրս գալ փողոց` իշխանությունը փոխելու կոչով:

Որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ «Մուսուլման եղբայրները» չեն կարող Եգիպտոսում իշխանության գալ, քանի որ չեն վայելում հասարակության լայն շրջանակների աջակցությունը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները նշեցին, որ ապագա կառավարության մեջ պետք է ընդգրկված լինեն թե՛ աշխարհիկ, թե՛ կրոնա-քաղաքական ուժեր:

Հակակառավարական ելույթներից շատ չանցած նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարեց, թե պատրաստ է անմիջապես հեռանալ, սակայն մտահոգություն ունի, որ երկիրը կհայտնվի քաոսի մեջ, իսկ իշխանությունն անմիջապես իրենց ձեռքը կվերցնեն իսլամիստները: Վերջիններս, սակայն, հայտարարեցին, որ չեն առաջադրելու որեւէ թեկնածություն 2011-ի աշնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին: Եգիպտոսում շատերը համոզված են, որ իշխանությունները միշտ էլ չափազանցրել են իսլամիզմից եկող սպառնալիքները` ձգտելով հիմնավորել ընդդիմադիրների հետ վարվելու կոշտ մեթոդները, իսկ շատ դեպքերում նույնիսկ համագործակցել են «Եղբայրների» հետ:

Եգիպտական դեպքերին իսլամական բնույթ տալու առումով հետաքրքրական էին, մասնավորապես, Իրանի կողմից տրված գնահատականները: Այդ երկրի թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ վերնախավը ներկայացնող առանձին գործիչներ հայտարարեցին, որ արաբական աշխարհում, այդ թվում` Եգիպտոսում տեղի ունեցող շարժումները կրում են Իրանի 1979թ. իսլամական հեղափոխության ազդեցությունը: Իրանի այաթոլաներն ավելի հեռու գնացին. նրանք հայտարարեցին, որ Թունիսի եւ Եգիպտոսի ժողովուրդներն առաջնորդ չունեն եւ պետք է որպես առաջնորդ ընդունեն այաթոլա Խամենեիին, որը կարող է լինել նաեւ համայն մուսուլմանների առաջնորդը: Անշուշտ, Իրանում շատ լավ գիտակցում են, որ նման տեսակետները չեն կարող ընդունելի լինել սուննիական միջավայրում, որտեղ ավանդաբար շիաների նկատմամբ վերապահ մոտեցում կա:

Խնդիրն այն է, որ թե՛ Իրանին եւ թե՛ նաեւ Թուրքիային, բնականաբար, շահեկան է տարածաշրջանի ուժային այլ կենտրոնների թուլացումը` հօգուտ սեփական ազդեցության մեծացման: Հենց դա էլ այն պատճառներից մեկն է, որ ստիպեց երկու պետություններին այս օրերին ակտիվորեն արձագանքել եգիպտական գործընթացին` առաջացնելով դժգոհություն Եգիպտոսի իշխանությունների շրջանում: Սակայն եթե համեմատելու լինենք իրանական եւ թուրքական փորձը, ապա պետք է նշել, որ արաբական շատուշատ հասարակությունների համար գերադասելի է պետության թուրքական մոդելը, որը ներկայացնում է իսլամի եւ ժողովրդավարության սինթեզ: Հենց այս մոդելն է, որ ցանկանում է ներդնել Արեւմուտքն իսլամական աշխարհում: Սակայն Եգիպտոսում դրա իրականացման հնարավորությունն ամեն դեպքում վիճարկելի է:

Այն, որ հակակառավարական հուզումները քաղաքացիական բնույթ ունեին եւ միավորում էին Եգիպտոսի քաղաքացիներին` անկախ սոցիալական, դավանական եւ գաղափարական պատկանելությունից, այլեւս կասկած չի առաջացնում: Ասվածի ապացույցն է հակակառավարական ցույցերին ու հանրահավաքներին Եգիպտոսի քրիստոնյաների` ղպտիների ակտիվ մասնակցության փաստը, չնայած տարեմուտի գիշերը Ալեքսանդրիայի ղպտիական եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչությանը: Շատ հետաքրքիր են նաեւ մուսուլման եւ քրիստոնյա ցուցարարների` միմյանց աջակցելու եւ միմյանց հետ համագործակցելու բազմաթիվ փաստերը: Մեկ անգամ չէ, որ քրիստոնյաները մարդկային շղթաներ են կազմել աղոթող մուսուլման ցուցարարների շուրջ` փորձելով ապահովել նրանց անվտանգությունը: Ղպտի հոգեւորականները նույնիսկ աղոթք մատուցեցին Թահրիր հրապարակում:

Այսօր շատ հետազոտողներ փորձում են կանխատեսել, թե ինչ դերակատարություն կունենան «Մուսուլման եղբայրները» ներկայում եւ հեռանկարում: Կազմակերպությունն այսօր կանգնած է մի շարք խնդիրների ու դժվարությունների առջեւ: Շարժման ներսում ձեւավորվել են հիմնականում երկու` չափավոր (ռեֆորմիստական) եւ արմատական հոսանքներ: Մի մասը կողմ է Մուբարաքի հետ բանակցությունների սեղանին նստելուն, մյուս մասը դեմ է իշխանությունների հետ ամեն տեսակ շփումներին եւ առաջ է մղում իսլամական պետության ստեղծման գաղափարը: Ռեֆորմիստներն, ըստ ամենայնի, գիտակցում են, որ արագ փոփոխվող աշխարհում դժվար կլինի առաջնորդվել ավանդական, կարծրացած կրոնական գաղափարներով, որոնք պետք է համապատասխանեցվեն ժամանակի հրամայականին, մանավանդ Եգիպտոսում, որը միշտ էլ եղել է արաբական աշխարհի ամենաառաջադեմ, մշակութային առումով ամենազարգացած երկրներից մեկը, եթե ոչ` առաջինը:

Առկա գնահատականների համաձայն` Եգիպտոսում հասարակական պահանջը, ըստ ամենայնի, աշխարհիկության պահպանումն է: Այնպես որ, իսլամիստները չեն կարող վերցնել իշխանությունը, մանավանդ որ ուժային կենտրոններից որեւէ մեկին դա ձեռնտու չէ:

Միեւնույն ժամանակ, նույն Արեւմուտքը, թերեւս, գիտակցում է, որ իսլամիստների հետ պետք է աշխատել, եւ նրանց ինչ-որ կերպ ներգրավել քաղաքական դաշտում, այլապես` մարգինալացվելու դեպքում նրանց գործողությունները կարող են ոչ համարժեք լինել:

Իր հերթին, «Մուսուլման եղբայրները» հնարավորության դեպքում կփորձեն օգտագործել սոցիալական հուզումները` իրենց դիրքերն ամրապնդելու համար: Թե որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Նրանք արդեն հայտարարել են, որ հարգելու են նախկինում Եգիպտոսի կողմից կնքված բոլոր միջազգային պայմանագրերը:

1Երիտասարդական շարժում, որը ստեղծվել է 2008-ի գարնանը Facebook սոցիալական ցանցում` աջակցելու եգիպտական Ալ-մահալա Ալ-քուբրա քաղաքի աշխատավորներին, որոնք ծրագրել էին ապրիլի 6-ին գործադուլ կազմակերպել:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր