• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2011

«ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

   

Արաքս Փաշայան

Ա.Փաշայան` «Նորավանք» ԳԿՀ փորձագետ

2011-ից ի վեր արաբական աշխարհում սոցիալ-քաղաքական ուղղվածությամբ հակակառավարական հուժկու միտինգներն ու ցույցերը, Թունիսում և Եգիպտոսում վարչակարգերի տապալումը և հեղափոխական գործընթացների շարունակականությունն իրենց ազդեցությունն ունեցան նաև ոչ արաբական երկրներում: Մասնավորապես, հեղափոխությունների շղթայական ալիքը որոշակի մտահոգություն առաջ բերեց Ադրբեջանի իշխող վերնախավում և նոր թափ հաղորդեց հասարակական-քաղաքական դիսկուրսներին: Այս երկրի շուրջ հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ «The Wall Street Journal» թերթը հրապարակեց այն երկրների վարկանիշային աղյուսակը, որոնցում սոցիալական ցնցումներն ու հեղափոխություններն ավելի հավանական են. դրանում Ադրբեջանը հայտնվեց առաջին տասնյակում:

Այն, որ արաբական առանձին երկրների ու Ադրբեջանի պետական և սոցիալ-քաղաքական համակարգերի միջև որոշակի նմանություններ կան, անժխտելի է: Պատահական չէ, որ քաղաքագիտական գրականության մեջ շրջանառության մեջ է դրվել սիրիա-ադրբեջանական մոդելի մասին դրույթը: Թե՛ Սիրիայում Հաֆեզ Ալ-Ասադի (1971–2000) և թե՛ Ադրբեջանում Հեյդար Ալիևի (1993–2003) մահից հետո իշխանության եկան վերջիններիս որդիները` իշխանությունը դարձնելով «դինաստիական», որտեղ կարևոր դեր է վերապահված «անհատի պաշտամունքին»:

Ինչպես արաբական առանձին երկրներին, այնպես էլ Ադրբեջանին տիպական են ավտորիտարիզմը, կեղծված ընտրությունները, կոռուպցիայի, գործազրկության, գնաճի բարձր ցուցանիշները, սոցիալական բևեռացվածությունը, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և վերջապես` էներգետիկ ռեսուրսներից ստացված եկամուտների ոչ համաչափ բաշխումը:

Անշուշտ, Ադրբեջանին և արաբական երկրներին միավորող ընդհանրական իրողություն է նաև իսլամը: Ճիշտ է, իսլամի նկատմամբ մոտեցումներն աշխարհիկ Ադրբեջանում միանգամայն այլ են, քան արաբական աշխարհում, սակայն այստեղ նույնպես բնակչության մեծ մասն իսլամադավան է: Իսլամն ադրբեջանական ինքնության թեև ոչ առաջնային, սակայն կարևոր բաղադրիչներից է: Շատ փորձագետների համոզմամբ` Ադրբեջանի անկայունացումը կարող է պայմանավորվել հենց իսլամական գործոնի հնարավոր ակտիվացմամբ:

Հատկանշական է, որ վերջին տարիներին իսլամն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում սկսել է էական դեր խաղալ, իսկ կրոնականացվածությունը բնորոշ է դարձել ադրբեջանական հասարակության մի հատվածին, որի շրջանում խորքային հավատացյալների թիվը հաշվվում է 7-9 տոկոս:

Նշենք, որ Ադրբեջանում կարևոր դեր է խաղում նաև միջազգային իսլամական գործոնը: 2006-ից ի վեր այստեղ սկսեցին բավական հիվանդագին արձագանքել այն իրողություններին, որոնք կապված էին առհասարակ իսլամական աշխարհի հետ։ 2006-ին Ադրբեջանում կազմակերպվեցին բողոքի ակցիաներ ընդդեմ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների: Փետրվարին Բաքվից ոչ հեռու գտնվող և շիական արմատական տրամադրություններով հայտնի Նարդարանում անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ այրվեցին ԱՄՆ-ի, Իսրայելի, Դանիայի, նաև` Հայաստանի ու Շվեյցարիայի դրոշները։ 2006թ. ամռանը բողոքի ցույցեր կազմակերպվեցին ընդդեմ Լիբանանում իսրայելական պատերազմի և ի պաշտպանություն «Հիզբալլահի»: Նմանատիպ ցույցեր եղան նաև 2008թ. դեկտեմբերին` այս անգամ արդեն ընդդեմ Ղազայում սկսված իսրայելական ներխուժման:

Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան, արաբագետ Արիֆ Յունուսովի կարծիքով` իսլամը ձգտում է լրացնել քաղաքական այն վակուումը, որ վերջնականապես ձևավորվեց 2005-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխանությունները քաղաքական դաշտից դուրս բերեցին արևմտամետ ընդդիմությանը: Ըստ վերլուծաբանի` հենց իսլամն է Ադրբեջանի ներկա իշխանությունների ամենահիմնական և իրական ընդդիմությունը:

Սակայն պետք է նկատի առնել, որ ադրբեջանական հասարակության հիմնական հատվածն աշխարհիկ է, որը ձգտում է ոչ թե իսլամականացման, այլ` ժողովրդավարացման: Այն դժգոհ է Արևմուտքից, որն աչք է փակում ժողովրդավարական սահմանափակումների առջև` հանուն տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների:

Հարկ է նշել նաև, որ իսլամական դաշտն Ադրբեջանում միատարր, առավել ևս` միասնական չէ և ներկայացված է իրանամետ, թուրքամետ և արաբամետ ուղղություններով: Իսլամական ակտիվիստների, պաշտոնական իսլամից դուրս գործող կրոնական գործիչների նկատմամբ շարունակական հետապնդումների և, ի վերջո, իսլամի ներսում առկա երկփեղկվածության հետևանքով այդ դաշտում ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ: Սակայն որպես հասարակական իդեալ Ադրբեջանում ավելի պոպուլյար է քաղաքական իսլամի թուրքական մոդելը, որը Թուրքիայում ներդրվեց Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց (2002թ.) հետո և իսլամի ու ժողովրդավարության համադրում է ներկայացնում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում արմատական իսլամիզմին (որն, ի դեպ, ավելի շատ կապված է արտաքին գործոնի ազդեցության հետ) և այդ երկրի քաղաքական գործընթացներում դրա հնարավոր դերակատարությանը, ապա պետք է նշել, որ իշխանությունների իրականացրած կոշտ քայլերի արդյունքում նման սպառնալիք գոնե ներկա փուլում չկա: Համաձայն առանձին տեսակետների` թե՛ արաբական աշխարհում և թե՛ Ադրբեջանում իշխանությունները, որպես կանոն, ուռճացնում են իսլամիզմից եկող մարտահրավերները: Իսկ նման մոտեցումը շահեկան է, քանի որ հնարավորություն է տալիս Արևմուտքից ստանալ համապատասխան, այդ թվում` ֆինանսական միջոցներ ոչ միայն կրոնական ծայրահեղականության, այլև հասարակական-քաղաքական ցանկացած ակտիվության դեմ պայքարելու համար:

Արաբական զարգացումներին Ադրբեջանում հետևեցին մեծ լարվածությամբ: Իշխող վարչակարգը շտապեց հանդես գալ հայտարարություններով` նշելով, որ տնտեսական, քաղաքական և կրոնական առումներով Ադրբեջանը խիստ տարբերվում է արաբական աշխարհից, ուստիև բացառվում է արաբական երկրներում տեղի ունեցած գործընթացների որևէ առնչություն Ադրբեջանի հետ: Տեղեկատվական դաշտում այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե անցկացվում են բարեփոխումներ, տարվում է հակակոռուպցիոն պայքար (մի քանի բարձրաստիճան պաշտոնատարներ նույնիսկ ազատվեցին աշխատանքից): Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահ Շյուքյուր Փաշազադեն նույնպես բացառեց Ադրբեջանի անկայունացումն արաբական հեղափոխական ալիքի վրա:

Հարկ է նշել, որ բացի ընդհանրություններից, Ադրբեջանի և արաբական երկրների միջև, բնական է, կան նաև տարբերություններ: Օրինակ, Ադրբեջանի սահմանադրության համաձայն` երկրի նախագահը կարող է վերընտրվել ընդամենը մեկ անգամ: Արաբական մի շարք երկրներում գոյություն ունի կրոնաքաղաքական ընդդիմություն, որը հակակառավարական պայքարի կարևոր դերակատարներից է, իսկ Ադրբեջանում նման ինստիտուտ գոյություն չունի:

Ամեն պարագայում, արաբական երկրներում տեղի ունեցած գործընթացները ոգևորեցին Ադրբեջանի ընդդիմությանը և քաղաքականապես ակտիվ հասարակական շերտերին` որոշակի աշխուժություն մտցնելով Ադրբեջանի գրեթե անկենդան քաղաքական կյանքում: Ընդդիմությունը նախևառաջ պահանջեց հանել Հոսնի Մուբարաքի արձանը Բաքվի Բարեկամության այգուց, որը սկսեց խստորեն հսկվել ոստիկանության կողմից:

Զգալիորեն աշխուժացավ «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը, որը կազմավորվել է 2010թ. դեկտեմբերի վերջին` ի պատասխան նոյեմբերի 7-ին Ադրբեջանում հերթական անգամ կեղծված խորհրդարանական ընտրությունների: Շարժմանն անդամակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ:

Հենց «Հասարակական պալատի» շրջանակներում ընդդիմադիրները (որոնց մեջ հանգուցային դեր ունի «Մուսավաթը») կոչ արեցին իշխանություններին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երկրի ռեսուրսներն օգտագործել արդարացիորեն` հակառակ դեպքում չբացառելով թունիսյան և եգիպտական սցենարների կրկնությունը: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, որը լավատես է փոփոխությունների հարցում, կարծում է, որ իշխանությունն արաբական աշխարհում տեղի ունեցածից պետք է դասեր քաղի: «Հասարակական պալատը» մշակեց նաև բողոքի ակցիաների ժամանակացույց: Սակայն շատերը, նաև ընդդիմության շրջանում, գիտակցում են, որ շտապելը և հասարակության հեղափոխական պոտենցիալը ճիշտ չգնահատելը կարող է կործանարար լինել:

Բացի այդ, Facebook սոցիալական ցանցում մի շարք ակտիվիստներ ստեղծեցին «Մարտի 11 - Ադրբեջանի ժողովրդի մեծագույն օրը» խումբը (ինչպես դա եղավ Եգիպտոսում), որին մի քանի հազար այցելու են միացել: Նախաձեռնության կազմակերպիչները մարտի 11-ի ընտրությունը պայմանավորում են երկու ամիս առաջ հենց այդ օրը Հոսնի Մուբարաքի հրաժարականով:

Ֆրանսիայում ուսանած և ներկայումս Ստրասբուրգում ապրող լրագրող Էլնուր Մաջիդլին, որը սոցիալական ցանցում ստեղծված խմբի կազմակերպիչներից է, նշել է, որ նման նախաձեռնությունը նպատակ ունի վերջ դնել անելանելի իրավիճակի զգացողությանը, որ տարածված է Ադրբեջանի քաղաքացիների շրջանում և կամք դրսևորել` իրականացնելու ժողովրդավարական փոփոխություններ:

Ինչ վերաբերում է վարչակարգին, ապա վերջինս, ըստ ամենայնի, գիտակցում է, որ թե՛ աշխարհիկ, թե՛ կրոնական դաշտում վերահսկողության թուլացումը կարող է հանգեցնել անկայուն իրավիճակի և մտադիր չէ իրականացնել արմատական ժողովրդավարական բարեփոխումներ:

Սակայն ակնհայտ է, որ իշխանություններն անհանգստացած են. նրանք փորձում են բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնել երիտասարդական նախաձեռնությունները: Ասվածի ապացույցն են մարտի 11-ի բողոքի ակցիայի ձախողումը, ինչպես նաև` վերջին շրջանում մի շարք, այդ թվում՝ սոցիալական ցանցի ակտիվիստների ձերբակալությունները:

Այս ամենին արդեն քննադատորեն արձագանքել են միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Freedom House-ը:

Իսկ թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` լարվածությունը թուլացնելու համար Ալիևը փորձում է էլ ավելի թեժացնել ղարաբաղյան հակամարտության թեման:

Այսպիսով, արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական գործընթացների առաջին ալիքը դեռևս շոշափելի հարված չի հասցրել Ադրբեջանին: Ճիշտ է, հասարակությունը դժգոհ է իշխանություններից, սակայն հնարավոր փոփոխությունների հարցում առկա անվստահությունը, ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող բռնությունները, ընդդիմության զգալիորեն թույլ և խոցելի դիրքերը, վերջիններիս շրջանում միասնականության, ինչպես նաև խարիզմատիկ և բոլորի կողմից ընդունելի գործիչների պակասը, նաև տարաբնույթ այլ գործոններ թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանում տեսանելի ապագայում հազիվ թե հեղափոխական գործընթացներ տեղի ունենան:

Սակայն զարգացումները Միջին Արևելքում դեռևս շարունակվում են, իսկ դրանց ալիքը տարածում է ստանում: Եվ չնայած իշխանությունները վերահսկում են իրավիճակը, դժվար է ասել, թե հետագա իրողություններն ինչպես կանդրադառնան Ադրբեջանի վրա:

Ա.Յունուսովի կարծիքով` Ադրբեջանում դեպքերը կարող են զարգանալ եգիպտական սցենարով: Արաբագետ Զարդուշտ Ալիզադեի համոզմամբ` հետխորհրդային տարածաշրջանում իրական բարեփոխումներ կիրականանան միայն այն դեպքում, եթե դրա նախադեպը ստեղծվի Ռուսաստանում, որն ամենավճռորոշ դերակատարությունն ունի տարածաշրջանում: Իսկ ըստ մեկ այլ տեսակետի, որին շատ դեպքերում հակված են նաև ադրբեջանցի փորձագետները, Ադրբեջանի վրա շոշափելի կլինի ոչ այնքան արաբական կամ ռուսական, որքան իրանական գործոնի ազդեցությունը:

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 2, 2011
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր