• am
  • ru
  • en
Версия для печати
14.03.2016

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ

2016թ. մարտի 6-ին Չինաստանի հայկական համայնքում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց համայնքի նախագահ: Նա գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Մ.Սահակյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, Իրանի իմամ Խոմեյնու անվ. համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում: Ծառայել է ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության գնդում, պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, պատվոգրով: Հիմնադրել է Չինաստանի հայկական ուսանողական միությունը, մինչև 2016թ. զբաղեցրել է Չինաստանի հայկական համայնքի արտաքին կապերի գծով փոխնախագահի պաշտոնը: 2015թ. ապրիլին Նանջինգում ղեկավարել է Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումների կազմակերպչական կոմիտեն: Միջազգային հարաբերությունների և արևելագիտության վերաբերյալ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է:

Իր խոսքում Մհեր Սահակյանը կոչ է արել Չինաստանի հայկական համայնքին շարունակել ամրապնդել համայնքի միասնականությունը, հանդես գալ նախաձեռնություններով, ակտիվորեն մասնակցել համայնքի կյանքին, օգնել միմյանց, պահպանել հայոց լեզուն և ազգային գաղափարները:

Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել համայնքի առաջին նախագահ Հենրի Արսլանյանին՝ նշելով. «Հենրի Արսլանյանն անմնացորդ նվիրվածությամբ է կատարել իր ազգանվեր առաքելությունը։ Նա հիմնադրեց համայնքի Գործադիր կոմիտեն, և առաջինն էր, ով արձագանքում էր համայնքի առջև ծառացած մարտահրավերներին։ Չինաստանի հայկական համայնքում Հենրին ձևավորեց ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը, որը պետք է պահպանել»:

Չինաստանի հայկական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը և այլն:

Չինաստանի հայկական համայնքով հետաքրքրվողները կարող են այցելել http://www.chinahay.com/

Հետադարձ կապ՝ contact@chinahay.com


Руский

English