• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2014

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ միջազգային սեմինար «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» խորագրով։ Ելույթներով հանդես եկան 20-րդ դարի պատմության մասնագետներ Ալեքսանդր Մարինչենկոն (Ուկրաինա), Ալեքսեյ Բրատոչկինը (Բելառուս), Ռասա Չեպայտենեն (Լիտվա) և Ալեքս Վորոնովիչը (Հունգարիա)։

Ա.Մարինչենկոն իր ելույթում (զեկուցման թեման՝ «Մոտեցումներ ոչ պատմական մասնագիտությունների ուսանողներին 20-րդ դարի պատմության դասավանդման վերաբերյալ. Դնեպրոպետրովսկի առանձնահատկությունն ուկրաինական համատեքստում») շոշափեց Դնեպրոպետրովսկ քաղաքի օրինակը, որտեղ պատմության դասավանդումն ունի իր առանձնահատկությունները՝ պայմանավորված ոչ միայն բազմազգ լսարանով, այլև ուկրաինական պատմության հակասական էջերի առատությամբ։

Ռ.Չեպայտենեն խոսեց Լիտվայում «Ազգային հիշողության մասին» օրինագծի շուրջ ընթացող քննարկումների մասին (թեման՝ «Դեպի նոր գաղափարախոսական առճակատո՞ւմ։ Հիշողության քաղաքականությունն արդի Լիտվայում (Ազգային հիշողության մասին նոր օրինագծի օրինակով»)։ Այդ քննարկումներն անցկացվում են պատմաբանների և քաղաքական ուժերի միջև առճակատման պայմաններում։ Զեկուցողը ներկայացրեց նաև Եվրամիությանը Լիտվայի անդամակցության հետ կապված՝ պատմության դասագրքերի միասնականացման խնդիրը։

Ա.Բրատոչկինը ներկայացրեց բելառուսական ազգային ինքնության փնտրտուքը ներկա փուլում, շրջանառվող ազգային նախագծերը Ռուսաստանի և Եվրոպայի ընկալումների համատեքստում (թեման՝ «Ռուսաստանի» և «Եվրոպայի» միջև. պատմության ազգային նկարագրի առանձնահատկությունները Բելառուսում»

Ա.Վորոնովիչի ելույթի («Ռումինացիների՞, թե՞ մոլդովացիների պատմություն. ազգային նկարագրի մասին բանավեճերը Մոլդովայում (1990-2000-ական թթ.») կիզակետում էին պատմության դասավանդման հիմքում ընկած երկու՝ մոլդովական և ռումինական նախագծերը։ Բանախոսը նշեց, որ ռումինական նախագիծն ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում 1990-ական թվականներին, սակայն վերջին տասնամյակում զգալի ուժեղացան նաև մոլդովական ազգայնականության դիրքերը։

Սեմինարի ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում, ծավալվեց քննարկում։






EnglishРуский