• am
  • ru
  • en
Версия для печати
18.05.2015

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐՈՒՄ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

EnglishРуский

   

Նվարդ Մելքոնյան
ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ,
սոցիոլոգիական գիտությունների թեկնածու


Լեզուն, որի միջոցով իրականացվում է քաղաքական հաղորդակցությունը, որպես տվյալ հասարակության քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս, ունի իր առանձնահատկությունները: Ընդունված է համարել, որ քաղաքականության լեզուն կարելի է դիտարկել որպես քաղաքական մշակույթի բնական կոդ, որը հնարավորություն է տալիս մուտք գործել գրեթե բոլոր ոլորտներն ու շերտերը: Բացի այդ, լեզուն որոշ չափով գործում է որպես հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվական մակարդակի ապահովման և պահպանման գործիք:

Քաղաքական տեղեկատվության փոխանցման, քաղաքական հաղորդակցման ամենատարածված ձևն է քաղաքական տեքստը, որում խոսքն արդիական քաղաքական խնդիրների մասին է, և որն ուղղված է զանգվածային լսարանին1:

Քաղաքական տեքստի տեսակներ են` քաղաքական գովազդները, կարգախոսները, թռուցիկները, քաղաքական ելույթները, հոդվածները, հրապարակումները, տեղեկատվական հոդվածները, ծրագրերը, լուրերը:

Քաղաքական տեքստերի հիմնական նպատակը քաղաքական գործընթացների, քաղաքական ուժերի բաշխման, քաղաքական խնդիրների, իրադարձությունների, կերպարների վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդեցություն գործելն է2:

Քարոզչության և գիտակցության մանիպուլյացիայի ոլորտում լեզվի, խոսքի դերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական ուղղության հիմնադիրն է ամերիկացի սոցիոլոգ, քաղաքագետ Հարոլդ Լասուելը: Դեռ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրած հետազոտության արդյունքները նա ներկայացրել է 1927թ. իր «Քարոզչության տեխնիկան համաշխարհային պատերազմում» գրքում3: Նա մշակել էր տեքստերի սեմանտիկ վերլուծության՝ իմաստների փոխանցման կամ խեղաթյուրման նպատակով այս կամ այն բառերի օգտագործման հատուկ մեթոդներ4: Լասուելն, ըստ էության, մեկ ամբողջական համակարգ էր ստեղծել, որի հիմքը հատուկ ընտրված համապատասխան բառերի միջոցով քաղաքական միֆերի ստեղծման սկզբունքներն էին:

Յուրաքանչյուր քաղաքական տեքստ ուղղված է կոնկրետ նպատակի, և դրա կազմումն ու դրանում կիրառված հնարքները յուրահատուկ են, բայց կարելի է առանձնացնել մի շարք հնարքներ, որոնք օգտագործվում են քաղաքական ազդեցիկ տեքստեր մշակելու համար5:

«Սև-սպիտակ» կամ կեղծ փաստարկումներ: Երբ առաջ է քաշվում «կամ-կամ» տարբերակը և կոնսենսուսային այլընտրանքներ չեն ներկայացվում:

Նեգատիվ պարույրի փաստարկում: Առանձին աննշան փոփոխությունների հետևանքներն անհիմն ուռճացվում են և ընդունում են գլոբալ արհավիրքների չափսեր: Այլ կերպ ասած՝ գործածվում է «փոթորիկը բաժակում» մոտեցումը։

Երևակայական հստակության ապացույցների ծուղակ: Տեխնիկան այն է, որ որևէ հայտարարության ապացուցման համար ներկայացվում են թվեր, վիճակագրական տվյալներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում կամ էլ հավաստի փաստերը ստեղծագործաբար հերքվում են գոյություն չունեցող վիճակագրական տվյալների միջոցով և օդից վերցված թվերով։

Բացահայտման և համընդհանուր ճանաչման ծուղակ: Օրինակ` «ինչպես պնդում են բոլորը...», «պետք չէ հակաճառել նրան, որ...», «մենք բոլորս արդեն համաձայնել ենք այն փաստի հետ, որ...», «այսօր բոլորը գիտեն, որ...», «արդեն ապացուցված է, որ...», «բացահայտ է, որ...»։

Սեփական համոզումների երաշխիք, անձնական հեղինակության օգտագործում: Օրինակ` «ես ձեզ երաշխավորում եմ...», «ես արդեն հնարավորություն եմ ունեցել համոզվել նրանում, որ...», «ոչ մի կասկած չկա նրանում, որ...»։

Բաժանումներ և թշնամու կերպար։ Աշխարհայացքի համակարգը կիսվում է երկու մասի` «մերոնք» և «օտարները», ընդ որում` օտարները մեխանիկորեն ձևափոխվում են «թշնամիների»: «Մերոնք» նկարագրվում են որպես բացարձակ դրական կերպարներ, իսկ «օտարները»՝ բացարձակ բացասական: Տեքստի բովանդակության առանցքը ձևավորվում է մեկ հիմնական արտահայտությամբ, որում զետեղված է վտանգի սպառնալիքը «մերոնց» նկատմամբ: Օրինակ` «ժամանակակից ղեկավարները կաշառակերներ են»: Աշխարհը ստանում է սև-սպիտակ գունավորում: «Մերոնք» «լավն են», «օտարները»` «սրիկա և խաբեբա»:

Գերընդհանրացված մեղադրանքներ։ Արտահայտության ուժգնացման համար կարող են մեղադրվել անմեղները: Օրինակ` մեղադրանքներ բյուրոկրատների, պնդաճակատ օրինապահների, արտասահմանցիների և այլոց հասցեին:

Գերհուզականացում։ Հստակ թեմաները զգացմունքային են դարձվում հիմնականում կոպիտ հակադրությունների միջոցով: Օրինակ` «իսկ բյուրոկրատները փորները բռնած բարձր կծիծաղեն ձեզ վրա»: Ագիտացիոն մեթոդներում օգտագործվում են զգացմունքային և զգացմունքայնացնող թեզիսներ, որոնց վրա ֆոկուսավորվում է ամբողջ փաստարկումը:

Ապագա գործողությունների վերագրում։ Հակառակ կողմին վերագրվում է, թե նրանք պատրաստ են անցնել բռնի գործողությունների, եթե անգամ ոչ հիմա, ապա մոտ ապագայում6:

Կանխամտածված մոլորություն (The Red Herring): Շեղում է ուշադրությունն իրական խնդրից, որտեղ նշանակություն է ստանում ներկայացված թեման, որպեսզի շեղի ուշադրությունը գլխավոր հարցից7:

Փայլուն անորոշություններ (Glittering Generalities): Զգացմունքայնորեն արտահայտված բառեր են, որոնք ընկալվում են որպես բարձրարժեք հասկացություններ, համոզմունքներ, որոնք, իրենց հերթին, լրացուցիչ տեղեկությունների կամ պատճառաբանությունների կարիք չունեն: Օգտագործվող բառերը կամ բառակապակցությունները հիմնականում ընկալվում են որպես հզորության ցուցանիշներ` ազատություն, հայրենասիրություն, խիզախություն, հույս, բարեփոխում8:

Ծանրակշիռ խոսք (Loaded Language): Բառեր, որոնք իրենց զգացմունքայնության շնորհիվ կարող են ձևափոխել կարծիքը: Օգտագործելիս ակնկալվում է դրական կամ բացասական արձագանք, կամ ուղղորդում է որոշակի եզրահանգման: Ծանրակշիռ խոսքի բառերն ու բառակապակցությունները հանդես են գալիս «Boo!, փո՛ւհ, է՜հ» և «հooray!, Ուռա՜, Այո՜» տարբերակներով՝ առանձնացնելու դրական և բացասական զգացմունքային ենթատեքստը: Հնարքը համարվում է նաև ուղեղների լվացման տեխնիկա9:

Քաղաքական տեքստերում կիրառվող մանիպուլյացիոն հնարքները բազմազան են: Դրանք կարող են տարբերվել ըստ ազդեցության ուժգնության, արդյունքի և ըստ բովանդակության: Ա.Ալթունյանն իր «Քաղաքական տեքստերի վերլուծություն» գրքում անդրադառնում է հետևյալ հնարքներին10.

1. Կրկնողություն. եթե հաղորդագրությունը պարբերաբար կրկնվի, այն ժամանակի ընթացքում կընդունվի կամ կամրապնդվի ընկալող լսարանի գիտակցությունում:

2. Հեգնական չակերտների օգտագործում. այս մեթոդն առավելապես կիրառվում է քաղաքական տեքստերում ընդդիմադիրների թերությունները շեշտադրելու կամ սեփական անհատական ոճը ձևավորելու նպատակով: Օրինակ` ԱՄՆ նախագահ Ռ.Նիքսոնը հայտնի է իր «լռակյաց մեծամասնություն» արտահայտությամբ, որը հեշտությամբ կարելի է համարել հռետորական ֆիգուր կամ ֆորմալ հնարք, սակայն յուրաքանչյուր նմանատիպ արտահայտության հետևում կանգնած է կոնկրետ քաղաքական, սոցիալական ենթատեքստ, որն ուղղակի չի արտաբերվում, բայց լսարանի կողմից ընկալվում է նախապես դրված իմաստով և համապատասխան երանգավորմամբ:

3. Մեծատառերի օգտագործումը. այսպես հեղինակներն առանձնացնում են արժեքավոր սիմվոլները, լսարանի համար նշանակալի հասկացությունները: Օրինակ` «Հայաստան Աշխարհ» արտահայտությամբ դիմելիս ընդգծվում են լսարանի պատկանելությունը ՀՀ-ին և հայրենիքի կարևոր մասը լինելու անձնական շահը:

4. Զուգահեռ կերպարներ և հակադրություններ. օրինակ, «Հայաստան» և դրա կողքին` սոցիալական խնդիրներ; ուժեղ, կայուն, զարգացող երկիր՝ ի հակադրություն այլ պետությունների, «Արևմուտք – տոտալիտար, մարդու իրավունքները ոտնահարող երկրներ» և այլն:

Մեր դիտարկած քաղաքական տեքստերում կիրառվող հնարքների ցանկը, բնականաբար, ամբողջական չէ: Թվարկված հնարքների հիմնական առանձնահատկությունը վերջիններիս մանիպուլյատիվ հիմքերն են, որոնց միջոցով էլ քաղաքական տեքստում ստեղծվում է այն պատրանքային իրականությունը, որը կոչված է փոխարինելու քաղաքական աշխարհի իրական մոդելը: Եվ որքան էլ ազատ կամ դեմոկրատական են փորձում ներկայանալ արդի հասարակությունները, դրանց կայունությունն ու ազդեցությունը մեծապես պայմանավորված են զարգացած և արդյունավետ գործող մանիպուլյատիվ համակարգով:

1 Алтунян А.Г., Анализ политических текстов, Москва, Логос, 2010, с. 15.

2 Черепанова И.Ю., Заговор Народа: Как создать сильный политический текст, Москва, КСП+, 2002, с. 9.

3 Տես՛ Lasswell H.D., Propaganda Technique In The World War London. Kegan Paul, Trench, Trubner&C», Lid New Jork: Alfred A. Knopf, 1927.

4 Քաղաքական սեմանտիկան ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ հասկանում կարգախոսներն ու հայեցակարգերը, հիմնական քաղաքական եզրույթներն ու հասկացությունները (տես՛ Психология лидерства, влияния, власти, В.П. Шейнов, 2-е изд., Минск, Харвест, 2008).

5 Черепанова И.Ю., նշվ. աշխ., с. 11.

6 Бредемайер К., Черная риторика: Власть и магия слова, 6-е изд., Москва, Альпина бизнес букс, 2008, с. 90-117.

7 Riker W.H., The Art of Political Manipulation, New Haven, Yale Univ. Press, 1986, p. 85-88.

8 Նույն տեղում։

9 Նույն տեղում։

10Алтунян А.Г., Анализ политических текстов, Москва, Логос, 2010, с. 218-220.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր