• am
  • ru
  • en
Версия для печати
30.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանում կիբեռանվտանգությունը դառնում է ազգային մակարդակի խնդիր։ Հասարակությունն արագ տեմպերով մտնում է համացանց, շարժական կապի ներթափանցումը նույնպես շարունակում է աճել1։ Հասարակությունը սկսում է օգտվել բազմաթիվ էլեկտրոնային, օնլայն բանկային ծառայություններից և այլն, ինչի շնորհիվ Հայաստանը դառնում է ավելի հրապուրիչ զանազան կիբեռհանցագործների համար։

Մյուս կողմից, Հայաստանում դեռևս չկա հստակ մոտեցում կիբեռանվտանգության վերաբերյալ ուսուցմանը։ Ոչ միջնակարգ, ոչ բարձրագույն ուսուցումը չեն տալիս այն հմտությունները, որոնք պահանջված են այսօր։ Չկան ծրագրեր՝ ուղղված կրթական տարիքից դուրս քաղաքացիների իրազեկմանը։ Չկա ազգային մակարդակի իրազեկման կենտրոն, որը հանրությանը տեղյակ կպահեր կոնկրետ տվյալ պահին վերաբերող՝ լայն տարածում ստացած կիբեռվտանգների մասին։ Այս ամենը Հայաստանի հասարակությունը դարձնում է բավական խոցելի կիբեռհարձակումների տեսանկյունից։

Սակայն գոյություն ունի հասարակության ինքնակազմակերպման գործոնը, ինչը հանգեցնում է իրավիճակի որոշակի բարելավմանը։ Այսպես, դեռ 2012թ. Հայաստանն իսկապես կիբեռանվտանգության տեսանկյունից ամենախոցելի երկրներից մեկն էր։ Ըստ Kaspersky Lab տվյալների, Հայաստանը երրորդ տեղում էր այն երկրների ցանկում, որտեղ ինտերնետից օգտվողներն ամենամեծ քանակի հարձակումների են ենթարկվում2։ Իրավիճակը բացասական էր նաև 2013թ., Հայաստանը կրկին ամենավտանգավորների եռյակում էր3։

Եթե դիտենք նույն Kaspersky Lab զեկույցը 2016թ. վերաբերյալ, ապա ակնհայտ են դրական փոփոխությունները։ Այսպես, վարակված համակարգիչների քանակով Հայաստանը միջին ռիսկայնության երկրների ցանկում է հայտնվել․ վարակված է, ըստ հակավիրուսային լաբորատորիայի տվյալների, համակարգիչների 40,4%-ը, ինչը բավական լուրջ տոկոս է, սակայն ընդհանուր գլոբալ վիճակի տեսանկյունից մենք միջին դիրքեր ունենք։

Համացանցում վարակվելու ռիսկայնության տեսանկյունից Հայաստանը նույնպես դուրս է եկել ամենավտանգավոր երկրների տասնյակից և զբաղեցնում է 14-րդ տեղը՝ 33,01% ցուցանիշով (տե՛ս Աղյուսակ 1)4։

Իրավիճակի համեմատական բարելավումը դեռ չի նշանակում, թե կիբեռանվտանգության ոլորտն ազգային մակարդակով անհապաղ գործողությունների անհրաժեշտություն չի զգում։ Խնդիրը ոչ միայն վտանգների քանակական և ոչ միայն ինտերնետից օգտվողների աճն է, այլ նաև վտանգների որակական փոփոխությունը, ինչը պահանջում է պարբերական իրազեկում և նույնիսկ կրթում հանրային մակարդակով։

Այսպես, աշխարհում տարածում են գտնում այսպես կոչված կրիպտովիրուսները։ Դրանք, ներթափանցելով համակարգիչ, կոդավորում են դրանում առկա ֆայլերն ու ապակոդավորման համար գումար պահանջում5։ Տվյալ վիրուսների տեսակները կտրուկ աճում են ողջ աշխարհում։ Եթե 2015թ. կրիպտովիրուսների միջոցով շորթված գումարի չափը գնահատվում էր մոտ $24 մլն, ապա 2016թ. այն արդեն հասավ $1 մլրդ-ի6։

Ընդհանուր վարակումների մեջ կրիպտովիրուսներն արդեն բավական մեծ տոկոս են կազմում։ Հնդկաստանում, օրինակ, ամեն տասներորդ վարակված սարքը կրիպտովիրուս է պարունակում7 (տե՛ս Նկար 1).

Հայաստանում իրավիճակը նույնպես մտահոգիչ է, սակայն քիչ ուսումնասիրված։ Ըստ ինտերնետում իրականացված հարցման (իրականացվել է 2017թ. հունվարի 11-ին), Հայաստանում գտնվող՝ հարցման մասնակիցների 4,5%-ը հանդիսացել է 2016թ. կրիպտովիրուսների զոհ, ևս 1,3%-ը ոչ միայն վարակվել է, այլև վարակման է ենթարկվել նաև կազմակերպության համակարգիչը8։ Բացի դրանից, հարցման մասնակիցներից 23%-ը տեղյակ է այլ անձանց կամ կազմակերպությունների մասին, որոնք հանդիսացել են կրիպտովիրուսների հարձակման զոհ (տե՛ս Նկար 2).

Նման վիճակագրությունները բավական մտահոգիչ են և նշանակում են, որ կիբեռհարձակումները ոչ միայն անձնական տվյալների արտահոսքի աղբյուր են, այլև սկսում են տնտեսական գործոն դառնալ Հայաստանում։

1 Սամվել Մարտիրոսյան, Համացանցը Հայաստանում․ 2016 թվականի ամփոփում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15344&sphrase_id=58069

2 Սամվել Մարտիրոսյան, Հայաստանը դառնում է կիբեռխոցելի երկիր, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6267&sphrase_id=58027

3 Հայաստանը ամենավտանգավոր կիբեռտարածքներից է, Kaspersky Lab, http://www.banman.am/2013/12/Armenia-cyber-danger-Kaspersky.html

4 KASPERSKY SECURITY BULLETIN 2016: СТАТИСТИКА https://kasperskycontenthub.com/securelist-russia/files/2016/12/KASPERSKY_SECURITY_BULLETIN_2016_Statistics_RUS.pdf

5 Կրիպտովիրուսներ. տարածումը, կանխումն ու բուժումը, http://vavati.am/AM/news/6-Cryptoviruses.html

6 Ransomware: Now a Billion Dollar a Year Crime and Growing, http://www.nbcnews.com/tech/security/ransomware-now-billion-dollar-year-crime-growing-n704646

7 KSN Report: PC ransomware in 2014-2016, https://securelist.com/analysis/publications/75145/pc-ransomware-in-2014-2016/

8 Ինտերնետային հարցում Հայաստանում կրիպտովիրուսներով վարակումների մասին 2016 թվականի ընթացքում, https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdghL2HVSYnx7XI8jysmx4LOkEsmzuC1blmNJSMYRJbBn06sw/viewanalytics


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր