• am
  • ru
  • en
Версия для печати
10.05.2017

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Հայաստանում այսօր գործում են տասնյակ կանոնավոր առցանց լրատվամիջոցներ։ Բացի այդ, կան հարյուրավոր կայքեր, որոնք անընդհատ բացվում են և մեկ-երկու տարվա ընթացքում վերանում։ Սակայն երկրի արտաքին տեղեկատվական հոսքերը ձևավորելու համար հաճախ եղած ռեսուրսները չեն բավականացնում։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ տեղեկատվական, քարոզչական հակամարտությունը պահանջում է օպերատիվ և օբյեկտիվ ինֆորմացիայի տարածում ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև դրա փախանցումն այլ երկրներ։ Տվյալ պարագայում մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք հաճախ թույլ են տալիս ադրբեջանական և թուրքական հակահայկական քարոզչությանն առաջխաղացում ունենալ։

Խնդիրներից կարևորագույնը հայաստանյան մամուլի հիմնական զանգվածի նեղհայաստանյան ուղղվածությունն է։ Լրահոսի մեծ մասը ձևավորվում է Հայաստանի ընթերցողի համար։ Նույնիսկ երբ նյութերը թարգմանվում են անգլերեն կամ ռուսերեն, բովանդակային, ոճային առումով դրանք հաճախ անհասկանալի են ոչ միայն արտասահմանցիներին, այլև նույնիսկ սփյուռքահայերին։

Լեզուների որակը նույնպես շարունակում է մնալ խնդիր։ Եթե ռուսերեն նյութերը դեռ հիմնականում նորմալ որակով են թարգմանվում, ապա Հայաստանից ձևավորվող անգլերեն լրահոսը հաճախ դժվարընկալելի է անգլիալեզու ընթերցողի համար։

Թուրքական կողմն իր լայն ծավալների շնորհիվ մեծ հոսքեր է ձևավորում անգլերեն։ Ադրբեջանական կողմը լուրջ ներդրումներ է անում օտար լեզուներով լրահոս ձևավորելու համար։ Բացի այդ, Ադրբեջանում աշխատում են սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, փորձում հայաստանյան լրահոսը հեշթեգերի միջոցով վերափոխել, ադրբեջանական քարոզչությունով ձևավորել։ Այդ ուղղությամբ աշխատում են մեծաթիվ օգտատերեր, օրինակ, Թվիթեր սոցիալական ցանցում1։ Հայաստանին կամ Արցախին վերաբերող գրեթե բոլոր թեմաներում ադրբեջանական քարոզիչները գերակտիվ են (տե՛ս Նկար 1).

Նկար 1․ Ադրբեջանական քարոզչանյութեր տարածող օգտատերերը Թվիթերում միշտ ակտիվ կիրառում են Հայաստանին և Արցախին վերաբերող հեշթեգերը՝ #Armenia #KarabakhNow #NKPeace:

Առանձնահատուկ խնդիր է Արցախից տեղեկատվական հոսքերի սղությունը։ Փաստացի, Արցախում գրեթե գոյություն չունեն լրատվամիջոցներ։ Դեպի դուրս գնացող օտարալեզու լրահոսը հիմնականում ձևավորում են Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցները, ինչպես նաև պետական կառույցները։ Փաստացի, Արցախը որպես երկիր՝ իր առօրյայով, գոյություն չունի համաշխարհային լրահոսում։ Արցախից գործող սակավաթիվ լրատվամիջոցները ներկայացված չեն զանգվածայնորեն օգտագործվող այնպիսի որոնողական համակարգերում, ինչպիսին են Google News-ը2 կամ Яндекс Новости-ն3։

Եղած ռեսուրսներն էլ, իրենց հերթին, լիարժեք չեն կիրառվում։ Այսպես, Արցախի Պաշտպանության բանակի կայքում անգլերեն նյութերի մեծ մասը պարզապես չկա, դրանք հասանելի են միայն հայերեն, ինչը պիտանի չէ Ադրբեջանի քարոզչության դեմ պայքարի հարցում4 (տե՛ս Նկար 2).

Նկար 2․ Արցախի ՊԲ կայքի լրատվական մասն անգլերեն լեզվով․ նյութերի մեծ մասը թարգմանված չէ։

Հայաստանի Հանրապետության ՊՆ կայքում անգլերեն նյութերի մեծ մասը չի ներկայացնում տեղեկատվություն առաջնագծից։ Իսկ Ադրբեջանի ՊՆ կայքն ամենօրյա ռեժիմով ներկայացնում է նյութեր առաջնագծից՝ բնականաբար, հայկական կողմին նկարագրելով որպես հրադադարը խախտող կողմ5 (տե՛ս Նկար 3, տվյալները բանակային կայքերի վերաբերյալ ներկայացված են 2017թ. ապրիլի 28-մայիսի 4 հատվածում)։

Նկար 3․ Ադրբեջանի ՊՆ կայքի անգլերեն հատվածում առաջնագծից եկող առանձնացված լրահոս։

Օտար լեզուներով ձևավորվող տեղեկատվության սղությունն ինչպես պաշտոնական աղբյուրներում, այնպես էլ առցանց մամուլում ու սոցիալական մեդիաներում դառնում է կրիտիկական խոցելիություն Հայաստանի Հանրապետության համար ադրբեջանական և թուրքական քարոզչությանը դիմակայելու հարցում։

1 Samvel Martirosyan, #Armvote17: Attack of the Clones. http://evnreport.com/elections-2017/armvote17-attack-of-the-clones

2 https://news.google.com/

3 https://news.yandex.ru/

4 http://nkrmil.am/en/

5 Ադրբեջանի ՊՆ կայքի անգլերեն հատվածում առաջնագծից եկող առանձնացված լրահոս, http://mod.gov.az/en/frontline-news-557/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր