• am
  • ru
  • en
Версия для печати
19.06.2018

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ

   

«21-րդ ԴԱՐ» N 2, 2018


Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Չնայած իրանական սփյուռքի՝ այդ երկրի համար ոչ միանշանակ դերին, ինչպես նաև պետություն-սփյուռք հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին, ԻԻՀ իշխանությունները նույնպես փորձում են օգտագործել արտերկրի հայրենակիցների ներուժը սեփական երկրի զարգացման և նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Սույն հետազոտության շրջանակներում դիտարկումները կենտրոնանում են Իրան-սփյուռք համագործակցության քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և գիտական ոլորտների վրա։

Քաղաքական ոլորտում հայրենի երկրին աջակցության տեսակետից իրանական սփյուռքի օրակարգում են երեք փոխկապակցված խնդիրներ. ա) աջակցությունն իրանական միջուկային ծրագրին, բ) Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումը և գ) Իրանի դեմ հնարավոր պատերազմի կանխումը։ Այստեղ Իրանին աջակցության հարցում կան ինչպես չափավոր, այնպես էլ արմատական դրսևորումներ։

Չափավոր մոտեցումները հանգում են Արևմուտքին ուղղված կոչերին և խորհուրդներին՝ զերծ մնալ Իրանի նկատմամբ ուժի դիմելու քաղաքականությունից, մեղմել դիրքորոշումը և հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Հայրենի պետությանն աջակցության այս դրսևորումները հիմնականում տեղ են գտնում տեղեկատվական-վերլուծական ասպարեզում։ Օրինակ՝ Ջոն Հոփքինսի համալսարանի Մերձավոր Արևելքի գծով փորձագետ, ամերիկյան իրանցիներին միավորող խոշոր կազմակերպության՝ Իրանա-ամերիկյան խորհրդի (Վաշինգտոն) ղեկավար Թրիթա Փարսին դեռևս Ջ.Բուշի վարչակազմին խորհուրդ էր տալիս փոխել Իրանի նկատմամբ կարծր դիրքորոշումը՝ նշելով, որ հակառակ պարագայում հետևանքներն ավելի տխուր կլինեն ինչպես աշխարհի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Ըստ փորձագետի, եթե ԱՄՆ-ը չփոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, ապա իրադարձությունները կզարգանան երկու սցենարով՝ հյուսիսկորեական կամ իրաքյան։ Առաջինի դեպքում աշխարհում կհայտնվի մի նոր միջուկային տերություն՝ ի դեմս Իրանի, ինչն աշխարհում որևէ մեկը չի կարող կանխել և որի հետ հարաբերություններում նույնպես անհնար կլինի որևէ դրական արդյունքի հասնել, երկրորդ դեպքում ԱՄՆ-ը կներխուժի Իրան, որից հետո ամբողջ աշխարհը կզղջա դրա համար1։

Այսպիսով, չափավոր մոտեցման կողմնակիցները փորձ են անում տեղեկատվական-վերլուծական ասպարեզում համադրել Իրանի և Արևմուտքի շահերը՝ ձգտելով համոզել արևմտյան աշխարհի որոշում ընդունողներին, որ բանակցությունների միջոցով Իրանի հետ փոխհամաձայնության հանգելը բխում է հենց Արևմուտքի և գլոբալ անվտանգության շահերից։

Սփյուռքի վերոհիշյալ մոտեցումն ամրապնդվում է միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի վարած տեղեկատվական քաղաքականությամբ։ Այնտեղ պարբերաբար հնչում են հայտարարություններ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու անհրաժեշտության մասին, ինչը, համաձայն փորձագիտական գնահատականի, կրում է զուտ պրոպագանդիստական բնույթ։ Դրանք կոչված են ընդամենը ցույց տալու արտաքին աշխարհին, որ Իրանում կան ուժեր, որոնք պատրաստ են դուրս բերել երկիրը միջուկային զենքի չտարածման միջազգային-իրավական կարգավորման ոլորտից։ Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային հանրությունը, որդեգրելով «ապակառուցողական» դիրքորոշում իրանական միջուկային ծրագրի նկատմամբ, կարող է ստիպել վերջինիս գնալ կորեական ճանապարհով։ Եվ նման մոտեցումը երբեմն ազդեցություն է ունենում միջազգային հանրության դիրքորոշման վրա [1, с. 61]։

Արմատական մոտեցման կողմնակիցները կիրառում են ավելի կոշտ մեթոդներ՝ ցույցեր, բողոքի ակցիաներ և այլն։ Օրինակ՝ 2006թ. հունիսին Բրյուսելում Եվրոպայի տարբեր երկրների իրանական համայնքների ներկայացուցիչներն ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի կազմակերպել էին բողոքի ցույց՝ այդ կերպ իրենց վրդովմունքն արտահայտելով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ վարվող կոշտ քաղաքականության հանդեպ և պահանջելով արևմտյան երկրներից խնդիրները կարգավորելու նպատակով անմիջապես բանակցությունների սեղանի շուրջ նստել այդ երկրի հետ2։

Վերջին շրջանում իրանական սփյուռքից ակնկալվում է նաև ավելի մեծ չափով նպաստել իրանական փափուկ ուժի քաղաքականությանն արտերկրում։ Դրա հիմնական միջոցը պետք է լինի իրանական լեզվի, մշակույթի և քաղաքակրթության տարածումն արտերկրում, որի միջոցով էլ պետք է ձևավորվի Իրանի (իրանական քաղաքակրթության) գրավչությունն օտարերկրացիների մեջ։ Այս հարցում ակնկալվում է սերտ համագործակցություն իրանական սփյուռքի գիտական և գործարար շրջանակների միջև։ «Իրանցիները և իրանական գիտնականները սփյուռքում,- գրում է հետազոտող Սամ Սասան Շոամանեշը,- աջակցություն ստանալով իրանական բիզնեսի կողմից, կարող են համագործակցել աշխարհի լավագույն համալսարանների հետ՝ հիմնելու ծրագրեր, որոնք կմասնագիտանան իրանական պատմության, քաղաքականության և լեզուների (ներառյալ՝ նախա-, հին և միջին իրանական լեզուները) մեջ, հետևելով Կոլումբիայի և Սորբոնի պես առաջատար դպրոցների նման ծրագրերին»3։

Չի բացառվում, որ սույն ակնկալիքը վերցված է նաև հայկական սփյուռքի օրինակից, քանի որ վերջինիս կողմից նույնպես արտերկրում, այդ թվում նաև աշխարհի առաջատար համալսարաններում ու գիտական հաստատություններում ստեղծվել ու գործառում են հայոց լեզվի, մշակույթի, պատմության և քաղաքակրթության բնագավառներում մասնագիտացած բազմաթիվ հայագիտական կենտրոններ (ամբիոններ, ծրագրեր և այլն) [տե՛ս 2]։ Վերջիններիս ավանդական գործառույթներին (հայապահպանություն և այլն) ավելանում են արդի աշխարհին համահունչ այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են հայոց լեզվի, մշակույթի և քաղաքակրթության տարածումն աշխարհում և այլն [մանրամասն տե՛ս [3], էջ 49-55], որոնց հանրագումարն արդի տերմիններով կոչվում է փափուկ ուժի քաղաքականություն։

Տեղեկատվական ոլորտում իրանական սփյուռքի՝ հայրենի երկրին աջակցության ձևերն են սեփական և միջազգային լրատվամիջոցներով.

ա) իրանամետ և հակաարևմտյան հրապարակումները, որոնցում հիմնավորվում է Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքը, քննադատվում Արևմուտքի կոշտ քաղաքականությունը վերջինիս նկատմամբ։ Իրանի նկատմամբ Արևմուտքի կոշտ քաղաքականությանը հակադարձելու հարցում առավել ակտիվ են իրանական սփյուռքի գիտական և փորձագիտական հանրությունների ներկայացուցիչները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում աշխատող իրանցի գիտնական Ա.Թարզին դեռևս 2000-ականների սկզբին գտնում էր, որ Իրանն ունի բավարար պատճառներ միջուկային զենք ունենալու համար4,

բ) կոչերը իրանական սփյուռքին՝ օգնելու հայրենիքին։ Այս հարցում նշանակալի է, օրինակ, 2012թ. հեղինակավոր «Հաֆինգթոն փոսթ» պարբերականում իրանցի վերլուծաբան Հոլի Դագրեսի հրապարակած հոդվածը, որում ԱՄՆ իրանական համայնքը քննադատվում է ինչպես ինքնակազմակերպվածության թույլ մակարդակի, քաղաքական մասնակցության (ընտրություններին) գործում պասիվության, այնպես էլ հայրենի երկրին օգնելու հարցում թերացման մեջ։ Հեղինակը քննադատում է ԱՄՆ իրանական համայնքին միայն Իրանի ժողովրդին սնունդ, դեղորայք և այլ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցի վրա կենտրոնանալու համար և կոչ անում աշխատանքներ տանել նաև այլ կարևոր ուղղություններով, մասնավորապես՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխության ուղղությամբ։ Որպես օրինակ վկայակոչելով ԱՄՆ հրեական համայնքը՝ հեղինակն իրանական սփյուռքին կոչ է անում ավելի ակտիվ գործողությունների5։

Տնտեսական ոլորտում ԻԻՀ ջանքերն ուղղված են սփյուռքի կապիտալի ներգրավմանը երկրի զարգացման մեջ։

Դատելով տեղեկատվական դաշտում առկա հրապարակային նյութերից՝ կարող ենք նշել, որ իրանական սփյուռքը տիրապետում է հսկայական տնտեսական ներուժի։ 2006թ. դրությամբ արտերկրի իրանական կապիտալը գնահատվում էր մոտ $1.3 տրիլիոն6։ Համաձայն նախագահ Հասան Ռոհանիի՝ այն հասնում է $2 տրիլիոնի7։

Սակայն այդ հնարավորությունն Իրանի տնտեսության մեջ ներդնելու և այդ կերպ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու հարցում կան մի շարք լուրջ խոչընդոտներ, որոնցից արժե հիշատակել հատկապես հետևյալները.

ա) Արևմուտքի կողմից վարվող պատժամիջոցների քաղաքականությունը, որն օրենսդրորեն սահմանափակում է արտերկրից, այդ թվում նաև՝ արտերկրի իրանցիների կողմից ֆինանսների, կապիտալի և տեխնոլոգիաների ներհոսքը Իրան։ Պատժամիջոցների հետևանքով կանխվում են հատկապես արևմտյան երկրների իրանական սփյուռքից ուղղակի ներդրումներն այդ երկրի տնտեսության մեջ։ Օրինակ՝ 1997թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հրամանագիրը, որով արգելվում էին ներդրումներն Իրանում8, անհնարին է դարձնում ամերիկաբնակ իրանցի գործարարների կողմից ներդրումներն իրենց հայրենիքում։

բ) ԻԻՀ կոշտ քաղաքականությունն Արևմուտքի նկատմամբ,

գ) պետության կողմից մասնավոր սեփականության և այլ ակտիվների բռնագրավումը ազգայնացման քաղաքականության համատեքստում,

դ) երկրի կայունության խաթարման հետ կապված սպառնալիքները9։ Վերջիններիցս հիշատակելի են ներքաղաքական ցնցումներն այդ երկրում 2009թ. նախագահական ընտրություններից հետո, ահաբեկչական գործողությունը Իրանի խորհրդարանում և այաթոլա Խոմեյնիի դամբարանի մոտ 2017թ. և այլն։

Այս է պատճառը, որ արտերկրի իրանական գործարար համայնքը ներդրումներ է կատարում ոչ թե հայրենի, այլ ուրիշ երկրներում։ Իրանի մամուլի ծառայության 2000թ. մի հաղորդման համաձայն՝ իրանական սփյուռքի ներդրումներն ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում կազմել են $200-400 մլրդ։ Մինչդեռ Իրանի տնտեսության մեջ սփյուռքի ներդրումները գրեթե բացակայում էին։ 2006թ. դրությամբ իրանական սփյուռքն Արաբական Միացյալ Էմիրություններում կատարել էր մոտ $200 մլրդ-ի ներդրում10։

Վերոհիշյալ հանգամանքներում իրանական սփյուռքի ներկայացուցիչները փորձում են այլ ճանապարհներով իրականացնել իրենց նպաստը հայրենի պետության և հասարակության զարգացմանը։ Ներդրումները տնտեսության մեջ փոխարինվում են կարիքավորներին օգնելուն ուղղված բարեգործական ծրագրերով։ Սոցիալ-տնտեսական ոլորտում հայրենիքին իրանական սփյուռքի աջակցության հիմնական ձևը մնում են արտերկիր արտագնա աշխատանքի մեկնածների դրամական փոխանցումներն իրենց հարազատներին, որոնք 2006թ. դրությամբ կազմում էին մոտ $2 մլրդ11։ Այս ցուցանիշը տարիների ընթացքում ենթարկվել է տատանումների։ Այսպես, 2000թ. այն կազմել է $536 մլն, 2003թ.՝ $1.2 մլրդ, իսկ 2004թ.՝ մոտ $1 մլրդ12։ Հայրենիքին օգնության մեկ այլ ձև է համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։

Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները սփյուռքի կապիտալը երկիր բերելու նպատակով գնում են որոշակի քայլերի՝ հայրենասիրական կոչերից մինչև ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը։ 2013թ. նախագահական ընտրություններից հետո, երբ նոր նախագահ Հասան Ռոհանիի օրոք Իրանին հաջողվեց համաձայնության գալ Արևմուտքի հետ միջուկային ծրագրի հարցում (2015թ. ժնևյան համաձայնությունը), և դրանով որոշակիորեն մեղմացվեցին Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, անձամբ նախագահ Հասան Ռոհանին կոչով դիմեց իրանական սփյուռքի ներկայացուցիչներին՝ հրավիրելով նրանց օգտվել ընձեռված հնարավորությունից և իրենց կապիտալն ուղղել Իրանի տնտեսություն։ Հասան Ռոհանին ակնկալում է ներդրումների տեսքով երկիր բերել սփյուռքի կապիտալի 10%-ը13։

Իրանի իշխանությունների գործնական քայլերը սփյուռքից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հանգում են գործունեության ծավալման երկու հիմնական ոլորտներում՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ։

1. Օրենսդրական ասպարեզում հիմնական խնդիրն է համապատասխան նորմատիվ-իրավական դաշտի ստեղծումը կամ բարելավումը՝ դեպի Իրան արտերկրի կապիտալի մուտքը հեշտացնելու նպատակով։ Այս տեսակետից կարևոր էր 2002թ. ընդունված Արտաքին ներդրումների խթանման և պաշտպանության ակտը (Foreign Investment Promotion and Protection Act - FIPPA), որի նպատակն էր խրախուսել արտաքին ուղղակի ներդրումներն Իրանի տնտեսության մեջ։ Սույն օրենսդրական ակտը՝ ա) առավելագույնս ազատականացնում էր Իրանի տնտեսությունն արտաքին ներդրումների համար՝ վերացնելով որևէ սահմանափակում, բ) միաժամանակ արտաքին ներդրողներին վերցնում էր պետության իրավական պաշտպանության տակ՝ այդ առումով հավասարեցնելով նրանց ներքին ներդրողներին։ Օրենսդրականից բացի, արտաքին ներդրումների պաշտպանության համար ենթադրվում էին նաև արտաօրենսդրական երաշխիքներ14։

2. Ինստիտուցիոնալ ոլորտում իրանական պետության քայլերն ուղղված են գործարար սփյուռքի հետ համագործակցության նպատակով հատուկ կառույցների ստեղծմանը։ Վերջինների շարքին են դասվում պետության և սփյուռքի մասնակցությամբ տնտեսական հաստատությունները, որոնց նպատակն է Իրան ուղղել արտերկրի իրանական կապիտալը, ինչպես նաև օգտագործել սփյուռքի գործարարների փորձառությունն արտաքին տնտեսական ներդրումների ներգրավման գործում։ Սկզբնական շրջանում խոսքը $5 մլրդ կանոնադրական կապիտալով միասնական ներդրումային հիմնադրամի, ինչպես նաև Իրան-սփյուռք տնտեսական միության ձևավորման մասին էր, որը պետք է ծառայեր արտերկրի իրանցի գործարարներին։ Հետագայում՝ 2010թ., Իրանի կառավարությունը հայտարարեց 8 մլն եվրո կանոնադրական կապիտալով ազգային հիմնադրամի ձևավորման գործընթաց սկսելու մասին, որը հետագայում պետք է վերաճեր բանկի։

Հիմնադրամի գործընկերն է Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցության կազմակերպությունը, որը պետք է աջակցի սփյուռքի ներդրողներին։ Պետությունը երաշխավորված կերպով վճարում է ներդրված գումարի 10%-ը։ Յուրաքանչյուր մասնաբաժնի արժեքը հիմնադրամում կազմում է հազար եվրո։ Մասնաբաժինների նվազագույն քանակը կազմում է հարյուր հազար, իսկ առավելագույնը՝ հինգ հարյուր հազար եվրո15։

Իրանական սփյուռքը հայրենի պետությանն աջակցելու հարցում երբեմն միջոցների մեջ խտրականություն չի դնում։ Այդ դեպքերում սփյուռքի աջակցությունը, հատկապես արևմտյան երկրներում, դուրս է գալիս օրինականության սահմաններից՝ կրելով քրեական բնույթ։ Այդպիսի օրինակ է իրանցի գործարարներ Ռեզա Զարրապի և Բաբեք Զենջանիի կողմից Թուրքիայում և ԱՄՆ-ում բանկային փաստաթղթերի կեղծումը և ապօրինի ճանապարհով դեպի Իրան հսկայական գումարների փոխանցումը։ Նրանք, «համագործակցելով» թուրքական համապատասխան ոլորտի պաշտոնյաների հետ, «...ամերիկեան ելմտական համակարգը գործածելով, կեղծ փաստաթուղթեր պատրաստած են ու իրենց բուն նպատակը գաղտնի պահելով միլիոնաւոր տոլարներու փոխանցում ապահոված են Իրանին ու իրանեան ելմտական հաստատութիւններուն» [4]; Խնդրի մասին մանրամասն տե՛ս նաև [5]։

Գիտության ոլորտում իրանական սփյուռքի ձևավորումը պայմանավորված է եղել երկու հիմնական գործոնով.

1. Միջուկային և հրթիռաշինական ծրագրեր։ Այս գործընթացը սկիզբ է առնում 1950-ական թթ., երբ շահական վարչակարգը ձեռնամուխ եղավ երկրի համապարփակ արդիականացմանը, որի անկապտելի բաղադրիչներն էին միջուկային և հրթիռաշինական ուղղությունները։ Այն ժամանակ Իրանը հանդիսանում էր Արևմուտքի՝ ԱՄՆ գլխավորությամբ, հիմնական դաշնակիցներից մեկը Մերձավոր Արևելքում։ Հետևաբար, վերջինս շահագրգռված էր այդ երկրի՝ որպես դեպի Մերձավոր Արևելք Խորհրդային Միության էքսպանսիայի զսպման ունակ ուժի արդիականացմամբ և հզորացմամբ։ Եվ պատահական չէ, որ Իրանում ինչպես միջուկային, այնպես էլ բազմաթիվ այլ գիտատար ուղղությունների հիմնադրման հետևում կանգնած էր հենց ԱՄՆ-ը։

Միջուկային, հրթիռաշինական և այլ գիտատար ուղղությունների զարգացումը անխուսափելիորեն ենթադրում էր համապատասխան կադրերի պատրաստում, որի միակ ճանապարհն այդ ուղղությունները սպասարկող գիտակարգերում (ֆիզիկա, ճարտարագիտություն և այլն) իրանցի երիտասարդների ուսումնառությունն էր արևմտյան (ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլն) բուհերում։ Հետևաբար, «Միջուկային ծրագրի իրականացման համար իրանական ղեկավարությունը մեծ նշանակություն տվեց միջուկային ֆիզիկայի և միջուկային օբյեկտների կառավարման տեխնիկայի ոլորտում իրանցի մասնագետների պատրաստմանը» [1, с. 42]։ Եվ ահա, 1950-ական թվականներից, Իրանի և Արևմուտքի համագործակցությամբ, սկիզբ դրվեց իրանցի ուսանողների զանգվածային ուսումնառությանն արևմտյան լավագույն համալսարաններում։ «Ապագա իրանցի մասնագետների պատրաստումն իրականացրին ԱՄՆ-ը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ-ն, Իտալիան, Շվեյցարիան և Ֆրանսիան» [1, с. 42]։

1977թ. 30-40 հազար իրանցի (ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականներով) սովորում էր ամերիկյան քոլեջներում16, ընդ որում՝ նրանց մի մասը սովորում էր միջուկային ֆիզիկայի և հրթիռաշինության հետ կապված մասնագիտություններով։ 1970-77թթ. ամերիկյան չորս առաջատար միջուկային արտադրանք թողարկող ընկերություններում պատրաստվել է 35 իրանցի մասնագետ [6, с. 146] (հղումը՝ ըստ [1, с. 42])։

1977-78թթ. ուսումնական տարում արտասահմանում սովորող իրանցի ուսանողների թիվը հասնում էր մոտ 100 հազարի, որից 36 հազ. 220-ը սովորում էր ԱՄՆ-ում։ Մնացյալն ուսումը ստանում էր հիմնականում Մեծ Բրիտանիայի, Արևմտյան Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի բուհերում։ Հաջորդ տարի՝ 1978-79 ուստարում, ԱՄՆ-ում սովորող իրանցի ուսանողների թվաքանակը հասավ 45 հազ. 340-ի և գագաթնակետին հասավ հաջորդ տարի՝ 1979-80 ուստարում (51 հազ. 310)։ Համաձայն Կրթության միջազգային ինստիտուտի տվյալների՝ այս ժամանակահատվածում իրանցիներն ԱՄՆ-ում սովորող արտասահմանյան ուսանողների մեջ թվաքանակով առաջին տեղում էին17։ 1979թ. իսլամական հեղափոխության նախօրեին մոտ 100 հազ. իրանցի ուսանող էր սովորում աշխարհի (հիմնականում՝ ԱՄՆ) լավագույն համալսարաններում18։

Միաժամանակ, լուրջ ուշադրություն էր դարձվում նաև ռազմական կրթությանը՝ արտասահմանում Իրանի բանակի համար սպայական կադրերի պատրաստամանը։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ռազմաուսումնական հաստատություններում պատրաստվել է Իրանի ԶՈւ սպայակազմի նշանակալի մասը։ 1976թ., օրինակ, ԱՄՆ-ում ուսում էր ստանում գրեթե 3 հազար իրանցի զինծառայող [7, с. 92] (հղումը՝ ըստ [1, с. 42])։

Իսլամական հեղափոխությունից հետո արտասահմանում սովորող ուսանողների այս հսկայական զանգվածի գերակշիռ մասը չվերադարձավ Իրան՝ կազմելով այդ երկրի գիտական սփյուռքը։ «Արևմուտքում պատրաստված մասնագետների մեծ մասը,- նշում է փորձագետը,- իսլամական հեղափոխությունից հետո արտագաղթեց, իսկ ուսանողները, որոնք դեռևս շարունակում էին ուսումն Արևմուտքում, կրկին մեծ մասամբ չվերադարձան հայրենիք» [1, с. 42]։ Բացի նոր հաստատված իսլամական վարչակարգի անընդունելիությունից, մասնագետների արտագաղթի պատճառ էր նաև միջուկային ծրագրերի ժամանակավոր կասեցումը։ Նույն փորձագետի դիտարկմամբ՝ իսլամական հեղափոխությունից հետո աշխատանքները Բուշեհրում գործնականում դադարեցին, իրանցի մասնագետների մեծ մասը հեռացավ, աշխատանքների և շինությունների պահպանման ֆինանսավորումը գործնականում դադարեցվեց [1, с. 46]։

Հետագայում, վերսկսելով միջուկային ծրագրերը՝ համապատասխան կադրերի ապահովման խնդիրը լուծելու համար ԻԻՀ ղեկավարությունը ի թիվս այլ ուղղությունների փորձեց շեշտադրում կատարել նաև հետևյալ ուղղությունների վրա՝ ա) արտասահմանում գտնվող իրանցի մասնագետների հայրենադարձություն, բ) վերջիններիս հետ բացահայտ կամ քողարկված համագործակցություն և գ) երիտասարդ իրանցիների մասնագիտական պատրաստում արտերկրում [8, с. 6-7]։

1979թ. իսլամական հեղափոխությունից հետո, երբ դադարեցվեց միջուկային և գիտատեխնիկական այլ ոլորտներում Արևմուտք-Իրան համագործակցությունը, որոշ ժամանակ անց Իրանը սկսեց նոր գործընկերներ փնտրել միջուկային ծրագրերի իրականացման համար։ Երկարատև փնտրտուքից և տարբեր երկրների (եվրոպական երկրներ, Ճապոնիա և այլն) հետ բանակցություններից հետո ընտրությունը կանգ առավ սկզբնական շրջանում Չինաստանի, ապա Ռուսաստանի վրա, քանի որ ի դեմս վերջինների՝ Իրանը տեսավ իրական գործընկեր իր միջուկային ծրագրերի իրականացման հարցում։

Թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում համագործակցությունը ենթադրում էր վերջիններիս կողմից այդ բնագավառի իրանցի մասնագետների պատրաստում։ Այսպես, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» 1992թ. օգոստոսի 25-ի ռուս-իրանական համաձայնությամբ ի թիվս այլ բաների նախատեսվում էր՝ ա) միջուկային հետազոտական և էներգետիկ ռեակտորների նախագծում, կառուցում և շահագործում, բ) միջուկային ռեակտորներում և դրանց վառելիքային ցիկլերում օգտագործման համար անհրաժեշտ բաղադրիչների և նյութերի արդյունաբերական արտադրություն, գ) նախագծում և ուսուցում (ընդգծումը մերն է- Վ.Հ.)19։ Ըստ նույն համաձայնության՝ Ռուսաստանում միջուկային ֆիզիկայի ոլորտում տարեկան պատրաստում պետք է անցներ ԻԻՀ մինչև 100 քաղաքացի [1, с. 94]։ Ռուսական մամուլում 2003թ. հրապարակված մի տեղեկատվության համաձայն՝ 1999-2003թթ. Նովովորոնեժյան ուսումնամարզումային կենտրոնում ուսուցում էր ստացել արդեն 707 մարդ20։

Չնայած Իրանից ուսման նպատակով երիտասարդների արտահոսքն արտասահմանյան երկրներ տեղի է ունենում հիմնականում այդ երկրի միջուկային և հրթիռաշինական ծրագրերի շրջանակներում, այնուամենայնիվ, պետությունը խրախուսում է նաև այլ ոլորտներում իրանցի երիտասարդների ուսուցումն արտերկրում։ Այդ ոլորտներից կարելի է առանձնացնել մասնավորապես ռազմագիտությունը (ռազմական կադրերի պատրաստումը), բժշկությունը և այլն։ Այս ոլորտներում էլ պետությունը ոչ միայն խրախուսում, այլև ինքն է նախաձեռնում և իրականացնում իրանցի երիտասարդների արտասահմանյան կրթությունը՝ ելնելով պետական գերակայություններից։ Օրինակ՝ 2000-ական թվականներից, պայմանավորված գիտատեխնիկական ոլորտում ռուս-իրանական համագործակցության ակտիվացմամբ, Ռուսաստանի գիտակրթական հաստատություններում սովորող իրանցի ասպիրանտների թվաքանակը մեծացավ։ Վերջիններս խորացնում են իրենց մասնագիտական գիտելիքները հիմնականում կիրառական հիմնարար բնագիտական գիտակարգերում և բժշկագիտության մեջ21։

Չնայած իսլամական հեղափոխությունից հետո Արևմուտքի երկրների հետ Իրանի հարաբերությունների վատթարացմանը և գիտատեխնիկական (հատկապես միջուկային) ոլորտում համագործակցության դադարեցմանը, իրանցի ուսանողների կրթությունն արևմտյան բուհերում շարունակվեց դրանից հետո նույնպես։ Ներկայում էլ քիչ չեն արտասահմանյան բուհերում սովորող իրանցի ուսանողները։ Վերջիններիս հսկայական թվաքանակը նույնպես թույլ է տալիս պատկերացում կազմել իրանական սփյուռքի գիտական ներուժի մասին։ Այսպես, Իրանի կառավարության տվյալներով՝ 2013թ. արտասահմանյան բուհերում կրթություն ստացող իրանցի ուսանողների թվաքանակը կազմում էր 55 հազ. 686։ Ըստ երկրների՝ այն ուներ հետևյալ պատկերը։ Առաջին տեղում Մալայզիան էր, որտեղ սովորում էր 8 հազ. 883 իրանցի ուսանող, հաջորդում էին Միացյալ Նահանգները (7 հազ. 341 ուսանող), Կանադան (5 հազ. 638 ուսանող), Գերմանիան (3 հազ. 504 ուսանող), Թուրքիան (3 հազ. 364 ուսանող), Մեծ Բրիտանիան (3 հազ. 228 ուսանող)։ Մնացած հատվածը սովորում էր այլ երկրներում22։ Իսկ համաձայն Իրանի կրթության նախարարության գնահատականների՝ 2014թ. դրությամբ արտասահմանում կրթություն ստացած իրանցիների թվաքանակը կազմում էր 350-500 հազ.23։

2. «Ուղեղների արտահոսք»։ Այս երևույթը բնորոշ է եղել Իրանից արտագաղթի բոլոր ալիքներին էլ (սկսած 1950-ական թթ.), չնայած ժամանակի ընթացքում դրա ցուցանիշների որոշակի վերելքներին ու վայրէջքներին։ Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի 2006թ. տվյալների՝ տարեկան 150-180 հազ. կրթված մարդկանց արտագաղթի ցուցանիշով Իրանը 91 զարգացող և զարգացած երկրների մեջ զբաղեցնում է առաջին տեղը24։ Համաձայն մի փորձագիտական գնահատականի՝ միջազգային գիտական օլիմպիադաներում մրցանակներ շահած իրանցիների 80%-ը նախընտրում է մեկնել ԱՄՆ, Կանադա և Եվրոպա25։ Իսկ համաձայն Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության (Ministry of Science, Research and Technology) գնահատականների` մարդկային կապիտալի արտահոսքն այդ երկրի կառավարության վրա տարեկան արժենում է $38 մլրդ, ինչը երկու անգամ գերազանցում է նավթի վաճառքից ստացվող եկամուտը26։

Միջուկային, հրթիռաշինական և գիտատար այլ ոլորտներում արտասահմանյան երկրներում կադրերի պատրաստման, ինչպես նաև առկա կադրերի հայրենադարձության քաղաքականությունը տվել է որոշակի արդյունքներ։ Օրինակ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության առաջին նախագահ Ա.Էթեմադը կրթություն է ստացել Ֆրանսիայում՝ Սակլեի Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում, և Շվեյցարիայում՝ Լոզանի պոլիտեխնիկական համալսարանում ու Միջուկային հետազոտությունների դաշնային ինստիտուտում։ Նրա հաջորդ Ռ.Ամրոլահին «միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ կրթություն է ստացել Թեքսասի համալսարանում, իսկ հետո պրակտիկա անցել Միջուկային հետազոտությունների բելգիական կենտրոնում [9, с. 40]։

Հետևություններ հայ իրականության համար

1. Տեղեկատվական ոլորտում, հաշվի առնելով իրանական սփյուռքի փորձը, միջազգային լրատվամիջոցներում և ուղեղային կենտրոններում աշխատող հայ լրագրողների և վերլուծաբանների գործունեության հիմնական ուղենիշները պետք է լինեն հայկական խնդիրների (օրինակ՝ Արցախյան հակամարտության) ակտուալացումը և հայկական ու տվյալ երկրի (դիցուք՝ ԱՄՆ) շահերի ներդաշնակության գաղափարի առաջմղումը։ ԼՂ հարցում, մասնավորապես, անհրաժեշտ է առաջ մղել այն գաղափարը, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը բխում է ԱՄՆ և արևմտյան մյուս տերությունների՝ որպես աշխարհում ժողովրդավարության տարածման համար մտահոգ ուժերի շահերից։ Այստեղ կարելի է լայնորեն կիրառել արևմտյան քաղաքագիտության թեզերը ժողովրդավարացման մասին, ըստ որոնց՝ անկախ ազգային պետությունն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարության համար, քանի որ որևէ էթնիկ խումբ չի կարող լինել ժողովրդավարական ավտորիտար կամ տոտալիտար պետության կազմում։ Եվ քանի որ Ադրբեջանի ժողովրդավարացման հեռանկարները խիստ մշուշոտ են, Արցախում ժողովրդավարության անշրջելիության միակ ուղին մնում է նրա միջազգային ճանաչումը։

2. Քաղաքական ոլորտում իրանական սփյուռքի ինքնաքննադատությունն ԱՄՆ և առհասարակ հյուրընկալ երկրների քաղաքական կյանքին մասնակցության առումով որոշակիորեն տեղին է և ուսանելի նաև հայկական սփյուռքի, մասնավորապես՝ ԱՄՆ հայ համայնքի պարագայում, հաշվի առնելով այդ երկրի հայկական լոբբիստական կառույցների լուսանցքային դերը վերջին երկու՝ 2012թ. և 2016թ. նախագահական ընտրություններում։ Անհրաժեշտ է հաջորդ նախագահական ընտրություններում ակտիվացնել սեփական մասնակցությունը՝ ընդլայնելով ԱՄՆ ապագա գործադիր իշխանության հետ քննարկվող՝ հայ համայնքին հուզող հարցերի շրջանակը (Ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդրի հետ դրանում ներառելով Արցախյան խնդիրը, ՀՀ և ԼՂՀ ապաշրջափակումը, հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների զարգացումը, Մերձավոր Արևելքի հայ համայնքների դրությունը և այլն) [ավելի մանրամասն տե՛ս 10, էջ 43-45]։

3. Գիտության ոլորտում Հայաստանը նույնպես վերջին տարիներին վարում է տաղանդավոր երիտասարդների ուսուցումն արտասահմանյան հեղինակավոր բուհերում հովանավորելու քաղաքականություն։ Այդ նպատակով 2009թ. ստեղծվել է «Լույս» հիմնադրամը։ Սակայն, ի տարբերություն իրանական փորձի, ՀՀ քաղաքականությունն այս հարցում երկար ժամանակ թիրախավորված չի եղել։ Որպես հիմնական սկզբունք ընդունվել է բուհի վարկանիշը (առաջին տասնյակ աշխարհում)։ Անտեսվել է մասնագիտությունների հարցը, մասնավորապես, այն հարցը, թե պետության հաշվին տվյալ մասնագիտութունը ստացող ՀՀ քաղաքացին հետագայում ինչ հնարավորություններ է ունենալու՝ իր մասնագիտական գիտելիքները կիրառել հայրենիքում և հայրենադարձվել։ Թերևս, այս է եղել հիմնական պատճառը, որ «Լույս» հիմնադրամն իր շահառուների առջև իրավական պարտավորություն չի դրել ուսումն ավարտելուց հետո գոնե որոշ ժամանակ համապատասխան մասնագիտությամբ աշխատել Հայաստանում։

Կարծում ենք, նման ընդհանրական քաղաքականության փոխարեն նպատակահարմար է որոշակիորեն տեղայնացնել գիտական սփյուռքի հետ տարվող քաղաքականությունում իրանական առավել թիրախավորված փորձը։ Այսինքն՝ արտասահմանում հայաստանցի երիտասարդների ուսումը հովանավորելու հարցում շեշտադրումը կատարել այն մասնագիտությունների վրա, որոնք առավել են համապատասխանում ՀՀ տնտեսության առաջնահերթություններին։ Դրա համար անհրաժեշտ է. ա) հստակ որոշել տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի գերակա ուղղությունները (IT ոլորտ և այլն), բ) ֆինանսավորել միայն այն մասնագիտություններով հայաստանցի երիտասարդների ուսուցումն արտասահմանյան լավագույն բուհերում, որոնք առավել են համապատասխանում Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, գիտատար արդյունաբերության գերակայություններին։

Հարկ է նշել, որ «Լույս» հիմնադրամի գործունեության մեջ բոլորովին վերջերս նկատվում է ընդհանրական քաղաքականությունից ավելի թիրախավորվածին անցնելու միտում։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է երկու քայլ։ Նախ՝ այսուհետև ֆինանսավորվելու է ոչ թե բոլոր մասնագիտություններով արտասահմանյան լավագույն բուհերում հայ երիտասարդների ուսումը, այլ այն մասնագիտություններով, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում։ Եվ երկրորդ՝ այսուհետև հիմնադրամի շահառուները պարտավորվում են ուսումն ավարտելուց հետո երեք տարի աշխատել Հայաստանում։

Այնուամենայնիվ, պետության գերակա ուղղությունն էլ բազմաբովանդակ հասկացություն է։ Մասնավորապես, կարող են գոյություն ունենալ գերակայության տարբեր աստիճաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ և այլն։ Հետևաբար, կարելի է արտասահմանյան կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափերն էլ համապատասխանեցնել այդ աստիաճաններին՝ հետևյալ կերպ.

- Առաջին աստիճանի գերակայություն՝ 80-100% ֆինանսավորում

- Երկրորդ աստիճանի գերակայություն՝ 50% ֆինանսավորում

- Երրորդ աստիճանի գերակայություն՝ 20% ֆինանսավորում։

4. Տնտեսության ոլորտում սփյուռքի հետ աշխատանքի իրանական փորձում առկա է մի երևույթ, որն առկա չէ հայ իրականության մեջ։ Խոսքը վերաբերում է համատեղ ձեռնարկություններին։

Կարծում ենք, համագործակցության նման ձևաչափը կարող է փոխշահավետ լինել՝ հետևյալ նկատառումներով։ Հաջող բիզնես հիմնելու համար անհրաժեշտ է նախնական կապիտալ, տեղեկացվածություն (ոչ միայն տվյալ երկրի գործարար օրենսդրության, հարկային և մաքսային օրենքների, այլև տվյալ երկրի բիզնես միջավայրի մասին առհասարակ, շուկայի հնարավորությունների, առաջարկի և պահանջարկի հարաբերակցության, տնտեսության գերակա ուղղությունների, մրցակցության և այլնի մասին), կապեր՝ որոշ խնդիրներ ոչ ֆորմալ եղանակներով լուծելու համար (այս արտահայտությունն այստեղ կիրառվում է բառի դրական իմաստով) և այլն։

Համատեղ ձեռնարկությունների ստեղծման պարագայում նախնական անհրաժեշտ կապիտալը կամ դրա այն մասը, որը պակասում է, կարող են ապահովել սփյուռքի գործարարները, մինչդեռ ՀՀ գործարար միջավայրի վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչպես նաև համապատասխան կապերը՝ տեղի գործարարները։ Իսկ պետությունն էլ, բաժնետեր լինելու պարագայում, կարող է ապահովել երկրի օրենսդրությանը լավագույն տիրապետումը։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է գնալ նաև օրենսդրական փոփոխությունների։

1 Е.Шилов, Кто влияет на отношение США к Ирану, http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_5039000/5039274.stm

2 Տե՛ս Иранская диаспора в Европе провела в Брюсселе митинг в защиту права ИРИ на мирный атом, http://www.iran.ru/news/politics/40436/Iranskaya_diaspora_v_Evrope_provela_v_Bryussele_miting_v_zash...

3 Sam Sasan Shoamanesh, Iran is a riddle, wrapped in a mystery, inside an enigma. But what of the over three million Iranians outside Iran?, http://globalbrief.ca/blog/2009/11/01/on-the-iranian-diaspora/

4 Сажин В.И., 2004. Война против Ирака и проблема нераспространения ядерного оружия, http://www.iimes.ru/?p=353

5 Տե՛ս Holly Dagres, Diaspora Blues: Why the Iranian Diaspora in the United States Disappoints Me, http://www.huffingtonpost.com/holly-dagres/iranian-americans_b_2219651.html

6 Iranian diaspora, https://en.wikipedia.org/wiki/Iranian_diaspora; Sam Sasan Shoamanesh, նշվ. աշխ.։

7 Иран попросил денег у зарубежных соотечественников,

https://pronedra.ru/globaleconomics/2015/10/10/iran-poprosil-deneg-u-sootechestvennikov/

8 Shirin Hakimzadeh, Iran: A Vast Diaspora Abroad and Millions of Refugees at Home, http://www.migrationpolicy.org/article/iran-vast-diaspora-abroad-and-millions-refugees-home։

9 Նույն տեղում։

10 Iranian diaspora, https://en.wikipedia.org/wiki/Iranian_diaspora;

Shirin Hakimzadeh, նշվ. աշխ.; Sam Sasan Shoamanesh, նշվ. աշխ.։

11 Iranian diaspora, https://en.wikipedia.org/wiki/Iranian_diaspora

12 Shirin Hakimzadeh, նշվ. աշխ.։

13 Иран попросил денег у зарубежных соотечественников,

https://pronedra.ru/globaleconomics/2015/10/10/iran-poprosil-deneg-u-sootechestvennikov/

14 Shirin Hakimzadeh, նշվ. աշխ.։

15 Iranian diaspora, https://en.wikipedia.org/wiki/Iranian_diaspora

16 Sober S., The US and Iran, an Increasing Partnership, www.sedona.net (հղումը՝ ըստ [1, с. 42])։

17 Shirin Hakimzadeh, նշվ. աշխ.։

18 Sam Sasan Shoamanesh, նշվ. աշխ.։

19 Михайлов В.Н., Домыслы и факты о сотрудничестве России и Ирана в области мирного использования атомной энергии // www.iss.niiit.ru (հղումը՝ ըստ [1, с. 89]).

20 Стажеров тренируют на настоящей АЭС, https://www.vesti.ru/doc.html?id=103287

21 Иранская община в Москве, http://islamist.ru/иранская-община-в-москве/

22 Iranian diaspora, https://en.wikipedia.org/wiki/Iranian_diaspora

23 Նույն տեղում։

24 Shirin Hakimzadeh, նշվ. աշխ.։

25 Նույն տեղում։

26 Նույն տեղում; Sam Sasan Shoamanesh, նշվ. աշխ.։

Մարտ, 2018թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Саруханян С.Н., Россия и Иран. 10 лет ядерного сотрудничества, Ер., «Гаспринт», 2006.

2. Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Ե., «Գասպրինտ», 2014։

3. Հովյան Վ., Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը, 21-րդ ԴԱՐ, թիվ 4, 2014։

4. «Հալքպանք» դրամատան փոխտնօրէն Մէհմէտ-Հաքան Աթիլլա ձերբակալուեցավ Ամերիկայի մէջ. ան կը մեղադրուի Րըզա Զարրապի գործով, Նոր Մարմարա, 29 մարտի, 2017։

5. Ի՞նչեր կ'անցնին կը դառնան Րէզա Զարրապի դէմ բացուած դատի ծալքերէն ներս. նախկին նախարար Չաղլաեանի անունով ստեղծուած զգայացունց զարգացում – մինչ Էրտողան կը պաշտպանէր Զարրապը, Քըլըճտարօղլու շատ ծանր պնդումներ հրապարակ քշեց, Նոր Մարմարա, 11 սեպտեմբերի, 2017։

6. Новиков В.Е., Состояние и перспективы развития ядерных и ракетных технологий в Иране // В сб. Иран в современном мире, М., РИСИ, 2003.

7. Ермаков С.М., Перспективы развития вооруженных сил Ирана // В сб. Иран в современном мире, М., РИСИ, 2003.

8. Задонский С.М., Ядерная программа Ирана и российско-иранские отношения, М.: ИИИБВ, «АСТИ-ИЗДАТ», 2002.

9. Хлопков А., Иранская ядерная программа в российско-американских отношениях // Научные записки ПИР-Центра, 2001, № 18.

10. Հովյան Վ., ԱՄՆ հայ համայնքի հիմնական խնդիրները, Գլոբուս, թիվ 4, 2017:



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր