• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2018

ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Հայկական սփյուռքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը ինքնության կորուստն է, քանզի ազգերը մեռնում են ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Անգամ խոշորամասշտաբ կոտորածների ու ցեղասպանությունների միջոցով հնարավոր չէ ֆիզիկապես ոչնչացնել որևէ ժողովրդի ամբողջությամբ։ Թե՛ հայերը, թե՛ հրեաները և թե՛ ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներ, չնայած ահռելի մարդկային կորուստներին, այնուամենայնիվ, չեն վերացել աշխարհից։ Փոխարենը վերացել են այն ժողովուրդները, որոնք թեև չեն ենթարկվել ցեղասպանության, բայց դատապարտվել են հոգևոր մահվան, այն է՝ ձուլվել են այլ ժողովուրդների։

Հայ ինքնությունը սփյուռքում տասնամյակներ շարունակ1 հիմնված է եղել լեզվի, կրոնի, ազգային մշակույթի, Ցեղասպանության հիշողության, հայկական ավանդական ընտանիքի պահպանման գաղափարների վրա, որոնք էլ հանդես են եկել որպես ազգային ինքնագիտակցության բաղադրիչներ։ Սակայն այս բոլոր բաղադրիչներն էլ ժամանակի ընթացքում նահանջ են ապրել։ Նրանց թուլությունն ու խոցելիությունն ակնհայտ երևում են ժամանակի ու տարածության մեջ։

Ժամանակային առումով հայ ինքնության բաղադրիչների կորուստն ի ցույց է դրվել դեռևս հայկական սփյուռքի ձևավորման վաղ փուլում՝ 1920-30-ական թթ., երբ սփյուռքը կազմում էին Ցեղասպանության ենթարկվածների առաջին սերնդի ներկայացուցիչները, ինչի մասին ահազանգել են ժամանակի հայ մտավորականության ու հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները։

Տարածության մեջ հայկական ինքնության բաղադրիչների կորուստն ակնհայտ երևում է այն բանում, որ նույնիսկ սփյուռքի ամենաավանդական համայնքներում՝ Մերձավոր և Միջին Արևելքում, դրանք ակնհայտ նահանջ են ապրում։ Դա դրսևորվում է ինչպես խառնամուսնությունների աճով, այնպես էլ հայկական դպրոցներ հաճախողների թվաքանակի նվազմամբ, լեզվի տիրապետման, մշակութային հաղորդակցության նահանջով և ազգային ինքնագիտակցության ձևափոխմամբ։

Այսպիսով, կյանքը ցույց է տվել, որ ազգային ինքնության ավանդական հենասյուները, թեև ժամանակի ընթացքում որոշակիորեն կարողացել են ապահովել հայ ինքնության պահպանումը սփյուռքում, այնուամենայնիվ, միայն դրանց միջոցով ներկայում այլևս հնարավոր չէ լուծել սփյուռքում ազգային ինքնության խնդիրը։ Հետևաբար, առաջ է գալիս նոր մոտեցումների հրամայականը։

21-րդ դարում սփյուռքահայության շրջանում ազգային ինքնության հենասյուն պետք է դառնա հայոց պետականության գաղափարը։ Վերջինս ընդհանուր առմամբ հանգում է հզոր հայրենի պետություն կերտելու գաղափարին՝ որպես համայն հայության հարատևման ու զարգացման երաշխիք։ Այն, ըստ էության, հանգում է անգամ պետականակենտրոնության գաղափարին, քանի որ այդ դեպքում պետության շահը, նրա անվտանգության ու զարգացման հարցերը վեր են դասվում անհատական, խմբակային, կուսակցական և այլ շահերից։ Յուրաքանչյուր հայ անհատի, խմբի, կուսակցության և այլն (լինի սփյուռքում, թե հայրենիքում) մտահոգության թիվ մեկ առարկան դառնում է Հայաստանի՝ որպես համայն հայության ազգային պետության հզորացումը։

Հզոր հայկական պետականության կերտման գաղափարախոսությունը, որպես սփյուռքում հայ ինքնության պահպանման հենասյուն, ունի առավելություններ ինքնության այլ բաղադրիչների նկատմամբ։ Դա, առաջին հերթին, նրա միավորիչ հատկությունն է։ Վերջինս բխում է այն հանգամանքից, որ հզոր հայրենիքի գաղափարը չի ենթադրում շերտավորումներ կամ մասնատվածություն։

Ինչպես հայտնի է, սփյուռքը միատարր հանրույթ չէ։ Այն տարբեր չափորոշիչներով՝ լեզվական, կրոնադավանանքային, կուսակցական, տարածքային և այլն, բաժանվում է բազմաթիվ խմբերի։ Հայ ինքնության հենասյուներից միակը, որը չի ենթադրում ներքին տարաբաժանումներ, Ցեղասպանության հիշողությունն է։ Սակայն վերջինը, սփյուռքում հայ ինքնության փոխակերպման հետ մեկտեղ, ինքն էլ է ենթարկվում փոխակերպման՝ դիտվելով որպես տվյալ երկրի պատմության մի մաս։

Պետականակենտրոնության կամ հզոր հայրենի պետության գաղափարախոսությունը, ի տարբերություն ազգային ինքնության վերոհիշյալ հենասյուների, նախ, ինչպես արդեն նշվեց, չունի բաժանարար հատկություն։ Հակառակը՝ այն միավորում է տարալեզու, տարադավան, տարբեր կուսակցությունների պատկանող կամ համակրող, տարբեր տարածաշրջաններում ու երկրներում ապրող հայերին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Ի տարբերություն Ցեղասպանության պատմական հիշողության, այն զերծ է այլ ժողովուրդների պատմական հիշողության մեջ ներծծվելու, այլ երկրների պատմության մաս դառնալու վտանգից։

Հզոր պետականության՝ որպես սփյուռքում ազգային ինքնության հենասյան, մասին դրույթը հիմնավորվում է նաև միջազգային, մասնավորապես՝ հրեական փորձով։ Հակառակ հրեական սփյուռքի նախանձելի հնարավորություններին, դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ այն այսօր, եթե չլիներ Իսրայել պետությունը՝ իր ներկա տնտեսական, գիտատեխնոլոգիական, ռազմական, կրթական և այլ հզորությամբ։ Այս համատեքստում չմոռանանք, որ հրեությունը նախքան Իսրայել պետության ձևավորումը՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, իր ողջ ֆինանսական և կազմակերպչական ներուժով հանդերձ, որպես էթնիկ ընդհանրություն գտնվում էր անհետացման եզրին։

Հայ ժողովրդի պարագայում պետականակենտրոնության կամ հզոր պետություն կերտելու գաղափարախոսության՝ որպես ազգային ինքնության հենասյան, որդեգրման համար առկա են ներքին բարենպաստ նախադրյալներ։ Բանն այն է, որ ներկայիս հայկական զույգ պետությունները՝ ՀՀ-ն և ԱՀ-ն, առավելագույնս են համապատասխանում ազգային պետության նկարագրին՝ հաշվի առնելով նրանց բնակչության առավելագույն էթնիկ միատարրությունը։ Ամերիկյան քաղաքագիտության հսկաներից Սեմյուել Հանթինգթոնը առանձնացնում է ազգային ինքնության երկու տեսակ՝ քաղաքացիական և էթնիկ։ Հայաստանն այն դեպքն է, երբ ինքնության հիշյալ երկու տեսակները ոչ միայն հակադրության մեջ չեն մտնում միմյանց հետ, այլև ներդաշնակ համատեղվում են։

Ասվածը բնավ չի նշանակում, որ կայացած ու հզոր հայրենի պետականությունն իրենով պետք է փոխարինի ինքության մյուս բաղադրիչներին՝ լեզու, կրոն, մշակույթ, պատմական հիշողություն և այլն։ Այն պարզապես պետք է լինի սփյուռքահայի ազգային ինքնագիտակցության առանցքում՝ իրենով սնելով և ուժեղացնելով նաև այդ բաղադրիչները։

Դրա իրականացման եղանակը հետևյալն է։ Հզոր հայրենի պետականությունը.

1. ազատում է սփյուռքահայությանը պետականազուրկ ժողովրդի բարդույթից;

2. ներշնչում է ազգային հպարտության (հայությանը պատկանելու հպարտության) զգացում;

3. մղում է ամրապնդելու և ավելի վառ կերպով արտահայտելու հայությանը սեփական պատկանելությունը, ինչն էլ, իր հերթին, մղում է սփյուռքահային առավել նախանձախնդիր լինել հայոց լեզվի, քրիստոնեական հավատի, հայ մշակույթի, պատմական հիշողության պահպանման և ամրապնդման հարցում։

Մղում է նաև մասնակից լինել հայրենի պետականության (ՀՀ և ԱՀ) շարունակական զարգացումն2 ու հզորությունն ապահովելու գործին։

Այսպիսով, ձևավորվում է յուրահատուկ «փակ շրջան», սակայն ոչ թե արատավոր, այլ բարենպաստ։ Մի կողմից՝ հզոր հայրենի պետականությունն է ապահովում ազգային ինքնագիտակցության վերելքը սփյուռքում, մյուս կողմից՝ բարձր ազգային ինքնագիտակցությունը մղում է սփյուռքին գործուն մասնակցություն ունենալ հայրենի պետության զարգացման գործին՝ ապահովելով վերջինիս հզորությունը։

1 Չնայած դարերի ընթացքում հայրենի երկրից հայերի շարունակական արտագաղթին և արտերկրում հայկական գաղթօջախների բազմադարյա գոյությանը, այնուամենայնիվ, գիտական շրջանակներում ընդունված է այն տեսակետը, որ հայկական սփյուռքը Ցեղասպանության հետևանք է։ Համարվում է, որ նախքան Ցեղասպանությունը եղել են պարզապես հայկական գաղթօջախներ հայրենիքից դուրս, իսկ սփյուռքը՝ որպես բովանդակ ամբողջություն, ձևավորվել է Ցեղասպանության հետևանքով։

2 Մեր օրերում բավական շատ է օգտագործվում «մարտահրավեր» հասկացությունը։ Կարծում ենք, 21-րդ դարում յուրաքանչյուր պետության և ազգի համար ամենալուրջ մարտահրավերներից մեկը սեփական երկրի շարունակական զարգացման ապահովումն է։ Այստեղ «զարգացում» հասկացությունն օգտագործվում է ամենալայն իմաստով՝ տնտեսական, գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային, ռազմական, ժողովրդագրական և այլն։ Առանց շարունակական և համապարփակ զարգացման ցանկացած պետություն դատապարտված է հետամնացության և վերջնարդյունքում՝ գաղութացման զարգացած պետությունների կողմից։ Պատահական չէ, որ հաճախ «անվտանգություն» և «զարգացում» հասկացությունները դիտվում են որպես հոմանիշներ, քանզի առանց ցարգացման անհնար է ապահովել, անգամ՝ պատկերացնել որևէ երկրի անվտանգությունը։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր