• am
  • ru
  • en
Версия для печати
12.09.2018

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018


Վահրամ Հովյան

«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

2016թ. դեկտեմբերին Հալեպի ազատագրումից հետո սիրիահայության համար ավարտվեց ճգնաժամի ամենաթեժ փուլը, որից հետո այն աստիճանաբար պետք է անցներ պատերազմի վերքերն ապաքինելու երկարատև ու դժվարին գործին։ Չնայած կրած հսկայական մարդկային և գույքային կորուստներին՝ համայնքը, այնուամենայնիվ, կարողացավ պահպանել իր գոյությունը։ Դրա վկայություններն են.

1. Համայնքի մարդկային ռեսուրսների որոշակի պահպանումը։ Սիրիական ճգնաժամի հետևանքով ամենամեծ կորուստը կրեց Հալեպի հայ համայնքը։ Եթե մինչ ճգնաժամը այն հաշվվում էր մոտ 50 հազար, ապա քաղաքի ազատագրման պահին այնտեղ մնացած հայերի թիվը կազմում էր 8-10 հազար։ Կորուստն, ինչ խոսք, ահռելի է։ Այնուամենայնիվ, թեկուզ այդ թվաքանակով հայության ներկայությունը թույլ տվեց կանխել համայնքի իսպառ վերացումը։ Բացի այդ, քաղաքի ազատագրումը և խաղաղ միջավայրի ամրապնդումը թույլ են տալիս հատկապես Սիրիայի այլ շրջաններ (օրինակ՝ Լաթաքիա) և Լիբանան տեղափոխված հալեպահայերին վերադառնալ իրենց ծննդավայր, ինչը և ներկայում աստիճանաբար տեղի է ունենում։ Ավելի նվազ չափերով նման միտում կա նաև Հայաստան գաղթած հալեպահայերի շրջանում։ Թե որքան է հիշյալ միտումների արդյունքում ավելացել հալեպահայության թվաքանակը և դեռ որքան ավելանալու ռեսուրս կա՝ դժվար է ասել։ Փաստ է, որ չնայած ստացած մահացու վերքերին՝ Հալեպի հայ համայնքը, այնուամենայնիվ, կարողացավ գոյատևել։

Սիրիական ճգնաժամի հետևանքով տուժած մյուս համայնքը Քեսապն1 էր, որը 2014թ. մարտին, ենթարկվելով հարձակման, ամբողջությամբ հայաթափվեց։ Երեք ամիս անց, այնուամենայնիվ, սիրիական կառավարական զորքերը կարողացան ազատագրել հայկական շրջանը, և այնտեղից հեռացած հայությունը սկսեց աստիճանաբար վերադառնալ։ Ներկայում Քեսապը կրկին հայկական է։

Միակ համայնքը, որ դեռևս չի ապաքինվում պատերազմի վերքերից, Դեր-Զորի հայ համայնքն է։ Ահաբեկիչների կողմից այդ շրջանի գրավումից և հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից հետո այնտեղի հայությունը գրեթե ամբողջությամբ հեռացավ։ Ներկայում էլ, չնայած շրջանն ազատագրված է, սակայն հայերի՝ Դեր-Զոր վերադառնալու մասին տեղեկություններ հայտնի չեն, հակառակ ավերված եկեղեցու վերականգնման տեսլականներին։

Սիրիայի մյուս հայաշատ շրջանները՝ Դամասկոսը, Հոմսը, Լաթաքիան, Ղամիշլին և այլն, չեն եղել ուժգին և տևական ռազմական գործողությունների թատերաբեմ։ Հետևաբար, այս բնակավայրերի հայ համայնքները համեմատաբար քիչ են տուժել սիրիական պատերազմի հետևանքով։ Ներկայում սիրիահայության ընդհանուր թվաքանակը կազմում է 20-25 հազար, ինչը թույլ է տալիս խոսել համայնքի կարգավիճակով այնտեղ հայկական ներկայության մասին։

2. Համայնքային կառույցների գործունեությունը։ Հակառակ կրած հսկայական գույքային վնասներին և աննպաստ պայմաններին՝ սիրիահայ համայնքի կազմակերպչական կառույցները՝ եկեղեցական, կուսակցական, տեղեկատվական, կրթական, մարզամշակութային և այլ հաստատությունները, շարունակեցին ոչ միայն իրենց գոյությունը, այլև կենսագործունեությունը։ Ներկայում, երբ պայմանները համեմատաբար ավելի նպաստավոր են, վերջիններս ակտիվացնում են պատերազմի հետևանքով խաթարված իրենց գործունեությունը, ինչը գլխավոր գրավականներից է որպես համայնք սիրիաբնակ հայերի պահպանման։

3. Պետության կողմից սիրիահայության՝ որպես առանձին համայնքի կամ ազգային փոքրամասնության կարգավիճակի պահպանումը։ Սույն հանգամանքը դրսևորվում է ինչպես հայերի՝ որպես առանձին համայնքի, ներկայացուցիչների ընդգրկվածությամբ Սիրիայի օրենսդիր մարմնում, այնպես էլ համայնքային ղեկավար կառույցների հետ Սիրիայի կենտրոնական և տարածքային իշխանական մարմինների շփումներով։ Ինչ վերաբերում է Սիրիայի խորհրդարանում հայ համայնքի ներկայացվածությանը, ապա վերջինիս հատկացվում է երկու պատգամավորական մանդատ։ Ներկայում Սիրիայի օրենսդիր մարմնում հայ համայնքը ներկայացնում են Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը և պատմաբան, գրող, Սիրիայի գրողների միության անդամ Նորա Արիսյանը։ Հայկական համայնքային ղեկավար կառույցների հետ սիրիական իշխանությունների շփումների պահով որպես վերջին ամենաթարմ օրինակներ կարող ենք նշել հետևյալը.

- 2018թ. ապրիլի 21-ին նախագահ Բաշար ալ Ասադի և առաջին տիկնոջ կողմից Բերիո հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Շահան սրբ. արքեպիսկոպոս Սարգսյանի գլխավորած պատվիրակության ընդունելությունը;

- Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի գլխավորած պատվիրակության այցելությունները Հայ Առաքելական և Ավետարանական եկեղեցիներ և հանդիպումները համապատասխանաբար Բերիո հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Շահան սրբ. արքեպիսկոպոս Սարգսյանի և Սիրիայի հայ ավետարանականների համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ;

- 2018թ. փետրվարի 28-ին Դեր-Զորի նահանգապետ Աբդ ալ Մաջիդի հանդիպումը Բերիո հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Շահան սրբ. արքեպիսկոպոս Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ, որին հաջորդեց համատեղ այց Սրբոց Նահատակաց հուշահամալիր, ապա՝ Մեծ մզկիթ։

Այս բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծվում է սիրիահայության՝ որպես սիրիական բազմազգ և բազմակրոն հասարակության անբաժան մասը լինելու հանգամանքը և նրա ներգրավման կարևորությունը հետպատերազմյան Սիրիայի վերականգնման և բարգավաճման գործում։

Ներկայի հիմնական խնդիրները

Ներկայում, բացի վնասված համայնքային գույքի (եկեղեցիներ, դպրոցներ և այլն) վերականգնումից, հայկական կառույցների գործունեության ակտիվացումից և այդ կերպ համայնքային կյանքի վերաշխուժացումից, կարելի է մատնանշել Սիրիայի հայության առջև ծառացած ևս երկու խնդիր՝ անվտանգության վերջնական հաստատում և կենցաղային պայմանների բարելավում։

Առաջին խնդրի կապակցությամբ նշենք, որ, չնայած պատերազմի ակտիվ փուլն ավարտվել է, այնուամենայնիվ, դեռևս դեռևս վաղ է խոսել վերջնական խաղաղության հաստատման մասին։ Սիրիայի առանձին շրջաններում պահպանվում են ահաբեկչական խմբավորումների մնացորդներ, որոնք ժամանակ առ ժամանակ պայքար են մղում կառավարական զորքերի դեմ։ Այդ բախումների հետևանքով տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչները։ Որպես օրինակ նշենք, որ սույն թվականի փետրվարին հրթիռակոծության են ենթարկվել Դամասկոսի մի շարք թաղամասեր, որի հետևանքով վիրավորվել է երկու հայ, ջախջախվել է Ազգային միացյալ վարժարանի աշակերտների համար նախատեսված փոխադրակառքը, վնասվել Հայ Առաքելական Ս.Սարգիս եկեղեցին։

Բացի ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տեղական բախումներից, սիրիահայ համայնքին որոշակի անհանգստություն են պատճառում նաև սույն թվականի հունվարից Աֆրինում թուրքական զորքերի ծավալած ռազմական գործողությունը և այդ շրջանի ռազմակալումը վերջիններիս կողմից։ Անհանգստացնող է հատկապես այն հանգամանքը, որ այդ շրջանը բավական մոտ է գտնվում հայկական Քեսապին։ Իսկ Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման ենթարկվելու փորձառությունը դեռևս վառ է Քեսապի հայերի հիշողության մեջ։

Ինչևէ, անվտանգության ապահովման հարցում մնում է միայն ապավինել սիրիական կառավարական բանակի և նրա դաշնակիցների վերջնական հաղթանակին, քանի որ այլ տարբերակներ, բացի հայրենադարձությունից, այս պահին արդյունավետ չեն։

Ինչ վերաբերում է կենցաղային պայմանների բարելավմանը, ապա այս հարցում գործունեության ամենամեծ ասպարեզը Հալեպն է, քանի որ. ա) այն առավել շատ է տուժել պատերազմից, բ) այնտեղ է կենտրոնացած սիրիահայ համայնքի հիմնական մասը2։ Ինչպես հաղորդում է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժ.Ռեիսյանը, Հալեպի ազատագրումից հետո սիրիական իշխանությունները քայլեր են ձեռնարկում այնտեղ բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ։ Աստիճանաբար վերակառուցվում են քաղաքի ենթակառուցվածքները, վերականգնվում է սննդի, վառելիքի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Հարկ է նշել, որ հետպատերազմյան շրջանի բարդությունները հաղթահարելու գործում հալեպահայությանն աջակցություն են ցուցաբերում նաև Հայաստանը և Սփյուռքի մյուս համայնքները։ Մասնավորապես, Հալեպի ազատագրումից հետո մի քանի անգամ ՀՀ կողմից մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա, որի մի մասը բաժին է հասել հայ համայնքին։ Մարդասիրական օգնությունն ընդգրկում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սնունդ, հագուստ, դեղորայք և այլն։ Սփյուռքի կողմից հալեպահայությանը ցուցաբերվող աջակցության տեսակետից նշանակալի է ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայությանն աջակցության հիմնադրամի գործունեությունը։ Սույն թվականի հունվարին հիմնադրամը հանգանակությունների միջոցով $175 հազարի աջակցություն է ցուցաբերել հալեպահայությանը, որը հիմնականում ուղղված է հայկական տնտեսվարող ձեռնարկությունների (արհեստանոցներ և այլն) վերականգնմանը և կրթական խնդիրների լուծմանը։ Այսպիսով, եթե Հայաստանից առաքվող օգնությունը նպատակաուղղված էր սիրիահայության առաջնային կարիքների բավարարմանը, ապա Սփյուռքից եկող օգնությունը հիմնականում միտված է Հալեպի հայ համայնքի ենթակառուցվածքների վերականգնմանը։

Համայնքի կենսագործունեության հիմնական ուղղությունները. քաղաքականություն, գիտություն

Հետպատերազմյան շրջանի վերականգնումը կամ վերազարթոնքը Սիրիայի հայ համայնքի համար նշանակում է նրա կենսագործունեության ակտիվացում տարբեր բնագավառներում։ Հոգևոր, կրթական, տեղեկատվական, մարզամշակութային ասպարեզներում համայնքի կենսագործունեությունն ինքնին հասկանալի է։ Նշենք միայն, որ հիշյալ բնագավառներում համայնքն իր կենսագործունեությունը չի դադարեցրել անգամ պատերազմի ամենաթեժ շրջանում։ Իսկ հետպատերազմյան շրջանում փորձում է վերականգնել նախկին աշխուժությունը։ Տնտեսական ոլորտի մասին հարկ է նշել, որ սիրիահայությունը մինչ պատերազմը ունեցել է նշանակալի տնտեսական ներուժ։ Համայնքում եղել են ինչպես խոշոր, այնպես էլ միջին ու մանր գործարարներ։ Այնուամենայնիվ, ներկայում սիրիահայության տնտեսական գործունեության վերականգնումը մեծապես պայմանավորված է այդ երկրում խաղաղության վերջնական հաստատմամբ և ենթակառուցվածքների (գործարաններ, ճանապարհներ և այլն) վերականգնմամբ։ Հետևաբար, նպատակահարմար ենք գտնում մի փոքր մանրամասն ներկայացնել հետպատերազմյան շրջանում հայ համայնքի կենսագործունեությունը քաղաքականության և գիտության բնագավառներում։

Քաղաքական ասպարեզում հայությանը հուզող խնդիրների հետ մեկտեղ հայ համայնքի գործունեության ուղղություններից է մասնակցությունը հետպատերազմական Սիրիայի պետականաշինության գործընթացին և նրա մարտահրավերների դիմագրավմանը։ Առաջին խնդրի տեսակետից նշանակալի երևույթ էր սույն թվականի հունվարի վերջին Սոչիում միջսիրիական խորհրդաժողովին հայ համայնքի մասնակցությունը։ Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր Սիրիայի նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումը։ Հայ համայնքից խորհրդաժողովին մասնակցեց հոգևոր և աշխարհիկ շուրջ տասը գործիչ։ Այս երևույթը ոչ միայն վկայում է հայ համայնքի քաղաքական գործոն լինելու մասին, այլև սիրիական պետության կողմից որպես առանձին համայնք կամ ազգային փոքրամասնություն դիտվելու ևս մեկ ապացույց է։ Ընդհանուր սիրիական պետության մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից հայ համայնքի քաղաքական գործունեության մասին է վկայում 2018թ. ապրիլի 22-ին Հալեպում Սիրիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բողոքի ցույցն ընդդեմ Աֆրինում թուրքական ռազմական գործողությունների։ Բողոքի ցույցին մասնակցում էին նաև Սիրիայի այլ ազգությունների (արաբներ, ասորիներ, հույներ և այլն) ներկայացուցիչները՝ ընդհանուր մարտահրավեր տեսնելով Սիրիայի տարածքում թուրքական բանակի գործողությունների կապակցությամբ։

Գիտական կյանքը սիրիահայ համայնքում ընթանում է հետևյալ հիմնական ձևերով.

- Հետազոտական աշխատանքների հրատարակում3։ Այս առումով նշանակալի է 2017թ. վերջին Հայկազ Թրթռյանի «Քեսապի պզտիկ հանրապետութիւնը. 1919-1922», 2018թ. Նորա Արիսյանի «Հայերի տարագրությունը Դեր Զորում. XIX դարի վերջ և XX դարի սկիզբ» գրքերի հրատարակումը։

- Գրքերի շնորհանդեսներ։ Հալեպում 2018թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել Հրայր Ջեբեջյանի4 «Երիտասարդ ընտանիքին Աստվածաշունչը», հունիսի 29-ին՝ Լևոն Զաքի Եդալյանի5 «Գործ և գանձ» գրքի շնորհանդեսը։

- Սիրիահայ գիտնականների մասնակցությունը տարբեր գիտաժողովների։ Այդպիսի օրինակ է Նորա Արիսյանի մասնակցությունը 2018թ. հունվարի 20-ին Դամասկոսում տեղի ունեցած «Ազգային ինքնությունը Սիրիայի ճգնաժամի լույսի ներքո. ընթերցումներ և ակնարկներ» գիտաժողովին (զեկույցի թեման՝ «Սիրիական ինքնությունը և սիրիահայերը՝ իբրև մշակութային բազմազանության օրինակ»)։

- Գիտական աշխատանքների ցուցահանդեսներ։ Այս առումով հետաքրքիր է արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայ ավետարանական վարժարանների «Աշակերտական գիտական ցուցահանդեսը»6։

- Դասախոսություններ։ Այս տեսակետից լավ օրինակ է ՀՄԸՄ հիմնադրության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Հալեպում 2018թ. հունվարի 18-ին ՀՄԸՄ Սիրիայի շրջանային վարչության Մամուլի հանձնախմբի կազմակերպած դասախոսությունը՝ «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում նահատակված և մահացած հայ մարզիկները և ՀՄԸՄ հիմնադրությունը» խորագրով (դասախոս՝ հալեպահայ գրող, Հայ ծերանոցի տնօրեն, Սիրիայի Հայ սև գոտիների ակադեմիայի տնօրեն Ավո Գաթրճյան)։

1 Խոսքը Քեսապի գավառակի մասին է, որն ընդգրկում է Քեսապ ավանը և շրջակա 10 գյուղերը։

2 Պատահական չէ, որ Հալեպի հայ համայնքը համարվում էր սիրիահայ մայր գաղութ։

3 Հալեպում գործում է հայկական «Արևելք» հրատարակչությունը։

4 Աստվածաշնչի ընկերության Ծոցի խնամակալ մարմնի ընդհանուր քարտուղար։

5 Հայ-սիրիական գործարարների խորհրդի նախագահ, Հալեպի առևտրական գրասենյակի տնօրեն խորհրդի անդամ։

6 Տե՛ս Հայ Աւետ. Վարժարաններու Սուրիոյ եւ Հալէպի Մակարդակով Բարձրորակ Գիտական Ցուցահանդէս, http://hayernaysor.am/cl/archives/276285



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր