• am
  • ru
  • en
Версия для печати
17.07.2014

«ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՐՑԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ»

   

Եվրասիական տնտեսական միությանը «ԵՏՄ» Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, ինչը, ինչպես հայտնի է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս թեմայի շուրջ մեզ իր պարզաբանումները ներկայացրեց տնտեսագիտության դեկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

-Վարկածներից մեկով ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ձգձգման պատճառներից է, այսպես ասած, վրացական գործոնը: Այսինքն, որ Վրաստանը ասոցացման պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ, եւ այն բանից հետո, երբ Հայաստանը մտնի ԵՏՄ, Վրաստանից ապրանքների մուտքը մեր երկիր կիրականացվի բարձր մաքսադրույքներով: Արդյունքում` վրացիներն էլ կարող են այլ մոտեցումներ ցուցաբերել հայաստանյան ապրանքներն իրենց տարածքով Ռուսաստան տեղափոխելու դեպքում:

- Վրացական ապրանքները Հայաստան կարող են արտահանվել երկկողմ պայմանագրերով, եւ չեմ կարծում, որ ԵՏՄ-ն այս հարցում արգելքներ հարուցի: Առավել եւս, եթե նախատեսվի այդ նույն վրացական ապրանքը վերամշակել Հայաստանում, որից հետո այն նույն անմաքս ռեժիմով կարող է արտահանվել նաեւ ԵՏՄ-ի ընդհանուր շուկա: Մոտավորապես այն կերպ, ինչի մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Վրաստան կատարած այցի ժամանակ:

Այս խնդրին նայենք նաեւ ավելի գլոբալ: Հայտնի ճշմարտություն է, որ տնտեսության զարգացման վեկտորը առաջին հերթին թելադրում է ոչ թե տարաբնույթ պայմանագրերը, այլ տնտեսական շահը: Այսինքն` չնայած որ Վրաստանը ստորագրել է ասոցացման համաձայնագիրը, մեկ է, դեպի ԱՄՆ կամ Գերմանիա նրա արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման մոտ 5 տոկոսը: Հայաստանի համար, որը չի ստորագրել ասոցացման պայմանագիրը, այդ ցուցանիշը համապատասխանաբար 6.1 եւ 10.7 տոկոս է:

Այսինքն` ասոցացման պայմանագրի ստորագրելը չի նշանակում, որ Վրաստանը արեւմտյան ուղղությամբ իր ապրանքներն արտահանելիս մեր համեմատ ավելի շահավետ դիրքերում հայտնվեց: Դրա հետ մեկտեղ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերաբացեց իր շուկան մի շարք վրացական ապրանքների համար, Վրաստանի արտահանումը դեպի ԱՊՀ շուկա միանգամից աճեց 17 տոկոսով, իսկ արտահանման ընդհանուր կառուցվածքում 47-ից հասավ 55 տոկոսի: Այս ցուցանիշները միանշանակ վկայում են, որ Վրաստանի համար տնտեսական առումով ձեռնտու է համագործակցությունը ԵՏՄ-ի հետ: Իսկ դա նշանակում է, որ հազիվ թե հայաստանյան ապրանքների տարանցման հարցում խոչընդոտներ լինեն:

«ՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱԶԻՎ ԹԵ ԿՐԿԻՆ ՈՒՆԵՆԱՆՔ»

-Ձգձգման մյուս վարկածն էլ մաքսադրույքների թեման է, այսինքն, որ ընթանում են բանակցություններ անդամակցությունից հետո երրորդ երկրներից Հայաստան մտնող ապրանքների մի ստվար խմբի համար մաքսային դրույքաչափերը ներկայիս զրոյական մակարդակում պահելու համար: Ընդ որում, կան խոսակցություններ, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը «ԱՀԿ» եւս ակտիվ գործունեություն է ծավալել այդ հարցով:

- Մինչ մաքսադրույքներին հասնելը նախ հարցին մոտենանք այս կողմից եւս: Ակնհայտ է, որ ներկայումս Ռուսաստանը արմատապես վերանայում է իր քաղաքականությունը նաեւ ԱՊՀ տարածաշրջանում: Այսինքն` այն նախկին տնտեսական, մաքսային եւ միգրացիոն եւ այլ ուղղություններով առնչությունները, որոնք ստեղծվել էին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, աստիճանաբար շրջանառությունից դուրս են գալիս: Ավելի կոնկրետ` Ռուսաստանը տնտեսական համեմատաբար ազատ ռեժիմները պահպանում է միայն ձեւավորվող եվրասիական ինտեգրացիոն համակարգում, իսկ դրանից դուրս գտնվող երկրների հետ հարաբերությունները քիչ-քիչ տեղափոխվում են աշխարհի մյուս բոլոր երկրների հետ առնչությունների մակարդակին: Հետեւաբար, եթե հանկարծ Հայաստանը չմտներ ԵՏՄ, ապա միանշանակ է, որ տնտեսական, միգրացիոն եւ այդ կարգի մյուս հարաբերությունները ՌԴ-ի հետ հաստատ այլեւս եղած մակարդակին չէին կարող մնալ: Օրինակ` շատ է խոսվում գազի գնից, եւ վստահեցնում եմ, որ այդ իրավիճակում գազի համար ստիպված էինք լինելու վճարել ոչ թե 189, այլ մոտավորապես 400 դոլարի կարգի, այսինքն` միջազգային գներին համարժեք…

- Ամեն դեպքում մաքսադրույքների թեման կա, եւ առկա են մտահոգություններ: Առաջներում խոսվում էր, որ 300-400 անուն ապրանք կարող են պահպանել իրենց զրոյական մաքսադրույքները: Հետո այդ թիվը հասավ 800-ի, հիմա արդեն խոսում են 1000-1200-ից: Իսկ դա վտանգավոր է այնքանով, որ մեծ թվով ապրանքների զրոյական մաքսադրույքները, ինչպես ներկայումս, այնպես էլ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կշարունակեն հարվածել հայաստանյան արտադրողին:

- 2003-ին մաքսադրույքների զրոյական առումով գործնականում առանց որեւէ սահմանափակման եւ մեր շահերը պաշտպանելու անդամակցելով ԱՀԿ-ին, անցած տարիներին մեծ հարված հասցրինք մեր տնտեսության շատ ոլորտների: Դրա ամենաակնառու օրինակներից մեկը կարելի է համարել ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների բազմիցս հնչեցրած հրապարակային այն դժգոհությունը, որ այս պայմաններում իրենք ներմուծողների հետ մրցակցության շանսեր գրեթե չունեն ու պարզապես դուրս են մղվում մեր իսկ տեղական շուկայից:

Մյուս կողմից էլ` մաքսային զրոյական դրույքաչափերը ենթադրում են ցածր գնաճ: Բայց եթե տեղական արտադրողը մրցակցությունից դուրս է մղվում, եւ արդյունքում կոնկրետ ոլորտներում ստեղծվում է ներկրման մոնոպոլիզացիա, ապա գնաճն էլ է դառնում անկառավարելի, ինչը քանիցս տեսել ենք: ԵՏՄ-ին անդամացությունը, իհարկե, Հայասանի համար բացառիկ հնարավորություն է այս ուղղությամբ հավասարակշռված, երկրի շահը հաշվի առնող նոր իրավիճակ ստեղծելու համար: Բայց տպավորությունն այն է, որ բանակցությունների ժամանակ մեծ թվով ապրանքատեսակների զրոյական մաքսադրույքների ձգտելով՝ փորձում են առաջնորդվել միայն ցածր գնաճի սկզբունքով: Մինչդեռ խնդրին պետք է մոտենալ համակողմանի, այսինքն` գնաճից զատ դնել տեղական արտադրողի պաշտպանության, արտահանման աճի, բյուջեի լրացման եւ դրա հաշվին սոցիալական հարցեր լուծելու առանցքային խնդիրները: Այդ առումով նպատակահարմար է մաքսադրույքների առումով ապրանքները բաժանել չորս խմբի: Նախ` կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք մենք չենք արտադրում, եւ որոնց գնաճը կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնել: Այս դեպքում, իհարկե, պետք է մաքսադրույքները բացառել: Երկրորդը տեղական արտադրության համար հումք հանդիսացող ապրանքներն են, բժշկական եւ արտադրական սարքավորումները, որտեղ եւս անհրաժեշտ են զրոյական դրույքաչափեր: Երրորդ խումբն այն ապրանքներն են, որոնք Հայաստանում արտադրվում են, կարող են արտադրվել, եւ կա մեծ ներուժ: Այդ կարգի ապրանքատեսակների համար մենք պետք է կարողանանք օգտվել առիթից եւ սահմանել մեր արտադրողների պաշտպանությանը նպաստող մաքսատուրքեր, ինչը տեղական արտադրության աճի հաշվին բազմապատիկ կփոխհատուցվի: Եվ չորրորդը ոչ առաջին անհրաժեշտության, անհամեմատ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող խավերի կողմից սպառվող ապրանքներն են, որոնք մենք չենք արտադրում: Այս դեպքում նույնպես բարձր մաքսադրույքները ձեռնտու են պետական բյուջեի մուտքերի ավելացման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա հնարավորինս ցածր լինելն էլ չպետք է ինքնանպատակ լինի: Այսինքն` կարելի է մտածել որոշ մաքսադրույքներ բարձրացնելով՝ տարեկան 3-4 տոկոսի փոխարեն մոտակա տարիների համար ավելի բարձր, իհարկե ոչ ավել, քան 7 տոկոս, գնաճ սահմանելու եւ այդ կերպ տնտեսության որոշակի ոլորտների եւ արտահանման աճը խթանելու մասին: Այսինքն, կրկնում եմ, մաքսատուրքերի հարցին պետք է մոտենալ համակողմանի, պետության շահի գիտակցմամբ եւ հենց այդ տրամաբանությամբ էլ խնդիրը ներկայացնել ոչ միայն ԵՏՄ-ին, այլ նաեւ ԱՀԿ-ին: Եվ, վստահեցնում եմ, երբ կարողանում ենք հստակ ձեւակերպել մեր նպատակները եւ նույն հստակությամբ պաշտպանել դրանք, ապա ցանկացած բանակցային գործընթացում արդյունքի հասնելն ավելի դյուրին է: -Նաեւ լուրեր են պտտվում, որ մեր որոշ ներկրող-մոնոպոլիստներ ամեն ինչ անում են, որ իրենց ներմուծած ապրանքներն էլ այդ «արտոնությունների» տակ հայտնվեն:

- Ես անմիջապես բանակցություններին չեմ մասնակցում, սակայն կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծվի ելնելով այս հիմնական նպատակներից` տեղական արտադրողի, զբաղվածության, արտահանման խթանում եւ բյուջեի մուտքերի մեծացման հաշվին սոցիալական ծրագրերի լուծում: Սա, իրոք, բացառիկ իրավիճակ է, եւ կարծում եմ, որ նման հնարավորություն տեսանելի ապագայում հազիվ թե նորից ունենանք: Ի վերջո, ԵՏՄ-ին ինտեգրվում ենք, որ տնտեսության զարգացման նոր սցենար ունենանք: Եթե պահպանում ենք հին սցենարը կամ դրա մի որոշիչ մասը, ապա էլ որոնք են այդ ինտեգրման տնտեսական նոր հնարավորությունները, հատկապես տեղական արտադրության եւ արտահանման էական զարգացման, զբաղվածության աճի համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրավունք Թերթ


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր