• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2015

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՍԿՍՈՒՄ Է ՇԱՐԺՎԵԼ

   

Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

- Օրերս տեղի ունեցավ արդյունաբերական համաժողով, որը բացառիկ էր գործնական առումով. առաջին անգամ խոսվեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության հստակ ձեւաչափի մասին։ Կարծես սայլը տեղից սկսում է շարժվել` ԵԱՏՄ շրջանակներում գործընթացներն առավել գործնական հուն են տեղափոխվում:

-Այո, այդ իմաստով շատ կարեւոր համաժողով էր, այն կոնկրետ խնդիրներ բարձրացրեց, եւ ճիշտ առաջարկներ արվեցին: Մասնավորաբար ԵԱՏՄ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին, ելնելով Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքից, հարց տվեց` ի՞նչ կարելի է զարգացնել Հայաստանում: Մասնավորապես նշվեց շինարարության ոլորտը: Կան շինարարական մասեր, որոնք ծավալային առումով մեծ չեն, դրանց տեղափոխումը մեծ ծախսեր չի պահանջի, բայց դրանք բավական արժեքավոր են:

Խոսվեց նաեւ Հայաստանի թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների մասին: Որպես ԵԱՏՄ անդամ երկիր՝ մենք գտնվում ենք ազատ տեղափոխման ռեժիմում եւ կարող ենք օգտվել միության ֆինանսական մեծ հնարավորություններից: Մնում է գալ նպաստավոր համաձայնության ու արդյունավետ օգտագործել եղած հնարավորությունները, քանի որ ոչինչ ինքն իրեն չի ստեղծվում:

Հանրապետության նախագահը, օրինակ, ջերմոցների զարգացումը հայտարարել է որպես գերակա ուղղություն: Ուրեմն դրա զարգացման համար պետք է համապատասխան հնարավորություններ ստեղծել վարկային առումով, նաեւ էներգակիրների գնագոյացումը պետք է կատարվի այնպես, որ հաշվի առնվեն ոչ միայն մատակարարող կազմակերպության ծախսերը, այլեւ տվյալ ոլորտի զարգացման հնարավորությունները: Եթե մեզանում լինեն էներգակիրների բարձր գներ, ապա մեր ապրանքը չի կարող լինել մրցունակ:

-Խոսվում է խոշոր արդյունաբերություն ունեցող ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ համագործակցության մասին եւ այդ առումով կարեւորվում կոոպերացիան, երբ անդամ երկիրը կարող է դառնալ արտադրական շղթայի մասնակից:

-Տնտեսությունների կոոպերացիան, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 4-րդ հոդվածի, միության հիմնական նպատակներից է: Այդ օրենքի դրույթը պետք է լայնորեն կիրառենք:

Իսկ խոսքը հետեւյալի մասին է. Հայաստանում արտադրվող X դետալի գինը, նրա վրա կատարված արտադրական ու տեղափոխման ծախսերով հանդերձ, պետք է լինի ավելի ցածր, քան, ասենք, ՌԴ որեւէ քաղաքում արտադրվածը: Իսկ այդ ռեզերվը մենք ունենք, քանի որ Հայաստանում աշխատավարձը գրեթե 3 անգամ ցածր է Ռուսաստանից:

Նաեւ չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմում է 86 տոկոս, այսինքն` Ռուսաստանն այստեղ ակնհայտորեն լիդեր է, եւ մենք պետք է կարողանանք այդ երկրի պետական մարմինների հետ աշխատել պետպատվերի շրջանակում, մասնավորապես թեթեւ արդյունաբերության ոլորտում:

Օրինակ, կարելի է պատվերներ ստանալ պաշտպանության, ներքին գործերի նախարարություններից ու մեզ վրա վերցնել բանակի, ոստիկանության հագուստի արտադրությունը: Դա կարող է զգալի գումարներ կազմել ու նպաստել մեր բյուջեի աճին: Եվ իրոք, կոոպերացիան նշանակում է, որ միության անդամ երկիրը կարող է դառնալ արտադրական շղթայի մասնակից:

-Ոգեւորող է այն, որ ԵԱՏՄ համապատասխան մարմիններում հստակ ուսումնասիրվել է Հայաստանի արդյունաբերական դաշտը, առկա ներուժը, ռուսներն անգամ չեն մոռացել հայկական կոշիկի հին ու բարի համբավը ու կարեւորել են հայկական կոշիկի արտադրության կազմակերպումը, այն ԵԱՏՄ շուկաներ հասցնելը:

-Այո, կոշիկի տեղափոխումը մեծ ծախս չի պահանջում: Պարզապես հայկական կոշիկը վերստին ներկայացնելու համար հարկ է ցուցահանդեսներ կազմակերպել, ոչ թե միայն կենտրոնանալ ՌԴ մայրաքաղաքի վրա, այլ ողջ Ռուսաստանի ուղղությամբ աշխատել:

Նաեւ անհրաժեշտ է հայկական կոշիկը ներկայացնել ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներում, անցնել համապատասխան պայմանագրերի կնքման, ու, ինչու ոչ` համատեղ արտադրությունների ստեղծման: Պետք է վերականգնենք այն դրականը, որ ունեցել ենք ժամանակին, ու ապացուցենք, որ էլի կարող ենք բարձրորակ եւ ավելի էժան արտադրանք մատակարարել միության երկրներին:

-Ի դեպ, հստակ է նաեւ` «ի՞նչ ներդրումների հաշվին պետք է կազմակերպվեն նման արտադրությունները» հարցի պատասխանը, քանի որ Եվրասիական բանկը հայտարարել է` վարկեր կուղղվեն միության բոլոր անդամ երկրների հեռանկարային ոլորտների համար:

-Բանկի նախագահը հայտարարեց` պատրաստ են աջակցել: Մենք հաճախ ենք խոսում Համաշխարհային բանկի տրամադրած վարկերից, բայց մոռանում ենք Եվրասիական բանկի, զարգացման Եվրասիական ֆոնդի ու Ռուսաստանի կառավարության կողմից տրամադրվածի մասին:

Հիշեցնեմ. հուլիսին Եվրասիական բանկը տրամադրեց 40 մլն դոլար վարկ ոռոգման խնդիրների լուծման համար: Հյուսիս-հարավ ճանապարհի համար արդեն իսկ տրամադրել է 150 մլն դոլարը: Ռուսաստանի կառավարությունը տրամադրեց 14 միլիոն դոլարի գրանտ:

Չմոռանանք 200 մլն դոլար վարկի մասին, որն ուղղվեց մեր անվտանգության խնդիրների լուծմանը, իսկ անվտանգությունը կարեւոր նախապայման է տնտեսության զարգացման համար: Իսկ Եվրասիական կայունության եւ զարգացման ֆոնդը արտոնյալ ռեժիմով` տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով, պետք է հատկացնի 300 մլն դոլար վարկ, որպիսին մինչ հիմա միայն տրվել էր Բելառուսին:

Կուզենայի մի համեմատություն կատարել. եթե եվրոպական բանկերը կամ Համաշխարհային բանկը վարկ է տրամադրում, ասենք, 40 մլն դոլարի, ապա դրա որոշ մասը ուղղում է խորհրդատվություններին, ծրագրի իրագործման գրասենյակներին, վարկի կառուցվածքը հաճախ չի լինում արդյունավետ: Իսկ խորհրդատուները միմիայն Եվրոպայից պետք է լինեն, ուղարկում են, ասենք, ԵՄ-ի կամ ՀԲ-ի նախկին մասնագետներին, որոնք գալիս են ու սկսում մեզ խորհուրդներ տալ:

Բացի դրանից, Համաշխարհային բանկը Հայաստանին երբեք չի տալիս կոնկրետ ոլորտների, ասենք, փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված մեծ վարկեր, այլ տալիս է միայն կառուցվածքային վարկեր: Այս առումով, Եվրասիական բանկը ավելի լիբերալ է, հետեւաբար կարող ենք մեզ տրամադրվելիք 300 մլն դոլար արտոնյալ վարկը օգտագործել փոքր եւ միջին բիզնեսի, ստրատեգիական նշանակության արդյունաբերական ոլորտների, գյուղատնտեսության զարգացման համար ու նպաստենք արտահանման աճին:

Շատ կարեւոր է վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը, պետք է հստակ լինի վերահսկողությունը: Վարկ վերցնելն ընդունելի է, եթե այն ակնհայտորեն նպաստելու է ՀՆԱ-ի աճին, արտահանմանը: Միայն այդ դեպքում կարող ես ե՛ւ ժամանակին վարկդ վերադարձնել, ե՛ւ ունենալ տնտեսական աճ: Հակառակ դեպքում կունենանք արտաքին պարտքի աճ` առանց համապատասխան արդյունքի:

-էկոնոմիկայի փոխնախարար Է. Տարասյանը թվարկեց մի շարք խոչընդոտող խնդիրներ, ինչպիսիք են երկակի հարկումը, ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված հարցերը, զուգահեռաբար գործարարները բողոքում են մաքսակետերում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Սրանք երեւույթներ են, որոնք խանգարում են ԵԱՏՄ շուկա մուտք գործելուն:

-Իրոք, հարկային ռեժիմը ճշգրտման կարիք ունի: Տեսեք, եթե Ռուսաստանում ավելացված արժեքի հարկը 18 եւ 10 տոկոս է, Ղազախստանում` 12, ապա մեզ մոտ 20 է: Այսինքն` իջեցման կարիք կա: Պետք է այնպես վերադասավորել հարկային համակարգը, որ պետբյուջեի կորուստներ չունենանք, դրա հետ մեկտեղ հարկային համակարգը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը:

Այո, հարկ է բացառել կրկնակի հարկումը, փաստաթղթերի ձեւակերպման հարցում չստեղծել խնդիրներ: Մաքսակետերում կոռուպցիան կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել: Եթե մենք կարողանանք կոռուպցիային արդյունավետ հակազդելու համար լուրջ քայլեր կատարել, ապա մեր տնտեսությունը շատ գրավիչ կդառնա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5124&pageid=156939&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր