• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2016

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)

   


Անուշավան Բարսեղյան

«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

Տարածաշրջանային քաղաքատնտեսական զարգացումները, մասնավորապես Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման գործընթացը, Վրաստանի գազաէներգետիկ քաղաքականության նոր դրսևորումները, ռուս-թուրքական լարվածությունը, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները 2015թ. դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին հարաբերությունների վրա ազդող հիմնական գործոններն են եղել։

Ադրբեջան-Իրան

Իրանի միջազգային պատժամիջոցների վերացման գործընթացին զուգընթաց՝ պաշտոնական Թեհրանն ակտիվացրել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։

Այս համատեքստում ուշագրավ էր Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության տնտեսական համատեղ հանձնաժողովի՝ Թեհրանում կայացած 10-րդ նիստը, որի շրջանակներում ԱՀ էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շ.Մուստաֆաևի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մ.Վաեզիի կողմից ստորագրվեց համագործակցության հռչակագիր: Այն ենթադրում է նավթի, գազի, արդյունաբերության, առևտրի, առողջապահության, մշակույթի, տրանսպորտի, էներգիայի վերականգնվող աղբյուրների, հանքարդյունաբերության, բանկային գործի, սպորտի և գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացում։ Փաստաթուղթը նախատեսում է երկկողմանի ներդրումներ նավթային նախագծերում1, գազային փոխանակումների հետ կապված վիճելի հարցերի կարգավորում, Ադրբեջանի գազի պահեստարանների օգտագործման համակարգում, Արաքսի վրա «Խոդա Աֆարին» ՀԷԿ-ի և «Գիզ» ամբարտակի, Ադրբեջանում (Օրդուբադ) և Իրանում (Մարազադ) էլեկտրակայանների կառուցում և սահմանային գետերի ջրային պաշարների համատեղ օգտագործման համաձայնեցում։ Մ.Վաեզին հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն այսքան մտերիմ չեն եղել վերջին քսան տարվա ընթացքում, և նշել է երկկողմանի առևտրում ազգային արժույթների օգտագործման, մաքսային ընթացակարգերի և վիզային ռեժիմների պարզեցման հարցերում համաձայնության գալու մասին։ Համաձայնեցվել են նաև փոխանակվող էլեկտրաէներգիայի վերջնական գները։ ԱՀ նախարարն Իրանին առաջարկել է օգտագործել Ադրբեջանով անցնող «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքը՝ իրանական բեռները Սև ծով հասցնելու համար։

Սույն հարցի կարգավորմանն է ուղղված եղել նաև ադրբեջանական, իրանական և վրացական երկաթուղիների պատասխանատուների՝ Թավրիզում ստորագրած արձանագրությունը եռակողմ համագործակցության մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարանցիկ ներուժի մեծացման հեռանկարները Փոթիի նավահանգիստ-Ադրբեջան-Պարսից ծոց ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման միջոցով։

Ի տարբերություն տնտեսականի, Ադրբեջանի և Իրանի քաղաքական հարաբերություններում 2015թ. դեկտեմբերին առկա էին լարվածության որոշակի միտումներ՝ պայմանավորված վերջերս Ադրբեջանի Նարդարան ավանում շիա մահմեդականների նկատմամբ կիրառված բռնաճնշումներով։

Իրանի մի շարք քաղաքական և կրոնական գործիչներ մեղադրեցին Ադրբեջանին կրոնական խտրական քաղաքականության մեջ, իրանական առաջատար (այդ թվում՝ պետական) լրատվամիջոցները նարդարանյան դեպքերը ներկայացրին որպես «խաչակրաց արշավանք» շիաների դեմ, իսկ շիա աստվածաբան Թալեհ Բաղիրզադեի սպանված կողմնակիցներին՝ «իսլամական արժեքների համար մղած պայքարում զոհված շեհիդներ»։ Բողոքի ակցիաներ անցկացվեցին Թեհրանում ԱՀ դեսպանության և Թավրիզում ԱՀ գլխավոր հյուպատոսության առջև։ Ի պատասխան՝ ԱՀ ԱԳ ներկայացուցիչը Թեհրանին մեղադրեց Ադրբեջանում անկայունություն հրահրելու մեջ։

Սակայն հարկ է նշել, որ թե́ նարդարանյան դեպքերի, թե́ Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում մերթընդմերթ ծագող կոնֆլիկտային իրավիճակների հարուցած լարվածությունը երկու երկրները կարողանում են հաղթահարել՝ խուսափելով քաղաքական առճակատումից:

Ադրբեջան-Վրաստան

Ադրբեջանա-վրացական հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել երկկողմանի և Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափերով, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքատնտեսական զարգացումների համատեքստում։

Ամիսը հագեցած էր ռազմական ոլորտի պատասխանատուների երկկողմ և եռակողմ հանդիպումներով։ Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելիի Բաքու կատարած այցին հաջորդել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարների հանդիպումը Ստամբուլում: Երկու ձևաչափերով էլ քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերի հեռանկարները ռազմակրթական համագործակցության և համատեղ զորավարժությունների անցկացման համատեքստում: Ստամբուլյան հանդիպումների օրակարգն, այնուամենայնիվ, զուրկ չի եղել նաև քաղաքական հարցերից։ Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելին հայտարարել է օդային տարածության մոնիթորինգի և, ընդհանուր զինավարժություններից զատ, նաև փոխադարձ քաղաքական աջակցության կարևորության մասին։ Ըստ նրա, խաղաղ և կայուն Կովկասի գոյության գաղափարի իրագործման համար Վրաստանի և Ադրբեջանի ջանքերը բավարար չեն, կարևոր է նաև Թուրքիայի ակտիվ մասնակցությունը։ Կողմերն ընդգծել են կարճ ժամանակահատվածում պաշտպանական ոլորտում համագործակցության մասին հռչակագրի ստորագրման կարևորությունը:

Դեկտեմբերին նախատեսվում էր նաև ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում Թբիլիսիում, սակայն այն չի կայացել Վրաստանի ԱԳ նախարար (հիմա արդեն վարչապետ) Գ.Կվիրիկաշվիլու ընտանիքին վրա հասած ծանր կորստի պատճառով։ Հանդիպումը հետաձգվել է 2016թ. առաջին եռամսյակ:

Նկատի ունենալով, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմաքաղաքական հետագա մերձեցումը շոշափում է Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի կենսական շահերը և նկատի ունենալով ռուս-թուրքական առկա լարվածությունը՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման միտումները, Վրաստան-Հայաստան բարիդրացիական հարաբերությունների կարևորության գիտակցումը և Վրաստանի ներկա ղեկավարության հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Վրաստանը, համագործակցության եռակողմ ձևաչափը պահպանելով հանդերձ, շահագրգռված չի լինի այն խորացնելու հարցում:

Տնտեսական հարաբերություններում Ադրբեջանը և Վրաստանը ձգտում են տարանցիկ նոր սակագների սահմանման միջոցով խթանել երկկողմանի բեռնափոխադրումները։ Ադրբեջանում Ի.Ալիևի հրամանագրով ստեղծվել է տարանցիկ բեռնափոխադրումների հարցերով Համակարգող խորհուրդ (նախագահ՝ ԱՀ էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շ.Մուստաֆաև), որն էլ կզբաղվի ոլորտի քաղաքականության մշակմամբ։ Վրաստանի ադրբեջանական համայնքի խնդրանքով Բաքուն քննարկում է նաև մաքսային դեպոզիտների վերացման հարցը2։

Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի և Վրաստանի հարաբերություններում նշանակալի տեղ է զբաղեցնում էներգակիրների հարցը։ Վերջին ամիսներին պաշտոնական Թբիլիսին ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանից և Իրանից գազ գնելու նպատակով։ Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Քալաձեի, այլ երկրներից գազ գնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Վրաստանի աճող պահանջարկով, ինչն Ադրբեջանն ի վիճակի չէ բավարարել։ Կ.Քալաձեն նշել է, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողանան արագացնել Շահ Դենիզ հանքավայրից գազատարի կառուցման տեմպերը, ապա Վրաստանը ստիպված չի լինի գազ գնել այլ երկրներից, իսկ եթե մինչև 2018թ. Վրաստանը կարիք ունենա գազի լրացուցիչ ծավալների, ապա այն ձեռք կբերի «Գազպրոմից»։ Արդեն 2016թ. Վրաստանը ծրագրում է ՌԴ-ից ստանալ 250.5 մլն մ3 գազ (ինչը 25.2%-ով ավելի է 2015թ. ծավալից), որից 65.9 մլն մ3-ն ուղղակի ներկրում է, իսկ 184.6 մլն-ը՝ Ռուսաստանից Հայաստան արտահանվող գազի տարանցման համար ստացվող 10%-ը։

Ադրբեջան–Թուրքիա

2015թ. դեկտեմբերին 15 օրվա ընթացքում Բաքու ժամանեցին Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Ղահրամանը3: Մոսկվա-Անկարա լարված հարաբերությունների խորապատկերին ավանդաբար քննարկվող երկկողմանի հարցերին ավելացել են նաև Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալների մեծացման և Ադրբեջանի տարածքով թուրքական բեռնատարների համար տարանցիկ պայմանների բարելավման հեռանկարները:

Եթե արտահանվող գազի ծավալների մեծացման հարցում Ադրբեջանի հնարավորությունները խիստ սահմանափակ են էներգակիրների գների անկման հետևանքով անհրաժեշտ ներդրումների սղության պատճառով, ապա մյուս հարցով Բաքուն փորձում է ամեն կերպ ձեռք մեկնել և մեղմել ռուսական պատժամիջոցների արդյունքում թուրքական բեռնափոխադրումների համար առաջացած դժվարությունները։ Այսպիսով, Ադրբեջանը թուրքական ավտոբուսների և բեռնատարների վարորդների համար երկարացրել է մուլտիվիզաների վավերականության (դարձնելով այն մեկ տարի) և Ադրբեջանում մշտապես մնալու (դարձնելով 90 օր նախկին 30-ի փոխարեն) ժամկետները, 20%-ով իջեցրել է Թուրքիայից Ղազախստան մեկնող կցասայլերով ստանդարտ բեռնատարների (երկարությունը՝ 16.5 մ) Կասպից ծովով փոխադրման սակագները (սահմանելով $1200)։

Ադրբեջան-ԱՄՆ

Անցած դեկտեմբերն Ադրբեջանի և ԱՄՆ փոխհարաբերություններում կարելի է որակել որպես օրինագծային դիրքային կռիվների ամիս։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովներում շրջանառության մեջ դրվեց երկու օրինագիծ, որոնք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսում (նախատեսվում է լիագումար նիստերին ներկայացնել 2016թ. փետրվարին):

Խոսքը ԱՄՆ Հելսինկյան հանձնախմբի ղեկավար, կոնգրեսական Քրիս Սմիթի («Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ 2015թ.», ներկայացված է ԱՄՆ Կոնգրես) և դեմոկրատ սենատոր Բեն Կարդինի (առաջարկում է «Մագնիտսկու» օրենքը կիրառել նաև Ադրբեջանի նկատմամբ, ներկայացված է ԱՄՆ Սենատ) նախագծերի մասին է:

Օրինագծերն ուղղված են քաղաքական ընդդիմության, անկախ ԶԼՄ-ի և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող բռնաճնշումների դեմ։ Դրանք շրջանառության մեջ դրվեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ի.Ալիևի համաներման վերջին հրամանագիրը չի տարածվում քաղբանտարկյալների վրա։

Ք.Սմիթի նախագիծը վիզային և ֆինանսական պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի կառավարության անդամների, ԱՄՆ-ի հետ գործարար կապեր ունեցող շրջանակների, անվտանգության, ուժային կառույցների և դատական համակարգի աշխատակիցների նկատմամբ։ Բ.Կարդենի օրինագիծն ավելի ընդգրկուն է և նախատեսում է ֆինանսական պատժամիջոցներ քաղբանտարկյալներ ունեցող երկրների կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հաջիևը, ԱՀ նախագահի հասարակական և քաղաքական հարցերով խորհրդական Ա.Հասանովը, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ա.Փաշազադեն, ԱՀ Միլի մեջլիսի մի շարք պատգամավորներ նշված օրինագծերը միաբերան որակեցին հակաադրբեջանական, հայկական լոբբիի գործունեության արդյունք և հույս հայտնեցին, որ այն պաշտոնական Վաշինգտոնի կողմից աջակցություն չի ստանա:

Իսկ Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռովշան Ռզաևը խորհրդարան ներկայացրեց «Մարդու իրավունքների իրավիճակը ԱՄՆ-ում» օրինագիծը, որը ԱՄՆ-ին մեղադրում է մարդու իրավունքների խախտումների, ռասայական և կրոնական խտրականության մեջ։ Նախագծում նաև նշվում է «ԱՄՆ կոռուպցիայի, ընտրությունների կեղծման, ընտրական համակարգի անկատարության և ԼՂ հակամարտությունում ԱՄՆ ոչ օբյեկտիվ դիրքորոշման» մասին, և առաջարկվում է վիզային պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ կառավարության անդամների, նրանց ընտանիքների, ԱՀ-ի հետ առնչություն ունեցող գործարար շրջանակների, Ադրբեջանը վարկաբեկող կոնգրեսականների, ԶԼՄ ղեկավարների, լոբբիստական խմբերի նկատմամբ, պետական մակարդակով սառեցնել ամերիկյան ընկերությունների հետ բոլոր կապերը և խզել առևտրատնտեսական բնույթի բոլոր գործող համաձայնագրերը, դադարեցնել համագործակցությունն էներգետիկ, ռազմական և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև ամերիկյան ՀԿ-ների ծրագրերն Ադրբեջանում, արգելել ադրբեջանական ենթակառուցվածքների օգտագործումն Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական ծրագրերի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբից հանել ԱՄՆ-ին։

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն ամենևին էլ նորություն չեն, և Բաքվին մինչև այժմ հաջողվում էր ԱՄՆ-ում լոբբինգի վրա ծախսվող ահռելի գումարների միջոցով չեզոքացնել նման զարգացումները: Ադրբեջանական լոբբինգն իրականացվում է հիմնականում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության, SOCAR-ի, Ադրբեջանա-ամերիկյան ալյանսի (ԱԱԱ) միջոցով և ծախսվող գումարների ծավալով 2014թ. տեղ է գտել առաջատար տասնյակում: Վերոնշյալ ԱԱԱ-ն4 անմիջականորեն կոնգրեսականների և սենատորների շրջանում լոբբիստական գործունեության վրա ծախսում էր պատկառելի գումարներ, մասնավորապես, նույն նպատակներով Fabiani&Co ընկերությանը 2014թ. վճարել է $2,4 մլն, իսկ 2015թ. առաջին ինն ամիսներին՝ $1,3 մլն: 2015թ. սեպտեմբերին5 ԱԱԱ-ն դադարեցնում է գործունեությունը, և ընդամենը երկու ամիս անց ԱՄՆ Կոնգրեսում և Սենատում շրջանառության մեջ են դրվում «հակաադրբեջանական» նշված օրինագծերը:

1 Ադրբեջանական SOCAR-ին առաջարկվել է ներդրումներ կատարել Իրանի նավթային ցամաքային հանքավայրերերում։

2 Ներկայումս Վրաստանից Ադրբեջան ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման դեպքում մաքսատուրքի փոխարեն դրան հավասար դեպոզիտային գումար է գանձվում։

3 2015թ. նոյեմբերին Բաքվում էր գտնվում նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մ.Չավուշօղլուն։

4 ԱԱԱ հիմնադիրը և ղեկավարը ԱՀ տրանսպորտի նախարարի որդին էր՝ Անար Մամեդովը։

5 Սա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ Անարի հայրը լուրջ խնդիրներ ուներ երկրի ներսում, և ոչ պաշտոնապես կասեցված էր նրա նախարարական գործունեությունը։ Խնդիրները հարթվեցին ԱՀ ԱԱՆ նախարար Է.Մահմուդովի պաշտոնանկությունից հետո։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր