• am
  • ru
  • en
Версия для печати
31.05.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ապրիլ, 2016թ.)

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Ապրիլին Արցախի Հանրապետության ներքաղաքական կանքում սպասվում էին երկրի ապագայի համար կարևոր նշանակության երկու հիմնական քաղաքական գործընթացներ: Նախ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մարտի 21-ին ստորագրած հրամանագրով ստեղծվել էր նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016թ. մայիսի 1-ը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016թ. սեպտեմբերի 10-ը, մշակել ու նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Երկրորդ կարևոր իրադարձությունը պայմանավորված էր ապրիլի 17-ին որոշ համայնքներում նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով:

Արտաքին քաղաքականության բնագավառում իրականացվելիք հիմնական քայլերը միտված էին Ղարաբաղյան հակամարտության ընթացիկ կարգավորման հարցերին, որոնց մի մասն ուղղված էր միջազգային հանրության շրջանակներում հիմնախնդրի իրական կերպարի ներկայացմանն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Ադրբեջանա-ղարաբաղյան քառօրյա պատերազմը

Արցախի Հանրապետության ապրիլ ամսվա ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունների օրակարգը գրեթե ամբողջությամբ փոփոխության ենթարկվեց՝ պայմանավորված Ադրբեջանի Հանրապետության կողմից երկրին սպառնացող ուղղակի ռազմական ներխուժման վտանգով: Կոպտորեն խախտելով 1994թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման եռակողմ (Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն) համաձայնագիրը և Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային պարտավորվածությունները՝ ադրբեջանական կողմն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում նախահարձակ ռազմական գործողություններ սկսեց հակամարտ զորքերի սահմանագծի ողջ երկայնքով:

Ռազմական գործողությունները մեկնարկեցին իսլամիստ ծայրահեղականների և Թուրքիայում պատրաստված հատուկջոկատայինների՝ Պաշտպանության բանակի դիրքեր դիվերսիոն ներթափանցմամբ, որոնց հաջողվեց հրետանու, ծանր զրահատեխնիկայի և օդուժի աջակցությամբ դիրքային որոշակի հաջողություններ արձանագրել ԼՂՀ հյուսիսային և հարավային ուղղություններում: Սակայն Հայրենիքի մերօրյա պաշտպանները սառնասրտորեն դիմակայեցին մինչև ատամները զինված հակառակորդին: Ծավալվեցին արյունահեղ մարտեր ամեն մի թիզ հողի համար: Ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների հրամանատարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ և հանդես բերեցին հերոսության անկրկնելի օրինակներ: Մարտական գործողություններն առավել թեժ էին ռազմաճակատի վերածված սահմանագծի հարավային՝ Հադրութի և հյուսիսային՝ Մարտակերտի ուղղություններում:

Աստիճանաբար մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ ադրբեջանական կողմն ապրիլի 4-5-ը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառեց զանգվածային ոչնչացման «ՏՕՍ» և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ընդլայնեց իսրայելական արտադրության գերժամանակակից «Հարոփ» հարվածային անօդաչու թռչող սարքերի (այս կամիկաձե ԱԹՍ-ներն առաջին անգամ կիրառվեցին Արցախյան ռազմաճակատում) և այլ ժամանակակից զինտեխնիկայի օգտագործումը: Նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունները, վերլուծաբաններին իրավամբ հիմք տվեցին քառօրյա պատերազմն անվանել թշնամու կողմից Արցախի դեմ մղված 6-րդ սերնդի պատերազմ:

Համազգային միասնությունը՝ Արցախին սպառնացող փորձությունը պատվով հաղթահարելու նախապայման

Հայրենյաց պաշտպանների դիրքերում իրականացրած հմուտ, անձնազոհ և հերոսական գործողությունների շնորհիվ կասեցվեց հակառակորդի հետագա առաջխաղացումը, իսկ նրան օգնության հասած ռեզերվային ուժերի, այդ թվում նաև պահեստազորայինների ու կամավորականների և հրետանու ճշգրիտ հարվածների շնորհիվ հնարավոր դարձավ ոչ միայն ձախողել Բաքվի ղեկավարության նենգ մտադրությունները, այլև այնպիսի հուժկու հարված հասցնել, որ Ի.Ալիևն ստիպված էր հանդես գալ կրակի դադարեցման առաջարկով:

Ադրբեջանի մտադրությունները ձախողվեցին նաև ԼՂՀ-ի դեմ ձեռնարկված հոգեբանական, քարոզչական, տեղեկատվական և այլ ժամանակակից տերմինաբանությամբ հիբրիդային անվանումը ստացած պատերազմներում: Դրա վառ վկայությունը դարձան այդ օրերին հայ հասարակության մեջ տիրող մարտական բարձր ոգին, միասնությունն ու հակառակորդին ամեն գնով հաղթելու պատրաստակամությունը: Արցախի համար ստեղծված այդ ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ Արցախից, ՀՀ-ից և Սփյուռքից, ինքնաբուխ կերպով՝ հայրենասիրական մղումներից դրդված, այցելում էին հայ զինվորներին, իրենց հետ տանելով առաջին անհրաժեշտության տարբեր տեսակի ապրանքներ՝ սնունդ, հագուստեղեն և կենցաղային պարագաներ, պատրաստակամություն հայտնում իրենց հնարավորությունների չափով աջակցելու և օգնություն ցուցաբերելու Արցախին: Այդ կապակցությամբ` թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծվեց օպերատիվ շտաբ, որը գլխավորեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով կառավարության աշխատակազմում նշանակվեցին պատասխանատուներ` կոնտակտային համապատասխան տվյալներով: Միաժամանակ բացվեցին հաշվեհամարներ, որոնց միջոցով ցանկացողներն իրենց դրամական ներդրումներն էին կատարում, որոնք ուղղվելու են Պաշտպանության բանակի հետագա մարտունակության ամրապնդմանը: Ապրիլի 4-30-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 5000 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 4 միլիարդ դրամ, ներառյալ արտարժույթով փոխանցումները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մաքոքային դիվանագիտությունը և հակամարտության կարգավորման հեռանկարները

Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երկու տասնամյակից ավելի ընթացող բանակցություններն այդպես էլ չբերեցին խաղաղ համաձայնագրի կնքման: Արդյունքում՝ բանակցությունները վերջին տարիներին՝ որպես այդպիսիք, փաստորեն Բաքվի կողմից տապալվեցին և միջնորդների օրակարգում որպես հրամայական դրվեց լարվածության ու բռնության մակարդակի նվազեցման հարցը: Ավելին, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը՝ մարտի վերջին ադրբեջանական կողմը հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելուց: Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ ունեցած իր ելույթում Ի.Ալիևը համանախագահներին անվանեց «սադրիչներ»՝ այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, և որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխությանը:

Այդուհանդերձ, քառօրյա պատերազմի ընթացքում ձախողվելով սեփական արկածախնդրության մեջ՝ ադրբեջանական կողմը ստիպված համաձայնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությանը: Արդյունքում՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը քառօրյա պատերազմին հաջորդող օրերին եղան Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Ապրիլի 7-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին առնչվող հարցեր: Նախագահը Բաքվի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր: Բակո Սահակյանն ընդգծել է նաև, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է մեր հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ, հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:

Նույն օրը ՊԲ շտաբում պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպմանը ՊԲ հրամանատարն անդրադարձել է հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ: Համանախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը:

Սակայն ադրբեջանական կողմը, շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը, նախ՝ ապրիլի 14-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում շրջանառության մեջ դրեց մի նամակ, որի նպատակն է միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միաժամանակ, ադրբեջանական կողմի հրադադարի պահպանման բանավոր պայմանավորվածության կոպիտ խախտումները, մասնավորապես՝ ապրիլյան վերջին օրերին հայ դիրքապահների և խաղաղ բնակավայրերի հրետակոծություններն ի ցույց դրեցին, որ պատերազմն ավարտաված չէ, և ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ տարբեր երկրների քաղաքական գործիչների հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը դատապարտված են ձախողման: Ընդհանուր առմամբ, ապրիլն ավարտվեց ղարաբաղյան խնդրով բանակցությունների հետագա շարունակման մշուշոտ հեռանկարով: Ինչպես ՀՀ նախագահն այս մասին խոսեց Bloomberg գործակալությանը տված իր հարցազրույցում, հնարավոր չէ, որ մի տեղում ռազմական գործողություններ ընթանան, մյուս տեղում էլ բանակցություններ վարեն:

Միջազգային հանրության և լրատվամիջոցների անդրադարձը քառօրյա պատերազմին

Պետք է նկատել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանն արձագանքեցին աշխարհի բազմաթիվ երկրների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունների ղեկավարները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, Մինսկի խմբի համանախագահների եռյակը և մյուսներն ափսոսանք են հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել՝ թույլ չտալու համար մարդկային նոր կորուստներ: Բոլոր այս հայտարարությունների միջով անցնում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չունենալու գաղափարը, որն, ինչ խոսք, միայն ու միայն ողջունել կարելի է:

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան անուղղակիորեն նպաստեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այդ օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները դարձան թոփ թեմա միջազգային այնպիսի լրատվական կայքերում և հեռուստատեսային ալիքներում, ինչպիսին են, օրինակ Stratfor-ը, France 24-ը, BBC-ն, Euro News-ը, CNN-ը, Reuters-ը, New York Times-ը, Aljazeera-ն և այլն: Հատկանշական է, որ միջազգային լրատվականներից շատերը տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար ԼՂՀ էին գործուղել իրենց թղթակիցներին, ովքեր այցելում էին առաջնագիծ, զրուցում զինծառայողների ու բնակիչների հետ, այցելում հիվանդանոցներ, որտեղ բուժում էին ստանում ագրեսիայից տուժած զինվորականներ, քաղաքացիական անձինք, այդ թվում նաև երեխաներ և ծերեր:

Այս համատեքստում մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ առաջատար լրատվամիջոցներն Արցախի վերաբերյալ պատրաստված իրենց տեսանյութերի մեծ մասում ադրբեջանական պաշտոնական տեսակետի կողքին ներկայացնում էին նաև պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը` զրուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնյաների հետ: Դրանց շարքում ամենաքննարկվածը CNN-ի լրատվական թողարկումն էր, որի ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Էլմար Մամեդյարովի և Կարեն Միրզոյանի հետ` որպես հակամարտության կողմերի արտգործնախարարներ: Արտերկրում գտնվող ԼՂՀ ներկայացուցիչներն այդ օրերին նույնպես միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էին: Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Ավստրալիայում և այլ երկրներում Արցախի ներկայացուցիչները հնարավորություն ստացան իրենց տեսակետը հայտնել և բարձրաձայնել ադրբեջանական ագրեսիայի մասին այնպիսի հեղինակավոր մեդիա ընկերությունների եթերում, ինչպիսին են France 24-ը, Aljazeera-ն, ABC News-ը, Sputnik-ը, Al-Masdar-ը և այլն: Զուգահեռաբար առաջատար վերլուծական ընկերություններում տպագրվեցին բազմաթիվ վերլուծական հոդվածներ, որոնցում փորձ էր արված հասկանալ Ղարաբաղյան հակամարտության ակունքները, կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև լարվածության ներկայիս պատճառները: Դրանցում հիմնականում եզրակացվում է, որ որպես 1990-ականների սկզբին պատերազմում պարտված կողմ` հրադադարի խախտումն ավելի շատ բխում է Ադրբեջանի շահերից:

Տարբեր երկրների բազմաթիվ խորհրդարանականներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի` հանդես գալով միասնական կոչերով, սոցիալական էջերում կատարելով գրառումներ, մասնակցելով տարբեր միջոցառումների և այլն: Օրինակ, Ֆրանսիայի խորհրդարանականներն իրենց «Le Monde» պարբերականում տպագրած միասնական հայտարարության մեջ անդրադարձան հետևյալ երկու կարևոր թեզերին. միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրեց ադրբեջանական կողմի ներկայիս ագրեսիային և ադրբեջանական ագրեսիան ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում: 85 ԱՄՆ կոնգրեսականներ հանդես եկան կոչով` պահանջելով ԱՄՆ նախագահից աջակցել հակամարտության շրջանակներում կոնկրետ քայլերի իրականացմանը, ինչպես, օրինակ, սահմաններին հետաքննության մեխանիզմների տեղադրում, դիպուկահարների դուրսբերում և այլն: Այս քայլերն աջակցություն են ստացել Արցախի և Հայաստանի կողմից, սակայն մերժվել են Ադրբեջանի կողմից, ինչը, ըստ կոնգրեսականների, ապացուցում է Ադրբեջանի` հակամարտության ագրեսիվ կողմ լինելու փաստը:

Հայկական Սփյուռքը նույնպես իր ներդրումն ունեցավ վերջին օրերին Արցախի ճանաչելիության բարձրացման հարցում: ԱՄՆ-ում, Ավստրալիայում, եվրոպական և արաբական մի շարք երկրներում սփյուռքահայերը կազմակերպեցին բողոքի ակցիաներ` հանդես գալով «Արցախ» գրառումը կրող տարբեր պաստառներով և արտահայտելով իրենց բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:

Արտաքին հիմնական իրադարձությունների տեսություն

Քառօրյա պատերազմն առիթ դարձավ ինչպես ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք հարաբերությունների հետագա խորացման, այնպես էլ տարբեր երկրների խորհրդարանականների Արցախ այցելության և Ղարաբաղյան հակամարտությունը տարբեր ձևաչափերում քննարկելու համար: Այս համատեքստում նորից հանրային օրակարգ մտավ ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը: Այն քննարկվեց նաև ՀՀ նախագահի ապրիլի 2-ին հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում: Սերժ Սարգսյանը հանձնարարեց արտաքին գործերի նախարարությանը համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Արցախին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ-ից և Սփյուռքից բազմաթիվ հասարակական քաղաքական գործիչներ այցելեցին Արցախ: Հատկապես առավել ակտիվ էին ՀՀ ԱԺ պատգամավորները, խմբակցությունների ղեկավարներն ու կուսակցությունների առաջնորդները, ովքեր, մի կողմ թողնելով ներքաղաքական հակասությունները, Արցախ ժամանելով պատրաստակամություն էին հայտնում իրենց ուժերը ներդնել ծառացած հիմնախնդիրները լուծելու նպատակով: Այս համատեքստում՝ ապրիլի 12-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում ելույթ ունեցան ԼՂՀ-ի և ՀՀ-ի շուրջ երկու տասնյակ պատգամավորներ: Քննարկվեց պաշտպանության, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական և այլ կարգի համագործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է, որ նման ձևաչափով քննարկումները կարևոր են՝ ստեղծված ոչ սովորական պայմաններում գտնելու արդյունավետ համագործակցության համար պահանջվող գործիքակազմ:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրներն էին ընկած ապրիլի 4-ին Մերձդնեստրյան, իսկ ապրիլի 6-ին Աբխազիայի Հանրապետության ու Հարավային Օսիայի Հանրապետության կողմերի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի, Աբխազիայի և ՀՕՀ ԱԳՆ ղեկավարներ Վյաչեսլավ Չիրիբկայի և Կազբուլատ Ցխովրեբովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները: Զրույցի ընթացքում հիշյալ երկրների ԱԳՆ ղեկավարները իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն են հայտնել Արցախին և հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Արտաքին քաղաքականության իրադարձություններից կարելի է առանձնացնել Բասկերի երկրի խորհրդարանի ապրիլի 14-ին ընդունած հայտարարությունը՝ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գոծողությունների վերաբերյալ և ապրիլի 20-ին ԱՄՆ Հավայներ նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի խորհրդի ընդունած բանաձևը: Հակիրճ ներկայացնելով հակամարտության պատմական զարգացման ընթացքը և բացառելով ուժի կիրառմամբ հիմնախնդրի լուծումը՝ Բասկերի խորհրդարանը հայտարարության մեջ կարևորեց կողմերի երկխոսությունը, տվյալ բնակչության մեծամասնության կամքի հարգումը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշման, խրախուսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը, որին Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր մասնակցությունը: ԱՄՆ Հավայներ նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի խորհուրդը 16-78, CDI բանաձևով մասնավորապես քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը, և կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը: Հարկ է նշել, որ մինչ այդ՝ մարտի վերջին, ԱՄՆ Հավայներ նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է ԼՂՀ ճանաչման բանաձև՝ դառնալով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչած ԱՄՆ 7-րդ նահանգը:

Հայոց կաթողիկոսներն ապրիլի 13-14-ը Արցախ կատարեցին պատմական այցելություն: Արցախ առաջին անգամ ոտք դնող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր խոսքում շեշտեց, որ եկել են աշխարհին հիշեցնելու՝ Ղարաբաղը մերն էր, մերն է ու մերն էլ պետք է լինի: «Անկախացած երկրում նորից պատերազմ տեսած բնակչությանը հույս ու հավատ ենք բերել Մայր Աթոռից»,- իր խոսքում շեշտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հայոց եկեղեցու երկու հայրապետները Գանձասարի բարձունքից, Շուշիից ու մյուս եկեղեցիներից իրենց աղոթքը հղեցին առ Աստված, օրհնեցին մեր քաջարի զինվորներին՝ գլուխ խոնարհելով նրանց առաջ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում էին պատերազմական գործողությունների և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր: Քննարկվեց նաև պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Բավական հագեցած էր նաև ապրիլի 18-20-ը աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի օրակարգը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահի հետ միասին անց է կացրել մի շարք խորհրդակցություններ Պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմի, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչների միջև: Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել այս ծանր օրերին Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությունն Արցախին և համայն հայության համախմբումն ու միասնականությունը՝ այն համարելով մեր բոլոր հաղթանակների հիմնական գրավականներից մեկը: Ապրիլի 19-ին հայկական զույգ պետությունների ղեկավարներն այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Այնուհետև ԼՂՀ և ՀՀ նախագահները, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր և հրամանատարական կազմի հետ անցկացրած խորհրդակցությունում քննարկել տիրող իրավիճակին ու զինվորների ծառայության ընթացքին վերաբերող հարցեր:

Քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Արցախի Հանրապետությանը սատարելու նպատակով ապրիլին ժամանեցին եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականներ: Տարբեր օրերի Արցախ ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելին, Լատվիայի Հանրապետության Սեյմի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան, Հունաստանի Համապոնտական դաշնության պատվիրակությունը՝ կառույցի ղեկավար Խրիստոս Դմիտրիոս Տոպալիդիսի գլխավորությամբ, Եվրոպական խորհրդարանի Արցախի հետ աշխատող խմբի ղեկավար Ֆրանկ Ենգելը ընդունելության են արժանացել ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳՆ ղեկավարի կողմից: Հանդիպումների ընթացքում հյուրերի խնդրանքով ներկայացվել է ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների նկարագիրը, անդրադարձ է կատարվել դրանց հետևանքներին:

Ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առարկա դարձավ նաև Եվրախորհրդարանի ապրիլի 12-ի լիագումար նիստում: Եվրոպական պատգամավորների ելույթների առանցքում այն միտքն էր, որ Արցախի ժողովուրդն իր ազգային ազատագրական պայքարի շնորհիվ փրկվել է մի նոր ցեղասպանությունից, հետևաբար միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի այս իրողության հետ և արցախցիների խաղաղ գոյատևման երաշխիքներ ապահովի: Հնչեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին կոչեր՝ այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանը մնացել է նույն ագրեսոր պետությունը, ինչ 20 տարի առաջ էր:

Ապրիլի 19-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 44 պատվիրակների ստորագրությամբ գրավոր հռչակագիր ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Լինելով համոզված, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը չունի այլընտրանք, Խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը միջազգայնորեն համաձայնեցված միակ միջնորդական ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` հասնելու այս հակամարտության տևական և արդար կարգավորման: Հետևաբար, մենք հորդորում ենք հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը` չխաթարելու իրենց մանդատը և չբարդացնելու ընթացող բանակցությունները: ...Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների` վստահության ամրապնդման միջոցառումների և 1994թ. զինադադարի համաձայնագրի ամրապնդման վերաբերյալ այլ առաջարկությունները կնպաստեն լարվածության նվազմանն ու խաղաղ բանակցությունների առաջմղման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր