• am
  • ru
  • en
Версия для печати
28.06.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՄԱՅԻՍԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Եվրակառույցների և ԱՄՆ ճնշումների ներքո քաղբանտարկյալների մի մասին ազատ արձակելով հանդերձ՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումները քաղաքական և կրոնական այլախոհության, ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Մարտին հայտարարված համաներման1 միջոցով թեև ազատության մեջ էր հայտնվել մոտ 100 քաղբանտարկյալ, սակայն միջազգային հանրության ուշադրությունը շարունակում էր սևեռված մնալ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: Վերջինս 2015թ. 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել յուրացման, անօրինական գործարարությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու և պաշտոնական դիրքի չարաշահման շինծու մեղադրանքներով։ Այս ամիս ԱՀ Գերագույն դատարանը անհիմն համարեց երկու հոդվածներով սահմանված մեղադրանքները և նախկին պատիժը փոխարինեց 3,5 տարվա պայմանական ազատազրկմամբ, ինչի արդյունքում Խ.Իսմայիլովան հայտնվեց ազատության մեջ2։ Amnesty International միջազգային կազմակերպության կարծիքով՝ արդարության վերականգնման համար Խ.Իսմայիլովան պետք է ամբողջությամբ արդարացվի։ Այդպիսի կոչով ԱՀ իշխանություններին դիմել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը՝ միաժամանակ սակայն, դրական գնահատելով դատարանի նշված որոշումը։

Շինծու մեղադրանքներով նույնիսկ բողոքի խորհրդանշական ակցիաների մասնակիցներին խստորեն պատժելը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քաղաքականություն: Այդպիսի վերաբերմունքի արժանացան Հ.Ալիևի ծննդյան նախօրյակին3 նրա արձանի վրա «Շնորհավորում եմ ստրուկների տոնի կապակցությամբ» գրառումը կատարած NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովը և Գիյասեդդին Իբրահիմովը։ Ոստիկանական բաժանմունքում խոշտանգման ենթարկելուց հետո երիտասարդներին առաջարկվել է տեսախցիկների առջև ներողություն խնդրել կատարած քայլի համար: Մերժում ստանալով՝ ԱՀ իրավապահները Բ.Մամեդովին և Գ.Իբրահիմովին մեղադրանք են առաջադրել խոշոր չափերով թմրանյութ պահելու կասկածանքով։ NIDA ակտիվիստների ձերբակալության առնչությամբ բողոքի ցույց է անցկացվել Գերմանիայում ԱՀ դեսպանատան առջև, «Մենք ստրուկներ չենք, թմրամոլներ չենք: Մենք երիտասարդություն ենք, որին դուք ցանկանում եք վերացնել» գրությամբ պաստառներ են փակցվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում ԱՀ դեսպանատների մուտքերին։

Բաքվի «շեհիդների ծառուղի» կատարած այցի ընթացքում ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Սամիր Հասանովը, իսկ մյուս ակտիվիստ Իսլամ Հասանովից ոստիկաններն առգրավել են տեսախցիկը և ջնջել արված լուսանկարները։ Հայտնի է, որ ԱՀ իշխանությունները պաշտոնապես գաղտնի են պահում ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ԶՈւ կորուստների մասին տվյալները, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ծառուղում թաղված են մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած «շեհիդներ», իրավապահները փորձել են կանխել անցանկալի լուսանկարների հրապարակումը։

Ապրիլյան պատերազմից հետո կարծես նոր թափ են ստացել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների, հատկապես թալիշների նկատմամբ ճնշումները, ինչի մասին ահազանգում են Ռուսաստանում գործող թալիշական կազմակերպությունները։ Մասնավորապես, ԱՀ ԶՈւ կորուստների մասին ոչ պաշտոնական տվյալներ հրապարակելու պատճառով ոստիկանական բաժանմունք է կանչվել թալիշ ակտիվիստ Զաուր Սուլթանովը և անհայտ հանգամանքներում մահացել։ Արժանահավատ չի թվում պաշտոնական այն վարկածը, որ Զ.Սուլթանովը ոստիկանության բաժանմունքում մահացել է սրտի անբավարարության պատճառով։ Վերջինիս ընտանիքի անդամները և ընկերները համոզված են, որ երիտասարդը մահացել է խոշտանգումների հետևանքով: Այս դեպքի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում կատարած մեկ այլ ակտիվիստ (նույնպես ազգությամբ թալիշ) Ա.Քազիմովը ձերբակալվել է։

Մյուս դեպքը գրանցվել է ԱՀ Մասալինյան շրջանի Մահմուդավար գյուղում, երբ Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները փորձել են մոտակա բաժին տանել ԼՂՀ տարածքից հեռարձակվող Թալիշական ազգային հեռուստաընկերության ծրագրերի խմբագիր, թալիշ գրող Զաբիլա Մադոժի 90-ամյա մորը, և միայն գյուղի բնակիչների միջամտության արդյունքում են ոստիկանները հեռացել: Սրանով ԱՀ իրավապահները փորձել են ահաբեկել Զ.Մադոժին և ստիպել հրաժարվել հասարակական գործունեությունից: Ի դեպ, ադրբեջանական տոտալ քարոզչության պայմաններում հատկապես ապրիլյան պատերազմի և դրան հաջորդող օրերին կտրուկ աճել է Ադրբեջանից Թալիշական հեռուստընկերությանը հետևողների թիվը։

Սոցիալ-տնտեսական. ԱՀ ԿԲ ներկայացրած տվյալների համաձայն, 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում տնտեսությունում արված ներդրումները 34,2%-ով նվազել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նավթային ոլորտում կատարված ներդրումները կազմել են 2.3 մլրդ մանաթ ($1.53 մլրդ), իսկ ոչ նավթային ոլորտում՝ 600 մլն ($397 մլն)։ Ներդրումները նվազել են գրեթե բոլոր ուղղություններով. գյուղատնտեսություն՝ 74,1%, արդյունաբերություն՝ 12,8%, հեռահաղորդակցություն և կապ՝ 87,6%, շինարարություն՝ 48,3%, տրանսպորտ՝ 46,2%, անշարժ գույք՝ 29,2%, զբոսաշրջություն և ծառայությունների ոլորտ՝ 83,3%, առևտրի ոլորտ՝ 89,5%։ Ներդրումների նվազման մասին է վկայում նաև այն փաստը, որ 2015թ. ընթացքում ԱՀ-ում փակվել են արտերկրյա 71 ընկերությունների ներկայացուցչություններ: Սակայն այս իրավիճակում անգամ ԱՀ նախագահը հրապարակային ելույթներում խոսում է տնտեսությունում արված ներդրումների աճի, գյուղատնտեսության և առևտրի զարգացման մասին։

Ադրբեջանի տնտեսության խնդիրներին են անդրադարձել միջազգային վարկանշային Moody’s և Fitch գործակալությունները։

Moody’s-ի գնահատմամբ, Ադրբեջանի տնտեսությունը մինչև 2016թ. վերջ գտնվելու է ռեցեսիայի վիճակում նավթի ցածր գների և մանաթի արժեզրկման պատճառով։ Կանխատեսումների համաձայն, ԱՀ բանկային համակարգն առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում լուրջ խնդիրների առջև է կանգնելու խնդրահարույց վարկերի թվի աճի (դրանք աճելու են 4%-ով՝ հասնելով 20%-ի), եկամտաբերության և կապիտալիզացիայի անկման պատճառով: Գործակալությունը նաև մատնանշել է, որ Ադրբեջանում կտրուկ ընկել է ազգային արժույթի նկատմամբ ազգաբնակչության վստահությունը. ներկա պահին բանկերում ավանդների մոտ 82%-ը ամերիկյան դոլարով ու եվրոյով է:

Ադրբեջանի բանկային համակարգի նույն խնդիրներն են մատնանշում նաև Fitch-ը (Dollarisation in CIS/Georgian Banking Sectors զեկույցում) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Ս.Չակրաբարտին (վերջինս այս մասին հայտարարել է Բաքվում)։

Համաշխարհային բանկի «Ֆինանսական ներուժը և ներգրավվածության ընդլայնումը Ադրբեջանում» զեկույցում նշվում է ԱՀ ֆինանսական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին: ՀԲ տվյալներով, Ադրբեջանի չափահաս բնակչության միայն 36.4%-ն ունի բանկային հաշիվներ, ինչը ցածր է անգամ հետխորհրդային հանրապետությունների համեմատ: Ադրբեջանն ունի Եվրոպայում ամենացածր ցուցանիշներից մեկը բանկային ցանցի առումով (1000 չափահաս բնակչին բաժին է ընկնում 1 բանկային մասնաճյուղ), վատ են զարգացած ժամանակակից բանկային ծառայությունները ոչ միայն բանկերում, այլ նաև ոչ բանկային վարկային կազմակերպություններում:

Մանաթով վարկերի տրամադրման ընդհանուր դժվարություններից զատ, հայ-ադրբեջանական շփման գծին մոտ ապրող ԱՀ քաղաքացիները հանդիպում են լրացուցիչ խնդիրների, որովհետև այդ շրջանների բնակչության վարկերի վերադարձումը բանկերի կողմից գնահատվում է առավել ռիսկային: Այդպիսի դեպքեր են գրանցվել Accesbank և Nikoil բանկերի ԱՀ Թարթառի շրջանի մասնաճյուղերում։

ԱՀ ԿԲ հաշվետվության համաձայն, նվազել է արտարժույթի պահանջարկը, մասնավորապես 2016թ. առաջին եռամսյակում բանկերը բնակչությանը վաճառել են $79 մլն, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 55 անգամ (2016թ. առաջին եռամսյակում ԱՄՆ դոլարով է արվել արտարժութային գործարքների 82%-ը): Նույն ժամանակահատվածի համեմատ 2.8 անգամ նվազել են ԱՄՆ դոլարով իրականացված գործարքները, 2.7 անգամ` եվրոյով: ԱՀ ԿԲ-ն արտարժույթի պահանջարկի կտրուկ նվազումը կապում է ներկրման ծավալների նվազման հետ: Հարկ է նշել, որ միայն ավտոմեքենաների ներկրումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2016թ. առաջին եռամսյակում նվազել է 7.4 անգամ:

Տնտեսության առկա վիճակի գնահատականներին և հոռետեսական կանխատեսումներին հակառակ, ԱՀ ԿԲ նախագահ Է.Ռուստամովը պնդում է, որ մանաթը մինչև տարեվերջ կայուն կմնա:

Հարկ է նշել, որ մանաթի դեկտեմբերյան փլուզումից երկու ամիս առաջ նույնպես ԱՀ ԿԲ-ն բացառում էր մանաթի արժեզրկումը և հպարտությամբ նշում, որ ԱՊՀ տարածքում այն ամենակայուն արտարժույթն է:

Կոռուպցիա. ԱՀ նախագահ Ի.Ալիևի և իր ընտանիքի արտերկրյա ունեցվածքի մասին նոր բացահայտումներով է հանդես եկել Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP)։ Ըստ նշված զեկույցի, արտերկրում Ալիևներին պատկանող անշարժ գույքը գնահատվում է $140 մլն։ Հաստատվում են նաև նախորդիվ արված այն պնդումները, որ ալիևյան կլանը օֆշորային ընկերությունների միջոցով ադրբեջանական տնտեսության այլ ճյուղերի թվում վերահսկում է նաև ոսկու հանքերը։ 2007թ. առանց որևէ մրցույթի մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 6 ոսկու հանք4 փոխանցվել էր չորս արտասահմանյան ընկերության, որոնք, 2012թ. Խադիջա Իսմայիլովայի և OCCRP-ի կողմից իրականացված հետաքննության համաձայն, ամբողջությամբ պատկանում են Ի.Ալիևի ընտանիքին։ Այդ ընկերությունների թվում է նաև Londex Resources S.A.-ն, որին է պատկանում AzerGold ՓԲԸ5 բաժնետոմսերի 45%-ը։ Եվ ահա, վերջերս պանամական Mossack Fonsecaya ընկերության հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ Londex Resources S.A. ընկերության սեփականատերերը Ի.Ալիևի դուստրերն են՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ Վերջին տարիներին նշված հանքերի ոչ արդյունավետ կառավարման արդյունքում խնդիրներ էին առաջացել ներդրված գումարների վերադարձման6, արդյունահանված ոսկու իրացման և աշխատավարձերի վճարման հետ կապված։

Եվ ահա, մայիսի 25-ին ստորագրած հրամանագրով Ի.Ալիևը հանձնարարում է ԱՀ էկոնոմիկայի և բնական ռեսուրսների նախարարությանը և AzerGold ՓԲԸ-ին միջոցներ ձեռնարկել ընկերության մյուս բաժնետերերի բաժնեմասը գնելու ուղղությամբ և երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել գործարքի համար ֆինանսական միջոցների հայթայթման վերաբերյալ։ Հրամանագրում նշվում է, որ օտարերկրյա ընկերություններից դրանց մասնաբաժինը գնելու հիմք է հանդիսանում բաժնետոմսերը վաճառելու վերաբերյալ վերջիններիս արած առաջարկը, ինչպես նաև դրանք գնելու տնտեսական նպատակահարմարությունը, որի վերաբերյալ ԱՀ բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն:

Այսպիսով, կոռուպցիոն եղանակով յուրացված պետական ունեցվածքը Ի.Ալիևը վաճառում է նույն այդ պետությանը՝ միաժամանակ փոխհատուցում ստանալով նաև ոչ արդյունավետ կառավարման հետևանքով կրած վնասների համար։

Ռազմական. ԱՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն, 2015թ. պաշտպանական բյուջետային ծախսերը 13.5%-ով գերազանցել են 2014թ. ցուցանիշները՝ 2.8 մլրդ մանաթից հասնելով մոտ 3.2 մլրդ-ի։ Սակայն եթե հաշվի առնենք նշված ժամանակահատվածում մանաթի փոխարժեքի փոփոխությունները7, ապա պարզ կդառնա, որ պաշտպանական բյուջեն ԱՄՆ դոլարային արտահայտմամբ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով8 ($3.6 մլրդ-ից դառնալով $3.2 մլրդ)։ Սրան զուգահեռ, 2015թ. ԱՀ պետական բյուջեում 2.9%-ով աճել է պաշտպանական ծախսերի տեսակարար կշիռը՝ կազմելով 18.1%։

Ադրբեջանում ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերի շրջանակներում սպառազինության և զինտեխնիկայի սեփական արտադրություն հիմնելու մտադրության մասին է հայտարարել ԱՀ պաշտպանական արդյունաբերության նախարար Յ.Ջամալովը։ Մասնավորապես, առաջիկա երեք ամսում նախատեսվում է սկսել ադրբեջանական արտադրության նոր սերնդի հարվածային Zərbə («Հարված») ԱԹՍ-ների փորձարկումները, իսկ 2016թ. հուլիսին՝ ռազմական նոր գործարանների բացումը։

Հուլիսի վերջից Ադրբեջանը ծրագրում է սկսել ԱՀ ԶՈւ 100 մմ, 122 մմ, 130 մմ, 152 մմ և 155 մմ տրամաչափի հրետանային համակարգերի և տանկերի համար զինամթերքի արտադրություն, ինչն ամբողջությամբ կապահովի ԱՀ ԶՈւ պահանջարկը։ Կառավարվող հրթիռների արտադրության տեխնոլոգիաների ձեռքբերման և ԱՀ-ում դրանց արտադրություն հիմնելու նպատակով9 բանակցություններ են վարվում թուրքական Raketsan կոնցեռնի և Հարավաֆրիկյան Հանրապետության մի շարք ընկերությունների հետ10։ Այսպիսով, ԱՀ-ը քայլեր է ձեռնարկում ԱՀ ԶՈւ սպառազինության և զինամթերքի ապահովման տեսանկյունից հնարավոր առավելագույն անկախություն ստանալու ուղղությամբ:

Միաժամանակ, ԱՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, Զ.Հասանովի հրամանով պլանային միջոցառումներ են իրականացվում ապրիլյան պատերազմի հետևանքով տեխնիկայի և զինամթերքի առաջացած պակասորդի համալրման, սահմանագծին մոտ գտնվող զորամասերի ապահովման, երկարատև ռազմական գործողությունների համար հավելյալ և անձեռնմխելի պահուստների ստեղծման նպատակով։

1 Մայիսի 28-ին, «Հանրապետության օրվա» կապակցությամբ, էլ ավելի համընդգրկուն համաներման առաջարկով է հանդես եկել ԱՀ Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան։ Հունիսի 15-ին ուժի մեջ մտնող և 4 տարվա ընթացքում իրականացվելիք համաներումը կանդրադառնա մոտ 10 հազար դատապարտյալի վրա, որոնցից 3500-ն ազատ կարձակվի։

2 Վերջերս ազատության մեջ հայտնված նախկին քաղբանտարկյալներ Արիֆ և Լեյլա Յունուսներն արդեն հեռացել են Ադրբեջանից և դիմել Նիդեռլանդների կառավարությանը՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։

3 Այդ օրն Ադրբեջանում նշվում է որպես «Ծաղիկների տոն»։

4 Դրանց թվում է նաև «Չովդար» ոսկու հանքավայրը, որի պահուստները գնահատվում են $2.5 մլրդ։

5 AzerGold ՓԲԸ-ն պետական ընկերություն է, որը մասնագիտացած է գունավոր մետաղների հետախուզման, արդյունահանման և հանքավայրերի կառավարման մեջ:

6 Panama Papers ֆինանսական փաստաթղթերը վկայում են, որ մասնավորապես «Չովդար» հանքում ներդրված $230 մլն-ի դիմաց հաջողվել է ստանալ $30 մլն։

7 2014թ. ամբողջ տարվա ընթացքում ԱՄն դոլարը հավասար է եղել մոտ 0.78 մանաթի, իսկ 2015թ. փետրվար–դեկտեմբերի ընթացքում՝ մոտ 1 մանաթի (այս հաշվարկում չենք ներառում անգամ մանաթի դեկտեմբերյան փլուզումը, որի արդյունքում $1-ը հավասարվեց 1.51 մանաթի)։

8 2016թ. պաշտպանական բյուջեի նվազումները 2015թ. համեմատ շատ ավելի մեծ են։ Տե՛ս Ա.Բարսեղյան, Ադրբեջանը 2016թ. փետրվարին (ներքին իրավիճակ), http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14499.

9 Խոսքը «երկիր-երկիր», «օդ-երկիր» և «օդ-օդ» դասի հրթիռների մասին է։ Բացի դրանից, վերջերս ԱՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար, գեներալ-մայոր Զ.Հուսեյնովը հայտարարել էր 200, 300, 500 կմ հեռահարությամբ օպերատիվ-մարտավարական հրթիռների գնման Ադրբեջանի մտադրության մասին։

10 ԱՀ-ին հրթիռային տեխնոլոգիաների փոխանցման պատրաստակամության մասին է հայտարարել Մալայզիայում գործող բրազիլական մի ընկերություն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր