• am
  • ru
  • en
Версия для печати
15.07.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. հունիս)

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Ղարաբաղյան հակամարտություն. Հունիսին առավել ակտիվությամբ շարունակվեցին մայիսին վերսկսված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական քայլերը: Ամսվա սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Ադրբեջանի, հունիսի 2-ին Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն տարածեցին, որի մեջ ասվում է, որ հանդիպումներում քննարկվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում ընդունված որոշումների իրագործման հարցը: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնել հանդիպումների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, վերահաստատվում էր կողմերի հավատարմությունը մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածություններին` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

Ինչպես սպասելի էր, այս անգամ ևս հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքում տեղի չունեցավ: Հանդիպման առանցքային հարցը, ըստ էության, նոր պատերազմի վերսկսում թույլ չտալու, իսկ հեռանկարում՝ հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ նախապայմանների ստեղծումն էր: Սակայն հանդիպումից հետո ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ն.Մամեդովը հայտարարեց, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնախնդիրը լուծել փուլային եղանակով։ «Այսինքն՝ նախ հայկական կողմը հանձնում է հինգ շրջանները, ապա՝ ևս երկու շրջան, և միջանցք է բացվում, այնուհետև որոշվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- նշել է նա: Ն.Մամեդովի հայտարարությունն «անբարեխիղճ է և խեղաթյուրված»: Դա փորձ է ադրբեջանական կողմից՝ յուրովի մեկնաբանել այն պայմանավորվածությունները, որոնց հասել են կողմերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Զախարովան հունիսի 23-ի ճեպազրույցում:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ներկայացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Արցախում խնդրի փուլային լուծմանը միայն մեկ դեպքում կհամաձայնեն՝ եթե սկզբում ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Տարածքների հանձնման հարցի վերաբերյալ Դավիթ Բաբայանը նշեց. «Ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, որովհետև բոլորի համար էլ պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք: Հիմնախնդիրն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում գայթակղություն չլինի՝ նորից հարցը կարգավորել ուժային տարբերակով»:

Շարունակելով ապակառուցողական քաղաքականությունը՝ Ի.Ալիևը հունիսի 25-ին հայտարարեց, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառման որևէ անհրաժեշտություն չկա: Եթե դրա տակ հասկացվում են հակամարտության «սառեցումը» և շփման գծում ինչ-որ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը, Ադրբեջանն, իհարկե, չի գնա այդ քայլին: Ինչ վերաբերում է բուն հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ ԱՀ նախագահի, հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Արցախ-Բելգիա. ԼՂՀ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններից կարևորությամբ անհրաժեշտ է առանձնացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բելգիայի Թագավորություն կատարած այցելությունը: Նման հանդիպումները կարևոր են Ղարաբաղյան հակամարտության էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի և ԼՂՀ իշխանությունների նախաձեռնողական գործունեության տեսանկյունից:

Այս համատեքստում, հունիսի 7-11-ին կայացավ ԼՂՀ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հունիսի 8-ին Բրյուսելում Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի, հունիսի 9-ին՝ Բրյուսելի Ֆլամանդական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորությամբ, հունիսի 10-ին՝ Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի պատգամավորների հետ՝ նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ: Քննարկումների առանցքում երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերն էին: Նախագահը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել այդ հարաբերությունները և ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:

Այնուհետև Արցախի նախագահը «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ, անդրադարձել Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային գործընթացներին: Բակո Սահակյանի վերջին կանգառը Բելգիայի Մեխելեն քաղաքն էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի և այլ պաշտոնյաների հետ: Ամփոփելով Բելգիա այցելությունը՝ նախագահն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ դրանք ունեն խոստումնալից հեռանկարներ և փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ:

Հունիսի 16-ին մեկնարկեց ԼՂՀ արտգործնախարարի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն: Կ.Միրզոյանը հանդիպումներ ունեցավ քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Նախարարը ներկայացրեց նաև Արցախում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը և ազատ ու ժողովրդավարական հասարակության ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հայաստան-Արցախ. Հայկական զույգ պետությունների միջև ակտիվ փոխգործակցությունը շարունակվել է: Արցախ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, քաղաքական գործիչներ: ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ըստ ոլորտների՝ ՀՀ և ԱՀ համապատասխան նախարարությունների միջև ստորագրվել են հարաբերությունների խորացման և գործնական պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ համաձայնագրեր:

Հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 22-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, շփվել տեղի հրամանատարության ու զինծառայողների հետ: Այնուհետև Պաշտպանության բանակի շտաբում տեղի է ունեցել հանդիպում բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ, զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զեկույցում նա մանրակրկիտ ներկայացրել է ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը, առաջնագծում կատարված և կատարվող ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքը և անդրադարձել բանակաշինության ոլորտում իրականացվող այլ գործընթացների:

ԼՂՀ-Սփյուռք. Ապրիլյան իրադարձություններից հետո համայն հայության՝ Արցախին օգնություն ցուցաբերելու գործընթացը շարունակվել է: Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը շարունակվել է ոչ միայն տարբեր հասարակական-քաղաքական գործիչների ու բարեգործների Արցախ այցելությամբ, այլև տեղի են ունեցել ԼՂՀ բարձրաստիճան այրերի այցելություններ Սփյուռքի մի շարք հայկական համայնքներ:

Հունիսի 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ վարչապետի աշխատանքային այցը Շվեյցարիա: Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ժնևի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի մի խումբ գործարարների հետ: Կառավարության ղեկավարը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականաշինության և տնտեսության զարգացման ընթացքը, բարձր գնահատել սփյուռքի դերակատարությունը:

Արցախի Հանրապետության նախագահը հունիսի 3-ին ընդունեց Արցախ ժամանած մի խումբ հայ բարերարների (Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյան և Վահե Կարապետյան, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմեն և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանս): Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերին և Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր պետականաշինության հիմնասյուներից մեկն է՝ հավելելով, որ Սփյուռքի ներկայությունը մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է: Հունիսի 7-11-ին աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ԼՂՀ նախագահը Բրյուսելում, Հայ դատի գրասենյակում, հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման և Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր