• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2016

ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Հունիսի սկիզբը և ամբողջ ամիսն աչքի ընկան ներքաղաքական դինամիկայով և մի քանի կարևոր իրադարձություններով. տրվեց խորհրդարանական ընտրությունների (հոկտեմբերի 8) քառամսյա նախընտրական քարոզարշավի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ստեղծվեցին նոր քաղաքական ուժեր և միավորումներ, ինչպես նաև սկսվեցին գործընթացներ նախկին «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ներսում և դրանց միջև։

ԵԱՀԿ Մարդու իրավունքների և դեմոկրատական իրավունքների գրասենյակի (ՄԻԴԻԳ) զեկույցի հրապարակումը և նախընտրական քարոզարշավի սկիզբը

Հունիսի 1-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է ՄԻԴԻԳ առաքելության «2016թ. խորհրդարանական ընտրությունները Վրաստանում. ԵԱՀԿ.ՄԻԴԻԳ առաքելության զեկույցը՝ կարիքների գնահատման վերաբերյալ»։ Փաստաթուղթը հիմնված է ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկումների վրա, որոնք Վրաստան էին այցելել ապրիլի 26-29-ին վրացական կողմի հրավերով՝ գնահատելու համար նախընտրական և խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու միջավայրը։ Փաստաթղթի համաձայն՝ ընտրություններն «անցնելու են քաղաքական լարվածության համատեքստում, որը կապված է երկրի խոշորագույն հեռուստաընկերության շուրջ դատական վեճի (Ռուսթավի-2-ի գործը) և վերջին ժամանակներս հրապարակված գաղտնի տեսանյութերի հետ, որոնք վերաբերում են հայտնի անձանց, ինչն էլ ազդեցություն է գործում նախընտրական միջավայրի վրա (սեքս-տեսանյութ քաղաքական գործիչների և լրագրողների մասնակցությամբ)»։

Կազմակերպության փորձագետների խոսքերով՝ «ընդդիմադիր կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ կասկածներ են հայտնել, թե ընտրարշավն ազատ է լինելու՝ վկայակոչելով թեկնածուների և նրանց կողմնակիցների վրա գործադրվող ճնշումների հետ կապված մտահոգությունը»։ Բացի այդ, զեկույցի համաձայն, ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնց հետ շփվել են ԵԱՀԿ ներկայացուցիչները, «մտահոգություն են հայտնել նաև վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հետ կապված, մանավանդ երկրի ավելի հեռավոր շրջաններում և ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերում»։ Ըստ նոր կանոնների մեծամասնական ընտրատարածքների կազմավորման հետ կապված՝ զեկույցը կրկնել է Վենետիկի հանձնաժողովի նկատառումները և հայտարարել, որ «թեև քվեարկության իրավահավասարության սկզբունքը բավարարված է սահմանների ձևավորման արդյունքում, ինչը բավարարում է ԵԱՀԿ/ՄԻԴԻԳ-ի ավելի վաղ տրված հանձնարարականները, բայց մտահոգություն է հայտնվել, որ փոփոխությունները բավականաչափ տեղեկատվություն չեն պարունակում այլ ասպեկտների գծով, թե ինչպես է իրականացվելու գործընթացը»։ Զեկույցի համաձայն՝ շահագրգիռ շատ անձինք քննադատություն են հնչեցրել «գործընթացի անթափանցիկության, կանխակալության և լայն ներգրավվածության անբավարարության պատճառով»։

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ն հանձնարարական է ստացել Վրաստան ուղարկել 28 դիտորդի՝ երկար ժամանակով, որոնք իրականացնելու են մինչև հոկտեմբերի 8-ը ընտրարշավի մոնիթորինգ (Վրաստանում և Աջարիայում), ինչպես նաև դիտորդների՝ կարճատև ժամանակով, ովքեր մշտադիտարկելու են գործընթացներն ընտրությունների օրը։

Հունիսի 8-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հաստատեց հունիսի 3-ին նախագահի ստորագրած կարգադրությունը խորհրդարանական ընտրությունների օրվա նշանակման մասին՝ այդպիսով տալով քառամսյա քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն, այդ պահից սկսած՝ վրացական կուսակցություններն արդեն ագիտացիայի, պաստառներ փակցնելու իրավունք ունեն, ուժի մեջ է մտել նաև վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը, սկսել է գործել կուսակցությունների նախընտրական քարոզարշավին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության արգելքը։

Այսպիսով, ընտրություններից 60 օր առաջ կարգելվի նոր ծրագրերի և նախագծերի գործարկումը, որոնք նախատեսված չեն եղել նախարարությունների, պետության կամ տեղական իշխանության մարմինների բյուջեներով։ Ընտրություններից 60 օր առաջ Վրաստանում պաշտոնապես կարգելվի նաև թոշակի, նպաստների բարձրացումը, եթե անգամ դա մինչ այդ հաշվառված էր բյուջեով։ Բացառություններ են կազմում օգնությունը ֆորսմաժորային իրավիճակներում և օգնությունը տարերային աղետներից տուժածներին։ Ընտրական սուբյեկտի գրանցման պահից արգելվում է իրականացնել կադրային փոխատեղումներ ոստիկանության, դատախազության և տեղական իշխանության մարմինների ղեկավարության շրջանում։ Պատգամավորների թեկնածուների ցուցակը հրապարակելուց հետո այնտեղ գտնվող բոլոր նախարարները պետք է հրաժարական տան։

Ընտրություններից 50 օր առաջ վրացական բոլոր հեռուստաալիքները պարտավոր են հաշվետվու լինել Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովին իրենց կողմից տարածվող նյութերի, այդ թվում՝ վճարովի և անվճար քաղաքական գովազդի ժամանակի մասին։ Հեռուստաընկերությունները պարտավոր են լինել անաչառ և հավասար չափով տրամադրել եթերային ժամանակը ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցություններին։ Ընդ որում՝ հանրային հեռարձակողն իրավունք ունի եթերային ժամանակը տրամադրել միայն այն կուսակցություններին, որոնք իրենց ներկայացուցիչն ունեն խորհրդարանում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այդ կուսակցությունները ստանալու են 90 վայրկյան եթերային ժամանակ յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Բոլոր հեռուստաալիքները պարտավոր են ժամը մեկ մեկական րոպե տրամադրել նրանց գովազդի համար։

Վրաստանի խորհրդարանը հունիսի 22-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատեց երկրի Ընտրական օրենսգրքի լրացումների երեք անկախ օրինագիծ, որոնք վիճարկում էին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները։ Առաջին օրինագիծը վերաբերում է Վրաստանի վարչապետի՝ խորհրդարանական ընտրություններում քվեարկվելու իրավունքին՝ առանց զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու, ինչը մինչ այդ արգելված էր օրենքով և ներկա պահին տարածվում է մյուս նախարարների վրա։ Երկրորդ օրինագիծը նոր կարգեր է սահմանել այսպես կոչված հատուկ տեղամասերի (որ ստեղծվում են Վրաստանի պաշտպանության նախարարության գծով- հեղ.) համար։ Երրորդը վերաբերում է ընտրական սուբյեկտների թիվը 5-ից («Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան», Միասնական ազգային շարժում, Հայրենասերների դաշինք, Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժումը» և Լեյբորիստական կուսակցություն) հասցնել 11-ի (ավելացել են՝ Հանրապետական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Պահպանողականներ, Արդյունաբերողներ, Ազգային համաժողով և Ազգային շարժման հետ 2014թ. տեղական ընտրություններում մեկ դաշինքի մեջ մտնող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն), որոնք ֆինանսավորվում են Վրաստանի բյուջեից և օգտվում են անվճար եթերաժամի հնարավորությունից ու գովազդային ժամանակից պետական (ժամը մեկ 5 րոպե Վրաստանի Հանրային հեռուստաալիքով և Աջարիայի հեռուստատեսությամբ) և մասնավոր (մեկ ժամում՝ 2,5 րոպե) հեռուստաալիքներում։

Նախընտրական կուսակցությունները, դաշինքները և ներքաղաքական իրավիճակը

Նախընտրական քարոզարշավի անմիջական մասնակիցներն են քաղաքական այն կուսակցությունները և միավորումները, որոնք հունիսից պատրաստվում են գալիք ընտրություններին։ Նշենք, որ 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ «Վրացական երազանք» նախընտրական կոալիցիան՝ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարությամբ, որը ստացավ 85 տեղ (44 համամասնական և 41 մեծամասնական) և որի մեջ մտավ վեց քաղաքական կուսակցություն։ «Վրացական երազանքի» փլուզումն սկսվեց 2014թ. նոյեմբերին, երբ կոալիցիայից դուրս եկան «Ազատ դեմոկրատները։ Այն շարունակվեց 2016թ. գարնանը, երբ մնացած հինգ կուսակցությունները՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» (47 պատգամավոր) Հանրապետական, Պահպանողական կուսակցությունները, Ազգային համաժողովը և Արդյունաբերողները հայտարարեցին, որ ընտրությունների գնալու են ինքնուրույն՝ կոալիցիայից դուրս։

Հոկտեմբերի 8-ի ընտրություններին 150 պատգամավորից 73-ը պետք է ընտրվի մեծամասնական ընտրատարածքներից, 77 մանդատ բաշխվելու է համամասնական ցուցակներով այն կուսակցությունների/դաշինքների միջից, որոնք կհաղթահարեն 5%-ոց ընտրաշեմը։ Հունիսին ԿԸՀ-ն հրապարակեց ընտրողների միասնական ցուցակը՝ կազմված 3,53 մլն մարդուց (մայիսի 30-ի տվյալներով), 3634 ընտրատեղամաս 73 մեծամասնական ընտրատարածքում։ Հունիսի վերջի տվյալներով՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 50 կուսակցություն, այն դեպքում, երբ ապրիլի 1-ից մինչև հունիսի վերջ 50 կուսակցությունից գրանցում էր անցել ընդամենը 13-ը, 3 կուսակցություն գրանցման մերժում էր ստացել, 34-ը սպասում է իր հերթին։ Այսպիսով, մինչև օգոստոսի 15-ը կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն 25 հազ. ընտրողներից բաղկացած ցուցակներ։ Իսկ եթե կուսակցությունն ունի իր ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում 2014թ. ընտրությունների արդյունքներով, ապա նրանք կարող են ներկայացնել հազար ընտրողից բաղկացած ցուցակ։

Գրանցում անցել են հետևյալ կուսակցությունները. 1. «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» (Գեորգի Կվիրիկաշվիլի), 2. Միացյալ ազգային շարժում (Սերգո Ռատիանի), 3. Ազատ դեմոկրատներ (Իրակլի Ալասանիա), 4. Լեյբորիստական կուսակցություն (Շալվա Նաթելաշվիլի), 5. Հայրենասերների դաշինք (Իրմա Ինաշվիլի), 6. Միավորված դեմոկրատական շարժում (Նինո Բուրջանաձե), 7. Ժողովրդական իշխանություն (Զուրաբ Կոբիաշվիլի), 8. Վրաստանն աշխարհի համար (Դավիթ Թևզաձե), 9. Արդարության վերականգնման միություն. ժողովրդի ձայն. Տերն է մեր ճշմարտությունը (Միխայիլ (Գելա) Սալուաշվիլի), 10. Վրաստանի կոմունիստական կուսակցություն (Իվանե Ցիկլաուրի), 11. Վրաստան (Գեորգի Լիլուաշվիլի), 12. Ժողովրդական կուսակցություն (Իվանե (Մամուկա) Գիորգաձե), 13. Եվրոպական դեմոկրատներ (Պաատա Դավիթայա)։

Անդրադառնանք նաև Վրաստանի քաղաքական հարթության փոփոխությանը՝ նոր ու փոքր կուսակցություններից մինչև երկրի ներքաղաքական կյանքի՝ այսպես կոչված գրանդները, նրանց քաղաքական վարկանիշներով և ֆինանսական ռեսուրսներով հանդերձ։

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան»

Արդեն կառավարող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը (նախագահ՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի) հունիսին ներկայացրեց իր նախընտրական շտաբի ղեկավարին՝ փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Կախի Քալաձեին։ Հունիսի վերջին կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն «Փիրվելի» հեռուստաընկերության եթերից հայտարարեց այն մասին, որ կուսակցությունն աշխատում է ընտրացուցակի վրա, որը կներկայացվի հանրությանը հուլիսի սկզբին։ Այնուամենայնիվ, վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, տեղեկացրել են կառավարող կուսակցության մեծամասնական ցուցակի նախնական տարբերակի մասին, որում, բացի կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլուց, ընդգրկված են նաև առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, բանաստեղծ Դավիթ Մագրաձեն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի անդամ Դավիթ Լոմինաձեն, Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Արչիլ Թալակվաձեն և Վրաստանի ԱԳՆ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին։

Նույն օրերին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» և Պահպանողական կուսակցությունները խորհրդակցություններ են անցկացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևերի մասին։ Այս տեղեկատվությունը հաստատել է ինչպես պահպանողականների առաջնորդներից՝ պատգամավոր Գիգա Բուկիան, այնպես էլ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Քվաչանթիրաձեն։ Որևէ այլ կուսակցության հետ (պահպանողականներից բացի) նման բանակցությունները Զ.Քվաչանթիրաձեն հերքեց։

Կառավարող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն նշել է, որ ներկա պահին աշխատանք է տարվում ծրագրի վրա, հանդիպումներ են անցկացվում փորձագետների հետ, քննարկվում են նաև նոր խոստումները, այդ թվում նաև թոշակների հարցով (խոստումներ «ոչ միայն կենսաթոշակային տոկոսադրույքի, այլ նաև այն բարեփոխման մասին, որի վրա աշխատում է կառավարությունը»)։

Միացյալ ազգային շարժում (ՄԱՇ)

Նշենք, որ այս կուսակցությունն աշխատել է կազմակերպչական հարցերի ուղղությամբ և պատրաստվել խորհրդարանական ընտրություններին։ Ամսվա կեսին ՄԱՇ նախագահ Դավիթ Բաքրաձեն ներկայացրել է կուսակցության ընտրական շտաբի ղեկավարին՝ պատգամավոր Նիկա Մելիային։

Հունիսի 28-ին ՄԱՇ հիմնադիր և նրա ոչ պաշտոնական առաջնորդ, այժմ՝ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրել էր ՄԱՇ տարածքային և շրջանային կազմակերպությունների ղեկավարներին՝ նախընտրական քարոզարշավի հետ կապված հրահանգավորում կատարելու համար։

Կուսակցության անդամները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրի տնտեսական մասը, որտեղ խոստացել են, որ իշխանության գալու պարագայում կկրճատեն հարկերն ու բյուրոկրատիան և, միևնույն ժամանակ, 50 լարիով1 կբարձրացնեն թոշակները։ Ծրագրի համաձայն՝ նրանք նախատեսում են 25-ից 20%-ի հասցնել եկամտահարկը, իսկ գալիք չորս տարվա ընթացքում խոստանում են այն իջեցնել 10%-ի։ Խոստանում են նաև, որ գալիք չորս տարվա ընթացքում 15-ից 10%-ի կիջեցնեն շահութահարկը։ Ըստ ՄԱՇ-ի, եթե ներկայում բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը 30 հազարից քիչ է, «միկրո բիզնես» կատեգորիայում է և ազատված է հարկումից, ապա իրենք խոստանում են մեծացնել այդ շեմը մինչև 90 հազ. լարի, ինչի արդյունքում «էլ ավելի մեծ թվով բիզնես ընկերություններ կազատվեն հարկ վճարելուց»։

Ինչ վերաբերում է «փոքր բիզնեսին», ապա եթե բիզնեսն այսօր, որի տարեկան շրջանառությունը 100 հազ. լարիից քիչ է, համարվում է «փոքր» բիզնես և հարկվում է 3-5%-ով, ապա ՄԱՇ-ը ծրագրում է այդ շեմը բարձրացնել մինչև 200 հազ. լարի։ Ըստ ՄԱՇ ծրագրի՝ ԱԱՀ կվճարեն այն սուբյեկտները, որոնք ունեն ավելի քան 200 հազար լարիի շրջանառություն՝ ներկայիս 100 հազարի փոխարեն։ Հաղթանակի դեպքում ՄԱՇ-ը խոստանում է լիակատար հարկային համաներում և ներկայիս 50 հազ. լարին մինչև 500 հազ. լարիի ավելացում, երբ հարկերից խուսափելու վեճերը կդիտարկվեն ոչ թե քրեական, այլ վարչական կարգով։ ՄԱՇ-ն իր տնտեսական ծրագրում հայտարարում է, որ իր հարկային նախաձեռնության արդյունքում 2017թ. կստեղծվի 45 հազար նոր աշխատատեղ։

Այլ կուսակցություններ և միավորումներ

Ինչ վերաբերում է ավելի փոքր կուսակցություններին, ապա հունիսի 8-ին ոչ խորհրդարանական «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը, 2014թ. ընտրաշեմը հաղթահարելով, հայտարարեց նախընտրական դաշինք ձևավորելու մասին։ Կուսակցության առաջնորդներ Իրմա Ինաշվիլին և Դավիթ Թարխան-Մոուրավին հանրությանը ներկայացրին նոր միավորումը՝ «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Հայրենասերների դաշինք – միավորված ընդդիմություն»։ Այս դաշինք մտան ևս հինգ ավելի փոքր քաղաքական ուժեր՝ Կախի Կուկավայի «Ազատ Վրաստանը», Կոնստանտինե Գամսախուրդիայի «Ազատություն» կուսակցությունը, Ակակի Ասաթիանու ավանդապաշտների միությունը, Գոչա Ջոջուայի նոր քրիստոնեա-դեմոկրատները և Գեորգի Բերձենիձեի «Վետերանների շարժում. ուժայիններ և հայրենասերներ» կուսակցությունը։ Դաշինքի ղեկավարները, ներկայացնելով այն, չեն բացառել բանակցությունները և խորհրդակցություններն այլ քաղաքական կազմակերպությունների հետ, բացի Միխեիլ Սաակաշվիլու Միացյալ ազգային շարժումից։

Հունիսի 6-ին քաղաքական նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարեց պատգամավոր Թամազ Մեչիաուրին։ «Թամազ Մեչիաուրի – հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը նույնպես կպայքարի Վրաստանի խորհրդարան մտնելու համար։ Թամազ Մեչիաուրին հայտնի է նրանով, որ տարեսկզբից քանիցս հայտարարել է երկրի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների մասին արտաքին քաղաքական գծի վերաբերյալ։ Նոր կուսակցություն են մտել կոմպոզիտոր Ջեմալ Սեփիաշվիլին, սփյուռքի հարցերով պետական նախարարի նախկին տեղակալ Սանդրո Բրեգաձեն, «Վրացական երազանքի» երիտասարդական թիմի հիմնադիր Դավիթ Պացացիան և այլք։ Նախաձեռնող խմբի կազմում ընդգրկվել է նաև լրագրողուհի Լալի Մորոշկինան՝ նախկին նախագահ Սաակաշվիլու համադասարանցին, որը նրա մասին աղմկահարույց «Ես, նախագահը և աշխարհի չեմպիոնը» գրքի հեղինակն է։

Հունիսին իր ներքաղաքական և արտաքին քաղաքական մոտեցումների մասին հայտարարեց նաև քաղաքական ևս մեկ նոր ուժ՝ «Միավորված դեմոկրատական շարժում – միասնական Վրաստանը»։ Նրա ղեկավար՝ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է այն մասին, որ իր կուսակցությունն ինքնուրույն կմասնակցի խորհրդանական ընտրություններին։

Փաստը, որ այս քաղաքական կուսակցությունները հրաժարվել են միավորվել և համագործակցել ընտրությունների շեմին, վկայում է այն մասին, որ այս բոլոր սուբյեկտները պայքարելու են նույն ընդդիմադիր ընտրազանգված համար, այն է՝ Վրաստանի բնակչության այն հատվածի, որը հանդես է գալիս հանուն հետագա «պրագմատիկ» համագործակցության և վրաց-ռուսական հարաբերությունների խորացման և ՆԱՏՕ չմտնելու քաղաքականության (այսպես կոչված «ռուսամետ ուժեր»)։

Մի նոր քաղաքական միավոր է «Նոր Վրաստան» քաղաքացիական պլատֆորմը, որը ներկայացրել է պատգամավոր Գեորգի Վաշաձեն, ով ավելի վաղ հայտարարել էր սեփական կուսակցություն ստեղծելու և ինքնուրույն ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Ինչպես նշել է Վաշաձեն, նա պատրաստ է համագործակցել «առաջադեմ» և «արևմտամետ» բոլոր ուժերի հետ՝ բացի այսպես կոչված «ռուսամետ ուժերից» (որոնց առաջնորդներ են համարվում Նինո Բուրջանաձեն, Իրմա Ինաշվիլին և Թամազ Մեչիաուրին- հեղ.)։

Խորհրդարանական մանդատների համար պայքարում Գ.Վաշաձեի կուսակցությունը, իր հերթին, պայքարելու է իշխանական նախկին կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման և քաղաքական նոր՝ «Գիրչի» կենտրոնի (որն ստեղծվել է 2015թ. մայիսին նախկին ՄԱՇ-ական Զուրաբ Ջափարիձեի, շրջակա միջավայրի և բնական պաշարների նախկին նախարար Գոգա Խաչիձեի, խորհրդարանի արդարադատության կոմիտեի նախկին փոխղեկավար Պավլե Կուբլաշվիլու և խորհրդարանի սպորտի և երիտասարդության գործերով կոմիտեի նախկին փոխղեկավար Գեորգի Մելաձեի կողմից) պոտենցիալ ընտրազանգվածի իր բաժնի համար։

Քաղաքական վարկանիշներ և ֆինանսական ռեսուրսներ

Առկա է երկու հավասարազոր միտում. Վրաստանի բնակչությունն անտարբեր է երկրի խորհրդարանական քաղաքական ուժերի հանդեպ և, հակառակը՝ աճող հետաքրքրություն կա ոչ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ։ Ամերիկյան GFK ընկերության հրապարակած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 29,4%-ը առայժմ չի կողմնորոշվել, թե ում է համակրում գալիք խորհրդարանական ընտրություններում։ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանի» օգտին իր ձայնը պատրաստ է տալու հարցվածների 22,4%-ը, այն դեպքում, երբ ՄԱՇ-ի օգտին իր ձայնը կտա 21,7%-ը, Պաատա Բուրչուլաձեի «Պետություն հանուն ժողովրդի» կուսակցության համար՝ 7,8%-ը, 6,2%-ը ձայնը կտա Իրակլի Ալասանիայի Ազատ դեմոկրատներին։

GFK-ի, ինչպես նաև ԱՄՆ Հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրի բնակչությունը հիասթափված է քաղաքական գործիչներից, և ընդդիմությունն ավելի մեծ աջակցություն ունի, քան կառավարող կուսակցությունը։ Սակայն առաջատար ընդդիմադիր և ոչ մի կուսակցություն չի պատրաստվում ստեղծել դաշինքներ՝ «Վրացական երազանքին» հաղթելու համար։ Կառավարող կուսակցությունում վստահ են, որ նոր խորհրդարանում ստանալու են մանդատների բացարձակ մեծամասնությունը, իսկ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անգամ հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը կունենա խորհրդարանի 150 տեղից 100-ը։ Շատ բան կախված կլինի ընտրողների մասնակցությունից։ Փորձագետ Գիա Խուխաշվիլու խոսքերով՝ ընտրողների 70-75% մասնակցության պարագայում Վրաստանի խորհրդարանում կարող են հայտնվել 6-7 կուսակցություններ, իսկ եթե մասնակցությունը ցածր լինի, այդ թիվը չորսից չի անցնի։

Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցությունների ֆինանսական հնարավորություններին, ապա, համաձայն կուսակցությունների ֆինանսական գործունեության մոնիթորինգի ծառայության, մայիսին Վրաստանի քաղաքական կուսակցությունները որպես նվիրատվություն ստացել են մոտ 2 մլն լարի։ Առաջինը կառավարող կուսակցությունն էր՝ 1,370 մլն լարի։ Երկրորդ տեղում Պաատա Բուրչուլաձեի «Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունն էր՝ 266,4 հազ. լարի։ Երրորդը Իրմա Ինաշվիլու «Վրաստանի հայրենասերների» դաշինքն էր՝ 113 հազ. լարի։ Այնուհետև՝ «Գիրչի»՝ 81,3 հազ. լարի, «Միացյալ ազգային շարժում՝ 54 հազ. լարի, Ազատ դեմոկրատներ՝ 28 հազ. լարի, Հանուն երջանիկ Վրաստանի միավորում՝ 26,7 հազ. լարի և այլն։

Վրաստանը թվերով

Առևտուր. Վրաստանի վիճակագրության ծառայությունը նշում է, որ Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-մայիսին կազմել է $4 մլրդ (3%-ով ավելի, քան 2015թ. հունվար-մայիսին)։ Արտահանումը կազմել է $780 մլն (12%-ով պակաս, քան 2015թ. հունվար-մայիսին), իսկ ներմուծումը՝ մոտ $3,3 մլրդ (8%-ով ավելի, քան 2015թ. հունվար-մայիսին)։ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2016թ. հունվար-մայիսին կազմել է $2,5 մլրդ (արտաքին առևտրաշրջանառության 62%-ը)։

Այցելուներ/զբոսաշրջիկներ. Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ վերջին հինգ ամիսներին երկիր է այցելել 2,119 մլն մարդ, որոնցից զբոսաշրջիկներ՝ 782 հազ. մարդ, ինչը 18,8%-ով ավելին է, քան 2015թ. հունվար-մայիսին։ Ավելի շատ այցելուներ եղել են՝ Ադրբեջանից՝ 570 հազ. այցելու (+22%), Թուրքիայից՝ 524 հազ. (+6,6%), Հայաստանից՝ 445 հազ. մարդ (+2,8%), Ռուսաստանից՝ 303 հազ. (+19,6%), Ուկրաինայից՝ 53 հազ. այցելու (+23,8%)։ Միայն մայիսին Վրաստան է այցելել 522,3 հազ. մարդ, որոնցից զբոսաշրջիկ՝ մոտ 204,7 հազ. մարդ, ինչը 24,3%-ով ավելին է, քան 2015թ. մայիսին։

Ներդրումներ. Վրաստանի վիճակագրության ծառայությունը նշում է, որ 2016թ. հունվար-մարտին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 2008-ից ռեկորդային՝ $376 մլն-ի, ինչը 103%-ով ավելին է, քան 2016թ. հունվար-մարտին։ 2016թ. առաջին եռամսյակի ներդրումները բաշխվել են հետևյալ կերպ. տրանսպորտ և կապ՝ $200 մլն (ողջ գումարի 53%-ը), ֆինանսական հատված՝ $58 մլն (ողջ գումարի 15%-ը), էներգետիկա՝ $40 մլն (ողջ գումարի 11%-ը)։ Ըստ երկրների ներդրումների բաշխումը. Ադրբեջան՝ $137 մլն (ընդհանուր ծավալի 36%-ը), Թուրքիա՝ $57 մլն (15%), ԱՄԷ՝ $44 մլն (12%)։

Տրանսֆերտներ. Վրաստանի Ազգային բանկը նշում է, որ Վրաստանի առևտրային բանկերում դրամական փոխանցումների (էլեկտրոնային համակարգերի օգնությամբ) ծավալը մայիսին կազմել է $92,9 մլն (4,9%-ով պակաս, քան 2015թ. մայիսին)։ Արտասահմանից Վրաստան մայիսին փոխանցվել է $15,8 մլն (19%-ով ավելի, քան 2015թ. մայիսին)։ Առաջատարների ցանկը՝ Ռուսաստան՝ $31,6 մլն, Հունաստան՝ $10,8 մլն, Իտալիա՝ $10,2 մլն, ԱՄՆ՝ $9,9 մլն, Թուրքիա՝ $7,5 մլն, Իսրայել՝ $4,5 մլն և այլն։

1 2016թ. հուլիսի 1-ից Վրաստանում նվազագույն թոշակը 160 լարիից կդառնա 180 լարի։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր