• am
  • ru
  • en
Версия для печати
28.10.2016

ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Վրաստանի ներքաղաքական իրավիճակը 2016թ. սեպտեմբերին, ինչպես և սպասվում էր, ընթանում էր խորհրդարանական ընտրարշավի հունով։ Ընտրություններից մեկ ամիս առաջ քաղաքական բոլոր ուժերը (կուսակցությունները և նախընտրական դաշինքները) օգտագործում էին իրենց ֆինանսական, վարչական և այլ ռեսուրսներն իրենց քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու են 19 քաղաքական կուսակցություն և 6 նախընտրական դաշինք, որոնք, 5%-անոց շեմը հաղթահարելու պարագայում, պայքարելու են Վրաստանի ապագա խորհրդարանի 77 համամասնական (150-ից) տեղի համար։ Կուսակցական թեկնածուների հայտերի ներկայացման ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ։

Նախընտրական իրավիճակը Վրաստանում

Վրաստանի 73 ընտրատեղամասերի մնացած 73 տեղերի համար պայքարելու է մոտ 830 մեծամասնական թեկնածու։ Յուրաքանչյուր միամանդատ ընտրատեղամասում թեկնածուների թիվը տատանվում է 7-16-ի սահմաններում։ «Վրացական երազանք», «Միասնական ազգային շարժում» կուսակցությունները և «Պետություն հանուն ժողովրդի» ընտրական դաշինքն իրենց թեկնածուներին ներկայացրել են 73 միամանդատ ընտրատեղամասերից 72-ում։ Այնուհետև գալիս են «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 71 ընտրատեղամասում և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 64 ընտրատեղամասում։ Բացի այդ, մեծամասնական պատգամավորների մանդատի համար պայքարելու է 57 անկախ թեկնածու։ Մեծամասնական թեկնածուներից 132-ը կանայք են։ Վրաստանի օրենսդրությամբ, եթե առաջին փուլում մեծամասնական թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ավելի քան 50% ձայն, պետք է անցնի լավագույն արդյունքներ ունեցող երկու թեկնածուների միջև ընտրությունների երկրորդ փուլը։ Ավելի վաղ գոյություն ունեցող 30%-անոց շեմը 50%-ի բարձրացնելը քանիցս ավելացրել է միամանդատ ընտրատեղամասերում երկրորդ փուլերի հավանականության հնարավորությունը։

Վրաստանի ԿԸՀ թարմացված տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի վերջի դրությամբ Վրաստանում 3,452 մլն (3,473 մլն հունիսին) պոտենցիալ ընտրող կա։

Ինչ վերաբերում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններին նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, ապա Աջարիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը գրանցել է 15 քաղաքական սուբյեկտ։ Այսպիսով, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 մանդատներն ստանալու համար պայքարելու են 11 անկախ կուսակցության և 4 ընտրական դաշինքի ներկայացուցիչները։

Ներկա դրությամբ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար ԿԸՀ-ն գրանցել է 130 դիտորդ 27 միջազգային կազմակերպություններից, այդ թվում 47 դիտորդ ԵԱՀԿ Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի (ԴԻՄԻԲ) առաքելությունից։ ԿԸՀ-ն գրանցել է նաև 550 դիտորդ տեղական 60 ոչկառավարական կազմակերպություններից։ Դիտորդների ամենամեծ թիվը ներկայացրել է Վրաստանի ամենահեղինակավոր ոչկառավարական կազմակերպություններից մեկը՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (151 մարդ)։ Միջազգային դիտորդների գրանցումը կավարտվի հոկտեմբերի 1-ին, իսկ տեղականներինը՝ սեպտեմբերի 28-ին։

Ընտրարշավ. քաղաքական ինտրիգներ և մարտահրավերներ

Քաղաքական ինտրիգներ. Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին մի քանի ինտրիգային հայտարարություններ է արել Վրաստանի արտաքին քաղաքականության իր տեսլականի վերաբերյալ։ Նախընտրական ելույթներից մեկի ժամանակ («Ռուսթավի 2» հեռուստաալիքով) նա նշել է, որ 98 տարի առաջ «Թուրքիան զավթել է Վրաստանի տարածքի 33%-ը», և «Թուրքիան նույնպիսի օկուպանտ է, ինչպես և Ռուսաստանը» և «հսկայական ջանքեր է ծախսում Աջարիան նվաճելու համար»։

«Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռուստատեսության եթերից ուղիղ ասաց, որ Օզուրգեթին, Բաթումը և Ախալցխան Թուրքիա են, և որ իրենք պետք է վերականգնեն Օսմանյան կայսրությունը»,- ասել է Դավիթ Թարխան-Մոուրավին։

Այս հայտարարությունը քննադատել են ինչպես մի շարք քաղաքական կուսակցություններ, այնպես էլ վրաց հասարակության մի մասը։ Հայտարարությանը պատասխանել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գյումրուքչուն, ըստ որի՝ «Բաթումը և Աջարիան Վրաստանի մաս են հանդիսանում»։ Թուրք դիվանագետի խոսքերով՝ մտքերը, որոնք վերագրվում են նախկին վարչապետ Դավութօղլուին, առհասարակ գոյություն չեն ունեցել»։

Սակայն, չնայած դրան, «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք, միավորված ընդդիմություն» նախընտրական դաշինքը, որի հիմքը «Վրաստանի հայրենասերների դաշինքն» է, այսքանով չբավարարվեց և իր գաղափարներն արտահայտեց իր նախընտրական հոլովակում, որը ցուցադրվում էր վրացական հեռուստաալիքներով։ Հոլովակում պնդվում էր, որ «Թուրքիան ուզում է յուրացնել Վրաստանի երկու շրջան՝ Աբխազիան և Աջարիան», ինչպես նաև մեղադրանքներ են հնչեցվել Թուրքիայի հասցեին «վրացիների ցեղասպանության» առնչությամբ։

Արդի վրաց-թուրքական հարաբերությունների պայմաններում, որոնք ռազմավարական բնույթ են կրում, սպասելի էր, որ նախագահի աշխատակազմից Վրաստանի ԿԸՀ-ին հրահանգվելու էր պատասխանել «Հայրենասերների դաշինքի» հոլովակին։ Վրաստանի ԿԸՀ-ում, իրենց հերթին, հայտարարեցին, թե հանգամանալիորեն կծանոթանան տեսահոլովակի բովանդակությանը։

Բացի այդ, ցուցադրումից մի քանի օր հետո հոլովակը հանվեց «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի եթերից, իսկ նրա գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան սույն որոշումը բացատրեց նրանով, որ հոլովակը կրում է «հակաթուրքական բնույթ՝ էթնիկ ատելություն հրահրելով և այլատյացություն քարոզելով»։ Ըստ նրա՝ հոլովակը հակասում է Վրաստանի սահմանադրությանը, օրենսդրությանը և ալիքի խմբագրական քաղաքականությանը։

Ստիպված էր արձագանքել նաև Վրաստանի ԱԳՆ-ն, որի հայտարարության մեջ նշվում էր, որ «Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, որը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Սակայն այն փաստը, որ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունն ունի խորհրդարան անցնելու բոլոր հնարավորությունները, վկայում է այն մասին, որ կուսակցությունը, որը հայտնի է եվրաթերահավատությամբ, այսուհետ ևս կշարունակի իր հակաթուրքական հայտարարությունները։

Ամսվա ևս մեկ ինտրիգ, որը լիովին ներգրվում է ներքաղաքական և նախընտրական օրակարգում, Վրաստանի խորհրդարանի նախագահ և այժմ արդեն ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլու հայտարարությունն էր այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ռազմակայանի տեղակայումը «կենսականորեն կարևոր է» Վրաստանի անվտանգության և պաշտպանության ապահովման համար։ Ըստ նրա՝ մինչ ՆԱՏՕ-ին անդամակցելն իրողություն դառնա՝ «Վրաստանը պետք է հոգ տանի երկրում ԱՄՆ ռազմակայանի տեղակայման մասին»։

Պատասխանելով քաղաքական և գաղափարախոսական ընդդիմախոսին՝ խորհրդարանի նախկին նախագահ և «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն նշել է, որ Վրաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանի տեղակայման գաղափարը «վնասակար» է և կարող է հանգեցնել Վրաստանի «պառակտման»։ «Սա երկիրը պառակտելու գաղափար է։ Սա երկիրը երկու տարածքային մասի բաժանելու գաղափար է, որտեղ մի կողմում կլինեն ռուսաստանյան բազաները, մյուս կողմում՝ ամերիկյանները»,- ասել է նա։

Մարտահրավերներ. Անցած սեպտեմբերի մարտահրավեր, առանց չափազանցության, կարելի է համարել իրավիճակը՝ կառավարող կուսակցության կողմից նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը սադրանքի փորձի մեջ մեղադրելու հետ կապված։

Սեպտեմբերի 5-ին ընդդիմադիր ՄԱՇ-ի դեմ նույն մեղադրանքով հանդես եկավ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը լրագրողներին ասաց, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «դրդում» է իր կողմնակիցներին, որպեսզի նրանք «անկարգություններ հրահրեն նախընտրական շրջանում» և «ծրագրում է տապալել իշխանությունը Վրաստանում հեղափոխության միջոցով»։ Իվանիշվիլու մեղադրանքը պաշտպանեց նաև «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Կախա Քալաձեն։ Ըստ նրա՝ «հիմնվել է մի ինչ-որ կազմակերպություն, որի օգնությամբ նրանք (ՄԱՇ-ը) ծրագրում են որոշակի անկարգություններ իրականացնել»։

Ավելի ուշ իր զինակիցների պաշտպանությամբ հանդես եկավ Վրաստանի նախկին նախագահ և «Միասնական ազգային շարժման» հիմնադիր Միխայիլ Սաակաշվիլին։ Նա նշեց, որ իշխանությունները «հակառակորդին մեղադրում են նրանում, ինչը պատրաստվում են անել իրենք»։

Իրավիճակն այսքանով չավարտվեց և ունեցավ իր շարունակությունը։ Մի քանի օր հետո կառավարող կուսակցության պատգամավորի թեկնածու, Վրաստանի նախկին վարչապետի նախկին խորհրդական Թամար Չուգոշվիլին իր ելույթում, բացի ՄԱՇ-ին անկարգություններ հրահրելու մեջ մեղադրելուց, դիմել էր դիտորդական կազմակերպություններին, որպեսզի նրանք «հատուկ ուշադրություն դարձնեն այնպիսի փաստերին և դեպքերին, որոնք կարող են խանգարել խաղաղ պայմաններում ընտրությունների անցկացմանը»։

Արձագանքելով կառավարող կուսակցության մեղադրանքին՝ ընդդիմադիր ՄԱՇ-ից պատգամավորի թեկնածու Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ «Վրացական երազանքը», «որը բան չունի ասելու վրաց ժողովրդին, որոշել է ընտրարշավն անցկացնել աբսուրդ մեղադրանքների օգնությամբ»։

Սակայն արդեն ամսվա վերջին պատահեց այն, ինչը որոշակի աղմուկ բարձրացրեց վրացական հասարակությունում. Միխայիլ Սաակաշվիլուն և ՄԱՇ-ին երկրում «իրավիճակն ապակայունացնելու» փորձի մեջ մեղադրեցին ՄԱՇ-ի հետ կապված «Ազատ գոտի» ոչկառավարական կազմակերպության անդամները։ Ըստ կազմակերպության նախկին անդամ Բեսո Քալաձեի, եթե խմբի որևէ անդամի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ամբողջ պատասխանատվությունը կընկնի Մ.Սաակաշվիլու վրա։ Նա նաև հավելել է, որ «Հանուն Վրաստանին հավատարմության» նոր կազմակերպության գլխավոր նպատակը իրավիճակի ապակայունացումն է ընտրություններից հետո։ «Օգոստոսից կուսակցական հավաքներում հնչել է տեղեկատվություն, թե ընտրություններից հետո «Միասնական ազգային շարժումը» պատրաստվում է ապակայունացում կազմակերպել։ Սաակաշվիլին Օդեսայում ինձ ասաց, որ հրահանգները մենք կստանանք միջնորդի միջոցով»,- ասել է Բ.Քալաձեն։

Մի քանի օր անց ինտերնետում տարածվել է մի տեսագրություն, որտեղ, ըստ Վրաստանի Պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) տեղեկատվության, նախկին նախագահ Մ.Սաակաշվիլու և նրա կուսակցության մի քանի առաջատար անդամների հնարավոր մասնակցությամբ քննարկվում է Վրաստանում «հեղափոխական սցենարի» իրականացման հարցը։ Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Վրաստանի նախկին նախագահի զրուցակիցների մեջ կարող էին լինել ՄԱՇ ընդդիմադիր պատգամավորներ Ակակի Մինաշվիլին, Ակակի Բոբոխիձեն, Գիգի Ծերեթելին, Պետրե Ցիսկարիշվիլին և Նուգզար Ցիկլաուրին, որոնք խոսում էին «հեղափոխական իրադրությունում» ընտրություններն անցկացնելու, ընտրություններից հետո բողոքի ակցիաների անցկացման և դրանց շարունակման անհրաժեշտության մասին՝ Ռուսթավելու պողոտայում 200 հոգու մասնակցությամբ, 2-3 ամսվա ընթացքում։

ՄԱՇ-ում այս տեղեկատվությունը կտրականապես հերքեցին։ Բայց, չնայած դրան, Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության դեպարտամենտը հայտարարեց հետաքննություն սկսելու մասին Վրաստանի Քր.օր. 315 հոդվածի 1-ին մասով. «դավադրություն՝ բռնի կերպով սահմանադրական կարգը փոխելու, Վրաստանի պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու նպատակով»։

Մեկնաբանելով այս բոլոր հայտարարությունները՝ Վրաստանի նախկին նախագահը մեղադրել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն այն բանում, որ նա փող է առաջարկել ՄԱՇ պատգամավորական թեկնածուներին, որպեսզի նրանք դուրս գան կուսակցության շարքերից։

Ամենահատկանշականն այս գործում այն էր, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել իր նախորդին՝ որպես «Ուկրաինայի կառավարության ներկայացուցչի և բարձրաստիճան պաշտոնյայի», ձեռնպահ մնալ Վրաստանում ընտրությունները մեկնաբանելուց, ինչը «բացասաբար է ազդում վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա»։

Քաղաքական վարկանիշներ և ռեսուրսներ

Վարկանիշներ. Անցած ամիս երկու հետաքրքիր սոցիոլոգիական ուսումնասիրություն է կատարվել, որոնց արդյունքների համաձայն՝ նախընտրական մրցավազքի առաջատարը «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունն է։

Սեպտեմբերի սկզբին JMP Strategic Solutions հետազոտական ընկերությունը հրապարակեց «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով կատարված սոցհետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ 1200 հարցվածներից (մոտարկումը՝ 2,8%) կառավարող կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել 32%-ը, ընդդիմադիր ՄԱՇ-ի օգտին՝ 16%-ը։ 4-ական տոկոս ստացել են Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» և Շալվա Նաթելաշվիլու Լեյբորիստական կուսակցությունները, 3%՝ Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը, 2-ական տոկոս՝ «Նինո Բուրջանաձե – Դեմոկրատական շարժում» դաշինքը և Իրմա Ինաշվիլու «Վրաստանի հայրենասերների դաշինքը»։ Ընդ որում՝ հարցվածների 34%-ը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ում օգտին կքվեարկի ընտրությունների ժամանակ։

Մյուս հետազոտության համաձայն, որն անցկարել է ամերիկյան Wilson Perkins Allen Research (WPA) սոցիոլոգիական ընկերությունը, 1329 հարցվածների 25%-ը պաշտպանել է կառավարող կուսակցությանը, 16%-ը՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքին», այնինչ ընդդիմադիր ՄԱՇ-ին պաշտպանել է 12%-ը։ 4% ստացել է Լեյբորիստական կուսակցությունը, 3%՝ «Նինո Բուրջանաձե – Դեմոկրատական շարժում» դաշինքը, 2%՝ «Ազատ դեմոկրատները», 1-ական տոկոս՝ «Պետություն ժողովրդի համար» շարժումը և «Թամազ Մեչիաուրին՝ միասնական Վրաստանի օգտին» կուսակցությունը։ 16%-ը նշել է, որ չի պաշտպանում ոչ մեկին, իսկ 18%-ն առայժմ չի կողմնորոշվել։

Կուսակցությունների ֆինանսավորումը. Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնները պարզեցվել էին 2013թ. և թույլ են տալիս նվիրատվություններ ստանալ ընկերություններից և մասնավոր անձանցից։ Մասնավորապես, իրավաբանական անձն իրավունք ունի ամեն տարի քաղաքական կուսակցությանը նվիրաբերել առավելագույնը 120 հազ. լարի (մոտ $51,5 հազ.), իսկ մասնավոր անձը՝ առավելագույնը 60 հազ. լարի (մոտ $25,5 հազ.)։ Սեպտեմբերին Վրաստանի Պետական աուդիտի ծառայությունը, որը պատասխանատու է կուսակցությունների ֆինանսավորման մոնիթորինգի համար, վրացական հանրությանն է ներկայացրել քաղաքական կուսակցություններին ֆինանսական նվիրատվությունների 2016թ. հունվար-օգոստոսի տվյալները։

Համաձայն հրապարակված տվյալների՝ 2016թ. անցած ութ ամիսներին առաջատարը կառավարող կուսակցությունն է, որը որպես նվիրատվություն ստացել է 10,28 մլն լարի (մոտ $4,41 մլն), ինչը կրկնակի ավելի է այն գումարից, որը ստացել են յոթ ընդդմադիր կուսակցությունները միասին։ Կարևոր է նշել, որ 10,28 մլն լարի նշված գումարի մոտ 5,6 մլն-ը (մոտ $2,38 մլն) փոխանցվել է միայն օգոստոսին։

Նվիրատվությունների երկրորդ խոշոր ստացողը Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունն է (քվեարկվելու է «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի և «Նոր Վրաստանի» ու «Նոր իրավունքների» հետ ընտրական դաշինքով)՝ 2,40 մլն լարի (մոտ $980 հազ.)։ Երրորդ քաղաքական ուժը «Վրաստանի հայրենասերների դաշինքն» է (քվեարկվում է հինգ ավելի փոքր կուսակցությունների հետ դաշինք կազմած), որը ստացել է 1,15 մլն լարի (մոտ $493 հազ.)։ Չորրորդ տեղում ՄԱՇ-ն է՝ մոտ 651 հազ. լարի ($279,4 հազ.)։ Հետո «Ազատ դեմոկրատներն» են՝ 343 հազ. լարի ($147,2 հազ.), «Նինո Բուրջանաձե – Դեմոկրատական շարժումը»՝ մոտ 108 հազ. լարի ($46,3 հազ.)։

Վրաստանը թվերով

Զբոսաշրջություն. 2016թ. անցած ութ ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 4,247 մլն մարդ, ինչը 322 հազարով (8.2%) ավելի է, քան 2015թ. հունվար-օգոստոսին։ Զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,851 մլն մարդ, ինչը 274 հազարով (17.4%) ավելի է, քան 2015թ.։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2015թ. ամփոփ ցուցանիշներով միջազգային տուրիզմից ստացված եկամուտը կազմել է $1.94 մլրդ, ինչը 149 մլն-ով (8.3%) ավելի է 2014թ. նույն ցուցանիշի համեմատ։

ՕՈւՆ. Վրաստանի Վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2016թ. հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $834 մլն (1-ին եռամսյակ՝ $445 մլն, 2-րդ եռամսյակ՝ $389 մլն), ինչը 10,6%-ով ավելի է, քան 2015թ. առաջին կեսին։ (2015թ. ՕՈւՆ-ը կազմել է $1,56 մլրդ, ինչը 11%-ով պակաս է, քան 2014թ.)։

Առևտուր. Վրաստանի Վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ՝ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. հունվար-օգոստոսին կազմել է $7,426 մլրդ, ինչը 16%-ով ավելի է, քան 2015թ. հունվար-օգոստոսին։ Արտահանումը կազմել է $1,312 մլրդ (10%-ով պակաս), իսկ ներմուծումը՝ $6,114 մլրդ (23%-ով ավելի)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր