• am
  • ru
  • en
Версия для печати
29.11.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ Կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Քանի որ անցած հոկտեմբերը շատ կարևոր էր Վրաստանի ներքաղաքական կյանքում՝ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ապա պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական ակտիվությունը հասցվել էր նվազագույնի։ Այնուամենայնիվ, անցած հոկտեմբերին տեղի ունեցան օտարերկրյա բարձրաստիճան անձանց մի քանի կարևոր այցելություններ Վրաստան (Ղրղզստանի նախագահ Ա.Աթամբաևի այցը հոկտեմբերի 12-13-ին, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շ.Մուսթաֆաևի այցը հոկտեմբերի 28-ին)։ Եվս մեկ կարևոր իրադարձություն էր ՉԺՀ առևտրի նախարար Գաո Հուչենի այցելությունը Թբիլիսի (հոկտեմբերի 5), որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին ավարտել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Անդրադառնանք հոկտեմբերին Վրաստանի արտաքին քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններին։

Վրաստան-ԵՄ. Չնայած Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու ընթացակարգի դանդաղմանը՝ անվիզա ռեժիմի արագ մեխանիզմների մշակման շուրջ շարունակվող բանավեճերի պատճառով, այնուամենայնիվ, հոկտեմբերի 5-ին Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն ԵՄ Խորհրդի անունից պաշտպանություն հայտնեց Վրաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ անվիզա ռեժիմ մտցնելուն։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն (LIBE) նույնպես իր աջակցությունն էր հայտնել Վրաստանի համար անվիզա ռեժիմի սահմանման մասին միջգերատեսչական բանակցություններ սկսելուն, ինչն օրենսդրական գործընթացի մաս է հանդիսանում։

Այսպիսով, հոկտեմբերի 5-ի որոշման արդյունքում ԵՄ նախագահող երկիր Սլովակիան կսկսի բանակցությունները Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի հետ՝ համաձայնեցնելու համար լրացման վերջնական տեքստը։ Այնուհետև Եվրախորհրդարանն է հերթի մեջ, որը սկսել է ԵՄ այլ ինստիտուտների, այդ թվում և ԵՄ Խորհրդի հետ կոնկրետ հարցի քննարկումները, որի համաձայնությունը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի Շենգենյան գոտում Վրաստանի համար անվիզա ռեժիմը մտնի ուժի մեջ։

ԵՄ Խորհրդի հիմնական դիրքորոշումն այն է, որ Վրաստանի համար անվիզա ռեժիմը պետք է գործարկվի անվիզա ռեժիմի դադարեցման նոր, պարզեցված և ավելի արագ մեխանիզմի ներմուծմանը զուգահեռ։

Վրաստան-Ղրղզստան. Հոկտեմբերի 12-13-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Ղրղզական պատվիրակության այցի ընթացքում Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպում՝ դեմ առ դեմ ձևաչափով. Աթամբաևը և Մարգվելաշվիլին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցեր։ Պետությունների ղեկավարները բանակցել են նաև ընդլայնված ձևաչափով՝ կառավարությունների անդամների, ինչպես նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ իր ղրղըզ պաշտոնակցի առաջին այցը Վրաստան կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, որոնք պետք է «մշտապես ինտենսիվ երկխոսություն վարեն բարձր մակարդակով»։ Հանդիպման շրջանակներում Վրաստանի և Ղրղզստանի նախագահները ստորագրել են մի շարք համաձայնագրեր անվտանգության, տնտեսության և կրթության ոլորտներում համագործակցության մասին։ Կնքվել է համաձայնագիր «Եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին»։ Համաձայնագրի գլխավոր նպատակը, ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության, երկրների միջև տնտեսական համագործակցության խորացումն է և աջակցությունը ներդրումների ներգրավմանը։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հարկային հարցերում և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր չափորոշիչների ներդրման գործում։ Վրաստանի նախագահը նշել է, որ 2017թ. ծրագրվում է վրացական պաշտոնական պատվիրակության պատասխան այց Ղրղզստան։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ Ա.Աթամբաևի հանդիպման ժամանակ, ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության, նշվել է, որ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության խորացման ներուժ։

Նրանց հանդիպումից առաջ երկկողմ համագործակցության հրատապ հարցերը և տարանցման պոտենցիալի օգտագործման կարևորությունը դարձել էին Վրաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներ Միխայիլ Ջանելիձեի և Էրլան Աբդիլդաևի հանդիպման գլխավոր թեմաները։ Վրաստանի և Ղրղզստանի իրավապահ մարմինները նույնպես երեք հուշագիր ստորագրեցին փոխըմբռնման մասին, որը նախատեսում է համատեղ պայքար կազմակերպված հանցավորության, թրաֆիկինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միգրացիայի դեմ։ Հուշագրերը Թբիլիսիում ստորագրեցին Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին, Ղրղզստանի ներքին գործերի նախարար Քաշկար Ջունուշալիևը և արտակարգ իրավիճակների նախարար Քուբաթբեկ Բորոնովը։ Կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը և փորձի փոխանակումը։

Նշենք նաև, որ Ղրղզստանի նախագահի Վրաստան կատարած այցելության արդյունքների հիման վրա հայտարարվել է 2017թ. առաջին կեսին վրաց-ղրղզական առաջին բիզնես-համաժողովի անցկացման մասին։

Վրաստան-Չինաստան. Հոկտեմբերի 5-ին, ինչպես և ծրագրված էր, տեղի ունեցավ ՉԺՀ առևտրի նախարար Գաո Հուչենի այցը Վրաստան։ Նա հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու հետ, Թբիլիսիում Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլու հետ ստորագրեց հուշագիր Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, Չինաստանում տեղի էր ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչների վերջին աշխատանքային հանդիպումը, որի արդյունքներով Թբիլիսին հաջողությամբ ավարտեց Պեկինի հետ բանակցությունները և դառնալու է տարածաշրջանում առաջին երկիրը, որը հաստատելու է ազատ առևտրի ռեժիմ ՉԺՀ-ի հետ։

Այսպիսով ավարտվեց բանակցությունների և փաստաթղթի համաձայնեցման երկամյա փուլը, որի մեկնարկը տրվել էր 2015թ. դեկտեմբերի 10-ին Չինաստանում, որտեղ ստորագրվել էր Չինաստանի առևտրի նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի նախարարության միջև փոխադարձ համագործակցության հուշագիր, որն էլ նախատեսում էր բանակցությունների սկիզբը։ Ավելի վաղ՝ 2015թ. սեպտեմբերի 10-ին, չինական Դալյան քաղաքում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական համաժողովում ձեռք էր բերվել բանավոր պայմանավորվածություն վերոնշյալի մասին։ Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, նշենք, որ պաշտոնական Թբիլիսին հույս ունի ազատ առևտրի մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա վերջ։ Եթե ամեն բան այնպես տեղի ունենա, ինչպես կանխատեսում է վրացական կողմը, ապա պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն 2017թ. կեսերին, ներքին բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, ներառյալ երկու երկրների օրենսդիր մարմինների կողմից պայմանագրի վավերացումը։

ՉԺՀ առևտրի նախարարության տեղեկատվությամբ՝ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը բաղկացած է 17 գլխից, երկու կողմին էլ հնարավորություն կտա «օգտվել զրոյական սակագնից արտադրանքի մեծամասնության պարագայում»։ Ըստ ՉԺՀ առևտրի նախարար Գաո Հուչենի՝ չինացի սպառողները Վրաստանից բարձրորակ արտադրանք (գինիներ, գյուղտնտարտադրանք և այլն) ստանալու ավելի մեծ իրավունք կստանան, իսկ վրացի սպառողները համեմատաբար էժան արդյունաբերական արտադրանք կստանան ՉԺՀ-ից։ Վրաց պաշտոնական անձինք իրենց հերթին նշում են, որ վրացական գինին և գյուղտնտարտադրանքը մտնում են այն արտադրանքների թվի մեջ, որոնք չինական շուկա կմտնեն «զրոյական սակագնով», հենց որ համաձայնագիրը մտնի ուժի մեջ, «առանց որևէ անցումային ժամանակաշրջանի», ինչը շատ կարևոր է Վրաստանի արտաքին առևտրի զարգացման և դիվերսիֆիկացման համար։

Մեկնաբանելով այս իրադարձությունը՝ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին ասել է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը «հսկայական ձեռքբերում է, որը մեծ նշանակություն կունենա Մետաքսի ճանապարհի զարգացման համար»։

Տեղեկանք. Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Գինու գործակալության տեղեկատվության համաձայն՝ 2016թ. անցած ութ ամիսներին Վրաստանը ՉԺՀ է արտահանել 3,36 մլն շիշ գինի (0,75լ տարողությամբ), ինչը 2,4 անգամ ավելի է, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում, երբ ՉԺՀ էր արտահանվել 1,18 մլն շիշ գինի։ Այսպիսով, այդ ժամանակաընթացքում ՉԺՀ-ն եղել է երկրորդ խոշոր շուկան վրացական գինու արտահանման համար (Ռուսաստանից հետո, որտեղ այդ նույն ընթացքում ուղարկվել է 14,6 մլն շիշ)։

Այս առնչությամբ պետք է նշել նաև այն փաստի մասին, որ չինական China Tianchen Engineering Corporation խոշոր ընկերությունը, Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի (GOGC) ֆինանսավորմամբ, սկսել է Վրաստանում համակցված ցիկլով նոր ջերմաէլեկտրակայանի՝ «Գարդաբանի ջերմակայան-2»-ի կառուցումը (Քվեմո Քարթլի), որի հզորությունը կազմելու է 230 մվտ, իսկ արժեքը՝ $159 մլն։ Վրացական կողմի տեղեկատվությամբ՝ նոր կայանը կգործարկվի 2020թ. ձմռանը։ Ինչպես նշում են Վրաստանի նավթի և գազի կորպորացիայում, էլեկտրաէներգիայի պահանջարկը Վրաստանում կայուն աճում է, ինչի հետ կապված՝ բարձրարդյունավետ և խնայողական համակցված ջերմաէլեկտրակայանների կառուցումը երկրի կառավարության գերակայություններից մեկն է համարվում։ «Նման նախագծերի իրագործումն առաջնահերթ է, քանի որ ձմռանն անհնար է բավարարել աճող պահանջարկը գեներացման տեղական օբյեկտներով»,- ասվում է Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու հայտարարության մեջ։ Ըստ նրա՝ այս նախագիծը «կարևոր քայլ է երկրի էներգաանկախացման հաստատման ճանապարհին»։

Գարդաբանի առաջին համակցված ցիկլով ջերմաէլեկտրակայանը՝ 237 մվտ հզորությամբ, շահագործման է հանձնվել 2015թ. օգոստոսին։ ՋԷԿ շահագործման ժամկետը, որի ակնկալվող տարեկան թողարկումը կազմելու է 1,618 մլրդ կվտ/ժ, 25 տարի է։ ՋԷԿ-ը կառուցել է թուրքական Calik Enerji խոշոր ընկերությունը։ Շինարարության վրա ծախսվել է $231 մլն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր