• am
  • ru
  • en
Версия для печати
02.09.2016

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԻՆՈՎԱՑԻՈՆ ԻՆՏԵԳՐՈՒՄ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

Руский

   


Սամվել Մանուկյան

IPSC Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ, վերլուծաբան, սոց.գ.թ.

Խնդրահարույց իրավիճակ

Անդրկովկասում իրականացվում են երկու աշխարհատնտեսական տրանսպորտային-հաղորդակցային նախագծեր՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք («Մետաքսի ճանապարհ» նախագիծը)։

Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում Ադրբեջանը կարող է առանցքային դեր ունենալ, իսկ Հայաստանը փաստորեն դուրս է մղված նախագծից։ Ավարտման փուլում է գտնվում Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարությունը։ Հիմքեր չկան կարծելու, թե տեսանելի ապագայում1 կբացվի Իրան-Ջուլֆա (Նախիջևան)-Երևան-Գյումրի-Կարս երկաթուղին։

Հյուսիս-Հարավ նախագծի երկաթուղային բաղադրիչներն այսօր փակ չեն։ Սակայն իրականացման փուլում է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային նախագծի Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան)-Ռեշտ-Կազվին հատվածը. այս նախագծում Ադրբեջանն ունի առանցքային դեր։

Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին փակ է երկու օղակներում, և հիմքեր չկան ենթադրելու, թե տեսանելի ապագայում այդ երկաթուղին կբացվի։

Իրականացման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին (դեպի Փոթի և Բաթում ճյուղավորումներով)։ Այս մայրուղին ներառում է Հայաստանը Իրան-ԵՄ ինտեգրացիոն նախագծում։ Սակայն հիմքեր չկան ենթադրելու, թե տեսանելի ապագայում մայրուղին, ինչպես նախատեսվում է, կշարունակվի դեպի Ռուսաստան։ Այս փաստը Հայաստանի և Ռուսաստանի միջև լատենտ լարվածություն առաջացնելու պոտենցիալ ունի։

Այսպիսով, Հայաստանը բացառվել է ԵԱՏՄ ցամաքային տրանսպորտային նախագծերից, իսկ Ադրբեջանը, առանցքային դեր ունենալով երկու նախագծերում էլ, կբարձրացնի իր աշխարհաքաղաքական գինը Հայաստանի դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի ռազմավարություններում։

Քաղաքականության ձևակերպումը

Անդրկովկասյան երեք հիմնական հանրապետությունների դերերի աշխարհատնտեսական անհավասարակշռությունը փոխհատուցելու համար անհրաժեշտ է այնպես ընդլայնել Հյուսիս-Հարավ ինտեգրման հայեցակարգի բովանդակությունը, որպեսզի նոր համատեքստում Հայաստաը ձեռք բերի կարևոր դեր։

Նոր ինտեգրացիոն քաղաքականությունը, իրագործվելու համար, պետք է բավարարի հետևյալ չափանիշները։ Այն պետք է համահունչ լինի.

  • գլոբալ միտումներին և հիմնախնդիրներին,
  • ԵԱՏՄ ռազմավարական նպատակներին,
  • Վրաստանի՝ որպես մի երկրի զարգացման ռազմավարություններին, որն այսօր «չի ներգրվում» Հյուսիս-Հարավ ինտեգրացիոն նախագծում։

Ռազմավարությունը

Վերը ներկայացված քաղաքականության իրականացման ռազմավարություն կարող է դառնալ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ինովացիոն ինտեգրացիոն նախագծի նախաձեռնումը։

Ռազմավարության իրագործելիության նախադրյալները

• Ձևավորված ռազմավարությունը համապատասխանում է երեք թվարկված չափանիշներին։ Հարկ է հատուկ ընդգծել Վրաստանի զարգացման ռազմավարություններին համապատասխանությունը, որը, որևէ այլընտրանք չունենալու պատճառով, ստիպված է ներգրվել թուրք-ադրբեջանական համատեքստում, ինչն առաջ է բերում ինչպես ուղղափառ-քրիստոնյա ազգի հանրային լայն շերտերի, այնպես էլ նրա մտավորականության (ինչպես «հին», այնպես էլ «նոր») դժգոհությունը, որի համար նվաստացուցիչ է մի երկրի կարգավիճակը, որը սպասարկում է տարանցման ճանապարհն ու ապրում է ի հաշիվ ճանապարհահարկի և արևմտյան օգնության։

• Հայաստանը՝ ԵԱՏՄ անդամ։

• Հայաստանն ունի GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, ինչը նշանակում է, որ հայկական ավելի քան 6 հազար անուն ապրանքներ կարտահանվեն Եվրամիության երկրներ զրոյական կամ իջեցված մաքսահարկով։

• ԵԱՏՄ բարձրագույն կառավարող մարմիններում գիտակցում են ինովացիոն զարգացման բացառիկ նշանակությունը, կատարվում են գործողություններ այս ուղղությամբ։

• Իրանի դեմ պատժամիջոցների հանումը։

• ԵԱՏՄ-ի և Իրանի՝ համագործակցության երկկողմանի ձգտումը։

• Վրաստանի հետ կառուցողական փոխհարաբերությունների ընդլայնման հնարավորությունը, ինչը շատ կարևոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի համար (Վրաստանի անշեղ դիրքորոշումը զգալի չափով արդյունք է Արևմուտքից չափից ավելի մեծ կախվածության)։

• Առանձնահատուկ նախադրյալ է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կուտակած բավական զգալի փորձը Հայաստանի գիտատեխնիկական պոտենցիալի վերականգնմանն աջակցելու ուղղությամբ։

Ակնհայտ է, որ ռազմավարության իրագործման համար սկզբում անհրաժեշտ է նախնական համեմատական գնահատական տալ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի ինովացիոն զարգացման պոտենցիալներին։ Փորձենք տալ այդ գնահատականը։

Վերլուծության գործիքը

Որպես նման նախնական գնահատական օգտագործվել է Գլոբալ ինովացիոն ինդեքսը (Global Innovation Index)։ Ինդեքսը մշակվել է Բիզնեսի կառավարման եվրոպական դպրոցի և Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից։ Օգտագործվել են 2015թ. զեկույցի2 տվյալները։ Գլոբալ ինովացիոն ինդեքսի կառույցը ներկայացված է Նկար 1-ում։ Ինդեքսն ունի քառամակարդակ կառուցվածք։ Վերին մակարդակը կազմված է հենց ինդեքսից, երկու ենթաինդեքսներից՝ ինովացիոն մուտքերի ենթաինդեքսից, որը գնահատում է այն գործոնների վիճակն ու մակարդակը, որոնք որոշում են ինովացիաների զարգացումը, և ինովացիոն արդյունքների ենթաինդեքսից, որոնք գնահատում են ինովացիոն գործունեության արդյունքները (նկարում կանաչ ուղղանկյունների մեջ են)։

Ինովացիոն արդյունավետությունը ինովացիոն արդյունքների ենթաինդեքսի հարաբերությունն է ինովացիոն մուտքերի ենթաինդեքսին։

Երկրորդ մակարդակը կազմված է յոթ բաղադրիչից, որոնցից հինգն օգտագործվում են ինովացիոն մուտքերի ենթաինդեքսը, իսկ երկուսը՝ ինովացիոն արդյունքների ենթաինդեքսը դուրս բերելու համար (բաղադրիչների անվանումները տե՛ս դիագրամում)։

Երրորդ մակարդակը ներկայացնում են այն ենթաբաղադրիչները, որոնք օգտագործվում են բաղադրիչները դուրս բերելու համար։ Յուրաքանչյուր բաղադրիչ դուրս է բերվում ըստ երեք ենթաբաղադրիչների (ենթաբաղադրիչների անվանումները տե՛ս նկարում)։ Ընդհանուր առմամբ կա 21 ենթաբաղադրիչ։

Չորրորդ մակարդակը այն ինդիկատորներն են, որոնք օգտագործվում են ենթաբաղադրիչները գնահատելու համար։ Օգտագործվում են ընդհանուր առմամբ 79 ինդիկատորներ, որոնք ընտրվել են տարբեր աղբյուրներից, այդ թվում Համաշխարհային բանկի տվյալների շտեմարանից, Համաշխարհային բանկի ինստիտուտի կառավարման որակի ինդեքսներից, Doing Business ինդեքսներից, ՄԱԿ տվյալներից, միջազգային տարբեր սոցիոլոգիական հարցումների տվյալներից և այլն։ Նկարում ինդիկատորները պատկերված չեն3։

Վերլուծության հիմնական արդյունքները

Իրականացվել է Գլոբալ ինովացիոն ինդեքսի առաջին երեք մակարդակների տվյալների վերլուծություն։ Դիտարկվել են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի համապատասխան ցուցանիշները։ Ստացվել են հետևյալ հիմնական արդյունքները.

• Ինդեքսի բոլոր չորս մակարդակներում առաջատարը Ռուսաստանն է։ Երկիրն առաջին տեղում է առաջին մակարդակի չորսից երեք ցուցանիշների գծով, երկրորդ մակարդակի յոթ ցուցանիշներից չորսի, երրորդ մակարդակի 21 ցուցանիշներից 8-ի և 79 ինդիկատորներից 39-ի գծով (Աղյուսակ 1

• Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Հայաստանը և Վրաստանը։ Հայաստանն առաջին տեղում է առաջին մակարդակի մեկ ցուցանիշի (Վրաստան՝ 0), երկրորդ մակարդակի 2 ցուցանիշի (Վրաստան՝ 1), երրորդ մակարդակի 5 ցուցանիշի (Վրաստան՝ 4) և 13 ինդիկատորների (Վրաստան՝ 14) գծով։

• Իրանը բավականաչափ հետ է մնում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը և փոքր-ինչ առաջ է Ադրբեջանից։

Առաջին մակարդակի ցուցանիշների բովանդակության և ըստ այդ ցուցանիշների՝ երկրների դիրքերի (Աղյուսակ 2) դիտարկումը հանգեցնում է հետևյալ եզրակացություններին.

  • Բոլոր երկրները բարելավել են իրենց դիրքերը 2014թ. համեմատ, դա նշանակում է, որ ինովացիոն ոլորտներում գոյություն ունի մրցակցություն։
  • Հայաստանն առաջինն է ինովացիոն արդյունավետության ցուցանիշով, այսինքն՝ Հայաստանում ինովացիաների զարգացման գործոններում կատարվող ներդրումները հանգեցնում են առավելագույն վերադարձելիության։ Սա Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունն է։
  • Հայաստանը բոլոր ցուցանիշներով գերազանցում է Իրանին, այսինքն՝ հայ-իրանական հարաբերությունների ադեկվատ քաղաքականությունը ինովացիաների ոլորտում իրանական կապիտալը Հայաստան ներգրավելու հնարավորություններ ունի։

Երկրորդ մակարդակի ցուցանիշների բովանդակության և ըստ այդ ցուցանիշների երկրների դիրքի դիտարկումը (Աղյուսակ 3) ճշգրտում է հետևյալ եզրակացությունները.

• Պարզվում է, որ Հայաստանն առաջինն է կրեատիվ արդյունքների բաղադրիչով, իսկ գիտելիքների և տեխնոլոգիաների արդյունքների բաղադրիչով առաջինը Ռուսաստանն է, Հայաստանը երկրորդ տեղում է։

• Հայաստանը և Վրաստանը մրցակցում են Ինստիտուտներ և Շուկաների զարգացման աստիճան բաղադրիչների գծով։ Առաջին բաղադրիչի գծով առաջատարը Հայաստանն է, երկրորդի գծով՝ Վրաստանը։

• Ռուսաստանն առաջինն է Մարդկային կապիտալ և հետազոտություններ, ինչպես նաև Ենթակառուցվածքներ բաղադրիչների գծով։ Այս բաղադրիչներով երկրորդ տեղում Իրանն է։

Հետագա քայլերը

Ակնհայտ է, որ կոնկրետ ռազմավարությունների և գործողությունների մշակման համար անհրաժեշտ է կատարել Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի իրավիճակի բովանդակային համեմատական վերլուծություն ինդիկատորների մակարդակով՝ ռելևանտ այլ տեղեկատվության ներգրավմամբ։

Ինովացիոն ինտեգրացիոն ռազմավարության համար անհրաժեշտ են նաև.

• Գտնել գործընկերներ Ռուսաստանում, Վրաստանում և Իրանում, որոնք կկարողանան աջակցել այդ չորս երկրների ինովացիոն ինտեգրմանը։

• Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի4 ինովացիոն ձեռնարկությունների և ինովացիոն գաղափարների տվյալների շտեմարանի ձևավորում (ընդլայնված «Բիզնես-կատալոգ»), որով Հայաստանը կմասնակցի ինովացիոն ինտեգրմանը։

• Գործընկերների օգնությամբ նման շտեմարանի ձևավորում Ռուսաստանում, Վրաստանում և Իրանում։

• Հայաստանում աջակցություն մասնագիտացված պետական, բիզնես և ասոցիատիվ կառույցների ձևավորմանը, որոնք շահագրգռված են ինովացիոն ինտեգրման մարքեթինգի անցկացմամբ։

• Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում և Իրանում ինովացիոն ինտեգրման կլաստերների նույնականացում, դրանց զարգացման պոտենցիալների, տնտեսության վրա դրանց ներգործության շրջանակների և բովանդակության բազմակողմանի գնահատում (ինովացիոն ոլորտի փորձագետների միջոցով)։

1 Հոդվածում «տեսանելի ապագան» օգտագործվում է ստացիոնար քաղաքական և տնտեսական գործընթացների կանխատեսումների իմաստով, որոնցից բացառված են աշխարհաքաղաքական ֆորսմաժորային սցենարները, որոնք ի վիճակի կլինեին արմատապես փոխել անդրկովկասյան վեց հանրապետությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումները։

2 The Global Innovation Index 2015, https://www.globalinnovationindex.org/userfiles/file/reportpdf/gii-full-report-2015-v6.pdf

3 Հասանելի են The Global Innovation Index 2015 հաշվետվությունում։

4 Ինչպես ցույց է տվել հետազոտությունների փորձը Հայաստանում, այդ պոտենցիալն անհամեմատ ավելի զգալի է, քան կարող է թվալ ավերիչ 90-ականներից և ինտելեկտուալ-պրոֆեսիոնալ առումով լճացած 2000-ականներից հետո։ Տե՛ս Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման հետազոտական ծրագիրը. Ժողովրդագրություն, զարգացման ռազմավարություն և տեխնոլոգիաներ (Երկրորդ հետազոտական խումբ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարու-թյուն, UNFPA, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2014, 217 էջ (ձեռագիր)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր