• am
  • ru
  • en
Версия для печати
26.09.2016

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)

Руский

   


Ռոման Կարապետյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ ավելի ընդգծված երանգներով է շեշտադրում արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային ուղղության կարևորությունը: Պաշտոնական Թեհրանն առանձնակի հետևողականությամբ փորձում է զարգացնել երկկողմ և եռակողմ ձևաչափով համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հետ:

Իրան-ՌԴ-Հարավային Կովկաս: Թերևս, Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում ամենակարևոր իրադարձությունները կապվում էին Ռուսաստանի և Թուրքիայի հետ:

Օգոստոսի 7-ին երկրի նախագահ Հասան Ռոհանին մեկնեց Բաքու, որտեղ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման շրջանակներում ստորագրվեցին երկկողմ տնտեսական համագործակցության, հաղորդակցության, մշակութային ոլորտների վերաբերյալ համաձայնագրեր: Հաջորդ օրը Բաքվում կայացավ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, Կասպից ծովի իրավական կարգավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Օրակարգի հիմնական թեման եղել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային հաղորդակցության կազմավորման հարցը, որտեղ այս երեք երկրներն ունեն հանգուցային նշանակություն:

Տեղեկանք: Հյուսիս-Հարավ տրանսպորտային հաղորդակցության կազմավորման վերաբերյալ քննարկումները սկսվել են մոտ երկու տասնամյակ առաջ: Այն նախատեսում է Հնդկաստան-Ռուսաստան, իսկ այնուհետև՝ դեպի Եվրոպա հաղորդակցության գծի ստեղծում, որտեղ հիմնական կապող օղակները Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանն են լինելու: Նախատեսվող տրանսպորտային գծի երկարությունը կազմում է 7200 կմ՝ ներառելով Մումբայ (Հնդկաստան) - Սանկտ Պետերբուրգ հատվածը:

Բաքվում երեք երկրների նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական ակտիվ հունի մեջ դնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման գործընթացը: Այդ առումով առաջին հերթին կարևորվել է Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությունն ավարտին հասցնելը, որը կկապի Իրանի և Ադրբեջանի երկաթգծային հատվածները: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև երեք երկրների էներգահամակարգերի միացման վերաբերյալ: Այս գործընթացը սկսելու համար առաջիկա ամիսներին նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ ոլորտի պատասխանատուների միջև: Նախագահները քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում հետագա համատեղ անելիքների մասին հարցեր: Կողմերը պայմանավորվել են նաև համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկման առարկա հանդիսացած բոլոր պայմանավորվածություններն ամրագրվել են ստորագրված համատեղ հուշագրում:

Իրանական կողմը ձգտում է եռակողմ համագործակցության ձևաչափ կազմավորել նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ: Այս մասին ասել է արտգործնախարար Զարիֆը Թեհրանում ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Միխաիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ:

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության գործընթացներից փորձում է հետ չմնալ նաև Հայաստանը: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Ղազվին քաղաքում գործարար շրջանակների և արտադրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը կարող է լինել դեպի Եվրոպա և Ռուսաստան ամենալավ դարպասն իրանցիների համար: Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի միջնորդական դերակատարությունն էլ ավելի բարձր արժեք է ստանում, քանի որ այն Եվրասիական տնտեսական միության անդամ է:

Իրանը շարունակում է խորացնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Մոսկվայում գտնվող Իրանի զինվորական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է Իրանի հետ մոտ ապագայում կազմակերպվելիք համատեղ զորավարժությունների մասին: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում համագործակցության այս ոլորտում: Իրանի քաղաքական շրջանակներում, մասնավորապես՝ մեջլիսում, դժգոհությունների մեծ առիթ բարձրացավ Համադան քաղաքում տեղակայված ռազմաբազայից ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների հետ կապված: Դրանք այնտեղից հարվածներ էին հասցնում Սիրիայում գտնվող գրոհայիններին և ահաբեկիչներին: Մեջլիսի մոտ երկու տասնյակ պատգամավորներ նույնիսկ օրինագիծ առաջ քաշեցին, որով պետք է արգելվի օտարերկրյա զինված ուժերին՝ օգտվել Իրանի ռազմաբազաներից:

Իրան-տարածաշրջան: Ամիսը նշանակալի էր Իրան-Թուրքիա հարաբերություններում գրանցված զարգացումներով: Թեհրանում Թուրքիայի դեսպանն Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերի գծով օգնական Ալի Վելայեթիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տասը տարում հասել են զարգացման ամենաբարձր կետին: Օգոստոսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հրավերով Անկարա մեկնեց Իրանի արտգործնախարար Զարիֆը: Արտգործնախարարների միջև հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Իրանին Թուրքիայում կազմակերպված զինված հեղաշրջման փորձի ժամանակ վերջինիս դիրքորոշման համար: Վերջինս հայտնել է նաև, որ Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում ավելացնել Իրանից գնվող գազի ծավալները: Զարիֆը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում Զարիֆը նշել է, որ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանի առանցքային երկրներն են, ուստի այստեղ հիմնական հարցերը պետք է կարգավորվեն նրանց անմիջական մասնակցությամբ: Կարծում ենք, սրանով Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ակնարկում էր նաև եռակողմ համագործակցության զարգացման մասին:

Իրանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցում է նկատվում նաև սիրիական հարցում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումն անթույլատրելի է, և Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը պետք է համաձայնեցված գործեն Սիրիայում: Օգոստոսի 20-ին Չավուշօղլուն չնախատեսված այց կատարեց Թեհրան: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այցելության հիմնական նպատակը Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իրան կատարելիք այցը նախապատրաստելն էր: Սակայն կարծում ենք, որ սա անմիջական կապ ուներ մի քանի օր անց թուրքական զորքերի Սիրիա ներխուժման հետ: Սիրիայի հյուսիս թուրքական զորքերի ներխուժումից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Թուրքիան դա անում է միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, իսկ ավելի ուշ սկսեց խոսել այնտեղից թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Սակայն հարկ է նշել, որ Թեհրանն իր հայտարարություններն անում է ոչ ամենաբարձր մակարդակով ու ոչ կտրուկ տոնով, ինչպես սովոր է անել սիրիական հարցում: Ակնհայտ է, որ Իրանին նույնպես ձեռնտու չէ Սիրիայի հյուսիսում քրդական պետության ձևավորումը, ուստի, մեր կարծիքով, այդ հայտարարություններն առավելապես դեկլարատիվ բնույթ էին կրում: Թեհրանն առավելապես շեշտադրում է այն հանգամանքը, որ Սիրիայում իրականացվող գործողությունները Թուրքիան պետք է համաձայնեցնի Իրանի ու Ասադի կառավարության հետ, որպեսզի տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակն ավելի չսրվի: Կարծում ենք, Իրանը կպահի այս դիրքորոշումն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Սիրիայում չի շոշափել իր շահերը:

Օգոստոսի 4-ին Թեհրանում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Աֆղանստանի ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաներն էին ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանն Իրանի միջոցով Եվրոպային կապելու հաղորդակցության ուղիների ստեղծման հարցերը: Իրանական կողմը հատուկ շեշտադրել է, որ Աֆղանստանի անվտանգությունն ունի կարևոր նշանակություն Թեհրանի համար, ուստի չպետք է թույլատրել, որպեսզի այն դառնա ահաբեկիչների համար «փախուստի ճանապարհ»: Ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ Իրանը պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Ղրղզստանի հետ Բիշքեկում իսլամական հանրապետության հետախուզության նախարար Մահմուդ Ալավիի և նրա ղըրղզ գործընկերների միջև հանդիպման ընթացքում:

Իրանը շարունակում է առանձնակի ուշադրություն դարձնել հարևան երկու երկրների՝ Լիբանանի և Սիրիայի հետ հարաբերություններին: Իրանը պատրաստակամություն է հայտնել ռազմական օգնություն ցուցաբերել Լիբանանին ահաբեկչության դեմ պայքարում, եթե վերջինս ցանկանա: Երկրի մեջլիսի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդին Բորաջերդին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում հետագա համատեղ անելիքները: Կարծում ենք, որ այս հանդիպմանն ամենայն հավանականությամբ քննարկվել է նաև Սիրիա թուրքական զորքերի ներխուժման հարցը:

Իրան-Արևմուտք: Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում այս ամիս ևս առավելապես բացասական զարգացումներ գրանցվեցին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միջուկային համաձայնագիրը դեռևս չի խոսում Իրանի և Գերմանիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին: Ըստ Ա.Մերկելի, դրան հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե Իրանը ճանաչի Իսրայելի անկախ գոյությունը: Իսկ Մեծ Բրիտանիան մեղադրել է Իրանին Եմենի գրոհայիններին զենք մատակարարելու մեջ: Ի պատասխան` ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին նշել է, որ վերջինս ստում է և մեղադրել է Լոնդոնին տարածաշրջանային երկրների ներքին գործերին խառնվելու մեջ: ԱՄՆ-ը նույնպես մեղադրում է Իրանին Եմենի գրոհայիններին հրթիռներ մատակարարելու մեջ և դիտարկում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայեթին հայտարարել է, որ Իրանը նայում է դեպի Ռուսաստան ու Չինաստան, և իրենց չի հետաքրքրում ԱՄՆ կարծիքը: Կարծում ենք, որ Իրանը չի էլ մտածում զիջումներ անել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործում, ավելին, ավելի ու ավելի է զգացվում ասիական վեկտորի ուժեղացումը վերջինիս արտաքին քաղաքականության մեջ: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով մինչև նախագահության ավարտը չեղարկել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները և փոխհատուցել վերջինին հասցված վնասները:

Այլ զարգացումներ են գրանցվում Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերություններում: ԻԻՀ արտգործնախարարի Ասիա-խաղաղօվկիանոսյան և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրն աշխատանքային այցով եղավ Բելառուսում և Մոլդովայում: Քննարկման հիմնական առարկա են հանդիսացել տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը:

Իրանի արտաքին քաղաքականության օրակարգային այլ ուղղություններ: Ամիսը նշանավորվեց Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի Լատինական Ամերիկայի երկրներ կատարած շրջայցով: Օգոստոսի 22-ից սկսված յոթօրյա շրջագայության ընթացքում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը եղավ Կուբայում, Նիկարագուայում, Բոլիվիայում, Չիլիում, Էկվադորում և Վենեսուելայում: Զարիֆի պատվիրակությունը բազմամարդ էր՝ շուրջ 120 հոգի, որոնցից 60-ը ներկայացնում էր երկրի գործարար շրջանակները: Այցի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսացել տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Լատինական Ամերիկայի երկրների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆինանսաբանկային, առևտրային, հաղորդակցության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ: Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է նավթի շուկայի հարցն ու այս ոլորտում ՆԱԵԿ-ում հետագա անելիքները: Մանագուայում Զարիֆը հայտնել է Նիկարագուայում նախատեսվող ջրանցքի շինարարությանը մասնակցելու Իրանի հետաքրքրության մասին: Ջրանցքի շինարարության աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2019թ., որն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է իրականացնեն չինական ընկերությունները:

Միջուկային էներգետիկայի ոլորտը շարունակում է առաջնային դիրքերում մնալ: Իրանը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ Բուշեհրում երկրորդ միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Փաստորեն, կարող ենք ասել, որ միջուկային համաձայնագիրը դեռևս միայն ի նպաստ է աշխատում Իրանում խաղաղ միջուկային ծրագրերի զարգացմանը: Նավթային ոլորտում, թեպետ ակնկալիքները 2016-ի համար բավական մեծ էին, Իրանին դեռևս չի հաջողվում օտարերկրյա մեծածավալ ներդրումներ ունենալ իր տարածքում: Օտարերկրյա ներդրողները, որոնցից Իրանն այս տարի ակնկալում էր $50 մլրդ-ի ներդրում, կատարել են ընդամենը նախատեսվող ծավալի 10%-ը: Հիմնական խնդիրն այն է, որ դեռևս մութ կետեր կան Իրան-Արևմուտք հարաբերություններում, ուստի ամեն պահի կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել Իրանի նկատմամբ՝ մեծացնելով կատարած ներդրումները կորցնելու ռիսկը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր