• am
  • ru
  • en
Версия для печати
10.10.2017

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017


Ռոման Կարապետյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Չճանաչված կամ դե-ֆակտո գոյություն ունեցող պետությունների՝ միջազգային հարաբերություններին և համաշխարհային քաղաքական գործընթացներին ընդգրկվելու խնդիրը ժամանակակից քաղաքագիտական հանրույթի քննարկման կարևոր հարցերից է: Ներկայում աշխարհում կան բազմաթիվ այդպիսի պետություններ, որոնք փորձում են գտնել իրենց տեղը պետությունների ընտանիքում:

Գաղտնիք չէ, որ քիչ են օրինակները, երբ տարածքային հակամարտությունները գտնում են կարգավորման խաղաղ կամ արդարացի լուծում: Մի կողմ դնելով բանակցող կողմերի դիրքորոշումների միջև առկա ակնհայտ տարբերակվող մոտեցումները՝ փաստենք, որ Արցախյան հիմնախնդիրը դասվում է ամենաբարդերի շարքին. խնդրի բարդությունը կրկնապատկվում է նրանով, որ այստեղ, բացի անմիջական մասնակից կամ բանակցող կողմերից, կան բազմաթիվ արտաքին ակտորներ կամ «շահառուներ»: Մյուս կողմից էլ՝ նշենք, որ Արցախյան հակամարտությունը տարբերվում է մյուս հիմնախնդիրներից իր էությամբ. ըստ մեր դիտարկման, այն դուրս է տիպիկ տարածքային հակամարտությունների շարքին դասվելուց: Խոսքն այն մասին է, որ Արցախյան հիմնախնդիրն առաջին հերթին ոչ թե տարածքային հակամարտություն է, այլ ճանաչման հարց: Ավելին, խոսքը կայացած պետության ճանաչման մասին է, որն արդեն տասնամյակներ ապացուցում է միջազգային հանրությանն իր ինքնուրույն գոյապահպանման ունակությունը: Պետությունների ճանաչման հարցը ժամանակակից քաղաքագիտական մտքում ամենաշատ քննարկվող հարցերից է: Մինչև այժմ չկա հստակ պատասխան այն հարցին, թե ինչ է նշանակում ճանաչված պետություն: Ուստի, «ճանաչում» տերմինն ավելի շատ քաղաքական եզրույթ է, քան քաղաքագիտական հարց: Այսպես է կարծում քաղաքագետների մի մասը: Ըստ այդմ՝ ճանաչման գործընթացը պետության գոյության և զարգացման հերթական փուլն է միայն, ուստի՝ այն չի կարող հարցականի տակ դնել պետության գոյությունը: Լիովին համաձայնելով այս դիտարկման հետ՝ ավելացնենք, որ այս պնդման արդարացիությունն ապացուցվել է ինչպես Արցախի, այնպես էլ չճանաչված այլ պետությունների օրինակներով:

Խոսելով Արցախի Հանրապետության (այսուհետ՝ Արցախ) միջազգային ճանաչման մասին՝ չենք կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Հայաստան) դիրքորոշմանը: Արդյո՞ք Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի՝ ճանաչելով Արցախի անկախությունը, կամ՝ ինչո՞ւ Հայաստանը չի անում դա: Փորձենք հարցին առավել խորքային պատասխան տալ՝ անդրադառնալով հարցի վերաբերյալ հայ քաղաքագիտական հանրույթում առկա տեսակետներին: Նրանց մի մասի կարծիքով՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն անհետաձգելի քայլ պետք է լինի: Այս տեսակետի գլխավոր հիմնավորումն այն է, որ Արցախը կայացած պետություն է, մեզ համար չկա հիմնախնդրի լուծման այլ տարբերակ, քան Արցախի անկախ գոյությունն է, ուստի կարգավիճակի շուրջ բանակցելով՝ մենք հարցականի տակ ենք դնում նրա անկախությունը: Մյուս կողմից էլ, որպես հիմնավորում բերվում են Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի օրինակները, որոնք միջազգային ճանաչման ուղին բռնել են բանակցող կողմերից մեկի ճանաչումից հետո: Իսկ Կոսովոյի դեպքում կա նաև ՄԱԿ միջազգային դատարանի որոշումն այն մասին, որ վերջինիս անկախությունը չի հակասում միջազգային նորմերին1: Ավելացնենք, որ այս տեսակետի կողմնակիցները մեծամասնություն չեն կազմում:

Թերևս, առավել տարածված է այն տեսակետը, որ անհրաժեշտ է հետևել Մինսկի խմբի ձևաչափին և հիմնախնդրի կարգավորմանը հասնել բանակցային ճանապարհով, քանի որ Արցախի ճանաչումը կարող է անկանխատեսելի հետևանքների բերել, այդ թվում՝ բանակցային գործընթացի լիարժեք ձախողման և լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման: Արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է միակողմանի ճանաչման հետևանքով հակառակորդի պատասխանի ցանկացած սցենարի: Կարծում ենք, որ միայն այս հարցի դրական պատասխանը հիմնավորելու դեպքում պետք է հետևել առաջին տեսակետի կողմնակիցներին: Մյուս կողմից՝ չճանաչումը և հակամարտության երկարակեցությունը փոքրացնում են վերջինիս խաղաղ կարգավորման հնարավորությունները: Դրա պատճառներից մեկն այն է, որ ադրբեջանական հանրությունը, տարիների ընթացքում ենթարկվելով Բաքվի քարոզչամեքենայի կեղծ տեղեկատվությանը, ավելի ու ավելի է հեռանում իրականությունից՝ չփորձելով նայել հիմնախնդրի ակունքներին: Այսպիսով, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը չի նպաստում կողմերի դիրքորոշումների մերձեցմանը՝ բերելով ժամանակի ձգձգման և թշնամական մթնոլորտի մեծացման:

Իսկ ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս հարցում: Նշենք, որ 2010թ. դեկտեմբերին ՀՀ Ազգայի ժողովում «Ժառանգություն» խմբակցության առաջարկով քննարկման է դրվել Արցախի ճանաչման մասին օրենքի նախագիծը, սակայն մեծամասնություն կազմող կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը և օրինագիծը չի ընդունվել: 2016թ. ապրիլին, երբ արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց, ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը խոսեց Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին՝ որպես Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության միակ այլընտրանք: Սակայն այդ խոսակցությունները շատ արագ էլ մարեցին, քանի որ հայկական կողմը գտնում է, որ բանակցային ներուժը դեռևս ամբողջությամբ սպառված չէ: Նշենք նաև, որ ՀՀ նախագահը նման հայտարարություն արել էր նաև 2010թ. ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում և ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ագրեսիայի շարունակության պայմաններում Արցախի դե-յուրե ճանաչումը կարող է Հայաստանի համար լինել միակ ելքը: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ճանաչումը պաշտոնական Երևանի «զենքն է» ֆորսմաժորային իրավիճակում:

Կարծում ենք, որ 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր 2016թ. ապրիլը ամենանպաստավոր պահն էր Արցախը ճանաչելու համար: Այս ընթացքում հայկական կողմը շրջանառության մեջ դրեց նաև Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու գաղափարը, սակայն ի վերջո պաշտոնական Երևանն այս ու նախորդ հարցում դրսևորեց մեծ զգուշավորություն՝ սահմանափակվելով միայն սպառնալիքներով2: Մեր կարծիքով, այդ ժամանակ հայկական կողմի բանակցային դիրքերի ամրապնդման տեսանկյունից լավագույն առաջքայլը կլիներ Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելը: Մանավանդ որ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Ի.Պոպովը հայտարարել էր, թե բանակցությունների ինչ-որ փուլում Արցախի ներկայացուցիչները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ. «...չէ՞ որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ապրելու են այդ տարածքում»3:

Ինչպես վերը նշեցինք, չճանաչված կամ միջազգային ճանաչում չունեցող պետության համար զարգացման և պետությունների ընտանիքում լիիրավ ամրագրվելու լավագույն գրավականը կարող է լինել ակտիվ արտաքին քաղաքականությունը: Արցախն ավելի քան երկու տասնամյակ որդեգրել է այդ ուղին՝ կապեր հաստատելով ինչպես չճանաչված, մասնակի ճանաչում ունեցող պետությունների, այնպես էլ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտների հետ: Թերևս, Արցախի արտաքին քաղաքականության ամենաակտիվ ուղղություններից մեկը խորհրդարանական դիվանագիտությունն է: Ներկայում Արցախն ակտիվ կապեր ունի Ֆրանսիայի, Բելգիայի և մի շարք այլ եվրոպական երկրների խորհրդարանականների հետ, ստեղծվել են միջխորհրդարանական բարեկամական խմբեր: Նման խմբեր գործում եմ Ֆրանսիայի, Լիտվայի օրենսդիր մարմինների, Եվրախորհրդարանի հետ: Կարծում ենք՝ անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել այս հարթակը՝ ավելի ճանաչելի դառնալու, քաղաքական նոր կապեր հաստատելու և, վերջապես, բարեկամներ ձեռք բերելու համար:

Արցախի արտաքին քաղաքականության հաջորդ կարևոր ուղղությունը չճանաչված կամ մասնակի ճանաչում ունեցող երկրների հետ հարաբերություններն են: Արցախն ակտիվ քաղաքական կապեր ունի Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի հետ: Հատկապես ակտիվ են հարաբերությունները Հարավային Օսիայի հետ, ինչի մասին են վկայում երկկողմ պաշտոնական այցերը: Թերևս, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ ունեցած սերտ կապերն են այն հիմնական պատճառներից մեկը, որ հարևան Վրաստանն ունի կտրուկ ժխտողական դիրքորոշում Արցախի նկատմամբ: Եթե ներկայիս վարչակարգի պայմաններում պաշտոնական Թբիլիսին բավական զսպվածություն է ցուցաբերում, ապա նախագահ Մ.Սաակաշվիլու օրոք այն չէր խուսափում այդ մասին բարձրաձայնելուց: Այսպես, 2010թ. հուլիսի 30-ին ադրբեջանական «The Business Year» ամսագրին տված հարցազրույցում Վրաստանի այն ժամանակվա նախագահ Մ.Սաակաշվիլին ասել է հետևյալը. «Վրաստանն ու Ադրբեջանը պետք է պաշտպանեն միմյանց՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մեր երկու երկրները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հետ կապված, և Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է»: Իսկ 2011թ. օգոստոսի 28-29-ին Բաթումում անցկացված «Ադրբեջան. պետական անկախության վերականգնման 20-րդ տարին» խորագրով համաժողովում Վրաստանի սփյուռքի հարցերով նախարար Մ.Դավիթայան իր ելույթում նշել է, որ Վրաստանը միանշանակ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հանդիսանում է «օկուպացված ադրբեջանական տարածքների» ազատագրման կողմնակից4:

Արցախը Եվրոպայում անկախության ձգտող երկրամասերից ակտիվ կապեր ունի Իսպանիայի հյուսիսում ինքնավարության կարգավիճակ ունեցող Բասկերի երկրի հետ: Կարծում ենք, որ Արցախի արտաքին քաղաքականության թիրախային ուղղություններից մեկը պետք է լինեն Եվրամիության երկրները: Գաղտնիք չէ, որ եվրոպական երկրներն առավելապես հակված են տարածքային հակամարտությունների՝ ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով լուծման տարբերակին. բացառություն են կազմում այն երկրները, որոնք իրենց տարածքում ունեն նմանատիպ խնդիր: Դրա վառ վկայությունը Կոսովոյի հակամարտությունն է, թեպետ այստեղ դժվար է նժարի վրա դնել, մի կողմից, ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը: Գաղտնիք չէ նաև, որ ԵՄ երկրները Արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում են կառուցողական ինտեգրացիայի ճանապարհով: Ուստի, անհրաժեշտ է օգտագործել եվրոպական երկրները՝ որպես ապամեկուսացման հիմնական հարթակ: Անհրաժեշտ է գտնել ճանապարհներ ԵՄ շուկա դուրս գալու, վերջինիս հետ տնտեսական կապեր հաստատելու և զարգացնելու ուղղությամբ: Մյուս կողմից, հաշվի առնելով ԵՄ շատ երկրների նավթային կապերն Ադրբեջանի հետ՝ դեռևս դժվար է պատկերացնել կառույցի կողմից ընդհանուր դրական մոտեցում նշված հարցին, ուստի անհրաժեշտ է շեշտադրումը կատարել ԵՄ առանձին երկրների վրա:

Արցախի արտաքին քաղաքականության ակտիվացման ուղղությամբ մեծ ներդրում կարող են ունենալ վերջինիս ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Ներկայում Արցախը մշտական ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում (համատեղում է նաև Կանադայում), Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մերձավոր Արևելքում (նստավայրը՝ Բեյրութ): Թեպետ այս վերջիններս գործում են որպես լոբբիստական կազմակերպություններ, սակայն «Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն» կազմակերպության ներկայությունը մի շարք խոշոր պետություններում արդեն իսկ առաջքայլ է:

Արցախի միջազգային ճանաչման հարցում մեծ գործ ունի կատարելու նաև հայկական սփյուռքը: Մինչև վերջին տարիները սփյուռքի խոշոր հայկական կազմակերպությունների գործառույթները հիմնականում սահմանափակվում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով: Սակայն ժամանակի ընթացքում հայկական սփյուռքը սկսում է ավելի պարզորոշ գիտակցել, որ Արցախյան հիմնախնդիրն առնվազն պակաս կարևոր չէ հայապահպանության և հայրենիքի պահպանության տեսանկյունից, ուստի հայկական լոբբիստական խմբերը սկսել են ակտիվորեն զբաղվալ նաև այս հիմնախնդրով, այդ թվում՝ Արցախի միջազգային ճանաչման հարցով: 2010թ. ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հասարակական խորհուրդը նման խնդրանքով դիմել է սփյուռքի հայկական կազմակերպություններին: Կարող ենք փաստել, որ այս քաղաքականությունը տվել է առաջին պտուղները. ԱՄՆ յոթ նահանգ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա, Կալիֆոռնիա, Ջորջիա և Հավայներ, ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը: Իհարկե, ԱՄՆ սահմանադրությունը թույլ չի տալիս նահանգներին՝ ճանաչել պետություններ, ուստի սա իրավական տեսանկյունից որևէ գին չունի: Սա առավելապես քարոզչական քայլ է, որը կարող է ավելի ճանաչելի դարձնել Արցախին:

Կարևոր են նաև իսլամական աշխարհի հետ տարվող աշխատանքները: Այստեղ մեր գլխավոր հղումը պետք է անել այն բանին, որ տարբեր միջազգային հարթակներում հակահայկական բանաձևերին կողմ քվեարկելը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, ավելին՝ կոշտացնում է Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կարող է անխուսափելիորեն բերել նոր պատերազմի: Հենց այս սցենարով էլ հայկական կողմին հաջողվեց 2010թ. ՄԱԿ-ում չեզոքացնել հերթական հակահայկական բանաձևը: Կարևոր են նաև Ադրբեջանին զինող երկրների հետ տարվող աշխատանքները, և այս հարցում հայկական դիվանագիտությունը շատ անելիքներ ունի:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Արցախի Հանրապետությանը հաջողվել է մի քանի ուղղություններով զարգացնել արտաքին կապերը և որոշակի միջազգային ճանաչում ձեռք բերել: Սակայն դեռ շատ անելիք կա. իրացված չեն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են բերել Արցախի էլ ավելի մեծ ճանաչմանը: Մյուս կողմից, ինչպես նշեցինք, ճանաչման հարցն առավելապես քաղաքական հարց է, ուստի Արցախի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է նաև բարենպաստ միջազգային քաղաքական իրավիճակ:

1 Kosovo's independence is legal, UN court rules, https://www.theguardian.com/world/2010/jul/22/kosovo-independence-un-ruling

2 Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ, https://news.am/arm/news/320230.html

3 Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, http://yerevan.today/all/politics/7443/oroshaki-pulum-gharabaghy-petq-e-veradarna-banakcayin-seghani-shurj-eahk-minski-khmbi-hamanakhagah

4 ՀՀ ԱԳՆ Պատմադիվանագիտական բաժնի նյութեր, ցուցակ 17, գործ 131, թերթ 47։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր