• am
  • ru
  • en
Версия для печати
23.12.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ներքին իրադրության տեսություն)

Руский

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Իրանական շուկան աստիճանաբար բացում է դռներն ու առավել գրավիչ դառնում օտարերկրյա ներդրումների համար: Գաղտնիք չէ, որ երկարամյա գրեթե բացառապես ներքին ֆինանսավորման պայմաններում Իրանի տնտեսությունը ներկայում վերարդիականացման խնդիր ունի բոլոր ոլորտներում, ուստի օտարերկրյա ներդրումների ծավալների մեծացումը կարող է լավագույն լուծումը լինել այս ճանապարհին:

Նավթի արդյունահանում: Իրանի նավթի նախարար Զանգանեն հայտարարել է, որ Իրանի նավթային ոլորտի արդիականացման համար անհրաժեշտ է մինչև 2021թ. կատարել $180 մլրդ ներդրում: Ներկայում Իրանն այս հարցով ակտիվ բանակցություններ է վարում եվրոպական ու ասիական նավթային հսկաների հետ: Արդեն կան պայմանավորվածություններ ճապոնական նավթային ընկերությունների հետ $10 մլրդ-ի չափով վարկային գծի բացման ուղղությամբ: Իսկ գերմանական նավթային ընկերությունների հետ բանակցություններում հաջողվել է պայմանավորվել $3 մլրդ ներդրումների վերաբերյալ, չնայած Իրանի նավթի նախարարը հայտարարեց, որ այդ թիվը կարող է կրկնապատկվել, իսկ հետագայում նաև քառապատկվել: Բրիտանական խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Բրիթիշ փեթրոլիում»-ի և «Շել»-ի հետ արդեն կան պայմանավորվածություններ Իրանում չորս նոր նավթահոր համատեղ շահագործելու վերաբերյալ:

Չնայած նավթ արդյունահանող մյուս խոշոր երկրների ճնշումներին, Իրանն ինտենսիվորեն ավելացնում է նավթի արդյունահանման ծավալները: Ընթացիկ ամսում հաջողություններ գրանցվեցին նավթարդյունահանության ոլորտում: Նոյեմբերի 13-ին նախագահ Ռոհանին աշխատանքային այց կատարեց հարավային Խուզեստան նահանգ, որտեղ բացվեցին օրական 200 հազար բարել ընդհանուր թողունակությամբ երեք նոր նավթահորեր: Այս նավթահորերը հենված են Իրանի և Իրաքի տարածքում առկա նավթադաշտերի վրա, ուստի այստեղ համատեղ շահագործում կիրականացվի: Նոյեմբերի 20-ին Թեհրան ժամանեց Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն: Իրանի նավթի նախարարը վերջինիս հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կողմերը ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ նավթի արդյունահանման ծավալների և գների վերաբերյալ: Ըստ նախարարի՝ կազմակերպության անդամ երկրների նպատակն է նավթի միջազգային գները հասցնել $55-60-ի, ինչն արդյունավետ գին կլինի և՛ արդյունահանող երկրների, և՛ սպառողների համար:

Կարծես թե լուծում է տրվում նաև երկրի պահանջները բավարարելուն ուղղված նավթավերամշակման խնդրին: Նախատեսվում է 2017թ. երկրորդ կեսից դադարեցնել բենզինի ներկրումը: Այս հարցի լուծումը պայմանավորված է Իրանում կառուցվող և արդեն շինարարական աշխատանքների ավարտին մոտ նավթավերամշակման գործարանի շահագործմամբ: Գործարանի վերամշակման հզորությունը կազմելու է օրական 360 հազար բարել նավթ, ինչը թույլ կտա ստանալ 12 մլն լիտր բենզին:

Տնտեսություն: Իրանական տոմարով (սկսած ս.թ. մարտի 21-ից) ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Իրանի ոչ նավթային ապրանքների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է$ 55,5 մլրդ: Իրանն արտահանել է $28,11 մլրդ-ի չափով ապրանք՝ գրանցելով 5,74% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և ներկրել $27,38 մլրդ-ի չափով ապրանք՝ գրանցելով 0,94%-ի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իրանից արտահանման համար առաջին գործընկերը Չինաստանն է՝ $5,11 մլրդ ծավալով, այնուհետև Իրաքը՝ 4,68 մլրդ-ով, ԱՄԷ-ն՝ 4,37 մլրդ-ով, Թուրքիան՝ 2,6 մլրդ-ով, իսկ գործընկերների լավագույն հնգյակը եզրափակում է Կորեայի Հանրապետությունը՝ 2,14 մլրդ-ով: Չինաստանն առաջին տեղում է նաև դեպի Իրան արտահանման ծավալներով՝ 6,47 մլրդ: Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 4,67 մլրդ-ով, իսկ լավագույն հնգյակը եզրափակում են Կորեայի Հանրապետությունը, Թուրքիան և Գերմանիան՝ համապատասխանաբար $2,14, $1,76 և $1,46 մլրդ:

Տեղեկանք: Ոչ նավթային ապրանքները կազմում են Իրանի արտաքին առևտրաշրջանառության 81%-ը: Իրանն առևտրային կապեր ունի աշխարհի 150 երկրների հետ, երկրի հիմնական առևտրային գործընկերները 20-ն են, որոնց բաժին է հասնում արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 90%-ը:

Գազի պաշարներով աշխարհում երկրորդը հանդիսացող Իրանը նախատեսում է մինչև 2017թ. ապրիլ գազի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական 50-100 մլն մ3-ով: Բնական գազի արդյունահանման ոլորտի զարգացման գործին կնպաստեն նոյեմբերի 10-ին ֆրանսիական ու չինական խոշոր ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերը: Դրանցով նախատեսվում է Իրանում գազային ոլորտում կատարել $4,8 մլրդ ներդրում: Նշենք, որ, ըստ ամերիկյան փորձագետների, առաջիկա 5 տարիներին Իրանին անհրաժեշտ է $200 մլրդ-ի ներդրում նավթագազային ոլորտի հնացած ենթակառուցվածքները վերանորոգելու և փոխարինելու համար: Իրանը նախատեսում է մեծ թափ հաղորդել նաև երկաթի արդյունահանման ծավալներին: 2015թ. վերջինիս ծավալը կազմել է 16,1 մլն տոննա: Նախատեսվում է մինչև 2025թ. այդ ցուցանիշը հասցնել 55 մլն տոննայի, ինչը թույլ կտա Իրանին լինել 6-րդն աշխարհում:

Ենթակառուցվածքների զարգացման հարցը շարունակում է գերակա մնալ Իրանում, քանի որ դրանք հիմնականում մաշված են և արդիականացման խիստ կարիք ունեն: Ներքին և արտաքին ցամաքային առևտրի զարգացման համար մեծ կարևորություն ունի Ղազվին-Ռեշտ երկաթգծի շինարարությունը: Այն Իրան-Ադրբեջան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային հաղորդակցության ծրագրի մասն է կազմելու: Երկաթգծի այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017թ. ամռանը՝ մինչև Ռոհանիի նախագահության ժամկետի ավարտը: Այս երկաթգծի թողունակությունը լինելու է տարեկան 5 մլն տոննա: Իրանում մեծ թափ են հավաքում գերմանական ներդրումները: Երկրի ներքին երկաթգծային ցանցի բարելավման նպատակով Գերմանիան Իրանին $1,2 մլրդ-ի չափով վարկային գիծ է տրամադրել: Գերմանիայի ներկայացուցիչների հետ Իրանը ստորագրել է նաև Շահիդ Ռեջա նավահանգստի զարգացման ու արդիականացման համաձայնագիր: Գործարքի արժեքը 104 մլն եվրո է:

Տեղեկանք: Շահիդ Ռեջա և Չաբահար նավահանգիստները Հորմուզի նեղուցով անցնող նավերն սպասարկող հիմնական նավահանգիստներն են, իսկ այդ նեղուցով տարեկան անցնում է 40 հազար նավ: Նախորդ տարվա համեմատությամբ Շահիդ Ռեջա նավահանգստով բեռնափոխադրումների ծավալը աճել է 40%-ով:

Իրանն աստիճանաբար դուրս է գալիս միջազգային ֆինանսական համակարգից մեկուսացված վիճակից: Իրանում մասնաճյուղեր բացելու հետաքրքրություն են հայտնել եվրոպական և ասիական չորս երկրների խոշոր բանկեր: Իրանի արտահանման զարգացման բանկը համագործակցություն է հաստատել արտասահմանյան 105 բանկի հետ, որոնք գործում են աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Բանկային ոլորտի զարգացումը կարող է նպաստել նաև երկրում զբոսաշրջության ոլորտի աճին: Թեպետ այս հարցում հիմնական խոչընդոտն Իրանում առկա ենթակառուցվածքներն են: Իրանում կա ընդամենը 1140 հյուրանոց, որից միայն 140-ն ունի 4 կամ 5 աստղանիի կարգավիճակ: Զբոսաշրջիկներին պատշաճ սպասարկելու համար անհրաժեշտ է կառուցել 400 նոր բարձրակարգ հյուրանոց, ինչը պահանջում է $80 մլրդ-ի ներդրում: Ոլորտի զարգացման նպատակով Իրանի կառավարությունը մեծ արտոնություններ է սահմանել օտարերկրյա ներդրողների համար: Առաջին դրական արդյունքներն արդեն կան. Իրանը ստացել է երկրում 30 նոր հյուրանոց կառուցելու արտասահմանյան առաջարկ, իսկ նախատեսվող ներդրումների նախնական ծավալը կազմում է $6 մլրդ:

Մարդու իրավունքների հարցերն Իրանում: Մարդու իրավունքներին առնչվող հարցերը շարունակում են արդիական մնալ միջազգային պատասխանատու կառույցների օրակարգում: Նոյեմբերի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձև, որում նախ խոսվում է առկա իրավիճակի, հատկապես կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների և կիրառվող պատժամիջոցների, իսկ հետո՝ ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների մասին: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դեհղանին, անդրադառնալով բանաձևին, ասել է, որ այն ունի միայն Իրանի վրա ճնշումներ գործադրելու քաղաքական նպատակ՝ միևնույն ժամանակ մեղադրելով այն առաջադրած երկրներին մարդու իրավունքների խախտման մեջ: Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իրանը չի ընդունում արևմտյան երկրների՝ մարդու իրավունքների հարցերի պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականությունը: Վերջինս նշել է նաև, որ անընդունելի է Իրանի նկատմամբ նման գործելաոճը արևելքում ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորող երկրների կողմից: Իսկ երկրի դատական իշխանության ղեկավար, այաթոլա Սայեղ Լարիջանին մեկնաբանել է, որ աշխարհում ոչ մի տեղ չկա բացարձակ ազատություն, և բոլոր երկրներում էլ ազատությունն ինչ-որ տեղ սահմանափակվում է: Նա ասել է նաև, որ Իրանը մարդու իրավունքների հարցերով գործում է սահմանադրությանը համապատասխան, որի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պարտավոր է հասարակության մեջ տարածել բարոյական արժեքները և կանխել բարոյալքվածությունն ու կոռուպցիան:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր