• am
  • ru
  • en
Версия для печати
09.07.2018

«ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Руский

   

Գագիկ Հարությունյան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ


Զեկուցում «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք.
իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ
7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,
«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

Ներկայիս հիբրիդային իրողություններում, երբ տոտալ հակամարտություններն ընթանում են մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում (ռազմական, դիվանագիտական, գիտակրթական, մշակութային և անգամ սպորտային), գլոբալ հարթությունում գրեթե վերացել են նախկինում միջազգային հարաբերությունների վերաբերյալ եղած պատկերացումները և նորմերը։ Որոշ քաղաքագետներ[1] գտնում են, որ արդի իրավիճակը հիշեցնում է 1618-1648թթ. Եվրոպայում սկիզբ առած երեսնամյա պատերազմը [1]։ Միանգամայն հիմնավորված է նաև այն տեսակետը, համաձայն որի՝ «կառավարվող քաոսի» տեխնոլոգիաների[2] կիրառմամբ ընթացող ներկայիս քաղաքականությունը նպաստում է «գլոբալ կրիտիկականության» ձևավորմանը, որը վերացնում է գոյություն ունեցող աշխարհակարգի հիմքերը [2, 3]։ Նման հայեցակարգի տեսական հիմնավորումն է «ինքնակազմակերպված կրիտիկականության» տեսությունը, համաձայն որի՝ ոչ գծային օրինաչափություններին ենթարկվող համակարգն իր զարգացման ընթացքում անխուսափելիորեն մոտենում է այսպես կոչված «բիֆուրկացիայի» կետին կամ, այլ խոսքերով, այն կետին, երբ փոխվում է համակարգի գործելու նախկին ռեժիմը։ Դա նվազեցնում է համակարգի կայունությունը, և արդյունքում՝ անգամ աննշան փոփոխությունները կարող են հրահրել անկանխատեսելի հետևանքներով բուռն պրոցեսներ, որոնք փոխում են ողջ համակարգի պատկերը և բովանդակությունը։ Հատկանշական է, որ նման իրավիճակում անգամ կոնկրետ վտանգների վերացումը կարող է հանգեցնել այլ անցանկալի տարբերակների առաջացման հավանականության մեծացմանը [2]։

Ինչպես հետևում է վերոնշյալից, արդի ոչ գծային օրինաչափություններին ենթարկվող տուրբուլիզացված աշխարհակարգը գտնվում է որակական փոփոխությունների փուլում։ Դա վկայում է այն մասին, որ ստեղծված իրավիճակում, առավել քան երբևիցե, ազգային անվտանգության համատեքստում անհրաժեշտ է կարևորել ստեղծված իրողությունների ադեկվատ ընկալումը և դրանց նույնքան ադեկվատ արձագանքելու կարողությունը: Նման մոտեցումը ենթադրում է խոր, համակարգված գիտելիքներ և իմացություններ ինչպես սեփական, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ակտորների ոչ նյութական և նյութական ռեսուրսների և հնարավորությունների վերաբերյալ։ Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա աննախադեպ զարգացման ժամանակաշրջանում հանրությունում արտաքին աշխարհի հանդեպ ձևավորվել են նաև զուտ վիրտուալ պատկերացումներ, որոնցում և նա «ապրում և գործում է» (կամ, ինչպես դիպուկ նկատել է Գ.Պոչեպցովը, եթե «իրական աշխարհը գոյություն ունի անկախ մարդու պատկերացումներից, ապա վիրտուալ աշխարհը կառուցվում է համաձայն մարդու պատկերացումների»[3]։

Ակնհայտ է, որ միայն վերոնշյալ բոլոր հանգամանքները հաշվի առնելու պարագայում է հնարավոր ամրագրել սեփական հոգևոր, մտավոր (հոգևոր, մտավոր, կազմակերպչական և այլն) և նյութական ոլորտների (ռազմաքաղաքական, տնտեսական և այլն) «կոորդինատները» գլոբալ հարթությունում, ինչը թույլ կտա ոչ միայն վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, այլև մշակել համապատասխան ռազմավարություն ներքին հիմնախնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ։

Այս վերջին խնդրի պարագայում անհրաժեշտ է խիստ կարևորել ինչպես սեփական, այնպես էլ այլոց համակարգային նշանակություն ունեցող ենթակառուցվածքների կամ, այլ խոսքերով՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերհանումը, որոնց խոցումը կարող է հանգեցնել անդառնալի կորուստների և անգամ ողջ համակարգի փլուզման։ Միևնույն ժամանակ, կրիտիկական նշանակություն կարող են ունենալ ոչ միայն առանձին կառույցները կամ կառույցների համախումբը, այլ նաև ամբողջ ոլորտներ, որոնցում տիրող իրավիճակը և զարգացման մակարդակը պայմանավորում են այլ ոլորտների անվտանգությունը և արդյունավետությունը [4]։ Ավելին, համաձայն մեր մոտեցումների՝ անգամ նման ընդհանրական դասակարգման պարագայում կարելի է վերհանել այնպիսի ոլորտ, որի զարգացածության մակարդակը հանդիսանում է մնացյալ բոլոր ոլորտների անվտանգության և զարգացման նախապայմանը, և նման ոլորտը կարելի է պայմանականորեն անվանել «կրիտիկական ոլորտների կրիտիկական ոլորտ»։ Մեր պատկերացումները թույլ են տալիս պնդել, որ նման անվանմանը կարող է հավակնել հոգևոր-գիտելիքային ոլորտը, որի կատարելության և զարգացման մակարդակն ուղղակի կամ անուղղակի պայմանավորում է այլ ուղղություններում ու բնագավառներում ընթացող զարգացումների արդյունավետությունը։

Հարկ է նաև նկատել, որ ներկայի ոչ գծային բնույթի հիմնախնդիրներին և պրոցեսներին խորամուխ լինելը հնարավոր է միայն ժամանակային գործոնը հաշվի առնելու պարագայում։ Դա նշանակում է, որ այս կամ այն երևույթն ադեկվատ ընկալելու համար բավարար չէ սահմանափակվել կոնկրետ դիտարկման ժամանակահատվածով և անգամ համադրելով ստացված արդյունքներն անցյալի նախադեպերի հետ։ Արդի մոտեցումները պահանջում են, որպեսզի երևույթները և գործընթացները վերլուծվեն նաև ապագայում դրանց փոխակերպումների վերաբերյալ փորձագիտական հնարավորինս հիմնավորված պատկերացումների հիման վրա։ Անցյալի, ներկայի և հնարավոր ապագայի կամ այսպես կոչված «ժամանակային տրիադայի» համատեքստում փոխկապակցված մոտեցումների ձևավորումն էապես մեծացնում է ոչ գծային զարգացումներն ադեկվատ ընկալելու հավանականությունը և այդպիսով նպաստում դրանց առավել իմաստավորված արձագանքելու կարողությանը[4]։

Վերը ներկայացված խիստ համառոտ նկատառումների համախումբն առավել ակտուալ է այն երկրների և հանրությունների համար, որոնք այս կամ այն պատճառներով արդի աշխարհաքաղաքական-աշխարհագաղափարախոսական զարգացումների մասն են հանդիսանում։ Ակնհայտ է, որ Հայաստանը (ՀՀ և ԱՀ) և Հայկական հանրությունը (արդի, պատմական Հայաստանում և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները), գտնվելով Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում և Թուրքիայի հանդեպ պահանջատիրության դիրքերում, դասվում են նման երկրների և հանրությունների շարքին։

Իսկ այժմ փորձենք տեսական նկատառումներից անցում կատարել կիրառական խնդիրներին և «ադեկվատ ընկալման» ու «ժամանակային տրիադայի» թեզիսների համատեքստում անդրադառնանք Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հարցին։ Այդ նպատակով դիտարկենք WIN/Gallup International ընկերության 2016թ. End of the Year[5] նախագծի շրջանակներում անցկացրած գլոբալ հարցման արդյունքները, որի ընթացքում աշխարհի 68 երկրների ռեսպոնդենտներին տրվել է հետևյալ հարցը. «Աշխարհի ռազմական առավել մեծ պոտենցիալ ունեցող 6 երկրներից՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Հնդկաստան, ո՞րը կնախընտրեիք որպես դաշնակից Ձեր երկիր ռազմական ներխուժման պարագայում»։ Ինչպես հետևում է աղյուսակում ներկայացված տվյալներից, պատերազմի պարագայում ՌԴ–ին որպես դաշնակից ընկալող առաջին 8 հանրություններից 6-ը գտնվում են Ռուսաստանի հետ նույն քաղաքակրթական միջավայրում։ Սերբիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Սլովենիայի քաղաքակրթական ընդհանրությունը ՌԴ-ի հետ պայմանավորված է նույն «Սլավոնական աշխարհին» պատկանելով և համատեղ պայքարով օտարերկրյա զավթիչների դեմ, իսկ Հայաստանի և Հունաստանի հետ քաղաքակրթական ընդհանրությունը հետևանք է ոչ միայն Օսմանյան կայսրության դեմ այդ երկրների համատեղ վարած պայքարի, այլև դեռևս բյուզանդական ժամանակաշրջանում ձևավորված բավական մոտ արժեքային համակարգի և ավանդույթների։

Աղյուսակ 1. ՌԴ-ն և ԱՄՆ-ը որպես ռազմական դաշնակից ընտրած առաջին 8 երկրները (ըստ WIN/Gallup Int. 2016թ).


Այլ խոսքերով՝ նշված հանրությունների վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ պայմանավորված է պատմական-քաղաքակրթական գործոններով։ Սակայն արդի պայմաններում ռազմաքաղաքական պայմանագրերի առումով դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ ունի միայն Հայաստանը։ Ավելին, նույն եղբայրական-սլավոնական Ուկրաինայի հետ ՌԴ-ն գտնվում է պատերազմական վիճակում։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ին նախապատվություն տվող երկրների հասարակությունները քաղաքակրթական տեսանկյունից հեռու են «անգլոսաքսոնյան աշխարհից»։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ԱՄՆ ամենամերձավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Ակնհայտ է, որ այդ երկրների հասարակություններում պատերազմի դեպքում ԱՄՆ-ին դիմելու հարց չի ծագում, քանի որ նրանց միասնության խոսակցություններն ուղղակի ավելորդ են։

Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ պետք է ընդունել, որ մեր երկրների ազգային անվտանգության տեսանկյունից վերոնշյալ քաղաքակրթական ներուժը դեռևս լիովին ադեկվատ չի ընկալվում և չի օգտագործվում։ Մինչդեռ, հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցող երկրներում ընթացող կենտրոնախույս գործընթացները և ՀԱՊԿ որոշ անդամների քաղաքական դիրքորոշումների պատճառով առաջացած խնդիրները՝ չպետք է բացառել, որ այդ ռազմաքաղաքական կառույցները կարող են և ենթարկվել որոշակի ձևաչափային փոխակերպումների։ Այդ համատեքստում, փորձելով դատողություններ անել «ժամանակային տրիադայում» ապագայի կանխատեսման կարևորության վերաբերյալ թեզիսի շրջանակներում, խիստ հեռանկարային կարելի է գնահատել Մոսկվա — Երևան — Աթենք ռազմաքաղաքական առանցքի հնարավոր ձևավորումը, որին հետագայում կարող են միանալ նաև բալկանյան երկրները։

Գրականություն

1. Գ.Հարությունյան, Ֆրագմենտացված կամ «մինչվեստֆալյան» աշխարհակարգ, Գլոբուս, #2(91), 5, 2018։

2. А.Бартош, Агрессия нового типа, НВО, #18, (996), 2018.

3. «Տեղեկատվական անվտանգություն», Նախագծի ղեկավար և գլխ. խմբագիր Գ.Հարությունյան, 317 էջ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2017։

4. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն (հետազոտական ծրագրի համակարգողներ Ս.Մանուկյան, Գ.Հարությունյան), «Նորավանք» ԳԿՀ, 218 էջ, 2015, http://www.noravank.am/arm/books/details.php?ELEMENT_ID=1326003.2015

[1] Г.Арутюнян, Фрагментированный или «довестфальский» миропорядок, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=16546, Т.Бордачев, Третья тридцатилетняя война, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=17368&sphrase_id=67565

[2] Այդ տեխնոլոգիաները մշակվել են ամերիկյան Սանտա Ֆե քաղաքում, 1984թ. հիմնադրված «Միջդիսցիպլինար հետազոտությունների» ինստիտուտում (որն անվանում են նաև «Կրիտիկական բարդության ինստիտուտ»), որի նպատակներից էր քաոսի վերաբերյալ տեսական ֆիզիկայի դրույթները կիրառական աշխարհաքաղաքական նպատակներին «հարմարեցնելը»։

[3] Г.Почепцов, Виртуальность не знает поражений от реальности, только другая виртуальность может ее победить, http://hvylya.net/analytics/society/virtualnost-ne-znaet-porazheniy-ot-realnosti-tolko-drugaya-virtu...

[4] Բնորոշ է, որ ԱՄՆ-ում, որտեղ ընթացիկ գործընթացների վերլուծությունը և կանխատեսման մշակույթը, շնորհիվ բազմաթիվ «ուղեղային կենտրոնների» կատարած մշակումների, գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (տե՛ս, օրինակ, Г.Арутюнян, Распад «системы» и формирование будущего, НОФ «Нораванк», Ереван, 2011), ձևավորվել է նաև հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրում է Հռոմեական կայսրության փլուզման պատճառները։ Այդ աշխատանքային խմբում ստացված արդյունքներն օգտագործվում են սեփական գերտերության կայունությունը պահպանելու նպատակով։

[5] WIN/Gallup International. End of year 2016. Gallup International/Ромир, 02.05.2017, http://romir.ru/studies/904_1493672400/.

http://soyuzinfo.am/hy/2018/07/5595/



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր