• am
  • ru
  • en
Версия для печати
18.09.2018

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018

Արմեն Մանվելյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.

Բրիտանական հայտնի Բրիթիշ փեթրոլիում (BP) ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն նավթ և գազ արդյունահանող միջազգային կառույցը, զբաղվում է նաև էներգետիկ համաշխարհային շուկայի ուսումնասիրությամբ։ Այդ ուսումնասիրությունները ամեն տարի հունիսի վերջին ներկայացվում են հանրությանը և դառնում հետազոտական և վերլուծական աշխատանքներ գրելու կարևորագույն աղբյուր։

Նկատենք, որ BP-ն միակ կազմակերպությունը չէ, որ նմանատիպ հետազոտական զեկույցներ է տպագրում։ Էներգետիկ հիմնախնդիրների ուսումնասիրողների համար կարևոր են նաև ՕՊԵԿ տարեկան զեկույցները, որոնցում հատկապես մեծ տեղ են հատկացվում նավթի ևւ գազի շուկաների զարգացման միտումներն՝ ուղղված ապագային։

Կարևոր են նաև Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տարեկան զեկույցները, որոնցում կարևորվում են հատկապես սպառող պետությունների շահերը և հնարավորությունները՝ միասնական քայլերով ազդել նավթի և գազի շուկաների ու դրանց գնագոյացման քաղաքականության վրա։ Ուսումնասիրողների համար առաջնային են նաև ԱՄՆ էներգետիկայի նախարարության տարեկան զեկույցները (Energy Information Administration-EIA), որոնցում մեծ տեղ են տրվում այդ բնագավառում նորարարական տեխնոլոգիաներին, վերականգնողական էներգետիկային, դրանց զարգացման միտումներին և այլն։

Այսօր, սակայն, կանգ կառնենք հենց BP-ի տարեկան զեկույցի վրա, որը կոչվում է Համաշխարհային էներգետիկայի վիճակագրության դիտարկում (Statistical Review of World Energy)1: Այս զեկույցները հրատարակվում են արդեն 67 տարի և ռազմավարական նշանակություն ունեն թե՛ առանձին հետազոտողների և թե՛ էներգետիկ աշխարհաքաղաքականությամբ զբաղվող գիտական ու ակադեմիական ինստիտուտների և կենտրոնների համար։

Տասը գլխից բաղկացած այս վիճակագրության նպատակն է ցույց տալ էներգետիկ համաշխարհային շուկայի կառուցվածքը՝ առկա ռազմավարական պաշարները, դրանց արդյունահաման հզորություններն աշխարհում և սպառման ծավալները։ Ամեն տարվա հունիսին հրատարակվող այս զեկույցներն ամփոփում են նախորդ տարվա տվյալները, այսինքն՝ 2018թ. հունիսին հրատարակվել է 2017թ. էներգետիկ վիճակագրությունն ամբողջ աշխարհում ընդհանրապես, և առանձին վերցրած պետություններում՝ մասնավորապես։

Այսպես, զեկույցի առաջին գլխում, որը կոչվում է Առաջնային էներգակիրներ (Primary energy), ներկայացվում են էներգետիկ սպառման ծավալներն ամբողջ աշխարհում, որն այս պահին կազմում է մոտ 13 մլրդ տոննա նավթային համարժեք (տ.ն.հ.)։ Տ.ն.հ.-ն համարժեք է մոտ 7.3 բարել նավթի կամ 11.6 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիայի։ Չափման նման միավորով փորձ է արվում ցույց տալ տվյալ պետությունում էներգակիրների ընդհանուր սպառումը, տվյալ դեպքում հաշվառվում է նավթի, գազի, ածխի, միջուկային էներգիայի, հիդրոկայանների, վերականգնողական էներգիայի սպառումը թե՛ առանձին պետություններում և թե՛ աշխարհում։

Ըստ BP-ի վերջին զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ սպառողը վերջին տարիներին շարունակում է մնալ Չինաստանը՝ 3 մլրդ 130 մլն տ.ն.հ. չափով, ինչը կազմում է աշխարհում սպառվող էներգակիրների 23%-ը։ 2016թ. համեմատ Չինաստանում էներգակիրների պահանջարկի աճը կազմել է 3.1%, այն դեպքում, երբ նախորդ 10 տարիներին այդ երկրում էներգակիրների նկատմամբ պահանջարկն աճում էր միջինը 4.4%-ով։ Նման միտման պատճառը Չինաստանում տնտեսական աճի շարունակական դանդաղումն է, որն էլ հանգեցնում է նաև էներգակիրների նկատմամբ պահանջարկի դանդաղմանը։

2 մլրդ 234 մլն տ.ն.հ. էներգակիրներ սպառող երկրորդ պետությունը ԱՄՆ-ն է, ինչը կազմում է աշխարհում սպառվող էներգակիրների 16.5%-ը: 2016թ. համեմատ էներգակիրների սպառման աճն այս երկրում կազմել է մոտ 0.6%, ինչը, նկատենք, բացառիկ է այդ պետության համար, քանի որ նախորդ 10 տարիներին այստեղ էներգակիրների սպառման ծավալների կայուն նվազում էր գրանցվում տարեկան միջինը 0.3%-ով։ Այս միտումները բացատրվում են ԱՄՆ տնտեսությունում վերջին տարիներին նկատվող լճացման երևույթներով և էներգախնայող համակարգերի ակտիվ ներգրավմամբ։ Համեմատության համար ասենք, որ, օրինակ, 2007թ. ԱՄՆ-ում ավելի շատ էներգակիրներ էին սպառում, քան 2017թ.։

Սպառման ծավալներով երրորդ պետությունը Հնդկաստանն է, որը, սակայն, էականորեն զիջում է առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Չինաստանին և ԱՄՆ-ին, 753 մլն տոննա նավթ կամ համաշխարհային սպառման 5.6%-ը: Այստեղ ևս նկատվում է պահանջարկի կայուն աճ, ու եթե նախորդ 10 տարիներին այն կազմել էր միջինը 4.6%, ապա 2017թ. աճը եղել է արդեն 5.7%։ Սա նշանակում է, որ հետագայում էներգակիրների պահանջարկի հիմնական շուկան կարող է դառնալ Հնդկաստանը։

Ռուսաստանի Դաշնությունն այս ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ տարեկան 698 մլն տ.ն.հ. էներգակիրների սպառման ծավալներով, ինչը կազմում է աշխարհում սպառվող ծավալի 5.2%-ը։ Այստեղ ևս նկատվում է սպառման ծավալների թեև ոչ մեծ, սակայն կայուն աճ։ 2017թ. այն եղել է 0.3%, իսկ անցած տասը տարիներին՝ միջինը 1.5%։

Եվ վերջապես, «պատվավոր» այս ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ճապոնիան` 456 մլն տ.ն.հ. էներգակիրների սպառման ծավալով, ինչը կազմում է աշխարհի սպառման մոտ 3.4%-ը։ Ճապոնիայում, ինչպես և զարգացած մյուս պետություններում, պայմանավորված տնտեսական լճացումով և էներգախնայող համակարգերի ներդրմամբ, էներգակիրների սպառումը նվազում է, այն 2017թ. կազմել է մինուս 1.6%:

BP-ի վիճակագրությունը, բացի սպառման ընդհանուր ծավալները նշելուց, ցույց է տալիս, թե վառելիքի հատկապես ինչ տեսակներ են նախընտրում այս կամ այն պետությունները և, վերջապես, ինչ դինամիկա կա այդ վառելիքների սպառման ծավալներում։ Սա հնարավոր է՝ համեմատելով 2016թ. և 2017թ. էներգակիրների սպառման ծավալներն ու այնտեղ տարբեր տեսակի վառելիքների աճի կամ նվազման միտումները համեմատելով միմյանց հետ։

Ամփոփելով BP-ի վիճակագրական զեկույցի առաջին գլուխը՝ պետք է նկատենք, որ այստեղ տրվում է նաև էներգակիրների սպառման ծավալներն ըստ տեսակների և ըստ տարածաշրջանների։ Այսպես, էներգակիրների սպառման ծավալի աճը 2017թ. ամբողջ աշխարհում կազմել է մոտ 2.2%, ինչն ավելին է, քան 2016թ., երբ այն կազմել է ընդամենը 1.2%։

Էներգակիրների սպառման ծավալում բոլորից շատ օգտագործվում է նավթը՝ մոտ 38%, 1992թ. նավթը կազմում էր ընդհանուր սպառման մոտ 50%-ը, երկրորդը ածուխն է՝ 24%, այս էներգակրի նկատմամբ հատկապես մեծ պահանջարկ կա զարգացող պետություններում և առաջին հերթին՝ Հնդկաստանում։ Բավական մեծ տեմպերով աճում է պահանջարկը գազի նկատմամբ՝ 20%, 1992թ. դրա պահանջարկը հազիվ 10% էր։

Որպեսզի պատկերը համապարփակ լինի՝ տրվում է նաև էներգակիրերի սպառման դինամիկան ըստ տարածաշրջանների։ Այսպես, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, ինչպես նաև Աֆրիկայում սպառվող հիմնական վառելիքը նավթն է։ Այն կազմում է սպառվող վառելիքի 40-45%-ը: Միջին Արևելքում ևւ ԱՊՀ երկրներում գերիշխում է գազը՝ 50-55%։ Ասիա-խաղաղօվկիանոսյան պետություններում առաջնայինն ածուխն է՝ մոտ 48%, իսկ Եվրոպայում սպառման շուկան համեմատաբար հավասարակշռված է. նավթը` 35%, գազը` 25%, ածուխը՝ 15%, միջուկային էներգետիկան՝ 10%, վերականգնողականը՝ 8% և այլն։

Ներկայացված գծապատկերներից նաև պարզ է դառնում, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դառնում է էներգակիրների սպառման հիմնական շուկան։ Նավթի համաշխարհային սպառման մոտ 37%-ն իրականացվում է վերը նշված տարածաշրջանում, երկրորդը Հյուսիսային Ամերիկան է՝ մոտ 24%։ Աշխարհում վաճառվող ածխի առյուծի բաժինը՝ 72%, նույնպես իրականացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Վերջինս դոմինանտ է նաև հիդրոէներգետիկայի բնագավառում՝ մոտ 41%, և վերականգնող էներգետիկայում՝ 38%։ Թերևս, միայն միջուկային էներգետիկայում առաջատարը դեռ Եվրոպան է՝ 32% և Հյուսիսային Ամերիկան՝ 34%:

Այսպիսով, BP-ի 2018թ. հունիսի զեկույցի սպառման բաժնի վիճակագրության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ էներգակիրների սպառման համաշխարհային շուկայում ավարտվել է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գերիշխանությունը։ Վերջիններս իրենց դիրքերը վաղուց արդեն զիջել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, իսկ ավելի կոնկրետ՝ Չինաստանին և արագ տեմպերով զարգացող Հնդկաստանին։ Սա հանգեցրել է էներգետիկ աշխարհաքաղաքական իրավիճակի և պատկերի փոփոխության։ Սպառման կենտրոնների տեղափոխումն Արևմուտքից Արևելք հանգեցնում է նրան, որ արդյունահանող պետությունները՝ Միջին Արևելքի, Աֆրիկայի, Կենտրոնական Ամերիկայի երկրները և Ռուսաստանն իրենց ուշադրությունը բևեռել են դեպի Չինաստան և Հնդկաստան։

Տեղի ունեցող էներգետիկ աշխարհառազմավարական տեղաշարժը (սպառման ծավալում) հանգեցնում է Արևմուտքի դերի նվազմանն այս համակարգում և Հարավարևելյան Ասիայի նշանակության բարձրացմանը։ Վերջիններս նաև սկսում են ազդել էներգակիրների ընդհանուր գնագոյացման քաղաքականության վրա, ինչն իր հերթին հանգեցնում է նրան, որ սկսում են կարևորվել Սինգապուրի կամ Հոնգկոնգի բորսաները, իսկ Չինաստանը շրջանառության մեջ է դնում նավթային կամ ոսկե յուան կոչվող դրամական միջոցները էներգակիրների վճարման համար՝ այսպիսով նվազեցնելով դոլարի նշանակությունն առևտրային գործարքների իրականացման գործընթացում։

1 BP Statistical Review of World Energy-2018, https://www.bp.com/content/dam/bp/en/corporate/pdf/energy-economics/statistical-review/bp-stats-review-2018-full-report.pdf

(Շարունակելի)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր