• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2018

«ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Արմեն Մանվելյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.

Հայաստան-Եվրամիություն պայմանագիրը, ինչպես հայտնի է, իրականում եղել է եռակողմ, այն ստորագրել է նաև «Եվրոպայի ատոմային էներգիայի համայնք» (ԵԱԷՀ-Եվրոատոմ) կազմակերպությունը1։ Այս կառույցի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև կնքված ռազմավարական նշանակության պայմանագրի կնքմանը պատահական չէ։ ԵԱԷՀ-ն այս կառույցի՝ ԵՄ-ի հիմնադիր կազմակերպություններից մեկն է, հետևաբար այդ կազմակերպության մասնակցությունը ՀՀ-ի հետ պայմանագրի կնքմանը հուշում է այդ փաստաթղթի ռազմավարական բնույթը և կարևորությունը պաշտոնական Բրյուսելի համար։

Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրները ձեռնամուխ եղան խաղաղ գոյակցության նոր սկզբունքների ստեղծմանը, և առաջին պայմանագիրը, որ կնքվեց, Ածխի և պղնձի պայմանագիր էր 1951թ.2, որով խաղի ընդհանուր կանոններ էին սահմանվում այդ ոլորտում և ընդհանրապես նոր ընդլայնված շուկա էր ստեղծվում այդ բնագավառում։ Պայմանագիրը կնքեցին եվրոպական վեց պետություններ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Լյուքսեմբուրգը։ Այս պետությունները սկսեցին մի գործընթաց, որը շարունակություն ունեցավ և որին միացան արևմտաեվրոպական այլ պետություններ ևս։

Էներգետիկ ոլորտում սկսված համագործակցությունն այնքան հաջողված էր, որ այս պայմանագրի հիմնադիրները որոշեցին շարունակել համագործակցությունն այս բնագավառում և առանձին համաձայնագիր պատրաստեցին արդեն միջուկային էներգիայի խնդրի շուրջ։ Անցած դարի 50-ական թթ. միջուկային էներգետիկան նոր էր սկսում զարգանալ, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ դա հեռանկարային է, և միաժամանակ պարզ էր, որ Եվրոպան պետք է միավորվի, որ այս հարցում կարողանա մրցակցել այս բնագավառում առաջատար պետություների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ։

Եվրոպական միջուկային շուկայի ստեղծման պայմանագրի ստորագրումը եվրոպացիները կարևորում էին նաև մերձավորարևելյան նավթից իրենց կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։ Բացի այդ, եվրոպական զարգացող արդյունաբերությունն էներգիայի նորանոր չափաբաժին էր «պահանջում», հետևաբար էներգիայի նոր, տեխնոլոգիապես առաջատար, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը և բազմազանեցումը բխում էին եվրոպացիների շահերից։

Բանակցություններն այս հարցի շուրջ սկսվեցին 1956թ. Իտալիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ։ Սակայն բանակցություններն սկզբում ընթանում էին բավական բարդ պայմաններում, քանի որ միջուկային տեխնոլոգիայի տիրապետող Ֆրանսիան սկզբում դեմ էր այս համաձայնագրի ստորագրմանը։ Վերջինս, հասկանալի պատճառներով, չէր ցանկանում այս տեխնոլոգիաները տրամադրել գործընկեր պետություններին, սակայն մեկ ընդհանուր շուկայի ստեղծման գաղափարը և միջուկային էներգիայի զարգացման առանձին պայմանագիր ունենալու հեռանկարը՝ խաղի ընդհանուր կանոնների ամրագրմամբ, որը նաև հնարավորություն էր տալիս մրցակցել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ, պաշտոնական Փարիզին ստիպեց գնալ զիջումների և դնել իր ստորագրությունը։ Այսպիսով, եվրոպացիների համար բացվում էր նոր հնարավորություն՝ այլընտրանք ունենալ ածխին ու նավթին՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծումներից, և բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը։

Երկարատև բանակցություններն ավարտվեցին 1957թ. մարտի 25-ին համաեվրոպական նոր կառույցի ստեղծման պայմանագրի կնքմամբ3։ Այսպիսով, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող բանակցություններն ավարտվեցին, այսպես կոչված, Հռոմեկան համաձայնագրի կնքմամբ, որով ստեղծվում էր համաեվրոպական երկու նոր կառույց՝ «Եվրոպական տնտեսական համայնքը» և «Եվրոպայի ատոմային էներգիայի համայնքը»։

Վերը նշված պայմանագրերն ուժի մեջ մտան 1958թ. հունվարի 1-ին։ «Եվրոպական ատոմային էներգիայի համայնք» (Եվրոատոմ) կոչվող կազմակերպությունը և «Եվրոպական տնտեսական համայնք» կառույցները սկսեցին գործել։ Այս երեք կառույցները՝ Ածխի և պղնձի պայմանագրի կազմակերպությունը, Եվրոատոմը և «Եվրոպական տնտեսական համայնքը», հետագայում հիմնեցին Եվրոպայի արդարադատության դատարանն ու Եվրոպայի խորհրդարանական խորհուրդը (վերջինս 1962թ. վերափոխվեց Եվրոպական խորհրդարանի)։ Այս կառույցները հետագայում հիմք հանդիսացան Եվրամիության ստեղծման համար։

Եվրոատոմն իր առջև խնդիր էր դնում զարգացնել խաղաղ ատոմային էներգիան Եվրոպայի տարածքում, կազմել էներգետիկ ընդհանուր քաղաքականություն, համակարգել այս բնագավառում որոշումների ընդունումը, նվազեցնել էներգակիրների գները, բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման կայունությունը, ապահովել ատոմային էներգետիկայի նկատմամբ վերահսկողությունը։ Բացի այդ, այս կառույցի նպատակն էր նպաստել հետազոտական աշխատանքների իրականացմանը միջուկային էներգիայի բնագավառում, կարևորվում էին նաև այդ հետազոտության արդյունքների հրապարակումը և ազատ տարածումը, ինչը նորություն էր, քանի որ ամերիկյան և խորհրդային գիտնականների աշխատանքները չէին հրապարակվում և չէին տարածվում։

Եվրոատոմը նաև հաստատեց ատոմակայանների կառուցման անվտանգության ընդհանուր ստանդարտներ, որոնք պարտադիր էին անդամ բոլոր պետությունների համար։ Կառույցը կարևորում էր նաև միջուկային վառելիքի պատրաստման, մատակարարման և օգտագործման ընդհանուր սկզբունքների ներդնումը։ Ինչպես նշել ենք, պայմանագրի նպատակն էր ընդհանուր շուկայի ստեղծումը, որը կապահովի նաև հատուկ սարքավորումների և գործիքների ընդհանուր արտադրությունը և վաճառքը։ Միասնական շուկան նաև ներդրումների ազատ հոսքի հնարավորություն է տալիս միջուկային էներգիայի բնագավառ, ստեղծվում են մասնագիտական կադրերի պատրաստման ու շարժի հնարավորություններ4։

Եվրոատոմի հիմնադիրներն են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները, սակայն հետագայում, Եվրամիության ընդլայնման հետ միասին, ավելացան նաև այս կառույցի անդամները (ներկայում՝ 28 անդամ)։ 2014թ. Եվրոատոմին որպես ասոցացված անդամ միացավ նաև Շվեյցարիան։ 2016-ից այս կառույցի հետ համագործակցում են նաև ԱՄՆ-ը, Հայաստանը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Ղազախստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը և Հարավային Աֆրիկան։

2017թ. հունվարին Մեծ Բրիտանիան, հետևելով իր որոշմանը՝ դուրս գալ Եվրամիության կազմից, հայտարարեց, որ դուրս է գալու նաև Եվրոատոմից։ Սակայն մինչ այդ Եվրոատոմին հաջողվեց այդ ոլորտը զարգացնել Եվրոպայում, և այն դարձավ առաջատարն աշխարհում։

Ներկայում Եվրամիությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 30%-ը միջուկային ծագում ունի։ ԵՄ անդամ 14 պետություններում կա 130 գործող միջուկային ռեակտոր, որոշ կայաններ փակվել են, իսկ որոշների շահագործման ժամկետը մոտ է ավարտին, սակայն կան նաև կառուցվող կայաններ։

2011թ. Ֆուկուսիմայի (Ճապոնիա) ատոմային կայանի հայտնի աղետից հետո Եվրոատոմը վերանայեց կայանների կառուցման և անվտանգության ստանդարտները, արդյունքում՝ ատոմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գները բարձրացան 25%-ով։ Ատոմակայանների «կյանքի» միջին տևողությունը ԵՄ-ում 30 տարի է։ Եվրոատոմը ներկայում քննարկում է միջուկային ռեակտորների կյանքի երկարացման հնարավորության հարցը, ինչը ռազմավարական նշանակության խնդիր է անդամ պետությունների համար։

Եվրոատոմը, որը զբաղվում է նաև ատոմային էներգիայի զարգացման և կանխատեսումների հարցերով, կարծում է, որ ապագայում Եվրոպայում միջուկային էներգիայի արտադրությունը շարունակաբար կնվազի՝ մինչև 2050թ. հասնելով ներկա արտադրության 80-88%-ի մակարդակին։ ԵՄ անդամ ամեն մի պետություն ինքն է որոշում՝ զարգացնե՞լ միջուկային էներգետիկան իր տարածքում, թե՞ ոչ։ Ֆրանսիայում արտադրվող էներգիայի 42%-ը միջուկային է, Շվեդիայում՝ 35%, Սլովակիայում՝ 24% և այլն5։

Եվրոպայում միջուկային էներգիայի զարգացման տեմպը որոշակիորեն կանգ առավ Ֆուկուսիմայի աղետից հետո, սակայն, չնայած դրան, ատոմային կայանների կառուցումը ԵՄ-ում, ոչ նախկին տեմպերով, շարունակվում է։ Եվրոատոմը համագործակցում է նաև այլ պետությունների հետ՝ կառուցելով միջուկային կայաններ Եվրոպայից դուրս։ Ատոմային էներգիայի անվտանգության և միջուկային թափոնների վերամշակման, ինչպես նաև արգելված տեխնոլոգիաների չտարածման խնդիրներով Եվրոատոմը համագործակցում է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Նշենք, որ ԵՄ հիմնադիր անդամ հանդիսացող Եվրոատոմը իրավաբանորեն մինչ օրս պահպանել է իր անկախությունը և ԵՄ-ի հետ միասին կարող է կնքել պայմանագրեր, որոնք վերաբերում են Եվրամիության հետ համագործակցության խնդիրներին։ Այս տրամաբանությամբ է կնքվել նաև Հայաստանի Հանրապետության հետ փաստացի եռակողմ պայմանագիրը, որով սկսվում է համակողմանի ընդլայնված համագործակցությունը, ինչը ռազմավարական առումով մեծ հեռանկարներ է բացում մեր պետության համար, այդ թվում նաև միջուկային էներգիայի զարգացման բնագավառում։

1 Ի՞նչ խնդիրներ կան Հայաստան-Եվրամիություն-«Եվրոատոմ» համաձայնագրում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=16124&sphrase_id=66997

2 The signing of the Rome Treaties, https://www.cvce.eu/obj/the_signing_of_the_rome_treaties-en-2f643b3d-aba2-422c-8a94-79a0531e6559.htm...

3 A European Atomic Energy Community, https://www.cvce.eu/obj/a_european_atomic_energy_ community-en-19bc7f11-bea1-49c7-b534-18327c303f41.html

4 European Atomic Energy Community (Euratom) – Structures and tools, http://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2017/608665/EPRS_BRI(2017)608665_EN.pdf

5 Նույն տեղում։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր