
«ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՍԱՐԱԿ ԳԱՂԱՓԱՐ ՉԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը մտահոգիչ է՝ իր անորոշ զարգացումներով: Նրա խոսքերով՝ ներկայիս իշխանությունների գործունեության մասին խոսելը շատ բարդ է, քանի որ նրանց քայլերում բացակայում է թե՛ ռազմավարական, թե՛ նույնիսկ ամենափոքր տակտիկական մտածողությունը:
– Մենք գործ ունենք մի ուժի հետ, որը նույնիսկ հասարակ գաղափար չի ձևակերպում՝ երկրի ապագայի համար: Սա նշանակում է, որ իշխանության ղեկին կանգնածները ոչ միայն ռազմավարություն չունեն, այլև զրկված են անգամ առօրյա խնդիրների շուրջ հստակ դիրքորոշում ունենալուց: Երբ պետության ղեկավարը կամ քաղաքական թիմը չի կարողանում հանրությանը ներկայացնել պարզ, հասկանայի ուղերձ իր երկրի հետ կապված առաջիկա մի քանի ամսվա կտրվածքով, ապա դա վկայում է քաղաքական անգործության և մտավոր աղքատության մասին:
Ավելին՝ գաղափարի բացակայությունը իշխանության մոտ ոչ միայն քաղաքական ճգնաժամի հետևանք է, այլև դրա խորացման գլխավոր պատճառներից մեկը։ Երբ հասարակությունը չի տեսնում իր ապագայի որևէ պատկեր, չի ստանում ուղղորդում կամ վստահելի խոսք ղեկավարությունից, բնականաբար, սկսում է աճել անվստահությունը ոչ միայն իշխանության, այլև ամբողջ պետականության նկատմամբ։
Բացի դա, քաղաքական համակարգը չի կարող արդյունավետ գործել, եթե չունի ծրագրային հիմք։ Որևէ իշխանություն չի կարող ապրել միայն օրվա հրատապության տրամաբանությամբ։ Եթե չկան ռազմավարական առաջնահերթություններ, եթե չկա պետության զարգացման ընդհանուր հայեցակարգ, ապա յուրաքանչյուր որոշում դառնում է պատահական ու կցկտուր։ Դա է պատճառը, որ մենք ականատես ենք լինում ամենատարբեր ոլորտներում հապճեպ քայլերի, որոնք մեկ օրում ընդունվում են և մեկ շաբաթում կորցնում արդիականությունը: Այս իրավիճակն առավել վտանգավոր է այն առումով, որ նման քաղաքական անորոշության պայմաններում հասարակության լայն զանգվածները չեն տեսնում իրենց ներգրավվածությունը: Երբ ժողովուրդը չի հավատում իշխանությանը, չի տեսնում իր մասնակցության դերը պետության կայացման գործընթացում, նա կամ անտարբեր է դառնում, կամ էլ սկսում է փնտրել այլընտրանքներ՝ նույնիսկ ոչ քաղաքական հարթակներում: Դա խորացնում է հասարակության և պետության միջև եղած անդունդը:
Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման մոտեցումը երկարաժամկետ կտրվածքով, ասեմ, որ առանց հստակ քաղաքական ծրագրի և ապագայի տեսլականի ցանկացած իշխանություն դատապարտված է ժամանակավոր քայլերի, որոնք ոչ միայն չեն լուծում հիմնարար խնդիրները, այլև մշտապես խորացնում են դրանց ծանրությունը: Երբ պետությունը չի կարողանում կողմնորոշվել արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման կամ անվտանգության հիմնարար հարցերում, այն դառնում է արտաքին գործոնների ագդեցության տակ գտնվող թույլ օղակ: Իսկ դա արդեն լուրջ սպառնալիք է ոչ միայն ներքաղաքական կայունության, այլև ինքնիշխանության պահպանման համար:
Դիանա Մանուկյան
«Իրավունք», N 100 (3984), 3 հոկտեմբերի, 2025թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԵՍ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ԽՈՇՈՐ ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ. Գագիկ Հարությունյան[29.08.2025]
- «Ե՛Վ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԵՎ՛ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է». Գագիկ Հարությունյան[16.07.2025]
- «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԴԵՊԻ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ». Գագիկ Հարությունյան[09.06.2025]
- «ՄՈՍԿՎԱՆ ՄԵԾ ԲԱՆ ՉԻ ԿՈՐՑՆԻ, ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻՑ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՏՈՒՄ Է». Գագիկ Հարությունյան[07.05.2025]
- ԳԼՈԲԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. Գագիկ Հարությունյան[27.03.2025]
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]